RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 10:59:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2140, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՇԱԿԵ՞Լ, ԹԵ ՉՄՇԱԿԵԼ ԿՈՄԻՏԱՍԻՆ

Նաիր ՅԱՆ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը որոշում է կայացրելՙ թանգարանում այսուհետեւ համերգների ու երեկոների ժամանակ Կոմիտաս հնչելու է միայն բնօրինակով: Իսկ բնօրինակ ասելով թանգարանը նկատի ունի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտիՙ անվանի կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի խմբագրությամբ հրատարակված Կոմիտասյան երկերի ժողովածուն: Կոմիտասյան մնացած կատարումներըՙ դուրս նախանշված բնօրինակից, թանգարանում արգելվում են:

Այս որոշումը երաժշտական տարբեր շրջանակներում ունի համախոհների թիմ, բայց նաեւ դժգոհությունների տեղիք է տվել: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում, նաեւ մեր օրերում, շատերն են Կոմիտասին մշակում ու իրենց արածը ներկայացնում որպես նոր ստեղծագործություն եւ մատուցում այն: Թանգարանն ամենեւին էլ դեմ չէ կոմպոզիտորական այն ժանրին, որը կոչվում է երաժշտական մշակում. խոսքն այդ ժանրն արգելելու, մերժելու մասին չէ: Երաժշտական աշխարհում ընդունված է, երբ որեւէ կոմպոզիտոր մշակում է մեկ այլ կոմպոզիտորի ստեղծագործությունները: Բայց այստեղ առաջ է գալիս հեղինակային պատասխանատվության հարցը: Կոմիտասին մշակելու պարագային հեղինակային պատասխանատվության հարցը հաճախ շրջանցվում կամ անտեսվում է: Երբ համերգի ժամանակ հայտարարվում է ՙ Կոմիտաս «Ծիրանի ծառ», եւ բեմ է բարձրանում ինչ-որ երգիչ կամ երգչուհի ու Կոմիտասի «Ծիրանի ծառը» անողոքաբար ջախջախում, հողին հավասարեցնում, փառք ես տալիս Աստծուն, որ Կոմիտասը ողջ չէ ու բարեբախտաբար ականատես չեղավ այդ խայտառակությանը: Կոմիտասի ձեռագիրը խեղելովՙ ներկայանալ Կոմիտասի անունից. սա՛ է, որ պետք է անթույլատրելի լինի, իսկ թանգարանը հրաժարվում է ե՛ւ դրանից, ե՛ւ առհասարակ Կոմիտասին մշակելու յուրաքանչյուր ստեղծագործական փորձ հանրահռչակելուց: «Ներկայացեք, բայց ձեր անունից, ոչ թե Կոմիտասի»,- նկատում է երաժշտագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը :

Թանգարանի որոշումը ճիշտ համարող կոմպոզիտորներն ու երաժշտագետները քիչ չեն: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հիշում է. «Մոտ 50 տարի առաջՙ Կոմիտասի ծննդյան 100 ամյակի առիթով, «Ճանաչենք մեր հանճարը» խորագրով հոդված գրեցի: Երիտասարդ տղա էի, խոսքս էլՙ սուր: Գրեցի, որ մեր հանճարին ճանաչելու ճանապարհին չփորձենք համարձակվել մշակել նրան: Կոմիտասին մշակելովՙ մենք նրան ոչ թե առաջ, այլ հետ ետ ենք տանումՙ դեպի սալոնային կամ ռոմանտիզմի ժամանակաշրջան, մինչդեռ Կոմիտասը բոլոր ժամանակներում այդ ժամանակներից շատ ավելի առաջ է ու նրան հասնելն անհնար է: Կոմիտասին մշակել պետք չէ, նա ոչ մեկի մշակման կարիքը չունի: Իմ այդ հոդվածը բուռն քննարկումների ու դժգոհությունների առիթ տվեց: Անգամ փողոցում ինձ կոմպոզիտորներ ու երաժշտագետներ էին կանգնեցնում, քննադատում, մերժում ասածներս: Ասել եմ ու էլի եմ ասումՙ Կոմիտասին պետք չէ մատչելի ու հեշտ մարսելի դարձնել: Մեր հանճարին ուղղակի պետք է գնահատել այնպես, ինչպես նա կաՙ նրան ձեռք չտալով»,- համոզված է Տիգրան Մանսուրյանը:

Թանգարանի ղեկավարությունը հիշեցնում է, որ այս հաստատությունը կոչված է նախ եւ առաջ պահպանել ու հանրահռչակել Կոմիտասի ժառանգությունը եւ այդ հարցում կարող է լինել ամենապահպանողականը: Կոմիտասին մշակել-չմշակելու պարտադրանք կամ արգելք թանգարանը չի դնում, պարզապես հրաժարվում է այդ մշակումները թանգարանի տարածքում, պատերից ներս թույլ տալ, որ հնչեն: Ժողովրդական երաժշտության այն պաշարը, որը հավաքել է Կոմիտասը եւ դրանից օգտվելովՙ մի մասը մշակել ու դարձրել նոր ստեղծագործություն, անսպառ է: Դրանք կոմպոզիտորական առանձին, հեղինակային գործեր են: Կոնսերվատորիան - ՀՀ ԳԱԱ-ն մինչեւ այժմ հրատարակել են ժողովրդական ստեղծագործությունների 28 հատոր, Կոմիտասը հավաքագրել է ազգագրական շուրջ 2000 ստեղծագործություն, որոնցից մշակել է ընդամենը 300-ը: Ինչո՞ւ են կոմպոզիտորները, երգիչ-երգչուհիները մշակում հենց այդ 300-ը, որ Կոմիտասն արդեն իսկ լավագույնս է մշակել. թող վերցնեն այն չմշակված 1700-ից որեւէ գործ: Սա է, որ զարմացնում ու ինչ-որ տեղ նաեւ զայրացնում է կոմիտասագետներին: Կոմիտասը եթե անգամ միայն հավաքած լիներ ժողովրդական մեղեդիները, արդեն իսկ գիտնականի նրա միջամտությունը ամրագրված կլիներ: Իսկ նա նաեւ փոխադրել, մշակել, այլեւայլ օտարամուտ ելեւէջներից մաքրել է այդ երգերը, կոմպոզիտորական հեղինակային ձեռագիր, մտածողություն ու երաժշտարվեստ ներմուծել, միաձայն ստեղծագործությունները դարձրել բազմաձայն, այն էլ շատ յուրահատուկ համակարգով, որը բնորոշ է միայն ու միայն Կոմիտասին: Ուրեմն երբ ասում ենք Կոմիտաս, նկատի ունենք այս ամբողջականությունըՙ հարմոնիկ, պոլիֆոնիկ համակարգերով հանդերձ: Ուրեմն նա ժողովրդական արվեստը մշակել էՙ դրան հաղորդելով իր հանճարի փիլիսոփայական, գեղագիտական, երաժշտական, բանահյուսական անհատական ընդգրկումներն ու խորքայնությունը: Իսկ երբ Կոմիտասի ստեղծագործոթյունները մշակողները հայտարարում են, թե իրենք ուղղակի Կոմիտասի նման մշակել են ժողովրդական ստեղծագործությունները, ուրեմն պետք է հանդես գան միայն ու միայն իրենց անունից, ոչ թե Կոմիտասի: Բայց անգամ եթե կան կոմպոզիտորներ, որոնք հանդես են գալիս իրենց անունից ու նշում, որ մշակել են, ասենք, «Հով արեք»-ը կամ «Չինար ես»-ը, միեւնույն է, իրենք արդեն իսկ ժողովրդական հում ու անմշակ երգերը չեն մշակել, այլ Կոմիտասի մշակած ու Կոմիտասի ներաշխարհով անցկացված կուռ, բյուրեղյա, անհատական ստեղծագործությունը:

Ալեքսանդր Հարությունյանն, օրինակ, մշակել է «Դլե-յաման»-ը. նա չի գրելՙ Կոմիտաս, «Դլե-յաման»: Շատերին շփոթության մեջ են գցում Սարգիս Ասլամազյանի ստեղծագործությունները, որովհետեւ տարիներ շարունակ դրանք ներկայացվում ենՙ Կոմիտաս-Ասլամազյան: Սա գրքերում ու ձեռնարկներոմ ներկայացված կոպիտ սխալ է, մինչդեռ Ասլամազյանը ծայրաստիճան ազնիվ է եղել: Նրա նոտաների վրա գրված էՙ Սարգիս Ասլամազյանՙ պիեսներ լարային կվարտետի համար, փակագծում գրված էՙ ըստ կոմիտասյան գրառումների: Տեսնում ենք, թե իրականում որքան զգույշ է եղել Ասլամազյանը, սակայն նրան հակառակՙ անգամ երաժշտական դպրոցներում եւ ուսումնարաններում նոտաների ձեռնարկների մեջ հանիրավի գրված է Կոմիտաս-Ասլամազյան: Սա առնվազն փնթիություն է:

Երբ մի կոմպոզիտորը մեկ այլ կոմպոզիտորի անունից է հանդես գալիս, ստեղծում է իր ստեղծագործական սկզբունքներին համապատասխան չափորոշիչ, որը Կոմիտասի դեպքում ցածրացնում, իջեցնում է Կոմիտասին ու նրա արածը: Հանրության շրջանում տեղի է ունենում մշակութային արժեքների, գեղարվեստական կողմնորոշիչների շփոթ: Անգամ մասնագետները հաճախ չեն կողմնորոշվումՙ սա բնօրինա՞կն է, թե բնօրինակը չէ, սա ճի՞շտ է, թե կեղծված: Իսկ նման իրավիճակում գեղարվեստական արժեքների համակարգը, գնահատելու մոտեցումները վտանգվում են: Հանդիսատեսը, որ շատ ժամանակ այս խորքային մանրամասներին չի տիրապետում, սխալ տեղեկություն է ստանում ու չի կողմնորոշվումՙ լավ, վերջապես ո՞րն է իսկական Կոմիտասը: Հաճախ նույն համերգի ժամանակ նույն երգի երեք տարբեր կատարումներ են հնչում. երեքն էլ հայտարարվում ենՙ Կոմիտաս: Սա խնդիր է, որ դեռ 1960-ական թվականներին է բարձրացվել ու մինչեւ հիմա կա: Համերգների բազմազանության մեջ հանդիսատեսն այսուհետեւ կիմանա, որ կա մի վայր, որտեղ Կոմիտասը հնչում է անխախտ ու ակադեմիականՙ բնօրինակով, եւ դա Կոմիտասի թանգարանն է: Այս որոշումը կայացնելուց հետո անցյալ տարի թանգարանում տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողով: Այդ ժամանակ սկզբունքները պահպանելու հարցն այնքան էլ խիստ չէր դրվել. հնչել են նաեւ կոմիտասյան մշակումներ ջութակի համար: Պետական կապելլան կատարել է Կոմիտասի պատարագը: Հովհաննես Չեքիջյանը երգչախմբային տեխնիկական հնարքի է դիմելՙ իգական ձայներով հզորացրել է տենորների ենթաբաժինը: Նա պատարագում որեւէ փոփոխություն չի արել, պարտիտուրը պահպանել է, պարզապես տենորներին համալրել իգական ձայներով: Բայց անգամ դա չի ներվել մաեստրո Չեքիջյանին: Թանգարանն անմիջապես զանգ է ստացելՙ իսկ դուք հայտարարում էիք, թե Կոմիտասը թանգարանի պատերից ներս հնչելու է միայն ու միայն բնօրինակով: Կապելլան այդ ի՞նչ է թույլ տալիս:

Դրանից հետո թանգարանը գիտական խորհրդով է հաստատելՙ Կոմիտասն իր իսկ թանգարանում հնչելու է սոսկ բնագրով եւ վերջ: Իսկ թանգարանի պատերից դուրս որեւէ պարտադրանք չկա: Անհերքելի է, որ հատկապես օտար երկրներում, երբ ջազային, անգամ ռոք երաժշտության մեջ հնչում են կոմիտասյան թեմաները, օտարազգի հանդիսատեսը հիացմունքի ու հույզերի գիրկն է ընկնում: Նման դեպքերում Կոմիտաս հնչեցնել բնօրինակովՙ ըստ ակադեմիական հրատարակության, ուղղակի անհնար է: Կոմիտասը մոգական, անբացատրելի ուժ ու կախարդանք է եւ այն լավ իմաստով չօգտագործելն առնվազն անմտություն կլինի: Տաթեւիկ Հովհաննիսյանը, Տիգրան Համասյանը եւս իրենց արվեստում օգտագործում են կոմիտասյան մեղեդիներ, Հայաստանն ու Կոմիտասին այդպիսով ճանաչելի դարձնում աշխարհին: Կոմիտասագետները դեմ չեն այս երեւույթներին, բայց թանգարանի տարածքից դուրս: Նրանք նաեւ հաստատակամ են իրենց դիրքորոշումներումՙ պատեհ-անպատեհ ձեռք մի՛ տվեք Կոմիտասին, ձեր երաժշտական կամայականությունների տակ Կոմիտասի անունը մի՛ գրեք ու բեմերից մի՛ հայտարարեք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 13-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ