RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-19 08:57:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3675, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ. ԵՐԵՔ ՆԱՄԱԿ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մայիսի 19-ը Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ թարգմանաբար հրատարակում եմ նրա երեք նամակըՙ ուղղված Երեւանի կինոստուդիայի երբեմնի տնօրեն Գեւորգ (Կիմ) Հովհաննիսյանին (1907-1957): Նամակները ստացել էի վերջինիս կնոջ ազգականուհի Հասմիկ Մամիկոնյանից: Դրանց ռուսերեն բնագրերը հրատարակեցի «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթում (17 հունվարի, 1998) եւ հանձնեցի Գրականության եւ արվեստի թանգարանին:

Նամակները թվագրված չեն, սակայն վերաբերում են 1944 թվականին, «Դավիթ-Բեկ» կինոֆիլմի նկարահանումներին: Դրանք մեզ ծանոթացնում են ֆիլմի ստեղծագործական խոհանոցին, իր գործընկերներին պարգեւատրելու գործում Բեկնազարյանի ներդրած ջանքերին, ցույց են տալիս նրա ուշադրությունն «առաջին հայ կինեմատոգրաֆիական դերասանուհի» Տատյանա Մախմուրյանի (1910-1989) հանդեպ եւ այլն: Ուշագրավ է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին կինոբեմադրիչը համարձակվել է «Դավիթ-Բեկի» ցուցադրությունը համեմատել գերմանական «Նիբելունգները» ֆիլմի նկարահանման հետՙ համարելով, որ այդ երկու կինոնկարների ստեղծումը տոն է Հայաստանի եւ Գերմանիայի համար...

Ռուսերեն նամակում միայն «ջան» բառը գրված է հայատառ. նույնը, ի դեպ, առկա է նաեւ մեկ այլ ականավոր հայ կինոբեմադրիչիՙ Ռուբեն Մամուլյանի ռուսերեն նամակներում:

Ցավոք, նամակների ձեռագրերում մի քանի տեղ թուղթը պատռված է, այդ պատճառով որոշ բառեր անընթեռնելի են: Նամակների շարադրանքը հրատարակում ենք անփոփոխ:

1

Սիրելի՛ Կիմիկ,

Ժամկետների եւ ծախսացուցակի կրճատման մասին քո հեռագիրը չէր կարող չանհանգստացնել: Դժվարությունները խորանում են, եւ որքան մոտենում ենք մոսկովյան [նկարահանումներին], այնքան դա պարզ է դառնում: «Տանջանքների բակի» փոքր տեսարանը կազմակերպեցինք մեծ դժվարությամբ: 20 ռուբլու փոխարեն պետք է վճարել 150-200 ռուբլի, այն էլ պետք է համոզել, որպեսզի գան նկարահանման: Մենք հազիվ տեղավորվենք օրացույցային ժամկետներում, կրճատված ժամկետներումՙ առավել -ս:

Ճիաուրելին# պետք է հանձներ դեկտ. 15ին, բայց մինչեւ հիմա նկարահանում է ու հայտնի չէ, թե երբ կավարտի: Ակնհայտորեն, դժվարությունները նույնն են: Հանձնաժողովում հեշտ են խոսում: Նրանք կտրականապես պնդում էին, որ ժամկետները պահպանվեն, քանի որ ես վստահեցնում եմ, որ ավելի շուտ մենք չենք նկարահանի: Գայանեի# սենյակը մինչեւ հիմա պատրաստ չէ: Մե՛կ գաջ չկա, մե՛կ ներկ չկա, մե՛կ էլՙ ուրիշ մի բան: Ամեն օր խորհրդակցություն եմ հրավիրում, պահանջում եմ, բայց աշխատանքը դանդաղ է ընթանում: Խոստանում են 20-ին, իսկ [նկարահանման տաղավարի] յուրացումը նշանակվեց 14-ին: Մեծ դեկորացիաներին դեռ չենք կարող անցնել, քանի որ հյուրանոցը չեն սկսել ասֆալտապատել, եւ օրացույցային պլանով մայիսի 1-ից մենք սկսել ենք Ասլամազի# դեկորացիայի կառուցումը:

Մի խոսքով, դժվարությունների մասին դու լավ գիտես: Կրճատված ժամկետներում ես չեմ նկարահանի: Կռի՛վ տուր ու ապացուցի՛ր: Ծանուցման կարգով քո հանձնարարականը ես ու Մխիթարը# կատարել ենք:

Համբուրում եմՙ Համո

2

Կինոստուդիայի տնօրեն ընկ. Հովհաննիսյանին

Դերասանուհի Մախմուրովան Հայաստանի առաջին կինեմատոգրաֆիական դերասանուհին է, նկարահանվել է մի շարք ֆիլմերում գլխավոր դերերով: Կեկելի դերը «Պեպո» կինոնկարում նրան ազգային կինեմատոգրաֆի կինոհայտնություն (անընթեռնելի):

Վաչնաձեն# Վրաստանում, Մախմուրովան Հայաստանում եւ մյուսները մեծապես հայտնի են խորհրդային հանդիսատեսին: Մախմուրովային տրված է Գայանեի դերը: Նկարահանման ժամկետը նախատեսված է 3-4 ամիս: Նրա հետ կատարվել է 8 փորձ, 3 յուրացում, եւ նախատեսված են նկարահանումներՙ 7 օր յուրացում, 3 օր փորձ: Խմբի տնօրեն ընկ. Օհանջանյանը# նրան առաջարկում է հոնորար 5000 ռուբլի: Ես այդ գումարը քիչ եմ համարում մեր միակ հայ կինոդերասանուհու համար: Ըստ հաստատված գնացուցակիՙ այդ դերի կատարումը հաստատվել է 8000 ռուբլի, որն էլ պետք է նրան առաջարկել:

Հրավիրում եմ ձեր ուշադրությունը ուժեղացրած (անընթեռնելի) անհրաժեշտությունը, որը պահանջում է մեծ ծախսեր:

Նրա (Մախմուրովայի - Ա. Բ.) դեմքի նիհարությունը նրան տարեց բնույթ է տալիս:

Խնդրում եմ ձեր միջամտությունը:

Հ. Բեկնազարով

3

Կիմիկ ջան,

Վախենում եմ, որ «մենք» բոլորս թերագնահատեցինք «Դավիթ-Բեկի» թողարկման նշանակությունը: Դուք մեկնեցիք, - շատ բան անուշադրության մատնվեց: Մինչդեռ պետք էր շատ բան անել: Եվ լարված աշխատանքի ընթացքում ձեր այստեղ (անընթեռնելի)..... շատ բան այլ կերպ կլիներ: Առաջին, մենք դրոշ կստանայինք: Ծիծաղելի է. մեր կինոնկարն այսօր ցուցադրվում է կինոթատրոններում, իսկ «Կուտուզովը»# դեռ նկարահանվում է: Ոչ ոք այդ մասին չէր խոսում եւ ոչ ոք չէր պայքարում: Ես չեմ ուզում ձեզ մեղադրել ո՛չ ձեր ժամանման, ո՛չ էլ կանուխ մեկնելու համար: Ուրախության օրերին չեն հիշում նախկին վիրավորանքները... Իսկ վիրավորանքներ շատ են եղել: Ես հիշաչար չեմ: Եվ Աստված նրանց հետ, եւ Աստված ձեզ հետ:

Հիմաՙ եզրակացությունները: Մահացու վիրավորական կլինի, եթե դուք չհաջողացնեք վաստակավորի [կոչման] առաջ տանելՙ 1. Գարուշ Բեկնազարյանին#, 2. Ֆելդմանին#, 3. Ա. Սամվելյանին# եւ 4. Մարտիրոսյանին#: Մնացած ողջ խումբը պետք է ներկայացվի Պատվո հավաստագրի, այդ թվում եւ Դուկորը#: Դա ձեր բարոյական պարտականությունն է:

«Դավիթ-Բեկի» թողարկումը տոն է: «Նիբելունգների»# թողարկումը Գերմանիայում նշվեց որպես համազգային տոն: «Դավիթ-Բեկը» Հայաստանի համար պակաս չէ, քան «Նիբելունգները»ՙ Գերմանիայի: Մենք մնացել ենք առանց դրամ: Խնդրում եմ հաշվարկներն ավարտելու համար փոխանցել 25.000: Դրամի բացակայությունն ուշացնում է աշխատանքն անձայն տարբերակների վրա: Ոչինչ չեմ կարողանում պատվիրել: Ամեն ինչի համար պետք է վճարել: Մեզ այլեւս ոչ ոք չի հավատում: Ես ակտեր եմ կազմում, սակայն դա չի արագացնի ֆիլմի հանձնման ժամկետը: Անձայն տարբերակի համար անհրաժեշտ է 30.000:

Ինձ պետք է նաեւ ստանալ 60.000: Խնդրում եմ չուշացնել: Պարտապաններս շատ են: 2 կամ 3 փոխանցում կատարեք իմ տան հասցեովՙ Մալ. Պալաշեւսկի, տ. 4, բն. 8: Այս գործում ես չէի ուզի նյարդերս վատնել: Խնդրում եմ չանել ոչ մի պահում: 9000-ի վերաբերյալ հաշվետվությունն ուղարկում եմ, մնացածը կուղարկեմ հաջորդ փոստով:

Շատ վիրավորական էր, որ դուք սահմանափակումների իմ ցուցակը Սանդախչիեւի# հետ վերանայել եք եւ դուրս եք թողել Օհանջանյանին, Վոլֆին#, Մախմուրովային, Վոլխովսկայային# եւ մյուսներին: Հեշտ կլիներ ստանալը: Անձամբ իմ հանդեպ ես ուշադրություն չեմ պահանջում եւ չեմ հավակնում թեկուզ տարրական հարգանքի իմ նկատմամբ: Ես վշտացած եմ Օհանջանյանի եւ Վոլֆի համար: Նրանք քիչ չեն աշխատել, իսկ Վոլֆն առավոտվա 7-ից մինչեւ գիշերվա ժամը 1-ը վազվզում էր եւ մեծ տնտեսողություն ու խնայողականություն ցուցաբերեց: Ոչ մի կերպ նրան չկարողացանք շնորհակալ լինել: Հիշում եմ Զիմզիմովի խոսքերը. «Աշխարքը մեղրի կարաս է, ով շերեփը ձեռին մեկին դեսը կբոթե, մեկէլին դենը կը բոթե ու շատը փայը ինքը կու փախցնե, ղոչաղը նա է»#։ Վոլֆը փոքր է, եւ նա չկարողացավ ոչ մեկի բոթել:

Սեղմում եմ ձեռքդՙ

Համո Բեկնազարով

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ