«ԱՂԱՂԱԿՈՂ ՔԱՐԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ՀԱՅԱՍՏԱ՛Ն, ՀԱՅԱՍՏԱ՛Ն» Դանիել ԵՐԱԺԻՇՏ Հեռանում են հայերը Երեւան քաղաքից... Ես աղքատ եմ: Օսիպ Մանդելշտամ 18-րդ դարի ռուս գիտնական, լուսավորիչ Միխայիլ Լոմոնոսովը, ռուսաց լեզվի քերականության տրակտատի վրա աշխատելիս, հետեւյալ դիտարկումն է արել. «Ռուսաց լեզուն մեծ է բոլոր եվրոպական լեզուներիցՙ հենց իր լայն ընդգրկումով եւ բառապաշարով: Սա անհավատալի կթվա արտասահմանյան եւ բնիկ ռուսներին, ովքեր ավելի շատ օտար լեզուների մեջ են խորացած, քան սեփական լեզվում». Այնուհետեւ Լոմոնոսովը մեջբերում է Հռոմի կայսր Կառլ 5-րդի կարծիքը լեզուների մասին: Ահավասիկ. «Իսպաներենով պատշաճ է խոսել Աստծու հետ, ֆրանսերենովՙ ընկերների, գերմաներենովՙ թշնամիների, իտալերենովՙ գեղեցիկ սեռի հետ»: Ըստ Լոմոնոսովի, եթե կայսրն իմանար ռուսաց լեզուն, ապա իր ասածին կավելացներ, որ ռուսերենով պատշաճ է խոսել նշված բոլորի հետ: Ռուս գիտնականն իր ասածը հիմնավորում է նրանով, որ ռուսերենն իր մեջ ընդգրկում է նշված լեզուների բոլոր բարեմասնությունները: Իսկ մենք, մեր հերթին կարող ենք հավելել, որ, եթե ինքըՙ Լոմոնոսովը իմանար հայերենը, կասեր, որ ի թիվս նշված լեզուների, հայերենը պարունակում է նաեւ ռուսերենի առավելությունները: Օրինակ, Ջորջ Բայրոնը Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյանների մոտ սովորելով հայերենը, եզրակացրեց, որ այն Աստծո հետ խոսելու լեզու է: (Ճիշտ է, Արարչի հետ որ լեզվով էլ խոսեն, կընկալի, սակայն խոսքը ոչ թե Աստծո ամենագետ լինելու, այլ տվյալ լեզվի կարողության, վայելչության մասին է): Հայկական մշակույթը բարձր է գնահատել նաեւ լեզվագետ Նիկողայոս Մառը: Նա նույնիսկ խոստովանել է. «Ծագումով հայ լինելու պատիվը չունիմ» (Ն. Մառ, Հայկական մշակույթ, Ե., 1989, էջ 3): Հայապաշտ էր նաեւ հանճարեղ պոետ Օսիպ Մանդելշտամը: Այդ են վկայում ոչ միայն Հայաստանին նվիրված բանաստեղծական շարքը, այլեւ «Ճանապարհորդություն Հայաստան» էսսեն, ինչպես նաեւ իր կնոջՙ Նադեժդա Մանդելշտամի հուշապատումը: Պոետը պարզապես գերված էր հայկական մշակույթով, հատկապես լեզվով, ահավասիկ. Գուժկան լեզուդ է դարձել սիրելի, Քո դամբանների գիրը անբասիր, Ուր ամեն տառը-դարբնի ունելի Եվ ամեն բառը-թակ է դարպասի: (թարգմանությունՙ Հրաչյա Բեյլերյանի) Հաջորդ քերթվածները եւս վկայում են հայոց լեզվի, մշակույթի վաղնջականությունը, նախաստեղծ ուժը, եւ Հայաստանը ներկայացնում որպես քաղաքակրթության օրրան: Մանդելշտամի սերն առ Հայաստանՙ կարելի է ասել «վարակիչ» էր: Հայաստանից Մոսկվա վերադառնալուն պես, նա Աննա Ախմատովայի անունը դարձնում է «Անուշ», եւ այդուհետ Ախմատովան իր նամակները ստորագրագրում էր «Անուշ»: Մանդելշտամի ազդեցությամբ էր, որ Ախմատովան եւ իր գրչակիցները սկսեցին թարգմանել Դանիել Վարուժանի, Չարենցի եւ այլոց քերթվածները: Ինչպես գրում է Նադեժդա Յակովլեւնան, «Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանը, որի մասին, ինչպես Մանդելշտամը ամենուր գրում է, չի դադարում երազել» (անդ, էջ 77): Պոետը սիրում էր նաեւ հայկական երաժշտությունը: Նադեժդա Յակովլեւնան նշում է, որ Օսիպի հիշողության մեջ մնացել էր «Մանիր, մանիր, իմ ճախարակ» երգը, եւ «Հայկական ճախարակը» ապրում էր մեզ հետ Շուբերտի «ճախարակի» հետ մեկտեղ: Սրանից ավելի բարձր գնահատական անհնարին էր պատկերացնել, չէ՞ որ Գյոթեի խոսքերով գրածՙ Շուբերտի «Գրեթխենը ճախարակի մոտ» երգը («Ֆաուստից») համարվում է համաշխարհային գլուխգործոց: Հատկանշական է նաեւ նմանատիպ մեկ այլ զուգահեռ: Աշտարակի «Կարմրավոր» մանրակերտ, գողտրիկ եկեղեցին Մանդելշտամին հիացրել է ոչ պակաս, քան Հռոմի Սուրբ Պետրոսի մեծակերտ տաճարը: Նադեժդա Յակովլեւնան վկայում է. «Մենք լսում էինք Կոմիտասի խմբերգերը, եւ Մանդելշտամը, որ շատ երաժշտազգաց էր, դրանք վերհիշում էր Մոսկվայում, Վորոնեժում» (անդ, էջ 78): Հիրավի, Կոմիտասի երգերն ի զորու էին մեղմելու Վորոնեժի եւ Հեռավոր արեւելյան աքսորավայրերում գտնվող պոետի տառապանքները: (Ի դեպ, Մանդելշտամը առաջին պոետն էր, որը համարձակվել էր պսակազերծել, խարազանել Ստալինին, ինչի համար եւ դատապարտվեց մահվան:) Պոետի երաժշտական ըմբռնումների մասին կարող են որոշ պատկերացում տալ հետեւյալ մեջբերումները. «Շոպենի մազուրկաների վիթխարի համերգային էջերը, Լիստի էտյուդների զանգուլակով շքասանդղակները, Մոցարտիՙ հինգ տողի վրա խայտացող ծաղկաթմբավոր կախովի այգիները,- ընդհանուր ոչինչ չունեն բեթհովենյան սոնատների գաճաճ մացառուտի հետ... Շուբերտի սոնատների խաղողի այգին միշտ կտցահար է ց կորիզ ու փոթորկախռիվ» (Օսիպ Մանդելշտամ, Մեգանոմ, Ե., 1993, էջ 114): Նման օրինակներ շատ են: «Զրույց Դանտեի մասին» էսսեում Մանդելշտամը գրում է. «Եթե մենք սովորենք լսել Դանտեին, մեր ունկը կորսար կլառնետի ու տրոմբոնի հասունացումը, վիոլայի փոխարկումը ջութակի ու եղջերափողի կափույրի ապշանքը: Եվ մենք ունկնդիրը կդառնայինք այն բանի, թե ոնց է վինի ու տեորբայի շուրջ բոլորը գոյավորվում ապագա հոմոֆոնիկ եռամաս նվագախմբի մառախլապատ միջուկը» (անդ, էջ 145-146): Մեկ այլ տեղ պոետը հետաքրքրական բնութագրեր է տալիս իր սիրած կոմպոզիտորներին, ահավասիկ. Երկարամատ Պագանինիի հետեւից Վազում են հանց գնչուներ, Հունգարացիք, լեհերը եւ չեխերը... Սփոփի՛ր ինձ չալ Շոպենի խատուտիկներով, Լուրջ Բրամսով, կամ Վիեննայի թունդ գարեջրով... Մանդելշտամը մանկուց դաշնամուր էր նվագում: Կոմպոզիտոր Արթուր Լուրյեն վկայում է, որ Օսիպը երաժշտություն շատ էր սիրում, նրա նկատմամբ ուներ հատուկ, նպատակասլաց վերաբերմունք, համերգներից հետո նա բանաստեղծություններ էր հորինումՙ երաժշտությունը սնում էր նրա պոեզիան: Մանդելշտամի գրչին է պատկանում նաեւ «Բախ» քերթվածը, որտեղ, «ի հեճուկս երկրային անշուք կյանքի, Եսայի մարգարեի պես ցնծացող Բախըՙ երգեհոնով, խորալներով ու սաղմոսներով դեպի երկինք է ուղղում իր զավակների, սաների, հավատավոր ժողովրդի հայացքներն ու մտածումները»: Մեկ այլ քերթվածում Մանդլեշտամը ակնարկում է Շուբերտին, Մոցարտին նրա հերոսՙ թռչնորսորդ Պապագենոյին, հիշատակում է նաեւ Գյոթեին ու Շեքսպիրի հերոսՙ Համլետին: Իսկ «Ձոն Բեթհովենին» քերթվածում Մանդելշտամը նշում է կոմպոզիտորի խառնվածքի եւ արվեստի առանձնահատկությունները. մի կողմից Դիոնիսյան հրաբորբ ոգին, մյուս կողմիցՙ սրտառուչ քնքշանքը: Այստեղ Բեթհովենը հառնում է որպես ճակատագրի հարվածներից չչարացած արվեստագետ, որը կոչ է անում համայն մարդկությանը միաբանվել ու բռնել «խավարից դեպի լույս», «փշերի միջով առ աստղեր» ճամփան: Որքան էլ խոր լինի երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության իմացությունը, այնուամենայնիվ Մանդելշտամը զարմացնում է հայոց լեզվի հանդեպ իր զգայունությամբ: Իր հերթին, պոետը զարմանում էր հայոց լեզվի բացառիկությամբ եւ անբացատրելի ուժով: Նա ասում էր. «Հայոց լեզուն չմաշվող քարե ոտնաման է: Անշուշտ, հաստ պատի նմանՙ խոսքն ունի կիսաձայնավորների եւ օդի շերտեր: Բայց մի՞թե ամբողջ հմայքը դրա մեջ է: Ո՛չ: Ապա որտեղի՞ց այդ ձգողությունը: Ինչպե՞ս բացատրել: Ինչպե՞ս իմաստավորել»: Ժամանակին այս եւ նման հարցերին պատասխանել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ֆեյդին: Դեռ 1982թ., Երեւանում կայացած միջազգային հայերենագիտական գիտաժողովում լեզվաբանն ասել է. «Հայերենի հետ իմ շփումներն իսկ ինձ միշտ հաճույք են պատճառել, եւ ես միշտ ինքս ինձ հարց էի տալիս, թե հայերենն ինչո՞ւ այդքան հրապույր ունի ինձ համար: Տարիներ շարունակ փնտրելուց հետո գտա պատասխանը: Վերջապես հասկացա, որ հայերենն ունի կարեւոր մի արժեքՙ օժտված է մաթեմատիկական ճշգրտությամբ: Այն օգտագործելը դյուրին է, որովհետեւ ունի կուռ տրամաբանություն: Այս համոզմունքին հանգելուց հետո ես ամենուր հայտարարում եմ, որ հայերենը ամենակատարյալն է ինձ ծանոթ լեզուներից: Ես դա ասում եմ նույնիսկ իմ հայրենակիցներին, նաեւ մյուս բոլոր եվրոպացիներին: Եվ կրկնում եմ դա նրանց վշտացնելու չափ, կրկնում եմ, որ նրանց լեզուներից եւ ոչ մեկը հայերենի ճշգրտությունը չունի» («Հայրենիքի ձայն», 29 սեպտեմբերի 1982թ.): Ահա թե ինչու էր Մանդելշտամը պաշտում հայոց լեզուն, հայոց մշակույթը: Հ. Գ. - Հարց է ծագում, եթե հայերենն այդքան ճշգրիտ լեզու է, ապա այդ հնարավորությունից ինչո՞ւ մենք չենք օգտվում, ինչո՞ւ Ազգային ժողովի բանավեճերում, լրագրողների հետ շփվելիս, իշխանավորները, ժողովրդի «ընտրյալները» եւ դրանց հետեւորդները խոսում էին ու շարունակում են խոսել հայհոյանքի լեզվով, ինչո՞ւ չեն հասկանում, որ «կոռուպցիայի» լեզուն ապագա չունի: Ժամանակին Մանդելշտամը ասում էր. «Մենք արժանի չենք հայերենով խոսելու»: Նկատի ուներ, որ հայերենով խոսելը պատիվ է, որ պիտի արժանանալ դրան: Իսկ ինչո՞ւ այսօր չեն օգտվում այդ շնորհից: Թե՞ սպասում են, որ մի գեղեցիկ օր Մանդելշտամը պիտի հայտնվի, ու, ինչպես Ծովագյուղի ջրափոսերում խաղացող երեխաներին է դիմել, մեր ժողովրդին հալածող խավարամիտներին մաքուր հայերենով պիտի ասի. «Մի՛ մտեք ցեխը»: Մի՞թե ոսկեղենիկ հայերենը չի բավարարում դրանց, թե՞ բռնությունն ու «կոռուպցերենն» է իրենց մայրենի լեզուն: |