ՎԻՐՏՈՒՈԶ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸՙ ԱՐԱ ՄԱԼԻՔՅԱՆ Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանին վիրտուոզ արտիստ են համարում միջազգային մասնագետները: Իր հոր աջակցությամբ ջութակ նվագել սկսել է վաղ տարիքից եւ 12 տարեկանում տվել է իր առաջին համերգը: 15 տարեկանում Բեռլինի «Hochschule fur Musik und Theater Hannover»ից հրավեր ստանալով դարձել է երաժշտության եւ թատրոնի այդ ավագ դպրոցի ամենաերիտասարդ աշակերտը: Հետագայում ուսումը շարունակել է Լոնդոնի «Guildhall School of Music & Drama» կրթօջախում, միաժամանակ մասնավոր դասեր առնելով պրոֆեսորներ Ֆրանկո Գուլիից, Ռուջիերո Ռիչչիից, Իվրի Գիտլիսից, Հերման Կրեբերսից եւ «Ալբան Բերգ» կվարտետի անդամներից: Նրա կատարած ստեղծագործությունների ցանկը բազմազան է եւ ներառում է ջութակի համար գրված բոլոր կարեւոր գործերը: Սիրում է միաձուլել տարբեր մշակույթների (արաբական, հրեական, գնչուական, իսպանական, արգենտինական, եւ այլն) երաժշտությունները: Նվագել է աշխարհի ավելի քան 40 քաղաքներումՙ Նյու Յորք (Կառնեգի Հոլում), Փարիզ (Սալ Փլեյելում), Վիեննա (Մուզիքվերինում), Տորոնտո (Ֆորդ Սենտրում), Մադրիդ (Օդիտորիո նացիոնալ եւ Թեատրո Ռեալում), Վենետիկ, Լոս Անջելես, Հոնկոնգ, Կուալա Լամպուր, Բարսելոնա, եւայլն: Մասնակցել է բազում փառատոների: Որպես մենակատար հրավիրվել է այլոց շարքում Տոկիոյի եւ Բամբերգի ու Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբերի, Ցյուրիխի, Լոնդոնի եւ Ժնեւի կամերային նվագախմբերի կողմից: Հանդես է եկել նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 1995-ից երբեմն նրան է միանում դաշնակահար Սերուժ Քրաճյանը, դարձյալ ծագումով լիբանանահայ, այժմ ամերիկահայ: Արա Մալիքյանը բավական ժամանակ է, ինչ ապրում է Մադրիդում, որտեղ «Orquestra Sinfonica de Madrid»-ի կոնցերտմայստերն էր: Սերտորեն համագործակցել է կիթառիստ Խոսե Լուիս Մոնտոնի հետ: Նաեւ լիբանանցի անզուգական երգչուհի Ֆայրուզի, հանրահայտ ֆլամինկո պարողներ Իոախիմ Կորտեզի եւ Բելեն Մայայի, ինչպես նաեւ ֆիլմերի երաժշտության հեղինակներ Ալբերտո Իգլեսիասի եւ Պասկալ Գեյնջի հետ: Վերջին շրջանի թողարկած ալբոմների թվում են «Manantial»ը (2002/2004), Պագանինիի «Մենանվագ ջութակի 24 կապրիսը» (2003), Վիվալդիի «Տարվա չորս եղանակները» (2004), «Գեղեցկության արցունքները» (2006), «Ծննդյան տոների տրամադրությունը» (2011), «Ջութակի անհավատալի պատմությունը» (2016): Նրա «De la felicidad» (2005) ալբոմը իսպանական երաժշտական Ակադեմիայի կողմից առաջադրվել է որպես տարվա լավագույն խտասալիկ: Ինքը Արան երկու անգամ նույն ակադեմիայի կողմից առաջադրվել է լավագույն դասական կատարող անվանակարգում: Արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվումՙ առաջին մրցանակներ Ֆ. Մենդելսոնի (1987, Բեռլին) եւ Պ. Սարասատեի անվան (1995, Պամպլոնա, Իսպանիա) միջազգային մրցույթներում, Պագանինիի (Ժնեւ, Իտալիա,) Ֆրանչեսկատիի (Մարսել, Ֆրանսիա) եւ Լիպիցերի (Գորիցիա, Իտալիա) մրցանակների, ինչպես նաեւ Նյու Յորքի միջազգային Գիլդի, Ճապոնիայի երաժշտական միջազգային մրցույթի եւ Գերմանիայի մշակույթի նախարարության պատվո մրցանակներին: |