RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-05-24 21:17:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 2212, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԱՍԽԱՆ ԴՈԿՏՈՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՏԱԳԷՍԵԱՆԻՆ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր ընթերցողները հիշում են Բեյրութում 2017 թ.ին լույս տեսած մի գրքիՙ Բարսեղ Կանաչյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ժողովածուի, ավելի ճիշտՙ գիրքը կազմողիՙ Հայկազյան համալսարանի դասախոս, նույն համալսարանի Սփյուռքագիտության կենտրոնի տնօրեն դոկտոր Անդրանիկ Տագէսյանի կատարած աշխատանքի մասին մեր թերթի հրապարակած երկու նյութերը, որոնցից առաջինը, իմ ստորագրությամբ, վերաբերում էր նրա գրած «Յառաջաբանին», իսկ մյուսը` գրականագետ եւ արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանի գրչին: Առաջինը քննադատում էր հիշյալ գիրքը կազմողի (ըստ իրենՙ «աշխատասիրողի») անհեթեթ, ծիծաղելի մտքերըՙ միաժամանակ նշելով, որ կազմողը շնորհակալ աշխատանք է կատարել մեծանուն երաժշտի մասին նյութերը մեկ շապկի տակ հավաքելով, իսկ երկրորդը առարկում, որ դոկտ. Ա. Տագէսյանը այդ աշխատանքն իսկ չի կատարել գիրքը կազմելիս:

Շաբաթներ անց «Ազգ»ի խմբագրությունը դոկտ. Տագէսյանից ստացավ նամակ, որտեղ վկայակոչելով «ՀՀ մամուլի մասին օրէնքին տրամադրութիւնները», խնդրելու պես պահանջում էր, որ խմբագրությունը հրատարակի իր նամակին կցված գրությունը, որտեղ մեծանուն երաժշտի դուստր Սեդա Կանաչյանն իր վրդովմունքն էր հայտնում, որ Ե. Տեր-Խաչատրյանը «սխալ» է գրել եւ, ըստ երեւույթին, չի կարդացել խնդրո առարկա գիրքը, այլապեսՙ այդպես չէր գրի...

Նախՙ հարգելի դոկտորը սխալ է մեկնաբանել ՀՀ մամուլի մասին օրենքի տրամադրությունները: Որեւէ նամակ առաջին հերթին պատկանում է գրողին, եւ ոչ թե ստացողին: Եթե տիկին Ս. Կանաչյանը մեզ հասցեագրած լիներ իր նամակը, ապա «Ազգ»ի խմբագրությունն այն կհրապարակերՙ առանց «ՀՀ մամուլի մասին օրէնքի տրամադրութիւններուն» նայելու, այլՙ իր իսկ սկզբունքից ելնելով: Սակայն այնքան ժամանակ, որ «Ազգ»ի խմբագրությանը հայտնի չէ, թե նամակի հեղինակը ցանկանո՞ւմ է իր նամակի հրապարակումը, մենք իրավունք չունենք այն հրատարակելու:

Ինչ վերաբերում է տիկին Ս. Կանաչյանի ենթադրությանը, թե Ե. Տեր-Խաչատրյանը հավանաբար չի կարդացել գիրքը, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ նա կարդացել է այնՙ ինչպես ինքն է սովոր կարդալ, որի ապացույցըՙ կողքի սյունակներում է:

Նույն առիթով ասեմ, որ ինքս, նորից թերթատելով ժողովածուն եւ հատկապես կենտրոնանալով հարգարժան դոկտորի ծանոթագրությունների վրա, դուրս եմ գրել տխեղծ, անճիշտ, թերի եւ անընդունելի բազմաթիվ տվյալներ, առանց նշելու ուղղագրական, քերականական ու կետադրական սխալները, որոնք կարող եմ ներկայացնել առաջիկայում, եթե հարկն զգացվի:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հ.Գ. - Այս երկտողը հազիվ էի ավարտել, երբ նորից Բեյրութից ստացա մեր ամենահայտնի մատենագետիՙ Ժիրայր Դանիելյանի նոր, 395 էջանոց գիրքըՙ «Մատենագիտութիւն Ընդդէմ Ցանկագրումի» վերնագրով, որտեղ ամենայն մանրամասնությամբ, իսկական բանասերի խստապահանջությամբ ու համբերատարությամբ, ուղղված են 2012 թ.ին դոկտորներ Անդրանիկ Տագէսյանի եւ Արմեն Յուրնեշլյանի (Իւրնեշլյան) «աշխատասիրությամբ» հայ տպագրության 500-ամյակի առթիվ լույս ընծայված «Լիբանանահայ Գրահրատարակչութիւնը, 1911-2012» եւ «Լիբանանահայ Գիրքը, 1994-2012, Մատենագիտական ցանկ» հատորները: Հետագայում այդ հատորին անդրադառնալու խոստում տալով մեր ընթերցողներին, առայժմ արձանագրենք մեկ տվյալՙ վերոհիշյալ հեղինակների «աշխատասիրած» զույգ հատորներում Լիբանանում հիշյալ թվականներին լույս տեսած գրքերի ցանկից պակասում է 1080 անուն գիրք...

Մեր հորդորըՙ զույգ հեղինակներին: Տղաներ, հայագիտությանը լուրջ վերաբերվեք, մի՛ վարկաբեկեք Երեւանի պետական համալսարանում ձեր ստացած կրթությունը, որքան էլ որ չեք սիրում, երբ ձեզ հիշեցնում են, որ Հայաստանում եք ստացել ձեր հայագիտական ուսումը:


Վաղեմի բարեկամ յարգարժան դոկտոր Անդրանիկ Տագէսեան, կարդացի Ձեր գրածը: Շատ եմ ցաւում, որ գրել էք այդ անլուրջ նամակը, որի մէջ իմ արձագանքի հանդէպՙ վերաբերմունք էք դրսեւորել եւ ինչին հիմա ես ստիպուած եմ պատասխանելու:

Հիմա Դուք դժգոհում էք եւ նեղացած էք: Ստիպուած եմ բարձրաձայնելու, որ 2000 թուականից ի վեր տիկին Սեդա Կանաչեանի տանը ես եղել եմ, թող թոյլ տրուի ասելու, տանու անձնաւորութիւն եւ Բէյրութում եղած ժամանակ, ինչպէս եւ յետագայ բոլոր այցելութիւններիս ներկայ եւ մասնակից եմ եղել Բարսեղ Կանաչեանի ստեղծագործական ժառանգութեան շուրջ եղած տեւական եւ շարունակական զրոյցներին եւ քննարկումներին: Ինքնին պարզ է, որ ես ի մօտոյ գիտեմ այս գրքի նախապատմութիւնն էլ, պատմութիւնն էլ:

Ձեր նամակում Դուք անուղղակիօրէն պնդում էք, որ գրքի նիւթերի հաւաքչական աշխատանքը Դուք էք արել: Մեղմ ասած, ճիշտ չէ, ճիշտ չէք ասում: Հեռու չգնանք, ինքներդ լաի գիտէք, թէ այդ գրքում ինչպէս են յայտնուել Երուանդ Տէր-Խաչատրեանի եւ Երուանդ Երկանեանի գրութիւնները: Դրանք պատուիրել է տիկին Սեդա Կանաչեանը (ինձՙ դոկտոր Յարութիւն Նագուլեանի միջոցով):

Լաւ, մի պահ ընդունենք, որ գրքի նիւթերի հաւաքչական աշխատանքը արել էք Դուք, ինչը իհարկէ իրականութեանը չի համապատասխանում, եւ դառնանք բուն գրքին:

Գիրք կազմելը, այն էլՙ այսքան բազմազան ու բազմապիսի նիւթեր պարունակող գիրք, բանասիրական շատ լուրջ ու դժուարին աշխատանք է: Գիրք կազմելը ունի իր բանասիրական օրէնքները, պարտադիր կանոններն ու սկզբունքները, գրքի կառուցուածքի հետ կապուած իր պահանջներն ու իւրայատկութիւնները:

1. Սկսենք խորագրից: Գիրքը խորագրուած է «Բարսեղ Կանաչեան. Կեանքի մը երաժշտացումը»: Կարո՞ղ էք բացատրել, թէ ինչ է նշանակում այս անհեթեթութիւնը, ինչպէ՞ս հասկանալ դա: «Երաժշտացում» բառը Դուք սարքել էք «երաժիշտ» բառիցՙ «երաժիշտ - երաժշտացում»: Լեզուի մէջ բառի կամ դարձուածի գործածութեան ճշտութիւնը ստուգելու համար այն փոխարինում են համանման բառով կամ դարձուածով: Եթէ «երաժիշտ-երաժշտացում» կը լինի, ապա, ուրեմն, հնարաւոր էՙ «քիմիկոս-քիմիկոսացում» («Կեանքի մը քիմիկոսացումը), «բաստրմաճի-բաստրմաճիացում» («Կեանքի մը բաստրմաճիացումը»): Սա արդէն բանդագուշանք է: Ի՞նչ է նշանակում «կեանքի մը երաժշտացումը», ո՞վ է երաժշտացնում մարդու կեանքը, ինչպէ՞ս կարելի է որեւէ մէկի կեանքը երաժշտացնել... Այստեղ են ասելՙ ալլա՜հ, ալլահ...

(Գուրգէն Մահարին յիշում է, որ Չարենցը անհեթեթութեան կամ տխմարութեան հանդիպելիս բացականչում էրՙ «ալլա՜հ, ալլա՜հ»... Ի դէպ, ժամանակ առաջ «Ազգ»ում տպագրուած մի նամակի իմ պատասխանի մէջ ես գործածել էի այս «ալլահ, ալլահ»ը: Եւ ըստ ամենայնի, գրի եւ մշակոյթի հետ կապ չունեցող կանադացի մի տիկին,- քիչ էր մնում, որ գրէի «կնիկ», լաւ էրՙ չգրեցի,- չհասկանալով գրական ակնարկութիւնը եւ նպատակ ունենալով ինձ վիրաւորանք հասցնել, «Ազգ»ի էջում ինձ էր հասցէագրել անհեթեթ եւ յիմար խօսքեր):

2. Նման գրքերի ներածութեան (կամ առաջաբանի) մէջ կազմողը ներկայացնում է (պարտաւոր է ներկայացնել) գիրքը կազմելու իր սկզբունքները, գրքի կառուցուածքը, գրքում ընդգրկած նիւթերը, դասդասելու եւ արժեւորելու դրանք:

Ձեր «Յառաջաբան»ում նման բաներ կա՞ն, Դուք շարադրե՞լ էք գիրքը կազմելու Ձեր սկզբունքները եւ այլն: Իհարկէ, ոչ:

Ինչ վերաբերում է Ձեր «Յառաջաբան»ի բովանդակութեանը, ապա ամենեւին իմաստ չեմ տեսնում այդ անհեթեթ եւ, շատ մեղմ ասած, ոչ-մասնագիտական եւ ոչ-գրագէտ շարադրանքին անդրադառնալու: Յոյս ունեմ, որ ապագայում էլ հարկադրուած չեմ լինի այդ մասին մանրամասն գրելու:

3. Գիրքը կազմողը պարտաւոր է ընթերցողին ներկայացնել գրքում ընդգրկուած նիւթերի հեղինակներին, ծանօթագրելու այդ անունները: Դուք ընթերցողին ներկայացրե՞լ էք գրքում ընդգրկուած հեղինակներին: Կարծում էք, ընթերցողները բոլորը ճանաչո՞ւմ են հեղինակներին, նրանց մասին գիտեն ամեն ինչ: Օրինակ, ընթերցողը գիտի՞, թէ ով է Չափրաստը: Հետաքրքրական է, կազմողը ինքը գիտի՞, թէ ով է Չափրաստը:

Ովքե՞ր են Յ.Ք.ն (էջ 340), Թ.ն (էջ 349), Կ.ն (էջ 386), Օ.Մ.ն (էջ 387), Տ.ն (էջ 410), Վ.ն (էջ 412) եւ այսպէս շատ ու շատ անուններ, անձնաւորութիւններ, ստորագրութիւններ...

Գրքում ընդգրկուած նիւթերում բազմաթիւ անուններ եւ իրակութիւններ, որոնք պարտադրաբար պէտք է ծանօթագրուէին, ծանօթագրուա՞ծ են: Իհարկէ ոչ: Ասենք, օրինակ, ո՞վ է 326-րդ էջում տպագրուած լուսանկարի մարդկանցից մէկըՙ Ղազար Չարըքը: Ընթերցողը գիտի՞, թէ ո՞վ է այդ անձնաւորութիւնը: Հետաքրքրական է, իսկ ինքըՙ կազմողը գիտի՞:

Գրքում տպագրուած-հրապարակուած բազմաթիւ եւ բազմապիսի օժանդակ նիւթերըՙ գրքերի շապիկներ, ազդագրեր, հրաւիրատոմսեր եւ այլն, մակագրութիւններ չունեն:

Գրքում ընդգրկուած նիւթերում հարիւրաւոր անուններ կան, որոնք պարտադրաբար պէտք է ծանօթագրուէին:

Տեղանունները նոյնպէս ծանօթագրուած չեն:

Նման գրքերում լինում են (պարտադրաբար պէ՛տք է լինեն) անուանացանկ եւ տեղանունների ցանկ: Մասնագէտ մարդիկ գիտեն, թէ ինչ ասել է «անուանացանկ» եւ թէ որքան կարեւոր եւ անհրաժեշտ է անուանացանկը. հարիւրաւոր անունների ծանօթագրութիւնը դառնում է աւելորդ:

Եւ, վերջապէս, գրքում տպագրուած նիւթերում Բարսեղ Կանաչեանի անձին եւ հայ երաժշտական կեանքին, միջավայրին ու մթնոլորտին վերաբերող բազմաթիւ իրակութիւններ եւ իրադարձութիւններ կան, որոնք հայցում են մասնագիտական ուշադրութիւն եւ ծանօթագրում: Գրքում ծանօթագրութիւններ էլ կան, բայց ես դրանց չեմ անդրադառնալու:

4. Գիրքը լեցուն է աղաղակող սխալներով եւ անճշտութիւններով: Գիրքը խմբագիր չունի, նշանակում է ամբողջ պատասխանատւութիւնը գիրքը «աշխատասիրած» դոկտոր Անդրանիկ Տագէսեանինն է:

Սկսեմ գրքի առաջին էջերից: Գրքի 24-28-րդ էջերում տպագրուած է երկու ցանկՙ «Գուսանի մեկնաբանած երգեր 1933-1957» եւ «Յօրինումներ եւ դաշնաւորումներ» (կետադրական գրագիտութիւնը կազմողինն է - Ե.Տ.-Խ.): Օրինական հարց է առաջանումՙ արդեօք գիրքը կազմո՞ղն է այս ցանկերի հեղինակը, թէ ինքը ստացել է դրանք ուրիշից (տիկին Սեդա Կանաչեանից):

Այս ցանկերում տեղեկութիւններ կան, որոնք, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Այսպէս, օրինակ, «Կիլիկիա» երգը գրուած է Բարսեղ Կանաչեանի հեղինակած երգերի շարքում: Բարսեղ Կանաչեանը այդ ո՞ր օրուանից է «Կիլիկիա» երգի հեղինակը: Ուրիշ բան չէ, եթէ կարդացած լինէիք միայն դոկտոր Արմենակ Եղիայեանի «Թարգմանութենէ դէպի անմահութիւն» հրաշալի յօդուածը «Կամար»ում (2007, թիւ 3), ապա հարցի լիակատար եւ ճիշտ պատասխանը կ՛ունենայիք: Թէ չէՙ ասում էք «աշխատասիրել» էք... Ժողովրդին յայտնի է Գաբրիէլ Երանեանի մշակած տարբերակը: Եթէ նոյնիսկ Բարսեղ Կանաչեանը ունեցել է մշակման իր տարբերակը, ապա այդպէս էլ պէտք է գրուէր: Բայց իրողութիւնն այն է, որ նման բան չկայ ու չի եղել: 25-րդ էջում «Մարտիկի երգը» վերագրուած է Արամ Սաթեանին: Կազմողը գիտի՞, թէ ով է այս Արամ Սաթեանը: «Մարտիկի երգ»ի հեղինակը Աշոտ Սաթեանն է: Ի դէպ, «Մարտիկի երգ»ը գրուել է այն ժամանակ, երբ Արամ Սաթեանը դեռ չէր ծնուել:

27-րդ էջում «Արաքսի արտասուքը» վերագրուել է Բարսեղ Կանաչեանին: Նախ, ո՞վ է իրաւունք տուել կազմողին փոխելու դասական երգի վերնագիրը եւ այն դարձնելու «Մայր Արաքսի»:

Եւՙ յետոյ, մեծայարգ դոկտոր Տագէսեան, բացէք Ռափայէլ Պատկանեանի երկերի ժողովածուի գիտական (ակադեմիական) հրատարակութեան առաջին հատորը (Երեւան, 1963) եւ 56 եւ 57-րդ էջերի միջեւ կը տեսնէք ներդիրՙ «Արաքսի արտասուքը» երգի առանձին հրատարակութեան շապիկը (կողքը) եւ միւս երեսինՙ ձայնանիշային բնագրի առաջին էջը: Երկուսի վրայ էլ պարզ գրուած է (տպագրուած է)ՙ հեղ[ինակութիւն] Ռափայէլ Պատկանեանի, աշխ[ատասիրութիւն] Պ. Ափրիկեանի եւ Վ. Վիշնեակի: Իսկ գիտէ՞ք, թէ դա որ թուականի հրատարակութիւն է: Իսկ եթէ գիտէք, թէ Կանաչեանը ո՞ր թուականին է ծնուել, ապա Ձեզ համար ամեն ինչ պարզ կը լինի:

Առաջին ցանկում, 25-րդ էջում, Գրիգոր Սիւնիի անուան դիմաց գրուած է հինգ երգի անունՙ Ալագեազ, Այ Այլի, Խնկի ծառ, Սարերը Ման եմ Եկել եւ Վուշ-Վուշ (նորից ուղղագրական եւ կետադրական գրագիտութիւնը գիրքը կազմողինն է - Ե.Տ.-Խ.):

Նախ, Գրիգոր Սիւնիի երգը կոչւում է ոչ թէ Այ Այլի, այլ «Այ եայլի»: Եւ յետոյ, Սիւնին «Խնկի ծառ» անունով երգ չի գրել: «Խնկի ծառ»ը Կոմիտաս Վարդապետի գործն է: 1947 թուականին Ամերիկայում չորս պրակով հրատարակուել է Գրիգոր Սիւնիի լաւագոյն երգերի ժողովածուն, հայերէն եւ անգլերէն լեզուներով եւ երգերի ձայնանիշերով, «Հայ երգ-փունջ» ընդհանուր խորագրով: Երրորդ եւ չորրորդ պրակների վերջում տպագրուած է Գրիգոր Սիւնիի հեղինակութիւնների եւ մշակումների ցանկը: Այդ ցանկում «Խնկի ծառ» անունով գործ չկայ: Եւ որեւէ տեղ որեւէ տեղեկութիւն չկայ, թէ Սիւնին «Խնկի ծառ» անունով երգ է գրել: Եթէ կազմողը գիտի, թող մատնացոյց անի:

Այդ ո՞ր օրուանից է «Բամ փ՛որոտան» («Օն, անդր յառա՜ջ») երգի հեղինակը Բարսեղ կանաչեանը:

Բաւական է, ցանկերի միւս տեղեկութիւններին չեմ անդրադառնում: Եւ առհասարակ, չեմ շարունակում, դեռ միայն մինչեւ 28-րդ էջն եմ մատնացոյց արել: Գիրքը 669 էջ ունի: Չեմ շարունակում, որովհետեւ ե՛ւ ես եմ մեղք, ե՛ւ Դուք, յարգարժան դոկտոր Տագէսեան:

Եւ այսքանից յետոյ պնդում էք, որ նիւթերը Դուք էք հաւաքել եւ դեռ նեղանում էք, որ Ձեր տիտանական աշխատանքը չեն գնահատում:

Ինչ վերաբերում է գրքի ուղղագրական եւ կէտադրական գրագիտութեանը, ուղղակի խայտառակութիւն է: Ո՞վ է Ձեզ իրաւունք տուել այդպէս վարուել հայոց լեզուի հետ:

Ես այդպէս էլ չհասկացայ, թէ այս գրքի ինչն էք աշխատասիրել:

Հիմա հասկացա՞ք, թէ ինչու եմ ցաւում, որ Դուք գրել էք այդ չարաբաստիկ նամակը եւ դեռ պարտադրելով պահանջում էք, որ անպայման տպագրուի: Ճիշտ կը լինէր, որ լուռ մնայիք ու ձայն չհանէիք: Եւ եթէ վերը ասուածից յետոյ նորից կը դժգոհէք, այդ ժամանակ ես ստիպուած կը լինեմ Ձեր աշխատասիրած գրքին անդրադառնալու ինչպէս որ հարկն էՙ հանգամանօրէն եւ մանրամասնաբար:

Նկատի առէք:

Մնում եմ Ձեր վաղեմի բարեկամը ամենախորին յարգանքներով Ձեր անձի եւ Ձեր դոկտորութեան հանդէպ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ