RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 30-03-2018



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2018-03-29 21:53:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 4087, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Պարող-պարուսույց Դավիթ Վարդանյանը Մալայզիայում հայ բալետի հյուրախաղերի եւ իր գործունեության մասին

Զրուցակիցսՙ ծնունդով եր-անցի պարող եւ պարուսույց Դավիթ Վարդանյանը, շուտով երկու տարի կլինի, ինչ բնակվում է Հոնկոնգում: 1997-2003 թթ. նա ուսանել է Եր-անի պարարվեստի ուսումնարանում, 2003-2005 թթ. ուսումը շարունակել է Գերմանիայումՙ հայտնի պարուսույց Պյոտր Պեստովի մոտ: Մասնակցել է Բոլձանոյի (Իտալիա) պարի միջազգային մրցույթին, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Ստամբուլի մրցույթին մասնակցելով` դուրս է եկել եզրափակիչ: Առնական եւ վայելչատես հայորդին աշխատել է Շլեզվիգ-Հոլշթայնի թատրոնում, Շթութգարդի բալետի խմբում, Դրեզդենի օպերային թատրոնում, Ամստերդամի ազգային բալետում եւ Անտվերպենի (Բելգիա) Թագավորական բալետում: Գլխավոր դերապարերով հանդես է եկել ինչպես դասական երկացանկում, այնպես էլ Կիլիանի, Ֆորսայթի, Նոյմայերի, Քրանքոյի, վան Մանենի, Էկի, Դեյվիդ Դոսոնի եւ շատ ուրիշ հայտնի պարադիրների բալետներում...

- Դավիթ, վերջերս Մալայզիայում էիր, որտեղ մեր բալետի խումբը հյուրախաղերի էր մեկնել...

- Այո, չէի կարող չգնալ Մալայզիաՙ լինելով աշխարհագրականորեն մոտիկ, մանավանդ որ եկել էին ուսուցիչսՙ Արմեն Գրիգորյանը ու նրա որդինՙ Ցյուրիխում աշխատող պարող, իմ լավ ընկեր Արման Գրիգորյանը, որը նույնպես ելույթ ունեցավ խմբի հետ: Մեր բալետային խումբը հրավիրվել էր առաջին հերթին Արամ Խաչատրյանի բալետները ներկայացնելու: Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում առաջին անգամ ցուցադրվեց հայկական բալետՙ դիվերտիսմենտներ «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից, նաեւ «Կարապի լիճը» եւ «Մարդուկ-Ջարդուկը» բալետների գլխավոր համարներից: Քանի որ Մալայզիան իսլամական պետություն է, համերգները կառավարական էին, մերոնց ելույթին ներկա էր նաեւ Մալայզիայի արքայադուստրը: Ինքս ականատես եմ եղել, որ չորս երեկոներին էլ շատ մարդ կար, ու շատ լավ ընդունեցին մերոնց կատարումները:

- Տարիներ առաջ, երբ մեր արտիստները «Սպարտակը» ներկայացնում էին մեկ այլ իսլամական երկրումՙ Քաթարում, դերակատարուհիներին ստիպել էին փակել ոտքերը եւ թ-երը: Մալայզիայում է՞լ նույնը եղավ:

- Բարեբախտաբարՙ ոչ, այնտեղ դրվածքն այդքան խիստ չէ:

- Դե ավելի լավ: Դավիթ, ինչպե՞ս եղավ, որ բալետն ընտրեցիր...

- Ես չընտրեցի, ինձ տարան (ծիծաղում է): Մեր ընտանիքում արդեն կար պարային ավանդույթ: Պապիկսՙ Հենրիկ Վարդանյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի հիմնադիրներից էր եւ առաջին մենակատարը: Հորեղբայրսՙ Աշոտ Վարդանյանը, նույնպես ժողովրդական պարի կատարող է: Այնպես որ մի օր ձեռքս բռնած ինձ տարան պարարվեստի ուսումնարան, բալետի դասարան, ու իմ ճակատագիրը որոշվեց:

- Եվ դու նույնպես, քո սերնդակից մյուս փայլուն տղաների պես, աշակերտեցիր Հովհաննես Դիվանյանին ու Արմեն Գրիգորյանին... Ո՞րն է պատճառը, որ միջազգային կարիերա անող մեր բալետի պարողներն աշակերտած են լինում հատկապես այս երկու պարուսույցներին:

- Առաջինըՙ նրանք իրենց գործի մեծ նվիրյալներ են. այնպիսի էներգիա էին տալիս, որ սիրով ես զբաղվում ընտրածդ մասնագիտությամբ: Ի տարբերություն այսօրվաՙ ուսումնարանի մեր տարիներին չկար ո՛չ յութուբ, ո՛չ ինտերնետ, այնպես որ ամեն ինչ սովորում էինք մեր ուսուցիչներից: Հետագայում գալով արտասահմանՙ մեր ունեցած հիմքի վրա շատ ուրիշ բաներ էլ սովորեցինք: Ինձնից մի քանի տարի մեծ իմ ընկերները, որ մասնակցել էին Լոզանի բալետի արտիստների մրցույթին, ասացին, որ հնարավոր է մեր կատարումների տեսագրությունն ուղարկել ու կրթությունը շարունակել Եվրոպայում: Ես այդպես էլ արեցի, տեսագրությունս հավանության արժանացավ եւ առաջարկներ ստացա միանգամից եվրոպական երեք բալետային դպրոցներից: Խորհրդակցեցի ընկեր Հովիկի ու ընկեր Արմենի հետ ու ընտրեցի Շթութգարդի Ջոն Քրանքոյի բալետի դպրոցը: Այնպես որ հայ բեմում չհասցրի հանդես գալ, քանի որ տասնհինգ տարեկանում արդեն դուրս էի եկել Հայաստանից: Եր-անում հանդես եմ եկել ընդամենը մեկ անգամՙ 2015-ին, «Կարմեն»-ում կատարելով Էսկամիլիոյի դերը:

- Քրանքոյի դպրոցն ավարտելուց հետո սկսեցիր հանդես գալ տարբեր թատրոններումՙ Դրեզդեն, Ամստերդամ, Անտվերպեն... ու չնայած հաջողություններիդՙ չմնացիր Եվրոպայում:

- Հոնկոնգում հայտնվելս ուրիշ պատճառ ունի: Գիտես, որ պարողները հաճախ ենթակա են տրավմաների: Բելգիայի Թագավորական բալետում էի պարում, երբ որոշ խնդիրներ ունեցա մեջքիս հետ, այն աստիճան, որ ինձ խորհուրդ տվեցին մեկընդմիշտ թողնել պարը: Որոշ ժամանակ կարողացա անգամ այդ վիճակով բեմ բարձրանալ, սակայն խնդիրը պետք էր լուծել, ու ինձ խորհուրդ տվեցին գալ Հոնկոնգՙ չինական բժշկության միջոցով մարզավիճակս վերականգնելու: Այստեղ պարեցի մի քանի ամիս ու որոշեցի, որ ժամանակն է անցնել իմ նախընտրած երկու այլ մասնագիտություններինՙ պարի ուսուցմանն ու մշակույթի կառավարմանը: Ու այդպես հրավիրվեցի դասավանդելու իմ ներկա աշխատավայրումՙ «SJ Ballet des arts»ՙ Հոնկոնգի ամենահեղինակավոր բալետի դպրոցներից մեկում:

- Այսպիսով, պատմության մեջ դու առաջին հայն ես Հոնկոնգի պարային աշխարհում: Բալետային կյանքը շատ է՞ տարբեր Եվրոպայից:

- Եթե Եվրոպայում մենք երեք շաբաթ պատրաստվում էինք մոտ տասնհինգ ներկայացման համար, Հոնկոնգում երկու ամիս պատրաստվում էինք չորս ներկայացման համար: Այստեղ ռիթմը մի քիչ դանդաղ է: Մյուս կողմից, Հոնկոնգը Հայաստանի պես հետ է մնում ժամանակակից բալետի առումով. այստեղ բալետը միայն դասական է, միշտ նույն «Կարապի լիճը», նույն «Քնած գեղեցկուհին»... ժամանակակից բեմադրություններ առհասարակ չկան:

- Սկսել ե՞ս չինարեն խոսել:

- Միայնՙ մի քանի արտահայտություն. դրա կարիքը չկա, քանի որ բոլորը խոսում են անգլերեն: Ի դեպ, այստեղ աշխատող եվրոպացիները, ամերիկացիները մեծ մասամբ ջերմ ընդունելության չեն արժանանում, բայց եր-ի հայ լինելուս պատճառով իմ հանդեպ վերաբերմունքը շատ բարեհաճ էր, չնայած քչերը գիտեն հայերի մասին...

- Եվ չնայած որ Հոնկոնգի պատմության ամենաականավոր դեմքերից մեկը նրա զարգացմանը մեծ զարկ տված հայազգի պետական գործիչ ու բարեգործ Փոլ Չաթերն էրՙ Խաչիկ Աստվածատրյանը...

- Այո, այստեղ կա փոքրաթիվ հայ համայնք, մեկ անգամ հանդիպել եմ, չնայած կապ չկա ու առհասարակ Հոնկոնգում ժամանակս շատ հագեցած ու բազմազբաղ է անցնում: Անգամ շաբաթ-կիրակի ենք աշխատում: Ու չնայած շատ խիտ գրաֆիկիսՙ ինձ շատ լավ եմ զգում այստեղ, սիրում եմ աշխատանքս, ինձ շատ է դուր գալիս երեխաների հետ աշխատելը: Ինչպես նշեցի, աշխատում եմ նաեւ մշակույթի կառավարման ոլորտում ու մեծ ցանկություն ունեմ Հայաստանի բալետային արվեստը ներկայացնել այս տարածաշրջանում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 30-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ