ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ Սեդա ԱՆԱՆՅԱՆ Ֆրեդերիկ Ֆեյդիի ծննդյան 110-ամյակի առթիվ Մեծանուն լեզվաբան-հայագետ, Սորբոնի համալսարանի Արեւելյան լեզուների ու քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի նախկին անդամ, պրոֆեսոր Ֆրեդերիկ Ֆեյդիի անունը թանկ է հատկապես մեզՙ հայերիս համար, քանզի իր ապրած 83 տարիներից ավելի քան 50-ը նա ծառայել է հայագիտությանը: Անտուան Մեյե, Օգուստ Կարիեր, Ֆրեդերիկ Մակլեր, Ժորժ Դյումեզիլ... ֆրանսիացի հայագետների այս փառահեղ համաստեղությունը համալրվել ու հարստացել է Ֆրեդերիկ Ֆեյդիի անվամբ: Ծնվել է Ֆեյդին Փարիզ 1908-ին: Միջնակարգ կրթությունն ստացել է Վերսալի «Lice՛e Hoche», որտեղ եւ սերմանվել են հին լեզուների եւ Արեւելքի հանդեպ ապագա գիտնականի հետաքրքրությունը, իսկ հայոց լեզվի նրա ծանոոթությունը եղել է 1924-ին, երբ ընդամենը 16 տարեկան էր: Հիշյալ թվականին Ֆեսլիքանյան ազգանվամբ արեւմտահայ մի ընտանիք առժամանակ բնակվում է Ֆեյդիների հարեւանությամբ: Երեք ամիս անց հայ ընտանիքը տեղափոխվում է այլ բնակավայր, տեղում թողնելով Հովհ. Գազանճյեանի քերականության «Առաջին դասընթացք»-ը եւ Երվանդ Տեմիրճիպաշյանի «Հայ-ֆրանսերեն բառարան»-ը: Այդ բառարանի օգնությամբ պատանի Ֆեյդին ինքնուրույն գրել-կարդալ է սովորում, որը եւ նրա հայերենի առաջին դպրոցը դարձավ: Մի քանի տարի անց Սեւրի Սամուել-Մուրատյան վարժարանում Ֆեյդին ստանձնում է ֆրանսերեն լեզվի rռpռtiteur-ի պաշտոնՙ ուսումը միաժամանակ շարունակելով Փարիզի Արեւելյան կենդանի լեզուների ինստիտուտում (1), աշակերտելով անվանի հայագետ Ֆրեդերիկ Մակլերին, որը այդ տարիներին ղեկավարում էր ինստիտուտի հայագիտության ամբիոնը: Ուսմանը զուգահեռ Ֆեյդին միաժամանակ հետեւում է Մեծն Անտուան Մեյեի դասախոսություններին Փարիզի բարձրագույն գիտությանց դպրոցում: Ավարտելով ուսումը Ֆեյդին հրավիրվում է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանըՙ իբրեւ ֆրանսերենի ուսուցիչ, ուր հինգ տարի, մանկավարժական գործին համատեղ, կատարելագործում է հայերենի իմացությունը: *** 1935 թ. 27-ամյա Ֆեյդին Վենետիկում հրատարակում է հայագիտական իր առաջին աշխատությունըՙ "Grammaire de la langue armenienne-dialecte occidental" (2) վերնագրով: Սույն ուսումնասիրությունը մեծ գնահատանքի արժանանալով Մխիթարյան միաբանության կողմից, 1937-ի հունվարին, երիտասարդ Ֆեյդիին ընտրեցին Հոգեւոր Ակադեմիայի անդամ, որով եւ սկզբնավորվեց նրանց հետագա հարատեւ բարեկամությունը: Նույնՙ 1937-ին Վենետիկում Ֆեյդին ամուսնանում է օրիորդ Հերմին Ֆեսլիքանյանի հետ: Պիտի ասել, որ պրոֆեսոր Ֆեյդիի կյանքում կարեւոր դեր է ունեցել տիկին Հերմինը նույնպես, որպեսզի օտարազգի հայագետը դառնար նաեւ Հայոց ցեղասպանության դատի պատշպաններից մեկը եւ հայ ժողովրդի ողբերգությամբ ապրող մտավորական: Գրառումներիս մեջ են նրա իմաստուն խոսքերից հետեւյալ տողերը. - Անհուն ցավ եմ զգացել այն մտքից, թե ֆիզիկական ու բարոյական ինչպիսի զրկանքների է ենթարկվել դարերի ընթացքում հայ ժողովուրդը: Պարտքս եմ համարել թե՛ օտարների, թե՛ սփյուռքահայերի մեջ բարձրացնել ու քարոզել նրա մշակույթն ու լեզուն, որին միանգամայն նա արժանի է: Այո, այս սեւեռուն ու տանջող միտքը մարդասեր գիտնականին ուղեկցել է ողջ նրա գիտակցական կյանքի ընթացքում: *** Պրոֆ. Ֆեյդին հայերենով իր առաջին զեկուցումը կարդացել է 1937-ինՙ Փարիզում, նվիրված Հեթում Պատմիչին, որով եւ սկիզբ է առնում իր եւ Արշակ Չոպանյանի տարիների ջերմ բարեկամությունն ու համագործակցությունը: Հակառակ նյութական դժվարությանը, 1941-ին Ֆեյդին ավարտում է նաեւ Սորբոնի համալսարանի իտալերենի բաժանմունքը, ապա աշխատանքի անցնում Փարիզի Ազգային գիտահետազոտական կենտրոն, մինչեւ 1949-ը: 40 տարեկան էր Ֆրեդերիկ Ֆեյդին, երբ փոխարինում է իր անվանի ուսուցիչ Ֆրեդերիկ Մակլերին, ընտրվելով (արդեն Սորբոնի մեջ մտնող) Արեւելյան լեզուների ինստիտուտի հայագիտության ամբիոնի ղեկավար, աշխատելով շուրջ 30 տարի: Այստեղ նա դասավանդել է գրաբար, արդի հայերեն, հայ գրականություն եւ քաղաքակրթություն ՙ զուգորդելով գիտա-հետազոտական ուսումնասիրություններըՙ հայոց լեզվի պատմության, բարբառագիտության, հայերենի համեմատական քերականության շուրջ : Ֆեյդին օտարազգի այն սակավաթիվ գիտնականներից էր, որ կատարելապես տիրապետում էր հայոց լեզվին, որտեղ չէր ընդունում ոչ մի օտար բառ կամ դարձվածքՙ գտնելով, որ հայերենը դասական լինելով հանդերձ, շատ ժամանակակից է նաեւ, որովհետեւ նոր բառերի ու բառակապակցությունների համար ունի ի՛ր արմատները : Ասելով. «Ի տարբերություն մյուս լեզուներու, հայերենի նոր բառերը կկազմվին իմաստներու համադրմամբ» (Ֆ.Ֆ.): Մեր հակիրճ տողերի մեջ դժվար է անդրադառնալ Ֆեյդի-հայագետի մի քանի տասնյակի հասնողՙ ֆրանսերեն, հայերեն, իտալերեն լեզուներով գիտական աշխատություններին, որ առանձին նյութ է անշուշտ. հիշենք այնուամենայնիվ նրանցից մի քանիսը. 1) «Հեթում Պատմիչ, հեղինակՙ «Ծաղիկ Պատմութեանց Արեւելեան աշխարհի» գրքին, Փարիզ, «Անահիտ», 1939 2) «Manuel de la langue armռnienne» (armռnienne occidental moderne), (II ed. 1969), Paris, 1948 3) «Անդրադարձութիւններ Մխիթար Աբահօր բառարանին շուրջ», «Բազմավէպ», 1949 4) «Les article en armռnienne moderne occidental», Venise, 1952 5) «Una data per gli imprestiti iranici in armeno», 1962 6) «L'ռtat de la langue armռnienne au Ve siecle», Venise ,1967 7) «Consideration sur l՛alphabet de Saint.- Mesrop et recherche sur la phonռtique de l'armռnien», Venise, 1982 : Վերջինՙ թիվ 7, խիստ ուշագրավ (216 էջ) աշխատությունը բաղկացած է 3 մասից. առաջին մասը քննության է ենթարկում նախամաշտոցյան այբուբենին առնչվող խնդիրներ, երկրորդը ՙ մեսրոպյան այբուբենի ստեղծման ժամանակաշրջանի ներքին եւ արտաքին քաղաքական իրադրություններն ու պայմանները, վերջապես երրորդը ՙ բարբառների փոխառնչությունները: Այս ուսումնասիրությունը արժեքավոր ներդրում է ոչ միայն լեզվաբանության, այլեւ հայ ժողովրդի պատմության, քաղաքակրթության, ինչպես նաեւ ժամանակի կարեւոր խնդիրների լուսաբանման ասպարեզում: Ցանկալի կլիներ ունենալ այս գրքի հայերեն թարգմանությունը նույնպես, քանզի այս ուսումնասիրությունը հայերենագիտության բնագավառում գիտական կարեւոր արժեք ներկայացնելուց բացի, ունի նաեւ գործնական նշանակություն հայագիտությամբ զբաղվող օտարազգի գիտնականների, հայոց լեզուն ուսումնասիրողների, ինչպես նաեւ սկսնակ սովորողների համար: *** Պրոֆ. Ֆեյդին զբաղվել է նաեւ հայկական հնագույն ավանդույթների, ժողովրդական հավատալիքներիՙ վիշապների հմայության արվեստի ուսումնասիրությամբ: Մեզ ծանոթ էր հեղինակի դեռեւս ձեռագիր 650 էջանոց «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» ուսումնասիրությունըՙ կազմված 4 գլուխներից: Առաջին գլուխը հմայիլների նկարագրությունն է: Երկրորդը ՙ Սուրբ Ղազարի գրապահոցում պահպանվող հմայիլներին առնչվող ձեռագրերի վերլուծական գրացուցակը: Երրորդը ՙ այդ հմայիլների տեքստերի դասակարգումը: Չորրորդը ՙ նրանց ֆրանսերեն թարգմանությունըՙ ընդարձակ ծանոթագրություններով: Այս գործի վրա մեծ գիտնականը (իր իսկ վկայությամբ) սկսել էր աշխատել Վենետիկ կատարած իր առաջին այցելությունից ի վերՙ երկար տարիներ: Ինչպես ասացինքՙ մեծ հայագետի բարեկամական-ստեղծագործ կապերը պահպանվեցին, ինչպես Վենետիկի, այնպես էլ Վիեննայի Մխիթարյանների հետ, նրա ողջ կյանքի ընթացքում: Վերոհիշյալ աշխատությունը նույնպես արժեքավոր է օտարներին ծանոթացնելու հայ մշակույթի հնագույն այս նմուշներին, որին գիտնականը անդրադարձել է ծայրագույն նվիրումով: Իսկ ահա թե ինչ նա պատասխանեց իմ զարմացած հարցին. - «Հայերենը ամենից առաջ ինձի համար գաղափարներու, զգացումներու արտահայտելու լեզու է, եւ այդ տեսակետով անոր արժեքը կչափեմ: Հայերենը մայրենի լեզուս դարձած է: Երբեմն հայերենով ավելի դյուրին կմտածեմ, քան ֆրանսերեն, որովհետեւ շատ տրամաբանական լեզու է: Կ՛նախանձիմ հայ գործընկերներուս, որոնք մանկուց հայերեն կ՛խոսին: Ես ավելի ուշ սորված եմ: Վերջը հայերենամոլ ածականը վաստակեցի»: *** Հայ ժողովրդի հանդեպ Ֆեյդիի տածած սիրո եւ նվիրումի փայլուն արտահայտությունը եղավ նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք տեքստի ֆրանսերեն թարգմանությունը (2+): Նշենք, որ Խորհրդային Միության ժողովուրդների ազգային էպոսներից «Սասունցի Դավիթը» առաջինն էր, որ UNESCO-ի առաջարկությամբ թարգմանվեց օտար լեզվով: Սա նույնպես տիտանական աշխատանք էրՙ թե՛ ծավալով, թե՛ լեզվական բարդությամբ, որին նույնպես երախտավոր թարգմանիչը պատասխանեց. - «Թարգմանությունը մեծ հաճույքով կատարեցի եւ առանց ջանքի: Կարծես հայ գյուղացի մը կպատմեր եւ ֆրանսացի գյուղացի մը գրի կառներ: Առաջին ընթերցողը Շարլ Դեդեյանն էր, որ շատ բարձր գնահատեց»: *** Շարունակելով մեր խոսքը նշենք նաեւ, որ Ֆեյդիի աշակերտներից (իր իսկ արտահայտությամբ «սիրելի աշակերտ մը») Ժերար Դեդեյանի նախաձեռնությամբ ու գիտական ղեկավարությամբ լույս տեսավ «Histoire des Arme՛niens», Paris, 1982, 700 էջանոց շքեղ հատորը, որն ամփոփում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Գրքի առաջին գլուխըՙ «Langue et civilisation» գրել է պրոֆ. Ֆեյդին: Ֆեյդին հեղինակ է նաեւ ֆրանսիական «Grand Larousse» եւ «Clarte'» հանրագիտարանների հայոց լեզվին ու մշակույթին վերաբերող մի շարք հոդվածների: Ի վերջո, դժվար է մեկ առ մեկ թվարկել տարբեր երկրներում կայացած գիտական ժողովները, ուր նա հանդես է եկել հայագիտական կարեւոր զեկուցումներով: Մեծ գիտնականի անգնահատելի ծառայությունը հայ ժողովրդին եղել է նաեւ նրա հասարակական գործունեությունը: Բազում առիթներով նա հայերեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուներով հոդվածներ է տպագրել մամուլում, զեկուցումներ կարդացել, հայոց նախաքրիստոնեական կրոնի, հնագույն ծեսերի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւՙ Եզնիկ Կողբացու, Հերթոմ Պատմիչի, Դանիել Վարուժանի, Արշակ Չոպանյանի, Սարգիս Խաչատուրյանի, Արամ Խաչատրյանի եւ այլ անվանի հայերի մասին... 1983-ի փետրվարին հրատարակվեց Ֆրանսիայի Լուսավորության նախարարության որոշումըՙ Ֆրանսիայի որոշ դպրոցներում հայոց լեզուն իբրեւ օտար լեզու դասավանդելու վերաբերյալ. ֆրանսահայ համայնքի համար այս կարեւոր հարցի լուծման հարցում սփյուռքահայ մտավորականների կողքին իր կարեւոր ներդրումն ունեցավ նաեւ պրոֆ. Ֆեյդին: *** Հայոց լեզվի ու մշակույթի հանդեպ պրոֆ. Ֆեյդիի մեծ սերը տարիներ ի վեր փոխանցվել է նրա աշակերտների եւ նրանցՙ ընդհանրապես, ովքեր առիթ են ունեցել ճանաչելու կամ հանդիպելու այդ համակրելի եւ ազնվաբարո հայագետին: Նրա բազմաթիվ օտարազգի աշակերտները ոչ միայն հայերեն են ուսանել նրանից, այլեւս ստացել հետագա իրենց հայագիտական գործունեության ուղղությունն ու գաղափարը: Ֆեյդիի աշակերտներից են եղել ճանաչված հայագետներ Չառլս Դաուսեթը (Օքսֆորդի համալսարան), Նինա Գարսոյանը (Կոլումբիայի համալսարան), Անջեյ Պիսովիչը (Կրակովի համալսարան), Ժան-Մարկ Ռոզենշտիլը (Փարիզի Ազգային գիտահետազոտական կենտրոն), Ժերար Դեդեյանը (Մոնպելիեի համալսարան), Մարկ Նշանյանը (գրող-գրականագետ), Կլոդ-Արմեն Մութաֆյանը (պրոֆեսոր, պատմաբան, Սորբոնի համալսարան) եւ անշուշտ պրոֆ. Ժան-Պիեռ Մահեն, որը Ֆեյդիից հետո փոխարինեց Սորբոնի համալսարանի Հայագիտության ամբիոնը (ներկայիս Փարիզի «Բարձրագույն գիտությանց դպրոցի» պրոֆեսոր): *** Ավարտելով երախտիքի մեր խոսքըՙ նշենք նաեւ, որ պրոֆ. Ֆեյդին բազմիցս հրավիրվել է Խորհրդային Հայաստանՙ գիտաժողովների, ուր իր մտերիմ մտավորականներիցՙ Սարգիս Հարությունյան, Գրիգոր Գարեգինյան, Աշոտ Սուքիասյան, Լեւոն Հախվերդյան, Պիոն Հակոբյանից բացի, զուտ նրան ճանաչում եւ սիրում էին նաեւ տարբեր գործի տեր մարդիկ, ուսանողներ... Հայաստան գալով նա մշտապես այցելում էր մեր հին հուշարձանները, անշուշտ, որոնց խորունկ գիտական ու արժեվորողն էր ինքն անձամբ: ...Երազում էր Զանգեզուրը տեսնել, ափսոս, որ չիրականացավ... Ծննդյան 110-ամյակի առթիվ անհուն երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք հայ ժողովրդի մեծ բարեկամ, մեծանուն հայագետ պրոֆեսոր Ֆրեդերիկ Ֆեյդիին: 1) Այս ինստիտուտը այդ տարիներին Սորբոնի համալսարանի մեջ չէր մտնում եւ առանձին ուսումնական հաստատություն էր: 2) «Քերականություն արեւմտահայերենի»: 2+) "David de Sassoun", Paris, 1969 Նկար 1. Սեդա Անանյանը` Ֆեյդիի հետ Նկար 2. Ֆեյդիի մարգարտաշար ձեռագիրը Նկար 3. Ֆեյդիի գործերից |