RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 06-04-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-04-05 21:49:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3089, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Նաիր ՅԱՆ

Մրցանակաբաշխություն` իտալական ձեւով

Իտալիայի Ագրիջենտո քաղաքում ամեն տարի կազմակերպվում է միջազգային մրցույթ-փառատոն: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրահանգով այն նվիրվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությանը, այսինքնՙ մասնակից պետությունները պետք է ներկայացնեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված իրենց էթնիկ մշակույթը: Ըստ մրցույթ-փառատոնի պահանջներիՙ յուրաքանչյուր ելույթ պետք է լիներ երաժշտական համարՙ պար, երգ, բեմականացում, բանահյուսություն:

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը փետրվարի 25-ին Երեւանում հանդես եկավ համերգով. նպատակն այն էր, որ ստացված հասույթի միջոցով մեկներ Իտալիա: 2 միլիոն դրամ էլ տրամադրեց մշակույթի նախարարությունը, մի քանի միլիոն էլ կարինցիները պարտք արեցին ու ավտոբուսով մեկնեցին Ստամբուլ, որպեսզի այնտեղ էլ համերգ տան, մի քիչ փող էլ այնտեղ հավաքեն:

Կեսըՙ ավտոբուսուվ, կեսըՙ ինքնաթիռով, այդպես «Կարինը» հասել է Իտալիայի Ագրիջենտո քաղաք: 3 ամիս կարինցիները Երեւանում աշխատել են «Սասնա ծռեր» բեմադրության վրա: Քանի որ մեր էպոսն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, «Կարինը» հենց դա էլ ներկայացրել է հայաստանյան ծրագրում: Երկրոդ համարը «Քոչարին» էրՙ դարձյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկված:

Փառատոնի պահանջը հետեւյալն է եղելՙ յուրաքանչյուր ելույթ պետք է լիներ մինչեւ 20 րոպե տեւողությամբՙ հիմքում միմիայն էթնիկ մշակույթ: Եվ այսպես, գումարի մեջ տեղավորվելու համար հնարավորինս փոքր, բայց արդյունավետ խմբով, փառատոնի բոլոր պահանջներն անվրեպ կատարածՙ «Կարինը» պատրաստ է եղել կանգնել Ագրիջենտո քաղաքի բացօթյա բեմինՙ 100 հազար հանդիսատեսի առաջ: Ու բեմ դուրս գալուց րոպեներ առաջ են կազմակերպիչները տեղեկացրել, որ ելույթները պետք է շատ արագ կրճատվեն ու դառնան 3-7 րոպե: Մերոնք հնարավորինս կրճատել են բեմադրությունը: Հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ ելույթները գնահատողները ոչ թե մասնագիտական ժյուրին էՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուղղորդված, այլ հանդիսատեսը, որը պետք է քվեարկի առցանց: 18 երկիր ելույթ է ունեցել, այդ թվումՙ Վրաստանը: Բոլոր խմբերն էլ ստիպված են եղել ենթարկվել կազմակերպիչների պահանջներին, բացի վրացիներից: Նրանք ելույթ են ունեցել ամենավերջում եւ ոչ կրճատված համարով, որը ներկայացրել է ոչ էթնիկ մշակույթ, այլ բեմական շոու: Փառատոնի ապշահար մասնակիցների առջեւ օրը ցերեկով եվրոպացիներն անթաքույց կողմնակալ վերաբերմունք են ցույց տվել: Սկսվել է առցանց քվեարկությունը. հայտարարել են 3-րդ տեղն զբաղեցրած երկրի անունըՙ Հայաստան, երկրորդ տեղըՙ Արգենտինա... դեռ այս անունները չհայտարարածՙ վրացիները բեմի հետեւում համացանցով ուղիղ եթեր են մտել ու ճիչ-ուրախությամբ տեղեկացրել, որ իրենք գրավել են 1-ին տեղը. հենց այդ պահին էլ փառատոնի կազմակերպիչները բեմից են հայտնելՙ Վրաստանՙ 1-ին մրցանակ: Եվ այս ամենն անսքող, ինքավստահ ու տիրաբար:

Մրցույթի պահանջներն ու արդյունքները բողոքարկելու պատրաստ կարինցիներին են մոտեցել փառատոնի կազմակերպիչները: Նրանք հլու-հնազանդ լսել են բոլոր մեղադրանքները, համաձայնել, որ բազմաթիվ անճշտություններ են թույլ տվել, որ խտրականություն են դրել մասնակից երկրների միջեւ, որ Վրաստանը չի ներկայացրել էթնիկ մշակույթ, որ խախտել է կանոնները, որ չի ենթարկվել պահանջներին ու չի կրճատել իր ելույթը, որ Հայաստանը ֆավորիտների շարքում էր ու իրավունք ունի բողոքել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ... որ... Բայց ոչ մի «որ» չի փոխել մրցույթի արդյունքները. վրացիներն առել են 1-ին տեղի իրենց մրցանակը, երջանիկ ու գոհ վերադարձել իրենց երկիր: Ի դեպ, պարզվել է, որ օնլայն քվերակության ժամանակ Վրաստանն անգամ լավագույն հնգյակում չի եղել:

Իտալացիներն իրենց մեղքերը քավելու համար խոստացել են, որ հաջորդ տարի իրենց միջոցներով «Կարին» խմբին կհրավիրեն հերթական փառատոնը բացելու: Իհարկե, կարինցիները հասկացել են, որ դրանք եվրոպացիների հերթական սին խոստումներն են: Նրանց մխիթարում է այն, որ 100 հազար հանդիսատեսի առաջ ներկայացրել են «Սասնա ծռերն» ու «Քոչարին»: Հայաստանի տեղը չիմացող, անունը չլսած օտարազգիները միահամուռ վանկարկել ենՙ Ար-մե-նիա, հետաքրքվել մեր պարերով, երաժշտությամբ, չեն թաքցրել, որ անբացատրելի ոգեւություն են ապրել «Կարինի» ելույթի ժամանակ, բայց դե վերջում վրացական շուոն է հաղթել: Եվրոպա-ՅՈՒՆԵՍԿՕ միասնությանը հաջովել է մասնակից երկրների մեջ գժտություն հրահրել: «Կարինն» էլ դեռ 3 միլիոն պարտ պետք է փակի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 06-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ