ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐՈՒՄ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Միջազգային խաղարկային կինեմատոգրաֆում հայկական թեմաներ եւ հայ հերոսներ հանդես են բերվել տակավին կինոյի ստեղծման արշալույսինՙ 1901 թվականին (նկատի ունենք ամերիկյան «Էդիսոն» ընկերության նկարահանած «Կոտորածը Կոստանդնուպոլսում» ֆիլմը), որին հետեւել են հատուկենտ ուրիշ համանման կինոնկարներ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Իսկ կինոն առաջին անգամ հայերեն խոսեց 1935-ին, երբ Համո Բեկնազարյանը նկարահանեց առաջին հայկական հնչուն կինոնկարըՙ «Պեպոն» : Սակայն նրա ստեղծումից հինգ տարի առաջ, 1930 թ. Ֆրանսիայում նկարահանված Անրի Ֆեկուրի «Նետի տունը» կինոֆիլմի հերոսներից Բորիս Վաբերսկին մի քանի հայերեն բառ է արտասանել: Պատճառը ոչ թե հերոսի, այլ դերակատարի հայ լինելն էր: Ֆիլմը ներկայացնում է միստիկ մի պատմություն, ուստիեւ կարելի է ենթադրել, որ դերակատարըՙ ֆրանսիական թատրոնի ու կինոյի հայտնի դեմք Մաքս Մաքսուդյանը (ի դեպ, աշխարհում առաջին հայազգի կինոդերասանը), ցանկացել է ինչ-որ խորհրդավորություն տալ իր հերոսինՙ խոսելով անծանոթ մի լեզվով... Հետագա տասնամյակներին էլ աշխարհի տարբեր երկրներում ստեղծված այլեւայլ ֆիլմերում հիշվել են հայն ու հայկականը, հանդես են բերվել գլխավոր, երկրորդական կամ դրվագային հերոսներ, որոնցից ոմանք երբեմն գործածել են հայոց լեզուն, հատկապես եթե դերակատարը հայորդի է եղել: Առանձին ուսումնասիրության թողնելով միջազգային կինոյում հայի կերպարինՙ անդրադառնանք հայախոս եւ հայ հերոսներ ունեցող մի քանի կինոնկարների... Ամերիկյան առաջին հնչուն կինոնկարներից մեկումՙ Ռոբերթ Բենչլիի «Գանձապետի հաշվետվությունը» կարճամետրաժ ֆիլմում (1928) հերոսը (դերակատարն ինքըՙ Բենչլին է) վերջում Նոր տարվա բարեմաղթությունների իր ճառն ավարտում է հետեւյալ խոսքերով. «Ես հուսով եմ, որ.... սա կլինի լավագույն տարին, որ հայերը երբեւէ ունեցել են»: Կարելի է ենթադրել, որ քանի որ նշված ժամանակաշրջանում ԱՄՆ-ում շատ է շահարկվել հայերին օգնելու թեման, Բենչլին իր հերթին ծաղրել է նյութը շահարկողներին: Որքանով պարզել ենք, առաջին ամերիկյան կինոնկարը, որտեղ հնչել է հայոց լեզուն, Վիլյամ Սարոյանի նկարահանած միակ շարժանկարն էՙ «Լավ գործը» կարճամետրաժը (1942): Ֆիլմի հերոսըՙ միշտ դրականորեն տրամադրված, մարդասեր մի նպարավաճառ, ասում է. «Ամեն տեսակ մարդիկ էին գալիս ինձ մոտ: Նրանք հեռավոր վայրերից էին, անծանոթ լեզուներով խոսող միայնակ ու հայրենաբաղձ մարդիկ, աշխարհից դժգոհ, բայց հոգովՙ բանաստեղծ»: Եվ ահա ներս է մտնում հայ հաճախորդը (դերակատարՙ Եղիշե Հարութ ): «- Պարո՛ն, Իզմիրի թուզ ունե՞ք: -Իզմիրի՞: -Զմյուռնիա: Պոլիս: Ստամբուլ: Կոստանդնուպոլսի թուզ: -Միակ թուզը, որ ունենք, Կալիֆոռնիայից է»: Այս անգլերեն երկխոսությանը հետեւում է այցելուի հայերեն խոսքը. «Այս մեր երկրի իսկական քաղցր թուզն է», որից հետո, իմանալով գինը, նա հաշվում է հայերենՙ «տաս, քսան, քառասունհինգ...» եւ նորից մայրենի լեզվով ասում. «Սպառվեցանք, աղբարս, սպառվեցանք, հինգ հազար մղոն հեռու...», իսկ թուզը վերցնելուց հետո դարձյալ հայերեն ասում է. «Այսօր աղվոր մը կուտեմ, երկար ժամանակ էՙ չեմ կերել»: Կես արեւելահայերեն, կես արեւմտահայերեն այս խոսքում արտահայտված է տարագիր հայի ողջ կարոտը, մորմոքը, շփոթվածությունը... Նույն Եղիշե Հարութը հայերեն է խոսում նաեւ հոլիվուդյան նշանավոր ֆիլմերից մեկումՙ Մայքլ Քըրթիցի «Եգիպտացին» շարժանկարում (1954, ԱՄՆ): Գործողությունները կատարվում են հին Եգիպտոսում, ուստիեւ արտառոց է նրա դրվագային հերոսի (հավանաբարՙ հայ վաճառական) աշխարհաբար շաղակրատանքըՙ ուղղված գեղեցիկ կուրտիզանուհուն. «Սիրիայից վեր եմ կացել, եկել եմ քեզ մոտ, ա՛յ աղջիկ, երկու շաբաթվա համար, մենակ երկու գիշերվա համար եմ եկել, սիրո՛ւն ջան, ի՞նչ կարելի ա անել, ի՞նչ է եղել, ա՛յ անուշիկ: Ամբողջ ժամանակ ասածներս էդ է, էլի, կամ ինձի նայի, ի՞նչ կլինի, իմ ասածն էլ հենց դա է, սիրուն ջան, ինձ համար ի՞նչ...»: Եվ ապա, երբ Հարութի հերոսին հեռացնում են կուրտիզանուհու մոտից, նա ասում է. «Ես բան չարեցի, ուզում էի մի գիշեր անցկացնել, ի՞նչ մի դժվար բան է...»: Անշուշտ, այլազգի հանդիսականի համար պատմական ճշմարտության դեմ այս լեզվական մեղանչումը ոչ մի նշանակություն չունի, սակայն հայերիս համար հին Եգիպտոսում «սիրո՛ւն ջան» լսելը միանգամայն անհեթեթ եւ զվարճալի է հնչում... Նույն ժամանակաշրջանում հայերենը հնչել է Ռուդոլֆ Մատեի «Խորունկ վեցը» պատերազմական թեմայով դրամայում (1958, ԱՄՆ)ՙ ժամանակին հռչակված կինոաստղ Ալան Լեդի գլխավոր դերակատարմամբ: Հերոսներից շարքային Արոն Սլոբոջյանն իր վերադասին տանում է հայկական ճաշարանՙ ասելով, որ այնտեղ կճաշակեն «շիշ քեբա՛բ, փլա՛վ, քուֆթա՛, տոլմա՛...»: Ճաշարանի ներսում պարում են միայն աղջիկներ, ենթադրաբարՙ հայեր (մի մասն իսկապես հայկական տիպ ունի): Արոնը անջատում է երաժշտությունը եւ հայերեն հայտարարում. «Սիրելի՛ հայրենակիցներ, այս անուշ տղաքներ... գիտէ՞ք ինչ են, ասոնք ձեզի համար կը կռուին եւ գիտէ՞ք ինչ են ձեզի, ամեն մէկը քազըն են... », ապա անգլերեն կոչ է անում այս ձեր զարմիկներին ցույց տալ հայկական հյուրասիրությունՙ եզրափակելով հայերեն «հա՛յդե, քեֆ ընենք»-ով: Նավաստիները սկսում են պարել աղջիկների հետ, Արոնին ու նրա հրամանատարին մոտենում է հայ մատուցողը (կարծես միտումնավորՙ տգեղ արտաքինով) եւ հայերեն ողջունելուց հետո ընդունում է պատվերը... Առհասարակ, հայ հերոսները երբեմն զուգորդվել խոհանոցի հետ: Գարի Դեյվիդ Գոլդբերգի «Շուն սիրելը պարտադիր է» (2005, ԱՄՆ) կատակերգության հերոսները ճաշում են հայկական ռեստորանում եւ հերոսուհուՙ «Այստեղ լա՞վ են կերակրում» հարցին հերոսը պատասխանում է. «Ոչ այնքան, բայց ինձ մթնոլորտն է դուր գալիս, ես գիտեմ Բարսեղյան ընտանիքին»: Ռեստորանատեր ամուսինները (դերակատարներՙ Անուշ Նվարդ եւ Գրիգոր Սաթամյան ) մոտենում են նրանց եւ իրար հետ խոսում են հայերեն, հերոսուհին հարցնում է, թե հերոսը գիտի՞ հայերեն եւ լսում պատասխանըՙ մի քիչ... Ալեքսանդր Փեյնի «Կողմնակի ճանապարհներ» կատակերգություն-դրամայի (2004, ԱՄՆ) հերոսներն են Էրգանյանները, որոնց տան պատերին երեւում են Մարտիրոս Սարյանի եւ Մինաս Ավետիսյանի ոճով գեղանկարներ, նուռ հուշանվերներ, երեւանյան Վերնիսաժի ապրանքներ եւ հատկապեսՙ հայոց լեզվի այբուբենը պատկերող մի փոքրիկ պատի գորգիկ: Միայն մի տեղ է նշվում հայ անունը, սակայն ֆիլմի վերջում հայկական եկեղեցում պսակադրության տեսարանում հնչում է հայկական հոգեւոր երգեցողություն եւ գրաբար օրհնանքներ: Էրգանյան ամուսինների դերում են Շաքե Թուխմանյանը եւ Շոն Դյուք-Դյուք Մուսեքյանը (ուրիշ ֆիլմերում եւս նա կատարել է հայերի դերեր): Հայոց լեզուն դիպվածաբար հնչել է ոչ միայն ամերիկյան ֆիլմերում: Բրյուս Մքդոնալդի «Պոնտիպուլ» ֆանտաստիկ ֆիլմում (2008, Կանադա) մի անսպասելի ցնցումից հետո դոկտոր Մենդեսի (դերակատարՙ Հրանտ Ալյանաք ) մոտ զարթնում է ազգային գենը, եւ նա վախեցած սկսում է հայերեն խոսելՙ ասելով. «Ախ, լմնցաւ, լմնցաւ... չէի գիտեր, որ կեանքս ասանկ պիտի վերջանայ.... Ի՞նչ կ՛ըլլայ կոր.... Աղե՞կ եմ ես.... Անգլիերէն լեզուն է, որ հիւանդութիւն ունի, ասկէ վերջը անգլիերէն չպիտի խօսիմ, միայն հայերէն պիտի խօսիմ... այսքան տարիներէ վերջը հայկական լեզուն այսքան կարեւոր պիտի ըլլայ»: Էստոնացի նշանավոր սուսերամարտիկ Էնդել Նելիսի մասին պատմող Կլաուս Հաարոոյի «Սուսերամարտիկը» ֆիլմում (2015, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա) անսպասելիորեն մուտք է գործում սուսերամարտի աղջիկների երեւանյան թիմի մարզիչ Շիրին Պետրոսյանը (դերակատարՙ Ալինա Կարմազինա ): Ի տարբերություն անբարեհաճ ռուսներիՙ Լենինգրադ մրցումի եկած Էնդել Նելիսի թիմին նա տրամադրում է իր աշակերտների սուսերները: «Աղջիկնե՛ր, եկեք այստեղ..... արա՛գ, արա՛գ, արա՛գ»,- հայերեն ասում է նա (դերասանուհու առոգանությունը մատնում է հայերենի նրա չիմացությունը): Հատկապես տարբեր ֆիլմերում հանդիպում են նշանավոր ամերիկահայերի անունների հիշատակումներ (Սարոյան, Շեր, գալերիստ Լարի Կակոսյան): Այսպես, Էդ Հարիսի «Փոլոք» ֆիլմում (2000, ԱՄՆ) նկարիչների թե արվեստի քննադատների մի խումբ զրույցի մեջ մեկը նշում է, որ Գորկին սկսել է ցուցադրվել մի սրահում, որին ի պատասխան մյուսն ասում է. «Գորկին հոգեհան է: Ժամերով կնայի Պիկասոյին, կգնա արվեստանոց ու կպատճենի նրան»: Թեեւ մակագրերում չկա, սակայն մի պահ երեւացող դրվագային հերոսներից մեկն, անշուշտ, Գորկին է: Մորգան Ֆրիմանի եւ Ջեք Նիքոլսոնի հերոսները Ռոբ Ռեյների «Հիմա կամ երբեք» ֆիլմում (2008, ԱՄՆ) հիշատակում են Սարոյանի անունը: «Լսի՛ր, դու կարդացե՞լ ես «Քո կյանքի ժամանակը» թատերախաղը: - Վիլյամ Սարոյա՞ն: -Այո՛»: Իսկ Ալեքսանդր դը լա Պատելիերի եւ Մաթյո Դելապորտի «Անունը» ֆիլմում (2012, Ֆրանսիա) հիշվում է Շերըՙ բառախաղի արդյունքում (նաեւ հայկական թղթերըՙ այն անուշաբույր թղթերը, որ ֆրանսիացիները վառում են իրենց բնակարաններում): Ամերիկյան կինոյում եւ հեռուստասերիալներում թերեւս ամենից հաճախ հիշվել է Ջեք Գեւորգյանը ՙ հռչակավոր «դոկտոր Մահը», օրինակ, Փեթ Փրոֆթի «Անմեղ մեղավորներ» (1998), Դենիս Դուգանի «Ձեւացրու, որ իմ կինն ես» (2011) կինոնկարներում, «Սիմփսոնները» սերիալում, մինչեւ անգամՙ «Ֆուտուրամա» եւ «Հարավային պարկ» մուլտսերիալների առանձին ֆիլմերում եւ այլն: «Կանչե՛ք այստեղ դոկտոր Գեւորգյանին», ասում է Վուդի Ալենի հերոսը նրա «Հոլիվուդյան ավարտ» ֆիլմում (2002)ՙ ակնարկելով ինքնասպան լինելու իր ցանկությունը, իսկ Դեւիդ Ցուկերի «Մերկ ատրճանակ» ֆիլմի (1988) մի հերոսը մյուսին առաջարկում է Գեւորգյանի հեռախոսահամարը: Նույնպես Քլինթ Իսթվուդի «Բացարձակ իշխանություն» ֆիլմում (1996) Իսթվուդի հերոսը բժշկի տեսքով ծպտված մարդասպանին ասում է. «Դուք, հավանաբար, Գեւորգյանն եք»: Սակայն առավել ուշագրավ է, որ Գեւորգյանը դարձել է կինոյի եւ հեռատեսիլի հերոս, նրան մարմնավորել են այնպիսի նշանավոր կինոդերասաններ, ինչպիսիք են Ջիմ Քերինՙ «Վառ գույնով» 1990-ականների հեռուստասերիալում եւ Ալ Պաչինոն ՙ Բարի Լեւինսոնի «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմում (2010): Ի դեպ, Պաչինոն առաջին անգամ չէ, որ մարմնավորել է հայորդու. Արթուր Հիլերի «Հեղինակին, հեղինակի՛ն» ֆիլմում (1982) նա կատարել է թատերագիր Այվեն Թրավալյանի դերը: Ու թեեւ Թրավալյանը հայկական ազգանուն չէ, հերոսը մի զրույցի մեջ հիշատակում է իր հայ ծագումը... Սովորաբար ամերիկյան իրականության մեջ մարդկանց ծագումն առանձնապես չի շեշտվում, նույնն էլՙ կինոյում: Օրինակ, անցյալ տարի էկրան բարձրացած Սթիվ Քարի «Միջնակարգ դպրոց. կյանքիս վատագույն տարիները» ֆիլմի գլխավոր պատանի հերոսի անունն է Ռեյֆ Խաչատուրյան (դերակատարՙ Գրիֆին Գլաք), սակայն նրա ծագումը չի հիշվում: Այդուհանդերձ, որոշ ֆիլմերում երբեմն հերոսները հիշատակում են իրենց կամ ուրիշների ազգային արմատները, ինչպես, իրավաբան Միթչել Կարապետյանը (դերակատարՙ Սթենլի Տուչչի ) Թոմ Մաքքարթիի ՙ Ամերիկայի ամենաաղմկահարույց սեքս-սկանդալներից մեկի մասին պատմող «Ուշադրության կենտրոնում» ֆիլմում (2015) եւ այլն... Նշված փաստերն, ինչ խոսք, շոյում են մեծ եւ փոքր էկրանների աշխարհներում հարազատություն տեսնող հայերիս ազգային զգացումները: Սակայն դրանք նաեւ միջազգային հանդիսատեսին առավել կամ պակաս չափով հիշեցնում են մոլորակի փոքրաթիվ ժողովուրդներից մեկի մասինՙ աշխարհի ամենից զանգվածային արվեստների միջոցով... Նկար 1. Ալ Պաչինոն Ջեք Գեւորգյանի դերում Նկար 1. Եղիշե Հարութը (աջ կողմում) Վիլյամ Սարոյանի , «Լավ գործը» ֆիլմում |