RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-05 21:09:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2159, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՉՕՆ ԵՎ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՄԻ ԳՐՔՈՒՄ

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Լույս տեսավ «Մեր Հրաչօն» գիրքը

«Մեր Հրաչօն» գիրքը հուշարձան է Հրաչոյի` Լրագրող, գրող, հրապարարակախոս Հրաչյա Մաթեւոսյանին, եւ այդ հուշարձանը նրա ընկերների խոսքն է իրենց գրչակից, իրենց մտերիմ Հրաչոյին: 31 հոգու խոսք է` տպավորություն, հուշ, ներքին մտորումների բարձրաձայնում...: Այդ թիվը կարող է շատ ավելին լինել, որովհետեւ մաքուր ապրումների տեր Հրաչօն սիրելի էր իր ժամանակի մեջ ու սիրելի մնաց իր ակնարկների, իր գրքերի մեջ, որոնք ընթերցվում ու վերընթերցվում են: Այս գրքում ինչո ւ են այդպես սիրով, ակնածանքով գրվել Հրաչոյի մասին տողերը: Դա գալիս է էն օրերին ընկերների հանդեպ ունեցած Հրաչոյի պահվածքից, նրա մարդամոտ կեցվածքից, եւ այս գիրքը այն ամենի պատասխանն է, որ Հրաչօն տվեց իր ընկերներին, տվեց սիրով ու շռայլ:

Բոլոր ընկերների մասին նա միշտ իր ասելիքը, ջերմ խոսքն ուներ: Նա միշտ գեղեցիկ ու բարի աչքերով էր նայում իր ընկերներին, մարդկանց ընդհանրապես: Շա~տ շռայլ կամեցողություն ուներ: Մեր այս մի բուռ երկրի մեջ ամեն ցավոտ տեղն իր ցավն էր դարձրել ու մղկտում էր... բարության պակասից: Ո՞ւր կորավ, ախր, այդ բարություն կոչվածը, որը փնտրում էր, հա՛ փնտրումՙ իր խոսելով, իր գրելով, հաճախ իր լուռ պահվածքով, որն ավելի խոսուն էր: Գրածների մեջ սե՜ր, ասածի, խոսվածքի, պա՜րզ հայացքի մեջՙ սե՜ր: Շռայլածը` շատ, ստացածը` քիչ: Ա՛յդ էր բնույթը, այդպիսին էին նրա ակնարկները, նրա հոդվածները: Ի՞նչ աղբյուրից էին սնվում նրա մտքերը, որ այդպես զորավոր էին դարձրել գրիչը: Աղբյուրը սե՞րն էր իր հերոսի հանդեպ, մարդու հանդեպ, այն մարդու, ով իր ընթերցողի սիրելին էր դառնում, որովհետեւ իր ջերմությունը լցվում էր նրա վրաՙ տարածո՜ւն, տարածուն:

Հրաչոյի համար Հայրենիքը համեմատելի չուներ, ինչպես համեմատելի չեն ունենում մայրը, մայրենի լեզուն, ինչպես մոր հանդեպ տածած որդու սիրույն չի լինի հավելել շատ սիրելի բառերը: Սիրել բառի կողքին շատը ո՞րն է:

«Հիշատակը սերում է գործերից...»: Եղիշե Չարենցի այս խոսքերը բերենք-վերագրենք Հրաչոյին, որ լրագրության ու գրողի իր անբասիր ճանապարհն անցավ` բարի հետք, բարի անուն թողնելով: Եւ այս նորալույս գրքում յուրաքանչյուրի տպավորությունը մաքրամաքուր վերաբերմունք է առ Հրաչօն, ով ուխտավորի կյանքով ապրեց ու Երկնային ճանապարհ ելավՙ մաքո՜ւր, մաքո՜ւր, անբիծ, անչար, ուՙ սիրելի՜, սիրելի: Երկինքը փառավորվեց, իսկ մենք աղքատացանք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ