ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ. «ՄԱՀՎԱՆ ՔԱՎԱՐԱՆԵՆ ԿՈՒԳԱՄ, ԱՂՋԻԿՍ» Կլարա ԹԵՐԶՅԱՆ Սկիզբը` նախորդ համարում Սկսեցի գրել մեր ընտանիքը շրջապատող մարդկանց մասին, նրանցից յուրաքանչյուրի պատմածի մեջ փնտրելով մորս կերպարը: Նա իր խղճուկ նյութականով քանի-քանիսին էր ձեռք մեկնել, ոտքի կանգնեցրել, որքան մարդ էր նրան երախտապարտ: Մորս մահից հետո Սոֆիին նեցուկ եղավ Սերիկ Դավթյանը, որ բանտում Զապել Եսայանի հետ էր եղել: Իմացա, որ Զապել Եսայանը վախճանվել է բանտում 1943 թվականին. Սոֆին իր կյանքի վերջին երկու տասնամյակում աշխատում էր Գիտությունների ակադեմիայում եւ ամբողջովին նվիրվեց մոր գրական ժառանգության վերականգնման, գրքերի հրապարակման գործին: Ժամանակը շտապեցնում էր, պետք է գրեի նաեւ Զապել Եսայանի քիմիկոս որդուՙ Հրանտի, մասին, որը քիչ ներդրում չունեցավ մեր հանրապետությունում քիմիայի զարգացման գործում: Սինթետիկ կաուչուկի կոմբինատը զարգացավ նրա աչքի առջեւ եւ նրա անմիջական մասնակցությամբ: Հրանտ Եսայանի պատմածը գրի առա 1977 թվականին, նրա մահվանից հինգ տարի առաջ: Ծնվել է Փարիզումՙ 1910 թվականին: Հայրըՙ նկարիչ Տիգրան Եսայանը, հայ իրականության ճանաչված դեմքերից էր: Հրանտը մանկուց շատ էր ճամփորդել, քանի որ մայրը հայաշատ վայրերում սիրված ու ճանաչված գրող էր, հասարակական գործիչ: Ամենուրեք նրան սպասում էին, ծարավի էին նրա խոսքին: Զապել Եսայանը ճամփորդում էր ոչ միայն իր ապագա գրքերի համար նյութ հավաքելու, այլ առաջին հերթինՙ հայրենակիցներին պաշտպան կանգնելու համար: Դեռ 1908 թվականին նա գալիս է Կոնստանդնուպոլիս, Ադանայի ջարդի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909 թվականին մեկնում է Կիլիկիա եւ հոդվածներ տպագրում աղետի մասին, «Ձայներ որբերու թշւառութենէն», «Աղէտի զոհերէն»: Երկու տարի անց Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրում է «Աւերակներուն մէջ» գրքում: Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու լուրը Զապել Եսայանին հասնում է Կոստանդնուպոլսում, որտեղ գտնվում էր որդու հետ: Եսայանը եղեռնից հրաշքով փրկվում է: Հիշում եմ, նա պատմում էր, որ հյուրանոցից դուրս գալիս երկու թուրք իրեն հարցնում են. «Դո՞ւք եք Զապել Եսայանը»: Ասում էՙ «Ոչ, նա ներսում է» եւ անշտապ հեռանում: Զապել Եսայանին փրկում է ինքնատիրապետումը: Նրան հաջողվում է որդու հետ անցնել Բուլղարիա, Ռումինիա եւ հասնել Թիֆլիս: «Մեզ շատ ջերմորեն ընդունեց Հովհաննես Թումանյանը, - վերհիշեց Հրանտը: - Նա մեզ իր տանը տեղավորեց, ապա ամառանոց տարավ: Հիշողությանս մեջ հատկապես վառ է մնացել ամառանոցի շրջակայքը, որտեղ անհամար կակաչներ կային»: Փարիզՙ ամուսնու մոտ, վերադառնալու համար Զապել Եսայանն անցնում է Իրանով, գնում Բաղդադ, Բասրա, Եգիպտոս: Դա սոսկ դեգերում չէ, ամենուրեք նա զբաղվում է հայ տարագիրների ու որբերի հավաքագրման ու տեղավորման գործով: Վերջապես մի առեւտրական նավով նրան հաջողվում է Մարսել հասնել: «Հիշում եմ,-ասում է Հրանտը,- որ պատերազմի պատճառով նամակները կանոնավոր տեղ չէին հասնում, եւ երբ մենք Փարիզի կայարանից կառքով տուն հասանք, հայրիկիս զարմանքին եւ ուրախությանը չափ չկար: Քսանական թվականներին հայրս վախճանվեց»: Զապել Եսայանը, անձնական վիշտը թողած, զբաղված էր գաղթաշխարհի հայության ճակատագրով: Նրա կյանքի լուսավոր էջերից մեկը 1926 թվականն էր, երբ գալիս է Մոսկվա, այնտեղից էլ Խորհրդային Հայաստան, լինում է Բաքվում, Լեռնային Ղարաբաղում: Ամենուրեք ապրում է ոգեւորությունը, նոր կյանք կառուցող մարդկանց նվիրվածությունը, հավատը նրան ստեղծագործելու մեծ լիցք են տալիս: Իր տեսածի մասին նա պատմում է ֆրանսահայությանը, հանդես գալիս մամուլում, որ կարողանա իր ձայնը հասցնել աշխարհով մեկ սփռված հայությանը: Հոգին լցված է հրճվանքով, կա, ապրում է Հայաստանը, կա եւ ապրում է նրա ժողովուրդը: Նա պատմում է անձնուրաց մարդկանց մասին, որոնք կառուցում են վերածնված հայրենիքը: Այդ տպավորությունների արգասիքը եղավ «Պրոմեթէոս ազատագրուած» գիրքը: Այդ ուղեւորությունից հետո Զապել Եսայանը չկարողացավ հեռվում հանգիստ մնալ, նրա հոգին վերածնված հայրենիքում էր: «Մեր ընտանիքը, - ասում է Հրանտը, - Փարիզում մնաց մինչեւ 1933 թվականը: Մայրս ու քույրս հայրենադարձվեցին, իսկ ես մեկ տարի էլ մնացի Ֆրանսիայում, քանի որ պետք է ավարտեի Սորբոնի համալսարանի քիմիական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ընդունվեցի առաջադեմ երիտասարդության շարքերը, տարածում էի մեր թերթը: 1934 թվականին ես եւս եկա Հայաստան»: Հրանտ Եսայանի կյանքում բախտորոշ դեր խաղաց անվանի քիմիկոս Ստեփան Ղամբարյանի հետ ծանոթանալը: Վերջինիս խորհրդով նա աշխատանքի անցավ սինթետիկ կաուչուկի գործարանի գիտահետազոտական լաբորատորիայում, որը հետագայում դարձավ Կիրովի անվան քիմիական կոմբինատի կենտրոնական լաբորատորիան: Աշխատում էր Ղամբարյանի ղեկավարությամբ, զբաղվում սինթետիկ կաուչուկի ստացման տեխնոլոգիայի հարցերով: Այդ տարիներին մի քանի գյուտի համար նա ստացավ հեղինակային իրավունք: Երբ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում հիմնվեց Գիտությունների ակադեմիան, Հրանտը դարձավ նրա առաջին ասպիրանտներից մեկը: Եսայանը հետազոտում էր չհագեցած միացությունների բնագավառըՙ էթիլենային կամ ացեթիլենային միացությունները, որոնց ստացման համար հումք էին կաուչուկի կոմբինատի թափոնները: Այս թեմայով էլ պաշտպանեց թեկնածուական դիսերտացիա եւ աշխատանքի անցավ Գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտում: Նա երկրորդ անգամ ընտանիք կազմեց, կինը ուկրաինուհի էր, զավակներ ունեցավ: Գործընկերները նրան հարգում էին ե՛ւ որպես լավ մասնագետի, ե՛ւ որպես բարի ու ազնիվ մարդու: Կարծես կյանքը նպատակ էր դրել ինչ-որ չափով մեղմելու Եսայան ընտանիքի կրած տառապանքները: Զապել Եսայանն արդարացվեց, հետմահու նա գրավեց իր պատշաճ տեղը որպես գրող, թարգմանիչ, հրապարակագիր: Նրա «Սիլիհտարի պարտեզները» առաջին գիրքը եւ «Բարպա Խաչիկ» երկարասպաս վեպը լույս տեսան: Հրանտ Եսայանը, չնայած պատկառելի տարիքին, աշխատում էր Ակադեմիայում: Նրան հաճախ կարելի էր տեսնել Երեւանի փողոցներում զբոսնելիս: Մայրաքաղաքը նրա աչքի առջեւ էր այդ տեսքը ստացել, նա Երեւանը սիրում էր մի առանձին սիրով: «Երեւանի կենսագրությունը նաեւ իմ կենսագրությունն է»,- հպարտորեն ասում էր Հրանտ Եսայանը: Իսկ ես ուզում եմ ընդհանրացնել. Երեւանի կենսագրությունը նաեւ Ֆրանսիայից, Թուրքիայից, Հունաստանից, Բուլղարիայից եւ այլ երկրներից քսանական-երեսնական թվականներին եկած հայերի կենսագրությունն է: Նրանք չվարանեցին դժվարություններից, բնիկների նման ձեռք - ձեռքի տված մեծացրին մանուկ Երեւանը: Եվ նրանց կյանքը, գոծունեությունը, խոսքերը սեր էր, հպարտություն, նվիրում, սրտացավություն եւ, ամենագլխավորը, հավատ: *** Զապել Եսայանի մասին հուշագրությունն արդեն ավարտել էի, երբ 1988 թվականի փետրվարին Հայաստանի գրողների տանը նշվեց անվանի արձակագրուհու ծննդյան 110- ամյակը: Հանդիսականների վրա ցնցող տպավորություն թողեց նրա յուղաներկ դիմանկարը, որը ոգեկոչել էր Զապել Եսայանին: Ասես նա նստած էր բեմում, ներկա էր իր մեծարանքի հանդիսությանը ու նայում էր խորախորհուրդ հայացքով: Ներկաներն է՛լ ավելի հուզվեցին, երբ դիմանկարի հեղինակըՙ վաստակավոր նկարիչ Մարկոս Արզումանյանը, պատմեց նկարի ճակատագրի մասին: Զապել Եսայանին ասես կրկնակի մահ էր վիճակվել, որից հետո նա պետք է վերածնվեր եւ ապրեր հավերժության մեջ: ՄԱՐԿՈՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ - Արուս Ոսկանյանին նկարելու ժամանակ խնդրեցի անվանի դերասանուհունՙ օգնի, որ Զապել Եսայանին էլ նկարեմ: Ասաց. Դժվար չէ, տղաս, կօգնեմ. Այդ ժամանակ հնչեց դռան զանգը: - Նա է, իր ոտքով եկավ, - ասաց Ոսկանյանը: Ներս մտավ Զապել Եսայանը: - Ի՞նչ է, դեռ Արուսի նկարը չեք ավարտել, - հարցրեց նա: - Այսօր վերջին սեանսն է: - Լավ, ես մի սիգարետ կծխեմ: Իմանալով իմ խնդրանքը, հարցրեց. - Ե՞րբ պետք է սկսենք, անուշիկ: - Երբ ցանկանաք: Ուրախությունից չէի կարողանում խոսել, ծնոտս դողում էր: - Շատ բարի, բայց ե՞րբ: - Հենց հիմա, տիկին Զապել: Արուս Ոսկանյանն ապրում էր կաուչուկի գործարանի բնակելի շենքի չորրորդ հարկում, իսկ եսՙ երրորդում: Վազեցի տուն, կտավ բերեցի ու սկսեցի նկարել: Եվ քանի որ Զապել Եսայանը նկարիչ Տիգրան Եսայանի կինն էր եղել, գետեր, թե ինչպես պետք է օգնել արվեստագետին, որպեսզի նա կարողանա բացահայտել բնորդուհու կերպարը: Ես սկսեցի նկարել: Այնպիսի լարվածությամբ էի աշխատում, որ թիկունքս տնքում էր, վախենում էի հանկարծ հրաժարվի: Երջանիկ էի, որ նա համաձայնեց եւ նստեց մինչեւ վերջ: Վեց սեանս: Իհարկե, այդ ժամանակահատվածում նա շատ հետաքրքրական բաներ էր պատմում ֆրանսիական իմպրեսիոնիզմի, իտալական արվեստի մասին, խոսում էր երաժշտության, քանդակագործության մասին: Այնպես հոյակապ էր բացատրում Ռոդենի քանդակները, կարծես տեսաբան լիներ: Նկարն ավարտեցի 1936 թվականին: Այն ժամանակ ես աշխատում էի Կաուչուկի գործարանում որպես գլխավոր նկարիչ: Այնտեղ էր աշխատում նաեւ Զապել Եսայանի որդինՙ Հրանտը: Մենք իրար ճանասչում էինք, եւ նա գիտեր, որ նկարել եմ իր մայրիկի դիմանկարը: Եկավ այն ծանր օրը: Զապել Եսայանին ձերբակալեցին: Արուս Ոսկանյանն առավոտյան թատրոն էր գնում, սանդղահարթակում հանդիպեցինք իրար: Նա գրկեց ինձ եւ շատ հուզված ասաց. - Իմացա՞ր, տղաս: - Այո, իմացա: Աչքերս լցվեցին: - Լսիր տղաս, այդ գործը, այդ դիմանկարն աչքիդ լույսի պես պահիր: Դա մեր ժողովրդի համար սուրբ մասունք է: - Ես խոստանում եմ ձեզ, տիկին Արուս, կյանքիս գնով պահել այդ նկարը: Պահպանվեց այդ դիմանկարը ուրիշ ձեւով: Եվ այսօր ուզում եմ գաղտնիքը բացել. 1946 թվականին Երեւանում ջրհեղեղ եղավ: Գետառը բարձրացել էր եւ բավականին մեծ վնասներ հասցրեց: Ջուրը լցվեց նաեւ իմ արվեստանոցը: Կինս տեսնելով, որ ջրի վրա ծաղիկներով մի նատյուրմորտ է լողումՙ բղավեց. «Նատյուրմորտը վերցրու, շուտ արա, փրկիր»: Ես փրկեցի այդ կտավը. Զապել Եսայանի նկարի վրա մի ուրիշ կտավ էի քաշել ու նրա վրա նկարել այդ ծաղիկներով նատյուրմորտը: Դիմանկարը շատ էր վնասվել: Նրա վրա աշխատեցի երեք- չորս ամիս, որովհետեւ պղպջակներ էին առաջացել, եւ կտավին լուրջ վտանգ էր սպառնում: Աշխատելով այդքան ժամանակ, ես վերականգնեցի այս դիմանկարը, որը եւ ներկայացնում եմ ձեզ: Դահլիճը հոտնկայս ծափահարեց Մարկոս Արզումանյանին, իսկ Զապել Եսայանի դիմանկարն առավել շնչավորել էր արձակագրուհուն: Նա նստած էր տիրաբար եւ իմաստուն դեմքին բազմանշանակ ժպիտ կար, կարծես ասում էր. «Աշխարհում դեռ ոչ մեկին չի հաջողվել սպանել գրողին: Նրա կյանքի ուղին հավերժ է»: *** Զապել Եսայանին նվիրված հուշագրությունս ընթերցողների կողմից մեծ արձագանքի արժանացավ. շատերը զանգահարեցին, ասելով, որ այս շնորհակալ գործը շարունակեմ: Գտնվեցին մարդիկ, որ իրենց իմացածը պատմեցին, լրացնելով արձակագրուհու մասին իրողությունը: Նրանցից մեկըՙ Երեւանի պետական պատկերասրահի աշխատակցուհի տիկին Աշխեն Սիմոնյանը, այն դժնդակ տարիներին եղել է Զապել Եսայանի հետ նույն բանտախցում: Նրա խոսքը մասամբ լրացնում է Եսայանի կյանքի վերջին տարիների սպիտակ էջերը: ԱՇԽԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ - 1937-ին ինձ բանտարկեցին, բերեցին ներկայիս ՊԱԿ-ի շենքը, որ այն ժամանակ ՆԳԺԿ-ինն էր, եւ ասացին, որ բանտարկված եմ այսինչի ցուցմունքով: Այդ ցուցմունքը իրականությանն ամենեւին չէր համապատասխանում: Մարդը, որ մեր ընտանիքին շատ մոտ էրՙ ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերական բաժնի վարիչ Ստյոպա Բաբայանը, ցուցմունք էր տվել, թե իբր մեր տանը խոսել են Վրաստանի մասին, եւ ինքն ասել էՙ Մոսկվան Վրաստանին շատ գումար է հատկացնում, այդ պատճառով էլ այնտեղ արդյունաբերությունը զարգացած է: Իմ ամուսինըՙ Վարդգես Վարդապետյանը, իբր ավելացրել է, թե արվեստը նույնպես այնտեղ զարգացած է, որովհետեւ շատ գումարներ են ստանում Մոսկվայից: Նման խոսակցություն մեր տանը չէր եղել, ըստ երեւույթին այդ մարդուն ստիպել էին, այնպես ծեծել ու ջարդել, որ ճարահատյալ գրել էր: Իսկ ինձ մեղադրեցին այն բանի համար, որ մեր տանը եղած «հակասովետական խոսակցության» մասին իրենց չեմ հայտնել: Ասացին, որ ձերբակալված եմ, եւ իջեցրին բանտախուց: Այնտեղից տարան քաղաքային բանտ, հետո նորից բերին ՆԳԺԿ-ի բանտը: Մի անգամ էլ, երբ բերեցին հարցաքննության, ՆԳԺԿ-ի բանտախցում հանդիպեցի Զապել Եսայանին: Գիտեի, որ անվանի գրող է, հասարակական գործիչ, արտասահմանից եկել է Հայաստան, որ ուժերի ներածին չափով օգտակար լինի իր ժողովրդին: Բանտախցում նա տարիքով բոլորից մեծն էր, մենք նրան հարգալից տիկին Զապել էինք կոչում: Շատ համակրելի ու խելացի կին էր: Պատմում էր իր կյանքից, արտասահմանում իր ունեցած ծանոթությունների, հանդիպումների մասին: Պատմում էր Մոպասանի եւ մյուս անվանի գրողների գործերը: Այնպես էր պատմում, ասես կարդում էր: Լսում էինք կլանված: Տիկին Զապելին անընդհատ կանչում էին հարցաքննության: Վերադառնալուց հետո ծիծաղում էր, դառն հումորով ասում. «Այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որ զարմանում եմ, թե ինչպե՞ս են հորինում»: Շատ էր զայրանում. ինքը ինչ նպատակով է եկել Հայաստան, եւ իրեն ինչ են վերագրումՙ անվանելով ֆրանսիական լրտես: Շատ էր մտահոգված իր զավակների ճակատագրով, ոչ մի տեղեկություն չուներ նրանցից, թույլ չէին տալիս ոչ տեսակցություն, ոչ նամակագրություն: Մի անգամ էլ նրան տարան հարցաքննության, բայց վերադարձավ երկու օրից միայն: Ոտքերը սարսափելի այտուցված էին: Երկու օր նստեցրել էին մի բարձր տեղ եւ ստիպել ոտքերը կախ գցել: Այսպես տանջել էին, պահանջելով ստորագրել, որ լրտես է: Հերոսաբար դիմացել էր: Այնպիսի վիճակում էր, որ չէր կարողանում անգամ նստել: Մենք նրան պառկեցրինք անկողին կոչվածի վրա: Օրերի ընթացքում աստիճանաբար ուշքի եկավ: Մի անգամ էլ եկան ու նրան ասացին. «Ձեզ կանչում են իրերով»: Դա նշանակում էր, որ կամ աքսորում էին, կամ ազատում: Նման դեպքերում պայմանավորվում էինք կալանավորի հետ, որ եթե ազատվել է, մեզ որեւէ բան ուղարկի, ասենքՙ սանր: Դրանից հետո կարող էինք իմանալ, որ ազատ է արձակված: Զապել Եսայանին իրերով տարան, բայց քանի որ պայմանավորված առարկան չստացանքՙ ենթադրեցինք, որ աքսորել են: Անցան ամիսներ, ինձ տարան քաղաքային բանտ, հետո բերեցին կենտրոնական բանտ, հետո նորիցՙ քաղաքային: Մեր բանտախուցը գտնվում էր երկրորդ հարկում: Դիմացն այն բանտախուցն էր, որտեղ նստեցնում էին հացադուլ հայտարարած կալանավորներին: Մենք ոչ կարդալու իրավունք ունեինք, ոչ կարելուՙ ոչ մի բանով զբաղվելու իրավունք չունեինք: Անընդհատ պետք է մտածեինք, որ թշնամի ենք եւ պետք է դատապարտվենք: Ասեղ մեր հարազատները գաղտնի էին ուղարկում, ինչ-որ բանի մեջ թաքցրած: Մենք, կանայքս, հաջողացրինք տոպրակ կարել: Բանտի բակում փոքրիկ կրպակ կար, որտեղ շաքար էին վաճառում, պաքսիմատ... Մեզ հսկող կնոջըՙ «կլյուչնիցա» Վարդուշին, փող էինք տալիս, որ մեզ համար այդտեղից ուտելիք բերի: Ուտելիքը, հետն էլ անպայման սխտոր, դնում էինք տոպրակի մեջ, եւ որովհետեւ այդ բանտը մնացել էր Նիկոլայի ժամանակներից ու դռները երկաթյա չէին, այլ փայտից ու լայն ճեղքերով, ուտելիքով տոպրակը ճեղքից ներս էինք գցում հացադուլ հայտարարած բանտարկյալին: Երբ մեզ զբոսանքի էին տանում, կես ժամ պահում էին բակում. այդ ընթացքում բաց էին թողնում խցի դուռը եւ պատուհանը, որ մի քիչ օդափոխվի: Զբոսանքի գնալիս ես էի տոպրակը հացադուլավորներին գցում: Այդ օրը մոտեցա դռանը եւ հարցրի. - Ո՞վ կա այդտեղ: Ասացՙ Լիպարիտ Բարսեղյանը: Կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղարն էր: Նրա կինն էր Հայկանուշ Թումանյանը, որը նույնպես կուսակցական աշխատող էր եւ Միկոյանի քենին: Լիպարիտ Բարսեղյանը հարցրեց. - Իսկ չգիտե՞ս Հայկանուշն ո՞ւր է: Ասացի. - Կարծում եմ, որ Միկոյանը նրան ազատած կլինի: Այդպես էլ էր: Լիպարիտը սկսեց լալ: Երբ արդեն ուզում էի իջնել, տեսա տիկին Զապելինՙ աստիճաններով բարձրանալիս: Հերարձակ էր: - Տիկին Զապել, - հարցրի, - ո՞ւր էիք, ինչպե՞ս հայտնվեցիք: Ասաց. - Մահվան քավարանեն կուգամ, աղջիկս: Մահվան քավարանեն: Մարդիկ կարող են հիմա չհավատալ, բայց իրոք այդպես է եղել, բանտային պայմաններում առանց հսկիչի նրան թողել էին, որ միայնակ բարձրանա աստիճաններով: Չմոռանամ ասել, որ մեր կողքի բանտախցում էլ պահում էին այն կանանց, որոնց արդեն դատապարտել էին: Զապել Եսայանի ձեռքից բռնելով, տարա իմ բանտախուցը, խնդրեցի. - Տիկին Զապել, արագ պատմեք, թե ձեզ ի՞նչ է պատահել: Պատմեք, քանի Վարդուշը չի եկել: Եվ նա պատմեց: Երբ իրեն ասել են. «եկեք իրերով», տարել են զինտրիբունալ, որ եկել էր Մոսկվայից: Զինտրիբունալը նրան մեղադրել է լրտեսության մեջ, դատապարտել գնդահակարության: Մահվան դատապարտվածների խցերը գտնվում էին բանտում: Եվ ահա նրան տանում են այդ խցերից մեկը, միաժամանակ իրավունք են տալիս Մոսկվա դիմում գրելու, որպեսզի մահվան դատավճիռը փոխարինվի տասը տարվա աքսորով: Եվ նրա դիմումը, իսկապես, ուղարկում են Մոսկվա: Զապել Եսայանը արագ - արագ պատմում է, որ հասցնի ասելիքն ավարտել: Մի անգամ հսկիչը նկատում է, որ տիկին Զապելն ընկած է գետնինՙ արյան մեջ կորած. արյունը հոսում է քթից, բերանից, ականջներից: Ճնշումն էր բարձրացած եղել, եւ արյունահեղությունը նրան կաթվածից փրկել էր: Անմիջապես փոխադրում են հիվանդանոց: Այդ ժամանակամիջոցում Մոսկվայից գալիս է դիմումի պատասխանը, ուր մահվան դատապարտվածությունը փոխարինվել էր տասը տարվա աքսորով: Եվ հիմա նրան տանում էին այդ բանտախուցը, որտեղից պետք է գնար աքսոր: Փառք Աստծո, որ այս ամբողջը տիկին Զապելը հասցրեց պատմել: Մեկ էլ «կյլուչնիցա» Վարդուշը լեղապատառ ներս ընկավ. - Էս ի՞նչ բան է... Բանտարկյալին մենակ թողնելու համար ինքը պատասխան էր տալու: Իսկույն Զապելի ձեռքից բռնեց, տարավ իր բանտախուցը: Ինձ էլ երկու օրով կարցեր նստեցրինՙ մեր խուցը բերելու եւ հետը խոսելու համար: Այլեւս տիկին Զապելի մասին լուր չունեցա: Մեկ էլ լսեցի, որ աքսորի ճանապարհին մահացել է: - Դա 43 թվականի՞ն էր: - Այդպես է գրված: Այս ամբողջը, որ պատմեցի, 38 թվականի պատմություն է: Մեր բանտախցում շատ կանայք կային. Կարինե Գյուլիքեւխյանը, Մարգո Երզնկյանը...բոլորին աքսորեցին: Պիտի որ 39 թվականին լիներ: - Ուրեմն Զապել Եսայանը ոչ թե ճանապարհին, այլ աքսորավայրում է նահատակվել: - Ասում են, իբր Բաքվում նրան տեսնող է եղել, երբ նավով պետք է փոխադրեին Կրասնովոդսկ, եւ որ նավի վրա փորհարությամբ է տառապել եւ նրան Կասպից ծովն են գցել: Կա մահվան մեկ ուրիշ վարկած. Բաքվում պարկի մեջ են մտցրել եւ գազանաբար ծեծել: Ականջիս հասել է նաեւ այսպիսի տեղեկություն. բանտում Եսայանը հերոսաբար չի ստորագրել իրեն հարուցած մեղադրանքի տակ: Սակայն այնքան սոված են պահել, որ, ի վերջո, հարկադրված է եղել ստորագրելու: Այդ օրը նրան տվել են մի բաժակ կաթ եւ սպիտակ հաց: - Չգիտեմ, գուցե դա եղել է դատաքննության ժամանակ: Բայց ի՞նչ դատ, կարծում եք քննո՞ւմ էին: Դատավարությունը տեւում էր մի քանի րոպե: Քաղաքային բանտում, իրոք, քննում էին: Եվ շատ մարդիկ փրկվում էին, որովհետեւ հնարավորություն ունեին խոսելու, բացատրելու, դատապաշտպան վարձելու: Այնտեղ այդ իրավունքները պահպանվում էին: Իսկ ՆԳԺԿ-ի դատարանում դրա մասին խոսք լինել չէր կարող: Օրինակ, ինձ հայտնի է, որ մեր տղաներից 390 հոգու գնդակահարելիս միայն մի քանի հարց են տվել: - Այսինչ այսինչյանՙ դու՞ք եք. - Այո: - Ձեզ մեղավոր համարու՞մ եք: - Ոչ: Այսքանըՙ հայտարարել են դատավճիռը: Իսկ նրանք մահվան պահին բղավել են. «Կեցցե Ստալինը»: Մենքՙ կալանավոր կանայքս, համոզված էինք, որ ֆաշիզմը մեր երկրում հաղթանակել է, եւ սովետական իշխանություն այլեւս գոյություն չունի, եւ այդ պատճառով էլ մեզ բանտարկել են: Երբ բանտարկում էին կոմունիստին, բանտարկում էին նաեւ նրա կնոջը: Ինձ հետ նստած էր Չարենցի կինըՙ Իզաբելան: Նա շարունակ ասում էր. «Չեմ հասկանում, ինձ ինչո՞ւ են բանտարկել: Ես Չարենցի մի բանաստեղծությունն անգամ չեմ կարդացել»: Իմիջիայլոց, առաջինը նրան աքսորեցին: - Էլ ովքե՞ր են եղել ձեզ հետ նստած: - Տարբեր ժամանակահատվածներում տարբեր կանայք են եղել, բայց հետո բոլորիս միացրին: Թոխմախան գոլ էին ասում, ախոռի նման մեծ շենք էր, որտեղ մի կողմում քրեական բանտարկյալներն էին, մյուսումՙ քաղաքականները: Հողե հատակ: Խցերում մեծ լվեր կային, որ թռչելիս բվվոցը լսվում էր: Արթնանալիս բոլորիս մատները այտուցված էին, կուչ եկած խոնավությունից ու ցրտից: Էլեկտրականություն չկար, մի հատ նավթե լամպ էր վառվում: Ահա այդտեղ բոլորիս միացրին, այդտեղ էին նաեւ Իզաբելլա Չարենցը, Մարիցա Վշտունին, Ալազան Մարոն, Լյուսյա Թոթովենցը, Ռոզա Խանջյանը, Արաքսյա Տեր- Սիմոնյանը, Սերիկ Թութունջյանը, Ռոզա Եսայանը, Ամատունու, Ստյոպա Ակոպովի կանայք, Եղյա Չուբարի կինըՙ Մանյա Չուբարը... Շատերը կային: - Զապել Եսայանը պատմե՞լ է, որ կոտորածի ժամանակ գնացել է Ադանա, Կիլիկիա, հասարակական ինչ գործունեություն է ծավալել: - Այո, շատ բան է պատմել: - Մանրամասներ հիշու՞մ եք: - Ոչ, շատ բան չեմ հիշում, որովհետեւ հիմնական խոսակցությունն այն էր, թե այսինչին այս մեղադրանքն են տվել, այնինչին այսքան են դատապարտել: Հիմնականում խոսում էինք մեր երեխաների մասին: Բայց Զապել Եսայանը պատմում էր, անընդհատ պատմում: Շատ հետաքրքիր զրուցակից էր, հիանալի կին: 1987 - 1992 թ. Հ.Գ. Երկարասպաս լուրը, որ Փարիզի կենտրոնական ծառուղիներից մեկը կոչվել է Զապել Եսայանի անունով եւ ճեմուղու գլխամասը զարդարում է մեծանուն մտավորականին նվիրված հուշաքարը, ինձ պատեց հուզումով: Երախտապարտ եմ այս Աստվածահաճո գործն իրականացրած մարդկանց, հատկապես փարիզաբնակ մտավորական Լեւոն Քեջյանին: Նույն |