ՄԵՐՈՆՔՙ ԴՐՍՈՒՄ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես Հայ գեղանկարչի կտավները գնահատվում են վեցանիշ թվերով Արտագաղթի ավերիչ ալիքները ցիրուցան են արել նաեւ բազմաթիվ հայ տաղանդավոր անհատների, որոնց մասին օտարն այսօր ավելի լավատեղյակ է, քան իր հայրենակիցները: Գրիգոր Դանիելյանի կտավները ցուցադրվում են աշխարհի քսան երկրների թանգարաններում եւ եվրոպացի ու ռուսաստանցի հավաքորդների հավաքածուներում: Լոնդոնի եւ Մոսկվայի քաղաքական ու տնտեսական էլիտայի մեծահարուստ հայտնի անուններից երկուսն այսօր փորձագետների հետ բանակցում են նրա կտավների վեց զրոներով հաշվարկվող արժեքների շուրջը: Գրիգոր Դանիելյանն արդեն քառորդ դար ապրում եւ ստեղծագործում է Մինսկում, Բելոռուսիա: Իր գործի անմոռաց սիրահարն ու նվիրյալն էՙ խոր ու լիքը անհատակունությունՙ հրապուրված տիեզերագիտության գաղտնիքներով, հնդկական յոգայով, արաբական ու ճապոնական պոեզիայով, սուֆիստական երաժշտությամբ, արվեստի փիլիսոփայությամբ եւ ոչ ավանդական բժշկությամբ: «Այսօրվա իմ արվեստում ես միակցել եմ մի քանի ճյուղՙ պոեզիա, երաժշտություն, գեղանկարչություն: Իմ արվեստն այդ երեք ճյուղերի սինթեզն է, որի էությունըՙ նույնը, սակայն արտահայտման ձեւը տարբեր է տարբեր ժողովուրդների մոտ... ես վերցնում եմ այդ սինթեզը, եւ այն սկսում է մեջս աշխատել, եւ հետո ինչ որ տեսքով դուրս է գալիս կտավի վրա»: Ավելի քան 30 տարի եւ հիմա էլ, չնայած առողջական խնդիրներին, որպես պարտադիր կանոն ու կենսական պահանջ, օրվա 7-8 ժամը նվիրում է ստեղծագործական արարումներին: Նատյուրմորտներՙ խամրած ու վառ գույների ազնվափայլ երանգներով, հստակ ու վստահ ուրվագծերՙ գրաֆիկական դիմանկարների մեջ...սրանք , թերեւս կտավ-երաժշտություն ու կտավ-բանաստեղծություններ են, որ զգացմունքների ու հույզերի մաքուր տարածք են բացում նաեւ դիտողի հոգում: Մի քանի անգամ եղել է Հնդկաստանում, քանի որ հրապուրված է ռաջա յոգայով: Գեղանկարիչն այսպես է բացատրում յոգայի յուրատեսակ ազդեցության մեխանիզմն իր ստեղծագործական աշխատանքի վրա ՙ «Ռաջա յոգայի մեկժամյա մեդիտացիոն կենտրոնացման ընթացքում մտքերի ու տպավորությունների հեղեղ է առաջանում քո մեջ, որ ենթագիտակցությունից հոսում է վերեւ եւ ստեղծում յուրատեսակ ներկայացում: Այդ հոսքը հստակեցնում է ուղեղը, դուրս մղում բոլոր ավելորդ մտքերը: Առաջին պլանում հայտնվում են ինտուիցիան ու ինտուիտիվ մտածելակերպը: Իմ նկարներից շատերն արտացոլում են հենց այդպիսի պահերի հոգեւոր գաղտնի վիճակները, որ անհայտ էին նաեւ ինձ համար: Յոգայով պարապելու ընթացքում ես աստիճանաբար զգացի, որ տեխնիկապես էլ փոխվեցին նկարներս, փոխվեցին նաեւ սյուժեները»: Սա արարման մի նոր աստիճան ստեղծեց, նրբագույնի հասած տեխնիկա, որ արձագանքում է իտալական ու իսպանական վերածննդի զուլալ արվեստին: Համեմատաբար վերջին շրջանում ստեղծված «Դեպի անսահմանություն» հավաքածուն արվեստի սիրահարին առաջարկում է քվանտային ֆիզիկայի ու աստղագիտության դարաշրջանիՙ հոգեւոր կատարելության ձգտող մարդու ներաշխարհը: Գեղանկարչական պատկերները լի են անսովոր լույսով ու գալիս են մի ուրիշՙ երազների տիեզերքից: Այդ տիեզերքում բնակվում է հավերժական ոգին, եւ այդ ոգու ներկայությունը երեւան է գալիս լույսի առեղծվածային փոխակերպումներով: Եվ ինչպես հնդկական յոգայի փիլիսոփայությունն ու մեդիտացիաները ունակ են մարդուն հոգեւոր նոր որակների հասցնել, այնպես էլ Գրիգոր Դանիելյանի կտավներն ունակ են հոգեւոր բարձրագույն մակարդակներին առնչվելու զգացողություն ծնել: Դրանցում հոգու ճամփորդություններն են տիեզերքի անսահմանության մեջ: Այդ հոգին շատ հաճախ արտահայտվում է սիմվոլիկ կերպարների` առեղծվածային թռչունի ու ձկան տեսքով, կանացի խորհրդավոր կերպարներով, հնդկական ու չինական միֆոլոգիայի, հինդուիզմի ու քրիստոնեության խորհրդանիշների միջոցով: Հոգին թափառում է անթիվ կյանքերի փորձությունների արահետներով: Դա երկարատեւ էվոլյուցիոն ընթացք է ժամանակի ու տարածության մեջ, եւ անթիվ ռեինկարնացիաների նպատակն ի վերջո կատարելությանը հասնելն ու բացարձակին միաձուլվելն է: Գեղանկարիչն ասում է, որ արարումը հսկայական էներգիա ու նյարդեր է խլում իրենից, եւ եղել են կտավներ, որոնց վրա տարիներ է աշխատել: Միայն «Սիմուրգ» կտավը, օրինակ, ստեղծել է հինգ տարվա ընթացքում: Իրանական առասպելաբանության մեջ հայտնի սիրամարգի պոչով, ձկան թեփուկներով եւ շան գլխով գերբնական այս հսկա թռչունը բնակվել է Գիտելիքների ծառի վրա եւ երբ ցնցել է ծառը, գիտելիքների ու բարեկեցության սերմերը ցրվել են աշխարհով մեկ: Միստիկ փիլիսոփայության մեջ սիմուրգն ընկալվում է որպես մեդիտացիայի միջոցով միտքը զարգացնելու կոդ-խորհրդանիշ: «Դեպի անսահմանություն» հավաքածուի տասնչորս կտավներն ստեղծվել են տասներեք տարվա ընթացում: Եվ ստեղծագործողից կտավին անցած էներգետիկ լիցքերը փոխանցվում ու ազդում են նաեւ դիտողի վրա: «Արվեստը հոգեւոր փրկության գործիք էՙ էներգետիկ զանգվածի տեսքով: Եթե բանաստեղծություն է, այդ էներգիան թղթի վրա է, եթե գեղանկարՙ էներգիան դրոշմվում է կտավի վրա..ամենաբարձր էներգետիկ զանգվածը սերն է..աստվածային սերը տիեզերական սերն է, որի համեմատ մարդկային սերը հյուլե է: Քրիստոսի, Մուհամեդի, Բուդդայի սերը աստվածային սեր էր, դրա համար էլ միլիոնոավոր մարդիկ գնացին իրենց ետեւից: Դա շատ հզոր ուժ է, որ տրանսֆորմացնում է մարդու կյանքը»: Եվ տիեզերական այդ սերը գույների ազնվափայլ երանգներով արձակվում է Գրիգոր Դանիելյանի կտավներիցՙ արվեստի իսկական արժեքի հետ առնչվելու հուզմունք առաջացնելով դիտողի հոգում: |