RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 18-05-2018



ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-05-19 08:57:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3095, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՐԵՆՑԻ «ԿԱՊԿԱԶ ԹԱՄԱՇԱՆ» ԲԵՄԻ ԹԱՄԱՇԱ

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ

(Առաջին տպագրության 95-ամյակի առթիվ)

Եղիշե Չարենցի (1897-1937) «Կապկազ թամաշա» սատիրական ագիտպիեսը բանաստեղծի միակ դրամատիկական ժառանգությունն է, որով զբաղվել է Անդրկովկասի խորհրդայնացումից հետո: Առաջին անգամ տպագրվել է 1923-ին Թիֆլիսում նկարիչ ճարտարապետ Կարո Հալաբյանի նկարազարդումներով:

Թատերական կյանքով Չարենցը հետաքրքրվել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: 1919-1920 թթ. նա մոտիկից առնչվել է Կարսի թատերական կյանքին, թատերախմբի համար թարգմանել է «Ֆեոդոր Բասմանով» չափածո պիեսը: Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920-ի դեկտեմբերից մինչեւ 1921-ի փետրվարը, Չարենցը եղել է Հայաստանի լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչը եւ, ի պաշտոնե, պետականացրել դերասան Վարդան Միրզոյանի դրամատիկական ստուդիան, որտեղ սովորել են հետագայի նշանավոր թատերական գործիչներ Մանվել Մարությանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Վարդան Աճեմյանը, բանաստեղծ Հայաստան Եղիազարյանը (Նաիրի Զարյան), կինոգործիչ Արտաշես Հարությունյանը (Հայ-Արտյան) եւ շատ ուրիշներ:

Դրամատիկական ստուդիայի պետականացման առթիվ Միրզոյանն իր «Թատերական օրագրերում» գրել է. «1920, 30 դեկտեմբերի. Այսօր Եղիշե Չարենցի ստորագրությամբ մի թուղթ ստացա, որով նա ինձ հայտնում է Լուսժողկոմի կարգադրությունն այն մասին, որ իմ ղեկավարած դրամատիկական ստուդիան հունվարի մեկից պետականացվում է եւ դրվում Երեւանի գավառային Հեղկոմի իրավասության ներքո»:

Հետագա տարիներին Չարենցը մոտ հարաբերությունների մեջ է եղել Մոսկվայի, Բաքվի, Երեւանի, Թիֆլիսի թատերական գործիչների հետ, պիեսներ է թարգմանել, թատերախոսականներ գրել, բանաստեղծություններ նվիրել:

1920-ականի սկզբնական տարիներին Չարենցը մի կարճ ժամանակ ապրել ու գործել է Մոսկվայում: Շփվել է ռուսական պրոլետարական գրողների, Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայի աշխատակիցների հետ, ծանոթացել թատերական նորություններին: Նրա ստեղծագործական մտքի վրա իրենց հետքն են թողել Վլադիմիր Մայակովսկու բանաստեղծությունների ու պոեմների, Վսեվոլոդ Մեյերխոլդի բեմադրությունների քաղաքական նպատակասլացության շնչի ազդեցությունն ու եղանակները: Այս մթնոլորտի ազդեցության տակ էլ Չարենցը հրապարակ է հանել իր «Կապկազ թամաշա» (կովկասյան ներկայացում) էտապային գործը:

Չարենցի պիեսի գործողության վայրն ու ժամանակը Անդրկովկասն է հետհոկտեմբերյան տարիներին, մինչեւ Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումը: Չարենցն անխնա ծաղրել է արտասահմանյան երկրների ձեռքին խաղալիք դարձած մուսավաթականների, դաշնակցականների, մենշեւիկների կուսակցությունների պարագլուխների գործունեությունը:

«Կապկազ թամաշան» բեմ հանելու առաջին մտահղացումը պատկանել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի դերասան եւ ռեժիսոր Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ գործող Հայկական դրամատիկական ստուդիայի խմբին: Նախատեսվել է 1924-ի թատերաշրջանում Պարոնյանի «Պաղտասար աղբար» եւ Սունդուկյանի «Պեպո» կատակերգություններից հետո բեմ բարձրացնել նաեւ «Կապկազ թամաշան»: Վերոհիշյալ պիեսները բեմադրվել են, բայց «Կապկազի» մտահղացումը չի իրագործվել:

«Կապկազ թամաշայի» բեմադրության երկրորդ փորձը, որը դարձել է առաջին մուտքը հայ թատրոն, տեղի է ունեցել 1925-ին, Բաքվի հայկական թատրոնում:

Եղիշե Չարենցը որպես երիտասարդ պրոլետպոետ լավագույնս գնահատվել ու մեծարվել է Բաքվի պրոլետգրողների եւ բանվոր-աշխատավորության կողմից: Տեղի հայ պրոլետգրողների ասոցիացիան Չարենցին նվիրված ցերեկույթներ ու երեկույթներ է կազմակերպել քաղաքում եւ բանվորական շրջաններում: Առաջին միջոցառումը տեղի է ունեցել գերազանցապես հայ բնակչություն ունեցող Հայկավան թաղամասում: 1925-ի փետրվարի 22-ին Լազովսկու անվան ակումբում կազմակերպված միջոցառմանը բացման խոսք է ասել գրող-դրամատուրգ Մաթեւոս Դարբինյանը, որի «Մինիստրներ» պիեսի բեմադրությունը «Կապկազ թամաշայի» բեմադրության հետ քննադատել են նախախորհրդային անդրկովկասյան քաղաքական գործիչների գործելակերպն ու ժամանակաշրջանի իրադարձությունները:

Չարենցի մասին զեկուցումով հանդես է եկել գրական-մշակութային գործիչ, հետագայումՙ երկար տարիներ Բաքվի հայկական թատրոնի տնօրեն Արշակ Մկրտչյանը: Չարենցի բանաստեղծությունների արտասանությամբ ելույթ է ունեցել Բաքվի թատրոնի սիրված դերասան Լեւոն Երամյանը: «Ամբոխները խելագարվածից» մի հատված նա կատարել է հատկապես այդ երեկույթի համար կոմպոզիտոր Անտոն Մայիլյանի գրած երաժշտության տակ, հեղինակի նվագակցությամբ:

1925-ի օգոստոսի սկզբներին Չարենցը հրավիրվել է Բաքու: Եղել է «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում (որ երեք տարի հետո ինքն էլ պետք է աշխատեր այդտեղ, որպես գրական բաժնի վարիչ), հանդիպումներ ունեցել գրողների, մտավորականության հետ:

Բաքվի Հայարտան (Մարտունի-Մյասնիկյանի անվան) գրական եւ թատերական բաժանմունքները կազմակերպել են գրական ասուլիս, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, Բանթղթակիցների ակումբում: Հավաքի թեման եղել է Չարենցի «Կապկազ թամաշա» սատիրական գործի վերլուծությունը: Հիմնական զեկուցողը եղել է երիտասարդ բանաստեղծուհի Վարսենիկ Աղասյանը, որը ներկաներին ծանոթացրել է նախՙ երկի բովանդակությանը, ապաՙ բացատրել նրա գեղարվեստական-գաղափարական նշանակությունը ժամանակակից դրամատուրգիայում:

«Կապկազ թամաշան»,- ասել է նա,- մի հաջող ծաղր է, որի մեջ ցայտուն կերպով ցուցադրվում է Անդրկովկասյան Հոկտեմբերի նախօրյակըՙ դաշնակցության, մենշեւիկյան եւ մուսավաթական կուսակցությունների քաղաքական տրագիկոմեդիան օտարերկրյա իմպերիալիստների կրկնկի տակ»:

Բարձր գնահատելով պիեսի արդիականության-գաղափարական շունչն ու հնչեղությունը, Աղասյանը ցանկություն է հայտնելՙ առաջիկա թատերաշրջանում բեմադրել այն Բաքվի թատրոնում եւ ներկայացնել բանվորական շրջաններում:

Չարենցին նվիրված գրական ասուլիսում ելույթներ են ունեցել նաեւ Ե. Մուսայելյանը, Արֆո Պետրոսանը, Պիերը (Պետրոս Մնացականյան), Վարդան Բեգյանը, Սիրաք Գրիգորյանը, Ռ. Քաջբերունին, Արշակ Մկրտչյանը եւ ուրիշներ:

Այդ նույն շրջանում էլ «Կապկազ թամաշան» մտցվել է Բաքվի հայկական թատրոնի խաղացանկ եւ հենց նրա բեմադրությամբ էլ նոյեմբերի 25-ին սկսել 1925-1926 թթ. թատերաշրջանը: Հայկական թատրոնը մշտական շենք չունենալու պատճառով, բեմադրությունը տեղի է ունեցել նախկինՙ Թաղիեւի թատրոնում, որտեղ գործել է ադրբեջանական դրամատիկական թատրոնը:

Ներկայացումից երկու օր առաջ «Կոմունիստ» (հայերեն, նույն անունով Բաքվում լույս է տեսել նաեւ ադրբեջաներեն) թերթում գրվել է. «Ե. Չարենցը քաջ ծանոթ է մեր հասարակությանը որպես հետ-հոկտեմբերյան ականավոր բանաստեղծ, որը կարճ ժամանակվա ընթացքում կարողացավ իր տաղանդավոր բանաստեղծություններով գրավել հայ հասարակական եւ գրական ասպարեզում իր արժանի տեղը: Պիեսը, որի նյութը վերցված է կովկասյան սեյմի ժամանակաշրջանից եւ ընդգրկում է մինչեւ մեր օրերը, իր բովանդակությամբ եւ ստիլով տալիս է չափազանց զավեշտականություն:

Պիեսում հանդես են բերված հետեւյալ դեմքերը- Ղարա (կովկասյան ծաղրածու- Փափազյան), Մուսավաթ-Թոփչիբաշեւ (Ալլահվերդյան), սոցիալ-դեմոկրատ Գեգեչկորի (Հարությունյան), դաշնակ Կարճիկյան (Սաֆարյան)»:

«Կապկազ թամաշայի» բեմադրական աշխատանքների մասին նույն հոդվածում գրվել է, որ գլխավոր ռեժիսոր Արմենյանը «աշխատում է մեր բեմից վտարել հին կլասիկ ձեւերը եւ փոխարինել կոնստրուկտիվիզմով: Լույս-դինամիկական բեմադրությունը, որն առաջին անգամ է լինելու Բաքվում, շատ էֆեկտներ է խոստանում: Արտաքին ձեւավորումը եւ զգեստները պատկանում են գեղանկարիչ Մ. Սաղյանին: Ներկայացումը գնում է առանց վարագույրի»:

Թատերաշրջանի բացման եւ «Կապկազի» առաջին ներկայացման մասին «Կոմունիստի» նույն օրվա համարում տպագրված մի փոքրիկ հոդվածից պարզվում է նաեւ բեմադրության գեղարվեստական կառուցվածքը: Հոդվածագիր Տիտուսը մոտիկից ծանոթ լինելով վերջին փորձնական աշխատանքներին, հետեւյալ մանրամասնություններով է նկարագրել պիեսի արտաքին-գեղարվեստական ձեւավորումըՙ «Ներկայացումը գրավում է կոնստրուկտիվ եւ բիոմեխանիկական ընդհանուր դինամիկայով: Բեմադրական մոտեցումը բուֆֆոնադային է: Ձեւավորումըՙ ոչ մի դեկոր, բացի առաջաբեմում երկու կողմերից շինված կիոսկերից, մի բարձրությունից, մի չարխից եւ մի տակառից: Պատրաստված են հատուկ զգեստներ գեղանկարիչ Մուշեղ Սաղյանի էսքիզներով: Գրված է պիեսի բովանդակության համապատասխան երաժշտություն»:

«Կապկազ թամաշայի» բեմադրության մասին թատերախոսականներ են տպագրվել Բաքվի «Կոմունիստ» (հայերեն), «Բակինսկի րաբոչի» եւ «Տրուդ» ռուսերեն, Թիֆլիսի «Մարտակոչ» թերթերում (վերջինիս թատերախոսը եղել է Բաքվից կոմպոզիտոր Անտոն Մայիլյանը Antonius ստորագրությամբ):

Ամենաուշագրավ թատերախոսականը, մեր կարծիքով, եղել է գրական գործիչ Սերո Մանուցյանի գրածը, որը լույս է տեսել «Կոմունիստի» նոյեմբերի 28-ի համարում: Հենց սկզբից նա հայտարարել է, որ «Հետհոկտեմբերյան տաղանդավոր պոետ Եղիշե Չարենցի պետհայ դրամայի «Կապկազ թամաշայի» բեմադրությունը մասսաների եւ մամուլի մեջ բավականին մեծ հետաքրքրություն է շարժել»:

Այդ հետաքրքրությունը համարելով «շատ բնական», Մանուցյանը հետեւյալ կերպ է բացատրել դրա նախադրյալներըՙ «թերեւս ամբողջ Անդրկովկասի հայ բեմի կյանքում առաջին անգամն է, որ հանդես է գալիս ժամանակակից հայ հեղինակի տաղանդավոր մի գրական աշխատությունը եւ առաջին անգամն է, որ հանձինս Բաքվի պետխմբի ուժերի ջանքերի եւ ժամանակակից ռեժիսորական հմտությամբ օժտված Արմենյանի, մի ամբողջ հեղաշրջում է առաջ բերում հին թատրոնի տրադիցիոն կյանքում»:

Թատերախոսը հետաքրքրական գնահատական է տվել նաեւ բեմադրված պիեսին, որն «իր կառուցվածքով մի վերին աստիճանի տաղանդավոր գործ է, որը հարազատորեն ներկայացնում է Անդրկովկասի ժողովուրդների կյանքում տեղի ունեցած սեյմային կատակերգությունը: Չարենցը իր թունոտ հեգնանքով եւ ծաղրանքովՙ մի հարվածից ոչնչացնելով սեյմային հերոսներին, միեւնույն ժամանակ ճշգրիտ կերպով տալիս է մեր նոր անցյալի քաղաքական անցուդարձի պատմությունը, ամենաչնչին մանրամասնություններով հանդերձ»:

Պիեսի թեմային անդրադառնալու շարժառիթը ըստ թատերախոսիՙ գրվել է «դեռ այն ժամանակ, երբ Մայակովսկու ուժեղ ազդեցության» շրջանն էր ապրում: Պիեսի կառուցվածքը հարազատ է Մայակովսկու շկոլային եւ Չարենցը իր արտահայտությունների մեջ անզուսպ է, երբ խոսքն ուղղված է հին արժեքների գնահատմանը: Չարենցի բեղմնավոր տաղանդի թափը ցուցադրված է իր ամբողջությամբ, եւ հեղինակի հարազատությունը առաջ է գալիս նրա տեմպերամենտիցՙ հեղափոխության սրընթաց արշավը համարելով իր հոգու ընդվզումները»:

«Կապկազ թամաշայի» ներկայացման մեջ ծաղրվող կերպարների հիմնական դերակատարներ են եղելՙ Լեւոն Ալլահվերդյանը (Թոփչիբաշեւ), Միքայել Հարությունյանը (Գեգեչկորի), Միքայել Սաֆարյանը (Կարճիկյան) եւ նրանց հերոսների արարքը մերկացնող Ղարանՙ Վահրամ Փափազյանի փայլուն կատարմամբ:

Փափազյանի Ղարան ստեղծագործական նոր մոտեցում եւ հետաքրքրություն է առաջ բերել նրան դասական պիեսներում տեսած թատերախոսի եւ հանդիսատեսների մոտ: «Ծաղրածու Ղարայի դերում,- գրել է Մանուցյանը,- Վահրամ Փափազյանը դրսեւորեց իր տաղանդի թափը ոչ պակաս, քան կլասիկ պիեսներում: Պետք էր տեսնել Փափազյանին, որպիսի ճկունությամբ ու ճարպկությամբ, ցիրկային արվեստի վարպետությամբ կլոունի եւ ակրոբատի շարժումներ էր անում բեմի վրա: Փափազյանի նկատմամբ այն մեղադրանքը, թե նա միայն դասական պիեսներում է խաղում, Ղարային եւ մյուսներիՙ մի շարք դերակատարումներով հերքում էր այս տեսությունը»:

Բաքվի հայկական թատրոնում «Կապկազ թամաշայից» հետո, նույն օրը խաղացվել է նաեւ Անատոլ Ֆրանսի «Համր կինը» պիեսը: Երկու ներկայացման համար տպագրվել է մի ծրագիր, որի ստորին մասում գրվել էՙ ռեժիսոր Արմենյան, նկարիչՙ Սաղյան: Ստացվել է, որ երկու բեմադրությունների հեղինակն Արմենյանն է, նկարիչը Սաղյանը: Այս տվյալները հիմք են ծառյել թատերախոսների համար, որ առաջնորդվեն «փաստացի» աղբյուրով: Դա շոյել է ռեժիսորի ինքնասիրությունը եւ նա հիշեցրել է, որ ինքը Մոսկվայի թատրոններում դիտել է մի շարք ներկայացումներ եւ տեղյակ է եղել «Մեյերխոլդշչինայի» նորություններին, որոնք «շկոլա» են դարձել, թեեւ չեն համապատասխանել մաքուր արվեստների պահանջներին:

Այստեղ թաքնվել է մի կնճռոտ հարց: Արմենյանը Բաքու է հրավիրվել հոկտեմբերի սկզբներին եւ նշանակվել թատրոնի գլխավոր ռեժիսոր: Այդ ե՞րբ հասցրեց 2-3 շաբաթվա ընթացքում երկու պիես բեմադրել, որոնցից մեկըՙ ցնցող նորությամբ, մյուսըՙ սովորական մոտեցումով: Արմենյանի բեմադրական սկզբունքները հեռու են կոնստրուկտիվիզմից: Ինչպե՞ս բացատրել այդ հարցը:

Շատ տասնամյակներ առաջ Բաքվի դերասաններից լսել էի, որ «Կապկազ թամաշայի» բեմադրողը Մուշեղ Սաղյանն է եղել: Վերջինս այդ եւ հետագա տարիներին եղել է Բաքվի հայկական թատրոնի բեմանկարիչներից եւ ռեժիսորներից մեկը եւ, իբրեւ նկարիչ կոնստրուկտիվիզմին ավելի նա է մոտիկը, քան մի ուրիշը: Այդ հարցը պարզելու նպատակով, 1950-ական թթ. կեսերին (երբ աշխատում էի «Կոմունիստի» (հայերեն) խմբագրությունում), մի օր ռուսական թատրոնում (Բաքվի հայկական թատրոնը փակվելուց (1949) հետո, աշխատում էր որպես բեմանկարիչ) հանդիպելով Սաղյանին, հարցրի «Կապկազ թամաշայի» բեմադրության հեղինակի ով լինելու մասին: Նա հաստատեց, որ բեմադրությունն էլ, ձեւավորումն էլ ինքն է կատարել, բայց քանի որ երկու ներկայացման ծրագրում Արմենյանի անունն է հիշատակվել որպես ռեժիսորի, այդպես էլ գնացել է:

Տարիներ անց, կյանք մտած այդ սխալը ես ուղղել եմ Հայկական Սովետական հանրագիտարանում տպագրած «Մուշեղ Սաղյան» հոդվածում (1984, հ. 10, էջ 154):

Թերթենք Չարենցի «Կապկազ թամաշայի» բեմական պատմության հետագա էջերը: 1926-ի հոկտեմբերի կեսերին Վահրամ Փափազյանը հրավիրվել է Թիֆլիսՙ հայկական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնով: Նրա առաջին ձեռնարկումներից մեկը եղել է «Կապկազ թամաշայի» բեմադրության իրականացումը: Թատրոնի կոլեկտիվի համար պիեսը կարդացել է հեղինակը եւ մասնակից եղել բեմադրական փորձերին:

1926-1927 թթ. թատերաշրջանը Թիֆլիսում սկսվել է նոյեմբերի 3-ից «Կապկազ թամաշայով», բեմադրողն ու Ղարայի դերակատարը եղել է Վ. Փափազյանը, բեմանկարիչըՙ Գիգո Շարբաբչյանը: Ներկայացումը տեղի է ունեցել Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոնում:

Փափազյանն իբրեւ բեմադրող ու Ղարայի դերակատար ավելի է սրել ծաղրանքի ծայրերը եւ անսովոր երեւույթով զարմանք պատճառել հանդիսատեսին: Տեղի «Զարյա Վոստոկա» ռուսերեն թերթում նոյեմբերի 5-ի համարում պիեսի եւ բեմադրության առթիվ գրվել է. «Ամբողջ խումբը, նույնիսկ զուռնաչիները, բեմ են գալիս ծաղրածուների եւ խեղկատակների հագուստով»: Բեմում ծավալվող գործողություններից առանձին հետաքրքրություն է ստեղծվել այն տեսարանում, երբ անգլիացին խնձորը գլորելով կուսակցությունների ներկայացուցիչներին «խոստանում» է Կովկասը տալ նրան, ով առաջինը կբռնի:

Իր «Հետադարձ հայացքի» երկրորդ գրքում, Փափազյանը խոսելով իր մտահղացումների մասին, գրել է. «Դահլիճի ոգեւորությունն ու ծիծաղը հասավ ծայրաստիճանի, մանավանդ այդ պամֆլետի վերջին տեսարանում, ուր ես, ըստ իմ մտահղացման, աղբահավաքի մի մեծ ավել ձեռքիս, հեղինակի պատկերած բոլոր հետադիմական զազրելի կերպարները ավլում էի բեմատախտակից, լցնում մի մեծ պարկի մեջ ու դուրս քաշում կուլիսներիցՙ Քուռը գցելու համար» (էջ 59):

Այդ ներկայացման մասնակից, թատերական ստուդիայի ուսանողՙ հետագայում նշանավոր գրականագետ-թատերագետ Ռուբեն Զարյանն էր «Հուշապատում» գրքի 3-րդ հատորում խոսելով «Կապկազ թամաշայի» բեմադրության մասին, գրել է. «Դա քաղաքական սուր երգիծական ներկայացում էր: Փափազյանը բեմադրել էր այնպես, ասես տեղնուտեղը, րոպե առ րոպե հորինվող մի ներկայացում լիներ եւ ոչ թե վաղօրոք պատրաստված: Գույները չափազանցված էին, շարժ ու ձեւը ծայրահեղված» (1957, էջ 64-65):

Թիֆլիսի թատրոնում «Կապկազ թամաշայի» դերակատարներն են եղելՙ Վահան Գալստյանը (Գեգեչկորի), Մուրադ Կոստանյանը (Մուսավաթ), Պահարեն (Հայկ Պետրոսյան,- Կարճիկյան), Վ. Փափազյանը (Ղարա), Արշակ Մամիկոնյանը (Մոլլա), Վարդան Միրզոյանը (Փաշա), Վավիկ Վարդանյանը (ռուս), Կարո Ալվարյանը (քահանա), Արտեմ Բերոյանը (բանվոր), Գեղամ Աֆրիկյանը (զինվոր), Մաթեւոս Սանամյանը (գերմանացի) եւ երեք լրագրավաճառ:

Ներկայացումն ավարտվել է «Ինտերնացիոնալ» երգովՙ Չարենցի թարգմանությամբ:

«Կապկազ թամաշան» իսկական թամաշայի է վերածվել Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ներկայացման լիբրետտոն գրել է, ապաՙ բեմադրել ռեժիսոր Տաճատ Վարդազարյանը: Բեմադրության համար երաժշտությունը գրել է անվանի կոմպոզիտոր եւ թատերական գործիչ Արտեմի Այվազյանը, նկարիչը եղել է ծաղրանկարիչ եւ բեմանկարիչ Սերգեյ Արուտչյանը, դիրիժորըՙ Գրիգոր Վարժապետյանը, պարադիրըՙ Բաբկեն Օրդոյանը:

Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1957-ի նոյեմբերի 7-ին: Նույն ամսին, Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակի առթիվ Հայաստանի թատրոնների հանրապետական ստուգատեսին «Կապկազ թամաշայի» բեմադրությունն արժանացել է երկրորդ մրցանակի:

Բազմամարդ է եղել ներկայացումը: Ավելացվել են նոր կերպարներ, որոնցով ավելի են սրվել քաղաքական դեմքերի մերկացումները: Ահա հեղինակային եւ ներմուծված կերպարների եւ նրանց դերակատարների աբողջական կազմը: Գեգեչկորի-Մայիս Կարագյոզյան, Տիկին Գեգեչկորի- Սվետլանա Գրիգորյան, Թոփչիբաշեւ- Գեղամ Ոսկյան, Թոփչիբաշեւա- Նվարդ Ալիխանյան, Կարճիկյան- Հայկ Դանզաս, Հակոբ Ասլանյան, Տիկին Կարճիկյանը, Իզաբելլա Դանզաս, Սոֆյա Էրամջյան, Ամերիկացի- Գրիգոր Սիմոնյան, Փաշա- Երվանդ Շահնազարյան, Գերմանական սպա- Սերգեյ Գնունի, Կնյազ- Վարդգես Թաշճյան, Մոլլա- Խաչիկ Սանտալջյան, Վարժապետ- Կիմ Երիցյան եւ էլի տասը փոքրիկ դերերի դերակատարներ:

Նրանք, ովքեր դեռ հիշում են մեծ ու սիրված կատակերգակ Կարպ Խաչվանքյանին, յուրովի կաող են պատկերացնել, թե ինչպիսին կլիներ նրա մարմնավորած Ղարան, ինչպես կարող էր հեգնանքով ու զզվանքով ծաղր ու ծանակի ենթարկել ծիծաղելի, ողորմելի, անհեռանկար մարդկանց եւ խնդացնել հանդիսականներին:

Չարենցի «Կապկազ թամաշան» բեմական կյանք է ստացել նաեւ Երեւանի Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնումՙ որպես ներկայացում ներկայացման մեջ: Չարենցի մի շարք ստեղծագործությունների համադրությամբ, թատրոնի գլխավոր ռեժիսոր Վարդան Աճեմյանը եւ գրականագետ-թատերագետ Լեւոն Հախվերդյանը կազմել են մի գրական կառույց եւ վերնագրել «Դեպի ապագան»: Ներդրված գործերից մեկն էլ եղել է «Կապկազ թամաշան»:

«Դեպի ապագան» պիեսը Վ. Աճեմյանի բեմադրությամբ առաջին անգամ բեմ է հանվել 1960-ի նոյեմբերի 30-ին եւ նվիրվել է Խորհրդային Հայաստանի 40-ամյակին: Հարակից ռեժիսորը եղել է անվանի դերասան Դավիթ Մալյանը, գեղարվեստական ձեւավորողներըՙ ճանաչված նկարիչներ Սարգիս Արուտչյանը, Սուրեն Ստեփանյանը, Քնարիկ Վարդանյանը, երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վաղարշակ Կոտոյանը:

Այս բեմադրությանՙ «Կապկազ թամաշայի» ներկայացման մեջ զբաղված են եղել Թաթուլ Դիլաքյանը (Ղարա), Նորայր Գեւորգյանը (Դաշնակ), Արմեն Խոստիկյանը (Թոփչիբաշեւ), Մհեր Մկրտչյանը (Կարճիկյան), Հանրի Զարյանը (Կնյազ), Էդվարդ Համբարձումյանը (Գերմանական սպա), Սոս Սարգսյանը (Թուրք փաշա), Արսեն Բագրատունին (Մոլլա), Ավետիք Ջրաղացպանյանը (Մուսավաթ), Վլադիմիր Աբաջյանը (ռուս բանվոր), Հարություն Հայրապետյանը (չարչի) եւ ուրիշներ:

«Դեպի ապագան» Սունդուկյանի անվան թատրոնում 1960-ի նոյեմբերից մինչեւ 1961-ի նոյեմբեր ունեցել է 23 ներկայացում, որի մեջ զբաղված են եղել 40-ից ավել դերակատար:

Վարդան Աճեմյանն իրեն հատուկ երգիծական միջամտությամբ «Կապկազի» կուսակցությունների ղեկավարներին դարձրել էր խրտվիլակներ, որոնց մեջ ամենածաղրելի ձեւերով երեւացողը Խորեն Աբրահամյանի մարմնավորածՙ թեթեւսոլիկ մենշեւիկ Գեգեչկորին էր, ծիծաղելիՙ նույնիսկ իր սրածայր բեղերով ու դոնկիխոտյան տեսքով:

«Կապկազ թամաշան» արժանացել է նաեւ շրջանային թատրոնների ուշադրությանը: Նրա բեմադրությունը տեղ է գտել Կապանի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում: Պիեսը 1980-ականի երկրորդ կեսին բեմադրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը: Այս թատրոնում պիեսը գնացել է «Կապկազ» վերնագրով, մեկ գործողությամբ: Բեմադրության աշխատանքներին մասնակցել ենՙ ռեժիսոր Ռ.Զ. Գեւորգյանը, բեմանկարիչ Վ.Վ. Խաչատրյանը, երաժշտության ձեւավորող Հայկ Ներսիսյանը, բեմական շարժումըՙ Լեւոն Իվանյանը:

«Կապկազի» դերակատարներն են եղելՙ Ղարա-Վազգեն Սարգսյան, Գեգեչկորի-Արտաշես Ոսկանյան, Թոփչիբաշեւ եւ Փաշա-Կամո Արզումանյան, Կարճիկյան- Բորիս Հովակիմյան, Բանվոր- Արտավազդ Գրիգորյան, Զինվոր- Ռ.Զ. Գեւորգյան, Գերմանական սպա- Հրաչյա Գաբրիելյան, Գեղջկուհիներ- Աիդա Սահակյան եւ Գ.Շ. Զաքարյան:

«Կապկազի» այս բեմադրությունը մի ներկայացում էլ Մոսկվայում է ունեցել: Մոսկվայի Վլ. Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, նաեւ մանկավարժ Անդրեյ Գոնչարովի մահից հետո, նրա սաներն իրենց բեմադրություններով հարգել են իրենց ուսուցչի հիշատակը: Այդ առթիվ Կապանի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը 1988-ի հունիսի 7-ին Մոսկվայի Վլ. Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի մասնաճյուղի թատրոնում ներկայացրել է իր բեմադրածՙ Չարենցի «Կապկազը» դերակատարների վերոհիշյալ կազմով:

«Կապկազ թամաշա» պիեսի բեմադրությունների շարքում մեծ հաջողություն է ունեցել նաեւ Երեւանի թիվ 3 մշակույթի տուն ժողովրդական ագիտթատրոնի կոլեկտիվը, որը գլխավորել է ժողովրդական թատրոնի վաստակաշատ ռեժիսոր Կարպիս Ֆեսճյանը: 1977-ին նրա պատրաստած բեմադրության գեղարվեստական ձեւավորումը կատարել է Պ. Փարադյանը, երաժշտականըՙ Հ. Հակոբյանը, պարերըՙ Ա. Հովսեփյանը:

Բեմադրության հաջողությանը նպաստել են ներկայացման մասնակիցներ Ա. Եղոյանը- Ղարա, Վ. Թորոսյանը- Աղա Մելիք, Վ. Հարությունյանը- Կարճիկյան, Յ. Հարությունյանը- Գեգեչկորի, Մ. Մանուկյանը- Թոփչիբաշեւ, Ս. Սեմերջյանը- մենշեւիկ, Լ. Արշակյանը- դաշնակ, Հ. Մուրադյանը- մուսավաթ, Հ. Ղուկասյանը- գերմանացի սպա, Գ. Մնացականյանը- խմբապետ, Հ. Արշակյանը- մոլլա:

Ֆեսճյանի այս բեմադրությունը մասնակցել է մի շարք թատերական փառատոների եւ առաջնություն շահել: Այսպեսՙ նույն 1977-ի հունիսին տեղի ունեցածՙ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150-ամյակին նվիրված փառատոնում-լավագույն ներկայացումների շաբաթին, որը տեղի է ունեցել Թալինի շրջանային մշակույթի տանը եւ Սեւանի քաղաքային մշակույթի պալատում, ռեժիսորական լավագույն աշխատանքի համար Կարպիս Ֆեսճյանն արժանացել է Առաջին մրցանակի:

Նույն բեմադրության համար թիվ 3 մշակույթի տան ժողովրդական ագիտթատրոնը Առաջին մրցանակի է արժանացել Կուլտուր-լուսավորական եւ ժողովրդական ստեղծագործության Հանրապետական գիտամեթոդական կենտրոնի կողմից:

Նույն տարվա հոկտեմբերին Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին նվիրված համամիութենական եւ հանրապետական թատերական փառատոնի հանձնաժողովի կողմից Ֆեսճյանն արժանացել է Ոսկե մեդալի եւ Առաջին կարգի դիպլոմի:

Այս թատերախմբին բախտը ժպտացել է նաեւ 1978-ի հունվարին: Մոսկվայում ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի կազմակերպած ագիտթատրոնների Համամիութենական ստուգատեսի հանձնախմբի կողմից «Կապկազ թամաշա» ներկայացման բեմադրող-ռեժիսոր Կարպիս Ֆեսճյանն արժանացել է Ոսկե մեդալի, երաժշտության ձեւավորող Հ. Հակոբյանըՙ բրոնզե մեդալի եւ Ղարայի դերակատար Ա. Եղոյանըՙ արծաթե մեդալի: Իսկ մյուս մասնակիցներին տրվել են Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի հուշամեդալներ:

Հաղթանակած թատերախումբը հունվարի 14-ին «Կապկազ թամաշա» ներկայացումով ելույթներ է ունեցել Մոսկվայի Գորկու անվան, Սոկոլնիկի, Ձերժինսկու անվան եւ ԺՏՆՑ զբոսայգիներում եւ փառահեղ հաղթանակով տուն վերադարձել:

Ահա, այսպիսին է եղել Չարենցի «Կապկազ թամաշա» սատիրական դրամայի բեմական անցած ուղու համառոտ պատմությունը, որը հայ թատրոնի անցյալի լավագույն էջերից մեկն է եւ ուսանելին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 18-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ