ԹԱՏՐՈՆՙ ԻՆԵՐՑԻԱՅԻ ՈՒԺՈՎ Նաիր ՅԱՆ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը ԱՄՆ-ից վերադարձել է երկու մրցանակով: Այնտեղ ներկայացրել է «Մատնաչափիկը», մրցանակ ստացել «1000 հոգու գործ անում են 3 հոգով» եւ «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգերում: Հետաքրքրականն այն է, որ թատերական մրցույթն ունի հետեւյալ ձեւաչափըՙ ներկայացումից անմիջապես հետո սկսվում է քննարկումը: Հանդիսականն ու ժյուրին իրենց կարծիքն ու տպավորությունները հայտնում են տեղում եւ գնահատական տալիս: Տիկնիկային թատրոնն ընթացիկ տարում հաճախ է մասնակցել միջազգային փառատոների ու մրցույթների, պրեմիերաներ ունեցել: Այն հարթակ է մեծ ու փոքր հանդիսատեսի համար. ռեժիսորները տիկնիկայինի բեմում հաճախ են ներկայացումներ բեմադրում մեծահասակների համար: Օրինակՙ Նարինե Գրիգորյանն այնտեղ բավականին հաջողված բեմադրություններ է իրականացնում: «Թռիչք քաղաքի վրայով», «Իմ ընտանիքն իմ ճամպրուկի մեջ» ներկայացումները մեծ արձագանքի են արժանացել նաեւ դրսի բեմերում: Մեր թատերական կյանքում հաջողված, աչքի ընկնող ներկայացումները հազվագյուտ երեւույթ են: Մերօրյա հանդիսատեսը հաճախ է քննադատվումՙ ընդ որում համահարթեցման, նույնականացման, ընդհանրացման սկզբունքով: Հասկանալի է, հասարակության ճաշակն ընդհանուր առմամբ ընկել է, արվեստի ավելի թեթեւ, հեշտ մարսվող, հաճախ ծանծաղ տեսակներն են մեծ պահանջարկ վայելում: Դժվար է հստակ սահմանելՙ առաջա՞րկն է ծնել նման պահանջարկ, թե՞ հակառակը: Ավելի հավանական է, որ առաջարկն է պահանջարկ ձեւավորել. կրթամշակութային ցածր նշաձողը հավասարության նշան է դրել առաջարկի ու պահանջարկի միջեւ: Ինչեւէ, կրթության ու մշակույթի նկատմամբ պետական անպատասխանատու, մակերեսային ու անբարեխիղճ վերաբերմունքը 30 տարվա ընթացքում հանգեցրեց այսօրվա իրականությանը: Դեռ լավ է, որ եղել են ու կան կրթամշակութային բարձր չափանիշներով ստեղծագործող անհատներ, որոնք պահպանել են վեհ արժեհամակարգ, արվեստի մատուցման որակյալ ձեւաչափ: Մշակույթի որոշ ոլորտներում, հատկապես երաժշտության ասպարեզում խոսելու տեղ ունենք, կինոյի թեման այս առումով փակված է, թատրոնըՙ տխուր ու անմիխիթար: Մի կողմից մտածում եսՙ երբ մեր կյանքը ճահճացած է, արվեստ-մշակույթից ի՞նչ ակնկալես, բայց մյուս կողմից էլՙ եթե արվեստ-մշակույթից չակնկալես, բա էլ ումի՞ց, ի՞նչ սպասես: Իրականությունն այն է, որ մենք ունենք պետական մշակութային քաղաքականությունից դուրս մշակույթ, եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ չունենք պետական մշակութային քաղաքականություն, բայց ունենք ինքնին պետական մշակութային քաղաքականության բաղկացուցիչներ վերարտադրող մշակույթ: Սակավաթիվ հետեւորդներով, փոքր պահանջարկով, բայց ունե՛նք: Կան նաեւ մշակութային իրողություններՙ ցուցված մշակույթի նախարարության ու իշխանական ավելի վերին օղակների կողմից: Ավելի ճիշտՙ կան մշակութային իրողություններ, որոնք իշխանական վերին օղակների հրահանգով պարտադրվել են մշակույթի նախարարությանը, պետական ֆինանսավորում ստացել ու մատուցվել հասարակությանը: Այսպես եղել է տասնամյակներ շարունակ: Տասնամյակներ շարունակ այսպես համերգներ են կազմակերպվել, նվագախմբեր ձեւավորվել, ֆիլմեր նկարահանվել, բեմադրություններ արվել եւ այլն, եւ այլն: Մեր պետությունը մշակույթի ոչ մի ոլորտում պատվերներ չի տալիս. պատվեր չի տալիս, որ այս կամ այն ֆիլմը նկարվի կամ ինչ-որ սիմֆոնիա գրվի, պատվեր չի տալիս նկարչին ու գրողին, քանդակագործին ու դրամատուրգին: Այդպես, համենայդեպս, հայտարարվել ու հայտարարվում էՙ պատվեր չեմ տալիս: Հայտարարվում է, բայց տվյալ նվագախմբի համերգը, փառատոնը, ներկայացումը, ֆիլմը ֆինանսավորում է: Այսինքնՙ եսՙ որպես պետություն, չեմ ասումՙ սիրելի արվեստագետ, հենց քեզ եմ պատվիրում, որ ցեղասպանությանը նվիրված պիես կամ սցենար գրես, կամ հենց դու նկարես այդ ֆիլմը, հենց դու գրես տվյալ գիրքը, հենց դու անցկացնես տվյալ փառատոնը: Պատվեր չտալը պետության, ավելի ճիշտՙ իշխանությունների ալիբին է: Տասնամյակներ շարունակ տեսել ենքՙ ֆիլմի, ներկայացման, փառատոնի նախագիծն այնպես է ձեւակերպվում ու կազմակերպվում, որ հենց այսինչ մարդը կանգնած լինի դրա գլխին, իսկ այդինչ մարդը երբեք պատահական մեկը չի լինում: Ստացվում էՙ պետությունը պատվեր չտվեց, բայց այ քեզ հրաշք, այսինչ մարդը գլխի ընկավ, որ իր հայրենի կառավորությանը հենց այն նախագիծն է պետք, ինչն ինքը գրել-ներկայացրել է: Պատվեր չտալովՙ պետությունն իրեն ապահովագրում է վատ արտադրանքի պատասխանատվությունից: Պատվեր տվել է, թե չի տվել, այնուամենայնիվ, վերջնարդյունքը նույնն է. այդ արտադրանքի վրա պետական փողեր են ծախսվում, չէ՞: Իսկ ինչի՞ց են գոյանում պետական փողերը. դրանք Տիգրան Մեծից չենք ժառանգություն ստացել, ՀՀ շարքային քաղաքացիներիս հարկերն են: Մշակույթի ֆինանսավորման սկզբունքներն արվեստի բոլոր ոլորտներում նույնն են: Նույնն է եւ թատրոնում: Այսօր դահլիճ լցնելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ բարդ: Հեշտ էՙ եթե թեթեւ, պոպկորնային շոու է բեմ հանվում, եւ դժվար էՙ եթե լուրջ, պրոֆեսիոնալ, խորքային է բեմադրությունը: Երկրորդ տարբերակը հազվադեպ է առաջարկվում, բայց դրա պահանջարկը եւս կա: Ճիշտ է, հասարակության ոչ լայն զանգվածների կողմից, բայց կա: Ուրեմն պետք է բավարարել նաեւ այդ պահանջարկի թելադրանքը, որովհետեւ այդ պահանջարկը ներկայացնողները եւս ՀՀ քաղաքացիներ են ու նաեւ նրանց հարկերից է գոյանում մշակութային նախագծերին հատկացումներ անող մեր պետբյուջեն: Ի՞նչ է կատարվում մեր թատրոններում. այստեղ եւս պետությունը պատվիրատու չէ, բայց ֆինանսավորում է պիեսների բեմականացումը: Այսպես է եղել նաեւ նախկինումՙ սովետի ժամանակ. իհարկե, տասնապատիկ ֆինանսավորմամբ: Թատրոններն այս մեթոդին սովորՙ գոյատեւում են: Ի՞նչ է անում պետությունը: Փող է տալիս ոչ թե վերջնարդյունքիՙ ներկայացման, այլ ներկայացման պրոցեսի համար: Վերջնարդյունքը նրան չի հետաքրքրում. կարեւորը պիեսը թղթից դեպի բեմ տանելու պրոցեսը թղթաբանորեն, ֆինանսական հաշվարկներով, մուտք-ելք, ընդունում-հանձնումով ճիշտ լինի: Ինչպես նրբերշիկի արտադրության ժամանակ էՙ գնվել է այսքան կգ սառեցված միս, որին համապատասխանում է այսքան կգ. համեմունք, եփելիս գոլորշիանում է այսինչ քանակությամբ ջուր, փոխարենը ավելացնում ենք այսքան կգ թուղթ, որ ընդունում-հանձնման թվերի մեջ ոչ մի տարբերություն չարձանագրվի: Այսպես է եւ թատրոնումՙ օրենսդրական նույն պայմաններով ու պահանջներով: Եթե նախահաշվում գրվել է, որ Դեզդեմոնայի գիշերազգեսի համար պահանջվում է երեք մ. կտոր, բայց պարզվի, որ դերսանուհին վերջերս մի քիչ լցվել է, ու երեքի փոխարեն պետք է չորս մ. կտոր, ուրեմն դրա համար առանձին թղթաբանություն, ավելինՙ նոր մրցույթ պետք է հայտարարվի: Թատրոնի մարդիկ արդեն երեսուն տարի է թատրոնի օրենք են պահանջում: Այդպես էլ ոչ մի լուրջ քննարկում, առաջարկ, միասնական կարծիք, իրավական հիմունքներով կարգուկանոն չի ստեղծվում: Թատրոնները եղել եւ մնում են կառչած պետության փեշերից, պետությունը ոչ այն է վերահսկում է, ոչ այն է պատասխանատվություն է կրում թատրոնի արտադրանքի որակի, ճաշակի համար: Բայց սկզբից եւեթ կանգնած է պրոցեսի գլխին. նրան հետաքրքրում են ստորագրված ու կնքված թղթերի տրցակները: Այդքանով ավարտվում են բոլոր պարտավորությունները: Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու ներկայացման վերջնարդյունքի որակի համար: Ոչ ոք: Ներկայացման պրեմիերային հրավիրվում են պաշտոնով ու անպաշտոն մարդիկ, նախարար ու նախագահ, արվեստագետներ ու մտավորականներ: Բեմադրությունից հետո ծափեր, շնորհավորանքներ ու ոչ մի, կամ հատուկենտ վերլուծական գնահատական, թատերագիտական կարծիք, քննադատական անկեղծ խոսք: Ընդունում-հանձնումը կատարված է: Թղթաբանությունն անթերի է: Թքածՙ ինչ տպավություն է ստանում հասարակությունը, թքածՙ ինչ է տալիս այդ ներկայացումը հանդիսատեսին, թքածՙ ներկայացումը երկրորդ անգամ բեմ դուրս կգա՞, կամ հանդիսատես կունենա՞: Երբ պետությունը հովանավորում կամ աջակցում է կեղծ, ցածրարժեք, անճաշակ, հակագեղագիտական, հանրության կրթամշակութային մակարդակն իջեցնող «մշակութային» երեւույթներին, ավելինՙ պետությունը դրանք ներկայացնում է որպես մշակույթ, ուրեմն պետությունն ինքը հակամշակույթ է եւ ոչ ավել, ոչ պակասՙ հանցագործ: Վատ, անորակ, ոչինչ չասող եւ չտվող ներկայացումը ֆինանսավորելը հանցանք է սեփական ժողովրդի եւ պետության դեմ: Որովհետեւ մսխվում են հասարակության փողերը, մսխվում են հասարակության հոգեւոր պահանջն ու սպասումները: Վատ ներկայացման ռեժիսորին երկրորդ անգամ բեմադրություն անելու հնարավորություն տալն ու դարձյալ ֆինանսավորելը կրկանահանցագործություն է պետության կողմից: Նման երեւույթները մեզանում սովորական են: Այստեղ վատ բեմադրության հեղինակները մեղք չունեն. նրանք այն են, ինչ կան, չես կարող ստիպել, որ ավելի տաղանդավոր ու շնորհքով դառնան: Միգուցե նախկինում նրանք նշանակալի գործունեություն ծավալել են, բայց շնորհքն ու տաղանդը հավերժ չեն, մի օր սպառվում են: Տաղանդը ոչ բոլորին է ցմահ տրված: Իսկ մեզանում իներցիայի օրենքով փառքն ու հեղինակությունը սպառնում են շարունակական ու հավերժ լինել: Ալբերտ Մկրտչյանն արժեքավոր ֆիլմեր ստեղծել է, բայց արժե՞ր նրան վստահել Սոս Սարգսյանի համանուն վիպակի հիման վրա գրված ֆիլմի սցենարը: Սոս Սարգսյանը մահացավՙ երազանքն անկատար. այդպես էլ չհասցրեց իր «Լակոտն» էկրանին տեսնել: Նրա մահից հետո ֆիլմի նկարահանումները շարունակվեցին մինչեւ Ալբերտ Մկրտչյանի մահը: Մինչ այդ բոլորը գիտեինՙ Ալբերտ Մկրտչյանն ի վիճակի չէ ֆիլմ նկարել, իսկ պետությունը տարիներ շարունակ փող էր հատկացնում «Լակոտին»: Որտե՞ղ են հիմա հասարակ հարկատուներիս փողերից գոյացած պետբյուջեի միլիոնները: Ծախսվել-գնացել են «Լակոտի» վրա: Ի՞նչ վիճակում է հիմա «Լակոտը»: Կիսատ-պռատ: Ո՞վ է մեղավոր այս իրողության համար, իհարկե ո՛չ Ալբերտ Մկրտչյանը: Միայն ու միայն պետությունն ու նրանք, ովքեր իրավիճակը հաշվի չառնելովՙ իներցիայի ուժով որոշել են, որ վատառողջ, ոչ ադեկվատ Ալբերտ Մկրտչյանը պետական ֆինանսավորմամբ պետք է ֆիլմ նկարի: Այդպես է նաեւ մյուս ոլորտներում: Բեմադրիչը տապալված ներկայացում է ցույց տալիս, բայց հաջորդ բեմադրության հայտը պետությունն ընդունում է, ֆինանսավորում ու հանդիսատեսի վզին փաթաթում հաջորդ անտաղանդ գործը: Ոչ մշակույթի նախարարությունը, ոչ նախարարը, ոչ վարչապետը չեն կարող տաղանդներ ստեղծել, բայց նրանք կարող են տաղանդների ներուժն արդյունավետ օգտագործելու եւ մշակութային արտադրանքի վերածելու ճիշտ մեխանիզմներ մշակել. սա է պետական քաղաքականություն կոչվածը: Երբ մեկի ներուժը չի օգտագործվում, անգամ նրա տեղն իմացող չկա, իսկ մյուսի սպառված էներգիան ավանդույթի ուժով փորձ է արվում վերալիցքավորել, նրան անտեղի հնարավորություններ տալ, բարեփոխում, հեղափոխություն բարձրագոչ հասկացություններն անհեթեթություններ են դառնում: Մենք դեռ չենք ճանաչում մեր ներուժը, չգիտենքՙ ինչ ունենք, ինչ չունենք, ում ունենք, ում չունենք: Կամ էլ, որ ավելի հավանական է, չենք ուզում ճանաչել ու իմանալ: Իսկ շնորհքն ու տաղանդը երբ չեն օգտագործվում, ժանգոտվում են: Շնորհքն ու տաղանդն օգտագործվելու դեպքում են վերարտադրվում: |