ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Արամ ԱՐՔՈՒՆ, Բոստոն Ժողովրդական արվեստի Սմիթսոնյան փառատոնի առաջին օրըՙ հունիսի 27-ին տեղացած հորդառատ անձրեւը չխանգարեց, որ Մ. Նահանգների ամենատարբեր շրջաններից ժամանած մարդիկ խուռներամ ներկա գտնվեն Վաշինգտոնի Ազգային մոլում եւ վայելեն աննախադեպ հարուստ ու գունեղ ցուցանմուշների երկու բաղադրիչ մասերը, որոնցից մեկը «Հայաստան: Օջախաշինություն», իսկ մյուսըՙ «Կատալոնիա: Ավանդույթ եւ ստեղծագործություն» խորագրերով էին բնութագրվել: Արեւի հայտնվելուն զուգահեռ փառատոնային մթնոլորտը շիկացավ եւ օրն ավարտվեց քաղաքի «Աֆրո-ամերիկյան պատմության եւ մշակույթի ազգային թանգարանում» տեղի ունեցած հանդիսավոր ընդունելությամբ: Մշակութային ժառանգության եւ տնտեսական ձեռներեցության կապն էր միավորում երկու ժողովուրդներին: Երաժշտությունն ու պարը ուղեկցում էին ամենուրեք, հաճելի պահեր պարգեւելով այցելուներին: Շատերի համար հայաստանյան մի գողտրիկ անկյուն ժամանակավորապես հանգրվանել էր Մ. Նահանգների մայրաքաղաքում Սմիթսոնյան հաստատության, USAID-ի եւ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատան, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության եւ ԳԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ջանքերի շնորհիվ: Հայկական ցուցանմուշները ներկայացնում էին տարբեր արհեստներ, սկսած խեցեգործությունից, մինչեւ գորգագործություն, ժանյակագործություն, մետաղագործություն եւ քանդակագործություն: Ներկայացված էր նաեւ հայկական խոհանոցն իր համեղ ճաշատեսակներով եւ անապակ գինիներով: Արհեստավորները եկել էին Հայաստանի տարբեր վայրերից, նրանց ուղեկցում էին թարգմանիչները: Մի տաղավարում էլ վաճառվում էին հայկական եւ կատալոնական զանազան հուշանվերներ: Երեկոյան ընդունելությանը ներկա էր եւ ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը , որ անդրադառնալով Սմիթսոնյան փառատոնի կարեւորությանը, խոսեց մասնավորապես համաշխարհային պատմության մեջ հայկական մշակույթի դերի եւ նշանակության մասին: Նա կոչ արեց ներկաներին անձամբ այցելել Հայաստան եւ տեղում վայելել հայկական ավանդական հյուրասիրությունն ու առավել խորը ծանոթանալ նրա մշակույթին: Ելույթներով հանդես եկան նաեւ Հայկական համագումարի անունից Կարոլին Մուգարը , Սմիթսոնյան հաստատության անունից մի շարք պաշտոնյաներ, ներառյալ փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոտլին եւ Կատալոնիայի նախագահը, որ քննադատեց Մադրիդի իշխանության կողմից կիրառվող ճնշումները իրենց երկրամասի նկատմամբ: Նրան պատասխանեց Իսպանիայի դեսպանը, որի հետեւանքում մի խումբ կատալոնցիներ բարձրաձայն բողոքներով եւ իրենց ազգային երգերը հնչեցնելով հեռացան դահլիճից: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հուլիսի 8-ը, երկու օրերի (հուլիսի 2-ին եւ 3-ին) ընդմիջումով: Փառատոնը իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը, Մ. Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, USAID-ի Հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Մ.Ն. պետքարտուղարության եւ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանը կովկասյան տարածաշրջանից առաջին երկիրն է, որ մասնակցում է այս հռչակավոր փառատոնին: Հ. Ծ. |