ԻՏՈՒՐՎԻԴԵՍ ՎԻԼՉԵՍ. «ՈՐՈՇԵՑԻ CD-Ն ԱՆՎԱՆԵԼ «ԱՐԱՐԱՏ» Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Վենեսուելացի շեփորահար Իտուրվիդես Վիլչեսն ամիսներ առաջ դիտելով երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահարուհի Աննա Մանուկյանի «Տերեւների պարը» տեսահոլովակը` հմայվել է նրա ստեղծագործությամբ եւ որոշել համագործակցել հայուհու հետ։ Աննայի հետ կապ հաստատելուց եւ համագործակցության հնարավոր եզրերը հստակեցնելուց հետո Իտուրվիդես Վիլչեսի այս տարվա շրջագայությունների ցանկում ավելացավ եւս մեկ երկիր` Հայաստանը։ Նա Պուերտո Ռիկոյից Հայաստան ժամանեց ընդամենը տասը օրով, որի ընթացքում ծրագրել էր Աննա Մանուկյանի հետ հանդես գալ համերգային ծրագրով, նկարահանել տեսահոլովակ, ինչպես նաեւ թողարկել ձայնասկավառակ։ «Ազգ»-ի հետ զրույցում երաժիշտն ասաց. «Երբ դիտեցի Աննայի տեսահոլովակը, ինձ միանգամից գրավեց իր ստեղծած նուրբ երաժշտությունը, սիրտս շարժվեց եւ հասկացա, որ ցանկանում եմ հենց իր հետ համագործակցել»: Իտուրվիդես Վիլչեսը եղել է Grupo Mania նվագախմբի պրոդյուսերը, համագործակցել է Մարկ Էնթոնիի, Օսկար դը Լեոնի, Նատալիա Ջիմենեզի եւ այլոց հետ։ Համատեղ ստեղծված ձայնասկավառակը Իտուրվիդեսը որոշել է անվանել «Արարատ»։ Ըստ նրա` Հայաստանը բոլորը ճանաչում են Արարատ լեռով։ Ձայնասկավառակում ներառված բոլոր ստեղծագործությունները գրել է կոմպոզիտոր Աննա Մանուկյանը: Օրերս հանրության դատին հանձնված ալբոմն առանձնանում է իր ոճով` դաշնամուրային կատարումները զուգակցվում են շեփորի հնչյուններով. արդյունքում ստացվել է լատինական ռիթմերով ջազ: Դաշնակահարուհի Աննա Մանուկյանը նշեց, որ այս համագործակցության շնորհիվ իրեն փորձել է ջազային ոճում. «Բացի այդ, հնարավորություն ունեցա համագործակցելու օտարազգի հիանալի երաժշտի հետ: Ուրախ եմ, որ Իտուրվիդեսը ցանկացավ մեր համատեղ ձայնասկավառակը անվանել «Արարատ», քանի որ բոլոր այն մարդիկ, որոնք չեն լսել Հայաստանի մասին, այդ միջոցով կճանաչեն Հայաստանը»։ Երաժիշտների համագործակցության մյուս արդյունքը` «Քարերի սիմֆոնիա» կոչվող տեսահոլովակն է, որի ռեժիսորը Ավետիս Պետրոսյանն է։ Իտուրվիդես Վիլչեսն, ի սկզբանե, ցանկություն էր հայտնել տեսահոլովակը նկարահանել Հայաստանի պատմական վայրերից մեկում, որն օտարերկրացիներին հնարավորություն կտա ճանաչելու Հայաստանը։ Տեսահոլովակի նկարահանումները կատարվել են Գառնու տաճարում, Քարերի սիմֆոնիա հուշարձանի մոտ, ինչպես նաեւ Երեւանի ֆիլհարմոնիայում։ Ի դեպ, Հայաստանի մասին Իտուրվիդես Վիլչեսը նախկինում չէր լսել: «Համացանցով տեսել էի Գառնու տաճարը եւ Արարատ լեռը, բայց չգիտեի, թե որ երկրում են գտնվում։ Աննայի տեսահոլովակը դիտելուց հետո միայն հետաքրքրվեցի, թե որտե՞ղ է ապրում եւ իմացա Հայաստանի մասին»,- ասաց նա, ապա հավելեց, որ իր ընկերներին, երկրպագուներին Հայաստանի մասին պատմելու է` որպես ջերմ ու կիրթ մարդկանցով լի երկիր. «Սիրել եմ ոչ միայն հայերին, այլեւ` հայկական խոհանոցը, որը շատ համեղ է»։ Երաժիշտը Հայաստանում ապրելու հնարավորությունից էլ չէր հրաժարվի. «Ինձ դուր է գալիս, որ մեծ տեղ եք տալիս ընտանիք գաղափարին։ Լատինական Ամերիկայում ընտանեկան արժեքներն արդեն կորել են»,- ասաց նա: Երաժիշտը, որն այսօր արդեն բավականին հայտնի է, մանկության տարիներին ստիպված էր հաճախել երաժշտական դպրոց, քանի որ մայրն է այդպես ցանկացել. «Մայրս ասում էր` երաժշտությունն ամենագեղեցիկ բանն է, որ մարդ կարող է ունենալ իր սրտում, դու մեծ երաժիշտ պետք է դառնաս, որդիս։ Միշտ հիշում եմ մորս` Լեյդայի խոսքերը եւ հիմա առանց երաժշտության կյանք չունեմ։ Ինչ ստեղծում եմ, նվիրում եմ մորս»։ Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք ծնողները երաժիշտ են, պարզվեց` ոչ, սակայն երաժշտության հետ կապը եկել է տատիկից, որը ակորդեոն է նվագել։ |