ՀԱՅԱԶԳԻ ԿԻՆՈԳՈՐԾՉԻ ՄԱՀԸ Ա. Բ. Հոկտեմբերի 15-ին Մոսկվայում վախճանվել է հայազգի կինոգործիչՙ ռեժիսոր, արտադրիչ, դերասան, սցենարիստ, հնչյունային ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1991-ից), ՌԴ ժողովրդական արտիստ (1997-ից) Ստեփան Ֆիլիպի Պուչինյանը (Փուչինյան): Նոյեմբերին կլրանար նրա 91-ամյակը: Ծնվել էր Բաթումում: 1950 թվականին ավարտել ՎԳԻԿ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետեւ 1966 թվականինՙ ռեժիսուրայի ֆակուլտետը (Յակով Սեգելի արվեստանոցը): 1950-1964 թվականներին եղել է Մ. Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, իսկ 1964 թվականից նույն կինոստուդիայի ռեժիսորը: Նրա նկարահանած ֆիլմերն են «Պատմություն չեկիստի մասին» (1969), «Հարձակում» (1972), «Ամենագեղեցիկ ձին» (1976), «Ամուսնության օրը պետք է ճշտվի» (1979), «Քրեական հետախուզության պետի կյանքից» (1983), «Մադամ Վոնգի գաղտնիքները» (1986), «Հսկաներն օվկիանոսում» (1991, նաեւ կատարել է Գուրգեն Մկրտչյանի դերը), «Ոսկե ձկնիկը N քաղաքում» (2010, գլխավոր դերերումՙ Արմեն Ջիգարխանյան եւ Դմիտրի Խառատյան): Նկարահանվել է 9 ֆիլմում: |