ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱՏԻՊ ԳԱՆՁԵՐԸՙ ՊՐԱՀԱՅԻ ՍՏՐԱՀՈՎԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇՔԵՂ ԴԱՀԼԻՃՈՒՄ Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա Հոկտեմբերի 8-ին Պրահայի Ստրահովի վանական համալիրի գրադարանի Աստվածաբանական վեհաշուք դահլիճում հանդիսավոր պայմաններում բացվեց «Հնագույն քրիստոնյա ժողովրդի գանձերը. հոգեւորը, արվեստը եւ երաժշտությունը հայկական միջնադարյան ձեռագրերում» խորագրով բացառիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են մոտ 25 բացառիկ ցուցանմուշներ: Աստվածաբանական դահլիճը վերջին 60 տարիներին առաջին անգամ է բացվել հանրության առջեւ: Թանկարժեք հնատիպ ձեռագրեր եւ գրքեր են ներկայացվել Երեւանի Մատենադարանի, Վիեննայի Մխիթարյան միաբանության, Կիպրոսի, Չեխիայի եւ Ֆրանսիայի անհատական հավաքածուներից: Ցուցահանդեսի համակարգողն է եւ հայտուկ այդ առիթով հրատարակված պատկերագրքի հեղինակը դիրիժոր, երաժշտագետ, դոկտոր Հայկ սարկավագ Ութիջյանը: Ցուցահանդեսում ներկայացված են 25 բացառիկ նմուշներ , որոնց թվում են Նարեկացու «Մատյան ողբերգությունը», Բարձրբերդի Ավետարանը,Վիեննայի Շնորհալու նկարներով օժտված փոքրադիր ժամագիրքը,Վիեննայի աշխարհի միակ Շարակնոցըՙ 56 ամբողջական էջ նկարներով, Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Ճաշոցը, Ընտրյալ Տաղի խազագրություն կրող մեզ ծանոթ հնագույն ձեռագիր Տաղարանը, Դիոնեսիոս Արիսպագացու Մատենագրությունը, որը Ստեփանոս Լեհացիի թարգմանության ինքնագիրն է, Փարիզի Պասմաճեան հավաքածուից երկու հմայիլներ, Վահան Բեդելյանի Լիմոնջյան ձայնագրությամբ արձանագրված կոթողային շարակնոցը եւ այլ իրեր ու ձեռագրեր: Ցուցանմուշներից շատերը առաջին անգամ են հանրությանը ցուցադրվում: Հայաստանի դեսպանության հովանավորությամբ կազմակերպված ցուցահանդեսի կայացմանը աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Պրահայի Ստրահովի վանական համալիրը: Ինչպես նշեց իր բացման խոսքում գրադարանի վարիչՙ վանահայր Գեյզա Շիդլովսկին, ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի առաջին հանրապետության եւ Չեխոսլովակիայի 100-ամյակներին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի դեսպանությանը նման առիթ ընծայելու համար: Նա նաեւ նոր բացահայտում կատարեց, որ ցուցահանդեսի նախօրեին իրենց արխիվում հայտնաբերել են մինչ այդ անհայտ մի հայկական ձեռագիր, ինչը հետագայում կցուցադրվի այս ցուցահանդեսում: Իսկ Մատենադարանի գիտաշխատակից Դավիթ Ղազարյանը , որն արդեն հասցրել էր ուսումնասիրել այդ ձեռագիրը, այն 1726 թվականի Ստանիսլավով քաղաքում գրված հայոց լեզվի քերականության ձեռագիր էՙ «Ստեփանեան Քերականութիւն» վերնագրով: Վերջում նշված է նաեւ գրիչի անունը: Իսկ թե ինչպես է հայտնվել Ստրահովի գրադարանում, հայտնի չէ: Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն հայտնելով եւ բարձր գնահատելով ցուցահանդեսի բոլոր աջակիցներին, խոսքը փոխանցեց Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթեւոսյանին , որը կարեւորեց ցուցահանդեսի անցկացումը նման հրաշալի դահլիճումՙ ներկայացնելով հայկական մշակույթի գանձերը: Նրա ասելով, այս ցուցահանդեսին Մատենադարանից ներկայացվել է 3 ձեռագիր եւ 11 ընդօրինակություն, որոնք ներկայացնում են մանրանկարչական տարբեր դպրոցները,մանրանկարչություն, գրականություն, երաժշտագիտական ու աստվածաբանական գործեր, այդ թվումՙ պատմական կարեւորություն ունեցող ձեռագրեր, հատկապես պետք է նշել 12-րդ դարից Նարեկի լավագույն օրինակը: Այնուհետեւ ներկաներին ողջունեց Վիեննայի Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահանը , որ ներկայացրեց աբբահայր հայր Պողոս Գոճանյանի ողջույնի խոսքը, եւ իր ջերմ գնատանքը տվեց ցուցահանդեսի իրականացմանը, որին ներկայացրել էին երեք ձեռագիր: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի համակարգող եւ պատկերագրքի հեղինակ դոկտոր Հայկ Ութիջյանը, նշելով, որ իհարկե, դժվար էր շատ կարճ ժամանակաընթացքում նման ցուցահանդեսի կազմակերպումը, սակայն թե՛ գրադարանի ղեկավար Գեյզա Շիդլովսկու, թե՛ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովայի գործուն աջակցության շնորհիվ , ինչպես նաեւ Մատենադարանի, Վիեննայի Մխիթարյան միաբանության տրամադրած ձեռագրերի շնորհիվ, այն իրականություն դարձավ: Բացառիկ նմուշներ են ներկայացվել նաեւ Փարիզի Բասմաջյան հավաքածուից, Կիպրոսի Բեդելյան հավաքածուից, ինչպես նաեւ երկու շաբաթ առաջ Կոշիցեկի ֆիրմայի ներկայացրածՙ Էջմիածնի մի ձեռագրի պատճենը: Բայց այս աշխատանքում դոկտոր Ութիջյանը կարեւորեց հատկապես չեխ պրոֆեսոր Էվժեն Կինդլերի բացառիկ օգնությունը, ով նույնիսկ մահվանից օրեր առաջ անկողնային հիվանդ վիճակում կարողացավ թարգմանել եւ պատկերագրքի համար ներկայացնել Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» շարականը, մինչ այդ նաեւ տարիներ շարունակ Գրիգոր Նարեկացուց հատվածներ թարգմանեց չեխերենի: Այդ նպատակով հեղինակը պատկերագիրքը նվիրել է պրոֆ. Կինդլերի հիշատակին: Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը կատարեցին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն ու Գեյզա Շիդլովսկին: Բացումից հետո հյուրերն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները դիտեցին ցուցահանդեսը, որին հաջորդեց Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելությունը: Այն վարեց Անի Հակոբյանը , նախ ձայնը տալով Հայաստանի դեսպանին, ապաՙ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխոսնակ Վոյտեխ Պիկալին : Բայց նախ Հայաստանի եւ Չեխիայի հիմներգերի կատարումով հանդես եկավ օպերային երգչուհի Տաթեւիկ Առաքելյանը : Հոկտեմբերի 12-ին ցուցահանդեսին կից դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի հայագետ պրոֆ. Թեո վան Լինտը , իսկ հոկտեմբերի 29-ին դասախոսությամբ հանդես կգա նաեւ Հայկ Ութիջյանը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 6-ը: |