RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018



ՀԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Տեղադրվել է` 2018-05-10 20:58:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2233, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ. «ՊԸԼՏՅԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Զրուցեց ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆԸ, France-Arme՛nie, octobre 2015, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

France-Arme՛nie հանդեսի հարցազրույցը փիլիսոփա Մարկ Նշանյանի հետ

- Ե՞րբ ծանոթացաք Գրիգոր Պըլտյանի հետ եւ իր ստեղծագործությանը:

- Ստեղծագործությունը մարդն է: Ու նրան ծանոթ եմ, այսպես ասած, ի սկզբանե: Փարիզ, Բլյո փողոց, Հայ ուսանողների եվրոպական ընկերակցություն, 68-ի մայիսին անմիջականորեն նախորդած եւ հաջորդած ժամանակաշրջան. սրանք են ժամանակը եւ վայրը: Բեյրութից եկած այդ բոլոր նոր բարեկամները, որոնք հայերենին տիրապետում էին աստվածների պես, որոնք գիտեին ինձ անհայտ շատ բաներ, որոնք այդ լեզվով աշխարհ էին հորինում, որոնք այնտեղի եւ այստեղի, Ստամբուլի եւ Փարիզի գրականության բնական ժառանգորդներն էին, ես ինչպե՞ս կարող էի նրանցով չտոգորվել մինչեւ իմ ուղնուծուծը:

- Նրա պոեզիայի ընթերցումը ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ այն ժամանակ Ձեր սովորած արեւմտահայ գրական լեզվի հանդեպ Ձեր վերաբերմունքի վրա:

- Պըլտյանի պոեզիան հեղափոխական է: Այն հեղափոխական է իր ավանդույթիՙ Կոստանդնուպոլսի եւ սփյուռքի հայ բանաստեղծների ավանդույթի, ինչպես նաեւ Ֆրանսիայում ընդունված պոեզիայի համեմատությամբ: Ժամանակ է հարկավոր այդ բացարձակ նորամուծության ներքին ուժը ըմբռնելու համար: Արեւելյան լեզուների ու քաղաքակրթությունների ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի ժամանակ մենք խոսում էինք ավելի շուտ մեր գրական նախասիրությունների մասին: Պըլտյանը իր հիացմունքն արտահայտեց ձեւավորման փուլում Պոլ Վալերիի գրած երկերով: Իմ հիացմունքը պակաս չէր:

- Դուք Գրիգոր Պըլտյանի վիպաշարի յոթերորդ մասիՙ «Շրջման» վերլուծության միջոցով մեկնաբանել եք անհնարին վերադարձի հարցը: Ինչո՞վ կբացատրեք այդ ընտրությունը:

- Հարկավոր էր հասկանալ վերնագրում ազդարարված «շրջումը»: Այդ շրջադարձը վերաբերում է հեղինակի վերամեկնաբանած ամբողջ ստեղծագործությանը: Վիպաշարի հատորները առանձին-առանձին հրատարակվել էին Հալեպում, Լոս Անջելեսում, Փարիզում: Տվյալ դեպքում 2012 թ. Երեւանում հրատարակված աշխատությամբ հեղինակը ընդհանուր վերնագիր («Գիշերային վերադարձ») եւ ոչ պաշտոնական բնութագիր («պատմվածքներ») էր տալիս նախապես դրանք չունեցած շարքին: Այսպիսով նա ստեղծագործությանը տալիս էր միասնականություն, որը չէր ազդարարվել եւ հավանաբար չէր էլ նախատեսվել նախորդ հատորներում: Այդ ամենը պահանջում էր առանձնահատուկ քննություն: Այդ «շրջումը» «լրիվ շրջադարձ» էր, «հայացքափոխություն»: Դա նաեւ «վերադարձ» էր, շատ փիլիսոփայական թեմա Նիցշեի «հավերժական կրկնությունից» ի վեր, որը հարկավոր էր նկատել վեպի ներսում եւ հասկանալ, թե ինչու «պատմվածքը» պահանջում է միաժամանակ երկու բան. մի կողմից կրկնել «վերադարձի» փիլիսոփայական թեման եւ մյուս կողմից լիովին սահմանազատվել դրանից: Այսպիսով դա թույլ էր տալիս ինչ-որ բան ճանաչել Նիցշեի մտադրությունների մեջ: Համենայն դեպս, դա անհնարի «վերադարձը» չէ, եթե գոյություն ունի անհնարինություն: Ընդհակառակը, կեցությունն առկա է միայն վերադարձի միջոցով: Ուստի հարկավոր է կարողանալ «վերադարձը» կարդալ եւ ապրել Աղետի հորիզոնի վրա: Վերապրողը նա է, ով վերադառնում է, ով շրջվում է:

- Արդյոք կարո՞ղ ենք ասել, թե Պըլտյանի երկերում լեզուն կակազում է: Բանն այն է, որ նա ֆրանսերենը յուրացրել է արեւմտահայրենով նոր ավանդույթ ստեղծելու համար...

- Լեզուն Պըլտյանի կարիքը չունեցավ կակազելու համար: Այն կակազում է ինքնուրույնաբար: Ինչ վերաբերում է ֆրանսերենի յուրացմանը, դա այլ բան է: Պոլսահայ գրողները նմանապես գիտեին այն ամենը, ինչ արվում էր Ֆրանսիայում, եւ ես կկարողանայի նույնն ասել Փարիզի երեսնականների գրողների վերաբերյալ: Պըլտյանը շատ գեղեցիկ բաներ է գրել նրանց մասին: Վերջիններիս միջոցով նա վերաքննել է Աղետի հանդեպ վերաբերմունքը, որը, իհարկե, տարբեր է այդ սերունդներից յուրաքանչյուրի համար: Ձեր անվանած «նոր ավանդույթից» նրան տարբերում է այն փաստը, որ նա անցյալի եւ ներկայի հետ հաստատում է հակազդական եւ քննադատական հարաբերություն: Դա քիչ բան չէ: Գրականության մեջ իր նախորդները չէին հասցրել դա անել: Աղետը խլել էր նրանց ժամանակը: Խոսքը ոչ թե նյութական ժամանակի, այլ ավելի խոր բեկվածքի մասին է, որը ձայնին թույլ չի տալիս դուրս գալ կոկորդից: Այդ մասին խորհրդածելովՙ Պըլտյանը վերականգնեց ժամանակը մեր սփյուռքյան գոյության մեջ. չնայած մասնատվածությանը, դա այնուամենայնիվ ժամանակ էր: Ահա թե ինչն է աներեւակայելի:

- Պըլտյանը գրում է վերապրած լեզվով, ինչպես ինքն է ասում, «տարկետված լեզվով»: Այդ ընտրությունը միտումնավո՞ր է: Նրա արձակը ինչո՞վ է արեւմտահայերենը դարձնում ընդհանրական լեզու:

- Մի՞թե կա արեւմտահայ «մտածողություն»: Գուցե խոսքը անցյալում երբեք չմտահղացված փորձառությա՞ն մասին է, որը ի հայտ է գալիս միայն այսօր, նախապես մեր աչքերի առաջ: Եթե իրոք այդպես է, ապա պարզ է, որ այն ի հայտ է գալիս որպես փորձառություն, քանի որ մտահղացվել եւ բացահայտվել է որպես փորձառություն: Մեկն առանց մյուսի երբեք չի գործում: Վերապրողը չի խոսում, եթե իրեն չեն խոսեցնում, այսինքն չեն դարձնում վկա, սեփական անձի անհնարին վկա: Վկա դարձնելը, դրա պայմանները, դրա գործընթացը անտեսանելի կմնային առանց գրականության, որը դրանք բեմ է հանում, թեմա ստեղծում եւ, ի դեպ, ինքն իրեն հարցականի տակ է դնում այդ բեմականացման միջոցով: Ահա Աղետի ոչ ընդհանրական հորիզոնի վրա ուրվագծվելու եւս մեկ ձեւ: Աղետ, որը ընդհանրականորեն նույնիսկ անհայտ է: Մենք դարձյալ այդ միջանկյալ վիճակում ենք: Մենք ընդհանրական ենք դառնում միայն թյուրիմացությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ