RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 19-10-2018



ՉԳՆԱՀԱՏՎԱԾ

Տեղադրվել է` 2018-10-18 21:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1497, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՎԻ, ՍԻՐՈ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՊՈԵՏԸ

Նաիր ՅԱՆ

Այս տարի լրացավ, ինչպես Հակոբ Օշականը կասեր, մեր իրավ բանաստեղծի, եթե ոչ մեծագույնիՙ Վահան Թեքեյանի ծննդյան 140 ամյակը: Հոբելայնի առիթով «Թեքեյան» կենտրոնում մի երեկո նվիրվեց Վահան Թեքեյանին: Թվում էր, թե բանաստեղծի հոբելյանը պետք է մեծ շուքով նշվի, մանավանդ որ շքեղ հրավիրատոմսեր էին պատրաստվել, վրան էլ գրվածՙ «Հայ բանաստեղծութեան իշխանի ծննդեան 140 ամեակին նուիրուած փառաշուք հանդիսութիւն»: Ըստ նախատեսվածիՙ երեկոյի գլխավոր բանախոսը պետք է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը լիներ. նրա ելույթի թեման էրՙ «Վահան Թեքեյանի վերադարձը նորանկախ Հայաստան»: Սակայն նախարարն առհասարակ չներկայացավ «մեծաշուք հանդիսությանը»: Երեկոն մեծ մասամբ հիմնված էր պոլսահայ Սիլվա Կոմիկյանի ասմունքի վրա: Այնպիսի տպավորություն էր, կարծես Թեքեյանի հոբելյանը նշվում էր զուտ պարտականություն կատարելու, ինչ-որ մեկին հաշվետվություն ներկայացնելու համար, ոչ թե մեծ բանաստեղծի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ինքնաբուխ ձգտումով: Մինչդեռ Վահան Թեքեյանն, անկասկած, եւ շատ ավելիին է արժանի: Մեկ այլ ազգ նման մտավորական, հասարակական գործիչ, փիլիսոփա ու պոետ ունենալու դեպքում նրա հոբելյանը համաժողովրդական տոնի կվերածեր, առիթը կօգտագործեր նրա ստեղծագործությունը մեկ անգամ -ս հանրահռչակելու եւ տարածելու համար:

Վահան Թեքեյանին նկատեցին դեռ դարասկզբին. առաջին ժողովածունՙ «Հոգերը», չի կարելի ասել, թե շռնդալից մուտք ունեցավ գրական աշխարհում, բայց հեղինակի համար խոստումնալից սկիզբ եղավ: 1914-ին Թեքեյանը հրատարակեց երկրորդ ժողովածունՙ «Հրաշալի հարություն» գիրքը, որտեղ խոսում էր հայության բարձրացման, կատարելացման մասին: Թեքեյանն առաջիններից մեկն էր, որ կանխագուշակեց Մեծ եղեռնը, մռայլ, ողբերգական ապագան, որ սպասվում էր արեւմտահայությանը:

Թեքեյանը դարձավ կապող օղակ անհետացող սերնդիՙ արեւմտահայ պոեզիայի եւ սփյուռքահայ բանաստեղծության միջեւ: Այն ավանդները, որ Թեքեյանը բերեց սփյուռքահայ գրականություն, սերում էին արեւմատահայ պոեզիայից եւ մեծապես նպաստեցին սփյուռքահայ գրականության դիմագծի ձեւավորմանը: Այն, որ հետո մենք ունեցանք սփյուռքահայ շնորհալի բանաստեղծներ, մեծ մասամբ պարտական ենք Վահան Թեքեյանին: Նա նաեւ կուսակցական գործունեություն է ծավալել հրապարակագրի ու խմբագրի ծանր աշխատանք է կատարել, հասարակական-քաղաքական կենսագրությամբ բանաստեղծ է, որի համար, սակայն, գրականությունը, մշակույթը վեր էին բոլոր կուսակցություններից ու քաղաքական շահերից: Ու պետք է ցավով նշելՙ լավ օրից չէ, որ գրողները, արվեստագետները կուսակցական գործիչներ էին դառնում. նշանակում էՙ նրանք իրենց վրա էին վերցնում քաղաքական, ազգային, պետական խնդիրների ծանրությունը եւ իրենց կոչումից բացի, ստիպված էին ներքաշվել ոչ ստեղծագործական գործընթացներում: Այդպես էլ Թեքեյանը: Ինչպես դաշնակցական Մուշեղ Իշխանին, այնպես էլ ռամկավար Վահան Թեքեյանին կուսակցական լինելը չի խանգարել մնալ մաքուր, անաղարտ գրող ու անկաշառ մտավորական: 1945-ին Թեքեյանը մահացավ, բայց նա գրական արժեքավոր ժառանգություն թողեցՙ բանաստեղծությունների 5 ժողովածու, արձակ գործեր, թարգմանություններ, հուշեր:

Վերջերս Պոլսի «Ժամանակ» օրաթերթի խմբագրությունը «Երկու դրախտ» խորագրով հրատարակեց նրա հուշագրությունները: Այդ գրվածքների հետեւում կանգնած է ծանր մանկություն ապրած բանաստեղծը, որը հետո ճաշակեց նաեւ եղեռնի ողբերգությունը: «Ես մի միտք պետք է ասեմ, որը միգուցե շարժի մեր գրականագետների զայրույթը. ցեղասպանությանը զոհ գնացած մեր մտավորականները շատ ավելի բախտավոր էին, քան Վահան Թեքեյանը, որ ողջ մնաց: Նրա ամենամտերիմ ընկերոջՙ Արփիար Արփիարյանի նկատմամբ մահափորձ կատարվեց, նրա մարմինն ամփոփվեց Եգիպտոսում: Կարճ ժամանակ անց կորցրեց մյուս մտերիմ ընկերոջըՙ երգիծաբան Երվանդ Օտյանին: Ու դրանից հետո Թեքեյանը գրական կյանքում մնաց մեն մենակ: Ուսուցչություն անելով, հայ որբերին հավաքելով, նոր բանաստեղծություններ գրելովՙ նա ամրացնում էր հայ գրականության արյունատար անոթներից մեկըՙ արեւմտահայ բանաստեղծությունը: Եվ պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանն ու Վահան Թեքեյանը գրեթե միաժամանակՙ մի քանի տարվա տարբերությամբ, գրեցին «Լուսավորչի կանթեղը»: Երկու հայ մեծերն իրենց բանաստեղծություններում որոնում էին հայոց լուսավոր ապագայի շողերը: Որոնում էին, հիասթափվում էին, տառապում էին, բայց հավատում էին այդ ապագային»,- Վահան Թեքեյանի մարդկային տառապանքների ճանապարհն այսպես բնութագրեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը :

Վահան Թեքեյանի բանաստեղծությունների տակ մեծ սիրով ու պատվախնդրությամբ կստորագրեր եվրոպական ցանկացած մեծ բանաստեղծ: Թեքեյանը, հիրավի, մեծ պոետ է, նրան դեռ լիարժեք չենք ճանաչում, լիարժեք չենք արժեւորել ու գնահատել. գրականագետներն այս կարծիքին են:

Հովհաննես Թումանյանը գնահատում էր բոլշեւիկներին միայն այն պատճառով, որ նրանց օրոք գրողը վերջապես հնարավորություն ունեցավ հանգիստ նստել գրասեղանի առաջ եւ իր գործով զբաղվել: Հռենոսի, Թեմզայի, Սենայի ափերին մեր բանաստեղծները թափառում էին եւ ստեղծագործում, լեզու, միտք կերտում, պահպանում ու ամրացնում հայերենը: Կիպրոսում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Պոլսում ու Լիբանանում թափառում էր Վահան Թեքեյանը եւ ստեղծում մեր նորօրյա բանաստեղծությունը: Դա խարսխված էր սիրո, նվիրումի, երկաթյա կամքի վրա: Վահան Թեքեյանի համար հոգեւոր արժեքները, մշակույթը, ազգային գաղափարները, արժանապատվությունը բարձրագույն դիրքերում էին, բայց նա ցավ էր ապրում հայ բանաստեղծի, երաժշտի, առհասարակ մտավորականի համար, որովհետեւ տեսնում էր, թե նրանք ինչ տառապանքով էին ստեղծագործում, սոցիալական ինչ զրկանքների մեջ էին: Այդ ցավից էլ ծնվել է նրա թեւավոր խոսքը. «Ոտանավորը կուտվի՞»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ