ԽՈՐԱԳՈՒՅՆ ԱՓՍՈՍԱՆՔՈՎ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ ՍԱՐՈ ԳԱԼԵՆՑ Մեզ հետ չէ այլեւս Սարո Գալենցը: Հրաշալի մարդ, նկարիչ, ընկեր, ուսուցիչ, հայր, ամուսին, որի հայացքի մեջ հստակ դաջված է այն սկզբունքը, այն դավանանքը միակ, որին հետեւեց ողջ կյանքի ընթացքում: Հայ ներկա իրականության, երեւանյան մեր մտավորական-մշակութային, արտիստական մթնոլորտի համար եզակիորեն առանձնացող Կալենց ընտանիքի զավակը հարազատորեն կրում էր այն հարուստ ավանդույթները գույնի արվեստի, որ նրա տաղանդավոր ծնողներըՙ Հարություն եւ Արմինե Կալենցները այնպես շռայլորեն պարգեւեցին սեփական ժողովրդին: Նա նաեւ հետեւորդն էր մարդկային հազվագյուտ հատկանիշների, որով նույնպես եզակիորեն առանձնանում էր նկարչական այս հրաշալի զույգը: Դա բարությունն էրՙ կյանքի ու մարդու հանդեպ, ուղղամտությունըՙ ապրելու ձեւի, ճշմարտությունն ու ազնվությունը արվեստում: Արտակարգ սիրված դասախոս էր Սարո Գալենցը, ուսուցիչ, ընկեր, որի ներսի ջերմության արտացոլքն աչքերում անհնար էր թաքցնել: Արվեստագետ էր, արտիստիկ ներաշխարհովՙ որեւէ շրջանակի մեջ չսահմանափակվող, բաց, ազատ մտածողությամբ. իր արվեստը էմոցիոնալ էր, բայց առավել մտածողական, դատողական եւՙ անհրաժեշտաբար որեւէ խնդրի ուղղված: Խորապես գնահատելով արվեստի դասական արժեքները, գիտակցելով դրանց պահպանման կարեւորությունը, միաժամանակ նա արվեստագետ էր ամենաարդիական մտածողությամբ, ժամանակի մեջ եւ դրանից դուրս... Նրա հիմնադրած Կալենց տուն - թանգարանը մեր մշակութային կյանքում իր գործունեությամբ, ուղղվածությամբ, նպատակով, մթնոլորտով եզակի է եւ շատ տարբերվող: Ափսոսանքի, ցավի, կարոտի խորը ակոս է բացելու նրա բացակայությունը: Այսպիսի անհատականությունները շատ սակավ են, նրա հեռացումով մեզ պակասող բարությունն ավելի է պակասելու: *** Սարո Գալենցը ծնվել է Երեւանում, 1946-ինՙ այն նույն թվականին, երբ ծնողները Լիբանանից ներգաղթեցին Հայաստան: Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, ապաՙ Երեւանի գեղարվեստա-թատերական պետական ինստիտուտում: Այդ ընթացքում մեկ տարի սովորել է Տալլինի գեղարվեստի ինստիտուտում: 1971 թվականից ապրել եւ աշխատել է Մոսկվայում, ակտիվորեն ներգրավվել Ռուսաստանի մայրաքաղաքի գեղարվեստական միջավայրի մեջ: 1988-ի ազգային զարթոնքի տարիներին վերադարձավ Երեւան, 1991-ից մինչեւ կյանքի ավարտը աշխատեց Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում. գծանկարի եւ գունանկարի ամբիոնի վարիչն էր: Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Փարիզում, Մոնրեալում, Մոսկվայում, Նյուպորտ Բիչում (ԱՄՆ), Նիկոսիայում, մասնակցել խմբակային շատ ցուցահանդեսների: Նրա աշխատանքները պահպանվում են Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի արվեստի պատկերասրահում, Հայկական մշակույթի ֆոնդում, հայաստանյան եւ արտերկրյա մասնավոր հավաքածուներում: Նկարչության հետ նրան հավասարապես հարազատ ու մոտ էր դիզայնի արվեստը: Ունի մի շարք նշանակալի գործերՙ Հայաստանի թատերական ընկերության համար իրագործած բրոնզե դռները եւ «Մուսաներ» կոմպոզիցիոն աշխատանքը, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախասրահի «Ծաղիկներ» վիտրաժային պատուհանը եւ ուրիշներ: Գալենցի համար էականը ստեղծագործելուՙ նոր գաղափարներ առաջադրելու, նոր ձեւեր հայտանաբերելու ընթացքն էր: Կյանքի կարեւոր գործերից էր Հարություն Կալենցի ժառանգությունը պահպանելու նպատակով «Կալենց» թանգարանի ստեղծումը եւ դրա հետագա ՙ ժամանակների ոգուն համահունչ պրոֆեսիոնալ գործունեության ապահովումը: 2009-ին հիմնադրեց «Կալենց» մշակութային հիմնադրամը: Անցած տարի Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված «Թափանցող լույսը» ենթաիմաստային խորագրով անհատական ցուցահանդեսը, որ նվիրված էր իր ծննդյան 70-ամյակին, անհատական վերջին ցուցահանդեսը եղավ: Այնպիսի զգացողություն էր, որ լույսի այդ թափանցումները նկարչի խոստովանություն-աղոթքներն էինՙ կտավին հանձնած: Այդպիսին է այն եւ հիմա... |