ՖԵԼԻՉԻ ՎԱՐԻՆԻԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Ծագումով իտալացի, Շվեյցարիայում ծնված, ներկայում Փարիզում հաստատված Ֆելիչի Վարինին եռաչափ տարածության մեջ ստեղծում է հարթ գրաֆիկական պատկերներՙ օգտագործելով օպտիկական խաբկանքի տեխնիկան, որ կոչվում է անամորֆոզՙ հեռանկարի եւ պրոյեկցիայի վիզուալ խախտում: Այս մեթոդի առանձնահատկություններից մեկը պատկերն ամբողջությամբ տեսնելու համար որոշակի դիտանկյան ահնրաժեշտությունն է, այլապես այն երեւում է հատվածաբար: 1980-ականներից Վարինին աշխատում է այս մեթոդով, այդ ընթացքում եվրոպական շատ քաղաքներում ստեղծել է տեսողական իլյուզիա առաջացնող նման պատկերներ, որոնցից ամենանշանավորը համարվում է Շվեյցարական Ալպերի Վերկորին գյուղում արված աշխատանքըՙ ամբողջ բնակավայրի մասշտաբով, նշանավորներից է նաեւ Փարիզի Grand Palais-ում արված գործը: Այս օգոստոս - սեպտեմբերին Ֆելիչի Վարինին Հայաստանում էր. Երեւանի երկաթուղային կայարանի շենքում նրա ղեկավարությամբ աշխատանքային խմբի ջանքերով ստեղծվեց նմանաբնույթ մի գործՙ վեցանիստ անկյունագծային պատկերՙ արված վառ կարմիր ու դեղին գույներով ներկված փայլաթիթեղով: Ամենայն հավանականությամբ այն կզարդարի կայարանի շենքը առաջիկա 2 տարին: Առհասարակ նկարելու այս եղանակը բավական հետաքրքրական ու գրավիչ էՙ տարածություններին նոր տեսք, գույն հաղորդելու եւ հատկապես շարժման իլյուզիա ստեղծելու առումով: Նկարելու կամ տեղադրելու այնպիսի կետեր եւ հատվածներ են ընտրվում, որ տպավորություն է, թե դրանք տարածության, օդի մեջ են: Տեսողական իլյուզիան առաջանում է տարբեր անկյուններից պատկերի թվացյալ փոփոխությունից, որը եւ շարժման իլյուզիա է ստեղծում: Երկրաչափական ձեւերի այսպիսի լայնածավալ մտահղացումներն իրականացվում են ընդարձակ տների, արտաքին տարածքների վրա, խոշոր կառույցներում, հրապարակներում, կայարաններում, հատկապես այն շինություններում, որոնք թարմացվելու, նորացվելու կարիք ունենՙ փորձելով ներդաշնակել նկարչական պատկերները ճարտարապետական առկա ձեւերին: Ֆելիչի Վարինիի ստեղծագործությանն ու մեթոդին առիթ եղավ ծանոթանալ Իտալերեն լեզվի շաբաթվա (հոկտեմբերի 16-ից 22, թեմանՙ «Իտալերենը կինոյում, կինոյի իտալերենը») երեւանյան միջոցառման ընթացքում: Հայաստանում իտալերենի շաբաթը նշվեց իտալերեն ուսումնասիրող երեք բուհերում, Հայաստանում Իտալիայի եւ Շվեյցարիայի դեսպանատների կազմակերպությամբ: Բացումը կատարվեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, զեկուցումներով հանդես եկան դասախոսներ, ցուցադրվեց պատմական թեմատիկայով ֆիլմ: Հաջորդ օրն այն շարունակվեց Գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ արդեն 5-րդ տարին է իտալերեն է ուսուցանվում: Շուրջ 50 ուսանող սովորում է իտալերեն, նրանցից մի քանիսը վերապատրաստման դասընթացներ է անցել իտալական Պերուջա քաղաքում: Շաբաթը եզրափակվեց Երեւանի պետական համալսարանումՙ իտալացի դրամատուրգ, գրող Լուիջի Պիրանդելլոյի 150- ամյակին նվիրված միջոցառումով: Ֆելիչի Վարինիի մասին ավելի հանգամանալի տեղեկություն ստացանք «Sorpresa Felice Varini» ֆիլմից. այն ներկայացնում էր արտիստի ստեղծագործական մոտեցումները, եղանակներն ու մեթոդըՙ իր աշխատանքների օրինակներով: Ռիկա Բադալյանի նկարահանած տեսահոլովակում ցույց էր տրված Երեւանի երկաթուղային կայարանի շենքում արտիստի ստեղծագործական աշխատանքների ընթացքը, տեխնիկական կատարման մանրամասներ: Մինչ ֆիլմերի դիտումը, որոնց ցուցադրությունը կայացավ Գեղարվեստի պետակադեմիայի դահլիճում, Հայաստանում Իտալիայի դեսպանատան մշակութային կցորդ Լաուրա Պաչենդին , որ նաեւ իտալերեն է դասավանդում Երեւանի պետհամալսարանում, խոսեց իտալական մշակույթի, իտալերեն լեզվի եւ այն սովորելու կարեւորության մասին, ներկայացրեց առաջադիմող ուսանողներին: Հայաստանում Շվեյցարիայի դեսպան պրն Լուկաս Գասսերը եւս խոսեց իտալերենի եւ առհասարակ օտար լեզուների դերի մասին: Նա հանգամանալի ներկայացրեց ֆիլմը եւ Ֆելիչի Վարինիի արվեստը: Հետաքրքրական էր նաեւ ծրագրի 2-րդ մասըՙ շվեյցարացի արտիստի ստեղծագործության դիտում Երեւանի երկաթուղային կայարանի շենքում, որտեղ Լուկաս Գասսերը ուսանողներին ավելի առարկայորեն բացատրեց անամորֆոզ մեթոդի եւ Վարինիի արվեստի առանձնահատկությունները: Մեր զրույցում պրն Գասսերը անդրադառնալով ֆիլմերի ստեղծման ներկայիս դժվարություններինՙ խոսեց օրվան համահունչ ֆիլմի ստեղծման մասին, որը ցուցադրվել էր շվեյցարական հեռուստատեսությամբ, նկատեց նաեւ, որ Շվեյցարիայում իտալերենը գերմաներենի եւ ֆրանսերենի հետ համարվում է պաշտոնական լեզու, քանի որ այդ երկրում 300000 մարդ իտալախոս է: Հետաքրքրական էր իմանալ, որ Շվեյցարիայում պաշտոնական լեզու է համարվում նաեւ ռետրո- ռոմաներենը, որով խոսում է Շվեյցարական Ալպերում ապրող 50000 մարդ: |