RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-10 20:58:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 3279, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԼՄԱՐ. ՀՆՉՈՂ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լեւոն ԼԱՃԻԿՅԱՆ

Արտաքինից դատելով բնավ չես ասի, թե ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը, նույն ինքըՙ Վալմարը, օրերս հատեց 70-ի շեմը: Դա նկատելի չէ նաեւ նրա ստեղծագործական եռանդուն գործունեությանն ի մոտո հետեւելիս: Օրերս Ազգային պատկերասրահում բացվեց նրա հոբելյանական ցուցահանդեսը:

Այսօր եւս Երեւանի կենտրոնում գտնվող նրա արվեստանոցում կարող ես տեսնել իրար կողք-կողքի շարված թաց ու անավարտ նոր աշխատանքներ: Նկարչի համոզմամբ, «Պրոֆեսիոնալ արվեստագետը չպետք է մտածիՙ նկարելու ցանկություն ունի, թե՞ ոչ: Նա այդ աշխարհի մեջ պետք է լինի»: Ինքն այդ աշխարհում է արդեն գրեթե կես դար: Վկանՙ հայրենիքում եւ արտերկրում նրա կազմակերպած շուրջ 50 անհատական ցուցահանդեսներն են եւ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի պատկերասրահներում ու թանգարաններում ցուցադրվող նրա գործերը:

Արդ. ինչո՞վ են Վալմարի ստեղծագործությունները գրավում հայ եւ օտար արվեստասերին: Նախ եւ առաջ, իհարկե, իրենց նրբագեղությամբ ու ոգեղենի արտացոլման գեղագիտությամբ: Տպավորում են հատկապես դրանցում առկա գծի բանաստեղծականությունն ու ռիթմի երաժշտականությունը: Պակաս կարեւոր չեն նաեւ զգայականությունն ու զգացմունքայնությունը: Վերջինս, ըստ նկարչի, պայմանավորում է ընդհանրապես արվեստի էությունը, որը կոչված է արթուն պահել մարդու ներաշխարհը: Մեջբերենք նաեւ արվեստաբան Արարատ Աղասյանի ՙ Վալմարի ստեղծագործությանը տված հակիրճ բնութագրականը. «Սա ներհայաց անվրդով, լուռ ու երազկոտ մտորումներով, լուսավոր թեթեւ տխրությամբ, մտամփոփ արվեստ է»:

Չնայած նկարչի օգտագործած արտահայտչամիջոցների նկատելի զանազանությանըՙ Վալմարի գործերը երեւան են հանում մեկ միասնական ոճ, որ նա կարողացել է բյուրեղացնել մի քանի տասնամյակի ընթացքում: Նրա աշխատասիրությունը, միանալով բնատուր տաղանդի հետ, գոյացրել է տպավորիչ մի գունաշխարհ, որը չես կարող շրջանցել արդի հայ գունապնակի մասին խոսելիս:

Վալմարն իր ստեղծագործական ուղին սկսել է ծննդավայր Լենինականից: Սովորել է տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցումՙ որպես առաջին ուսուցիչ ունենալով Հակոբ Անանիկյանին: Հետագայում, երբ ավարտեց Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ սկսեց մասնակցել ցուցահանդեսների, նրա մուտքը հայկական գեղարվեստ ողջունեց մեծն Երվանդ Քոչարը:

Առաջին բնանկարները ցոլացնում էին հարազատ Գյումրու տեսարանները: Հետագայում դրանք միավորվեցին «Իմ պատուհանից» նկարաշարում: Մինչ օրս հայտնի նկարիչը անխզելի թելերով է կապված իր հայրենի ոստանի հետ, որտեղ ստացել է գեղարվեստական իր մկրտությունն ու ձեւավորել գեղագիտական ճաշակը: Բնական էր ուրեմն, որ 1988-ին պատուհասած երկրաշարժի ավերիչ դրվագները տեղ գտնեին նրա աշխատանքներում: Արդյունքում ծնվեց նշանավոր «Արհավիրք» շարքը, որը դիտելիս քեզ թվում է, թե հողը երերում է ոտքերիդ տակ, իսկ երկինքըՙ փուլ է գալիս գլխիդ: Շարքի աշխատանքներից մեկում, օրինակ, առջեւի պլանում խորհրդանշական սեւ շունն է, ետեւումՙ «էն փլած տներ»ՙ որպես խորապատկեր ուրվականների պես դեսուդեն վազող մարդկանց համար:

Վալմարի կտավներում ու գրաֆիկական թերթերում, նրա պիրկ ու դինամիկ կոմպոզիցիաներում հաճախ են գոյակցում ուղղահայաց գծերն ու կորերը, լուսաստվերային խաղերն ու սառը-տաք տոների սահուն անցումները: Երկրաչափական այդ ձեւերի աբստրահված տարրերով է ամբողջապես կառուցված հոգեւոր թեմատիկային նվիրված մեկ այլ նկարաշար («Հավատ»): Հատկապես ուղղահայաց գծերը, որոնք իրոք ոճական ծանրաբեռնվածություն են կրում, կազմում են Վալմարի ստեղծագործությունների առանցքային հենքը: Թերեւս այդ պատճառով է, որ նրա մոտ գեղանկարն ու գծանկարը գիրկընդխառն են զարգանում եւ կարծես փոխներթափանցված լինեն: Չմոռանանք, անշուշտ, նաեւ նկարչի խիտ գույների մասին, որոնք ամբողջանում են ոսկու ու արծաթի գուներանգների կիրառմամբ:

Տարբեր մոտիվների կարելի է հանդիպել այս արվեստագետի աշխատանքներում: Զարմացնում է դրանցից յուրաքանչյուրի տարբեր փոխակերպումները տալու նրա հմտությունը: Թերեւս միակը երաժշտական մոտիվն է, որ անցնում է նկարից նկար («Ջութակի կոնցերտ», «Ջազային երաժշտություն», «Կոնցերտ», «Սիրո երգ», «Դուետ», «Տրիո» եւ այլն): Այն ակնհայտորեն վկայում է, որ եթե Վալմարը նկարիչ չդառնար, հաստատ երաժշտությունը կընտրեր որպես մասնագիտություն: «Ջազմեն կդառնայի»,- խոստովանում է նկարիչը: Դարձյալ արվեստի այս տեսակից է նա քաղում իր գրաֆիկական աշխատանքների բովանդակությունը: Հմուտ դիրիժորի նման նա ներքին կանոնավորման է ենթարկում նկարի ողջ մակերեսը նույնիսկ այն գործերում, որտեղ գծերի սլացք կա ու գույների հորձանք: Հեղինակին լիովին հաջողվում է, իր իսկ բնորոշմամբ, «գունավորել» երաժշտությունը («Կապույտ երաժշտություն», «Կանաչ երաժշտություն», «Երաժշտությունից այն կողմ» եւ այլն)ՙ անդրադառնալով մերթ անտիկ ու դասական մելոսին, մերթՙ ժամանակակից ջազային ելեւէջներին:

Վալմարի ստեղծագործական ժառանգության անբաժանելի մասն են կազմում նաեւ նրա նատյուրմորտներն ու դիմանկարները: Առաջինների մեջ հեղինակը փորձում է առարկաներն ու ծաղիկները պատկերել հայելային անդրադարձումներովՙ այդպիսով պատկերելով այն տարբեր չափումների մեջ: Իսկ ինչ վերաբերում է դիմանկարներին, ի մասնավորիՙ երկու տասնյակից ավելի ինքնադիմանկարներին, ապա ըստ նկարչի, դրանք ստեղծվում են միայն կուլմինացիոն հոգեվիճակներում, երբ ուզում է մաքրվել ներքին սիրուց ու ցավից:

Դասական արվեստի էությունը խորապես ըմբռնելով ու դրա հանդեպ երկյուղած վերաբերմունք ունենալով հանդերձՙ Վալմարն անընդհատ որոնումների մեջ էՙ հետամուտ գեղարվեստական նոր ձեւերի (օրինակ, «Իսպանական ու Վենետիկյան տպավորություններ» շարքերը): «Ես անընդհատ փորձում եմ մոտենալ ինքս ինձ,- մի առիթով գրել է նա:- Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ինքնիրեն պեղել, խորանալ ինքն իր մեջ»: Ընդհանրապես, նա շատ պատկերավոր է նկարագրում ստեղծագործական ընթացքը. «Նկարելը հաճույքից բացի նաեւ տառապանք է: Նկարելու ընթացքում ժխտում ես ինքդ քեզ, հետո հաշտվում, կռվում ու սիրում: Այդ ամենից հետո արդեն հանրությանն ես պարգեւում տառապալից սիրուց աշխարհ եկած ասելիքդ, որ հիմա էլ ուրիշները ժխտեն ու ընդունեն, կռվեն, սիրեն ու հասկանան քեզ»: Ես կավելացնեի. երբեմն էլՙ չհասկանան...

Չմոռանանք նշել, որ գնահատելով իր արվեստագետ ընկերների գործունեությունըՙ Վալմարը տասնամյակների ընթացքում ձեռք է բերել նրանց մոտ 150 աշխատանք, եւ արդյունքում այսօր ունի եզակի մի հավաքածու: Իսկ 2004-ից Երեւանում գործող «Վալմար» ցուցասրահում (valmargallery.com) գրեթե ամեն տարի, որպես ստեղծագործական հաշվետվություն, կազմակերպում է անհատական նոր ցուցահանդես:

Հայաստանի Ազգային պատկերասրահում մայիսի 4-ին բացված հերթական անհատականը նվիրված է նկարչի ծննդյան 70-ամյակին: Դրանում պատկերանում է Վալմարի անցած ողջ ուղին, որն իրավամբ եղել է սեփական եսի անվերջ հայտնագործման երկար ու բեղմնավոր ճանապարհ: Վերջինիս տպագրական արտացոլքն է 2017-ի տարեվերջին լույս տեսած ստվարածավալ պատկերագիրքը:

Շնորհավորում ենք հոբելյարին, իսկ նրա երկրպագուներին հիշեցնում, որ ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 27-ը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ