RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 19-10-2018



ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-10-18 21:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1702, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԱՇԽԱՐՀԸ

Անի ՓԱՇԱՅԱՆ

Յուրաքանչյուր գրողի բանաստեղծություն ծննդյան օրից պատկանում է ընթերցողին, դառնում նրա կյանքի ուղեկիցը, եթե սիրվում եւ ընդունվում է: Ինչպես բանաստեղծի բախտը, այնպես էլ բանաստեղծության, նման են: Նա կարող է հենց սկզբից նկատվել եւ սիրվել եւ հակառակը, պահ մտնել ժամանակային մի տիրույթում եւ հանկարծ մեկ օր զգացնել տալ գոյությունը: Արվեստն իր քմահաճույքներն ունի: Եթե խոսում ենք Նարինե Ավագյանի բանաստեղծական աշխարհի մասին, ապա ակներեւ է այն փաստը, որ նրան սիրում է ընթերցողը, որն իր համար գտել է կարեւոր տողեր, ներշնչվել: Նա որսացել է բանաստեղծի տողերի միջուկը, գտել կարեւորը, եւ, հնարավոր է, կյանքի ինչ-ինչ դժվարություններ ունենալիս, ձեռքն է վերցրել նրա ժողովածուները եւ ցավն ամոքել այնտեղ գտածով: Սա մեր օրերում շատ սպասված եւ կարեւոր փաստ է: Ընթերցող եւ գրող կապը կարեւոր օղակ է գրականության ընթացքը հետաքրքրական եւ շարունակական պատկերի մեջ պահելու համար: Նարինե Ավագյանի գիրը կարելի է անվանել լավատեսության եւ խոստովանության երգ, որն ունակ է թարմացնել աշխարհը մտքի գյուտերով, արտասովոր պատկերներով: Դա ակներեւ է «Լռության խորհուդը» ժողովածուում տեղ գտած բանաստեղծություններում:

Նարինե Ավագյանի քնարական հերոսը մեր օրերի կինն էՙ զգայուն, կյանքի նոր փոփոխություններին ընդառաջ գնացող եւ շատ իրողությունների հետ դեռ չհարմարվող: «Հարմարվիր ինձ հետ, աշուն...» բանաստեղծության ենթատեքստում դա է հնչում: Կինն այլեւս չի ուզում թախծել , տխուր տեսնել մյուսներին եւ խնդրում է աշնանըՙ բաշխել սերՙ անաձնական: Բնության բոլոր պատկերների, երեւույթների, շարժումների հետքերն են իրենց մեջ վերցրել նուրբ հյուսվածքներ հիշեցնող այս ժողովածուի բանաստեղծությունները, որ կարող են հուզել, թարմացնել, սփոփել եւ շատ բան փոխել մեր հինՙ ամեն ինչ տեսած այս մոլորակում: Մինչեւ այժմ դեռ ոչ ոք չի սահմանելՙ ինչ է երջանկությունը, բայց հայտնի էՙ ինչպես են բոլորը ձգտում նրան, փափագում եւ տենչում: Ավագյանի հերոսուհին որոշում է նկարելով կյանքի կոչել այն: Երբ խորունկ քնով քնած լինի ողջ աշխարհը, հենց ա՛յդ պահին նա կնկարի մի խենթ երջանկություն սիրելիի համար.

Երջանկությունը, որ կնկարեմ արվեստագետի հմուտ վրձինով,

Ճակատագրի մատներից հոսող թանաքով անգայթ,

Կախ կտամ փայլող ձյան գորգի վրա

Նուրբ նարնջագույն արտացոլանքով այն լուսամփոփից,

Որ ճրագում է փողոցը քո տան:

Նարինե Ավագյանի քնարական հերոսուհին կարող է ընդունել նրան, ով մերժել է իրեն: Գիտի սիրո գինը, ուրեմնՙ թող հավերժ պարտված, բայց սիրով, սիրելիի հետ. «Կբերես քեզ հետ ամպը զղջումի, որ կճարճատի իմ ներման լացից»: Հեշտ չեն գլորվում բանաստեղծուհու օրերըՙ խենթ փոթորիկներ, անձրեւներ, լացեր, ասահման, ցավոտ կարոտներ: Ուշագրով է «Իմ ամպոտ հոգին» բանաստեղծությունը, որ լավատեսության եւս մեկ հորդոր է: «Սլացի՛ր դիպուկ տեգի հետ, ազատ թափառի՛ր, մի՛ թող ձանձրույթի փոշին պատի քեզ: Ապրի՛ր հպարտ եւ մեռի՛ր հպարտ» : Ահա, այսպիսի՛ պատգամ է հղում իր հոգուն:

Ծաղկաբույրով են հագեցած բանաստեղծուհուՙ սիրո մասին գրածներըՙ բնության համադրումներով, ներկապնակի հասուն գույներով, բազմաթիվ խոհերով, հարցերով ու պատասխաննեով: Սքանչացման, նաեւ ափսոսանքի ու թախծի մեղեդիներ են, բայց ոչՙ հուսալքման: Անվերջ լավատեսությունը, կյանքի հանդեպ սերը շարունակական բնույթ են կրում, ապրեցնում: Բանաստեղծական այս ժողովածուում երեւում է նաեւ մոր կերպարը: Նուրբ սիրով օծված այս երգերը լավատեսության մաղթանքներ ու հորդորներ են, լուսե ցանկություններ: Անմասն չէ եւ հայրենիքի թեման: Բանաստեղծուհին հզոր է ուզում տեսնել իր երկիրըՙ մանկան խինդով, գյուղացու բազկով, մայրերի աղոթքներով, հայուհու ջինջ մաքրությամբ ու հայորդիների ուժով: Հուզառատ են հատկապես «Գյումրի», «Երեւանիս», «Արյան կանչը» բանաստեղծությունները: Նա չի ընդունում օտար ափերի քաղցրածիթ ջրերը, հեռացողների ոտնահետքերը, ընդհանրապես, օտար արմատը, օտար երկրների արեւի ճառագայթն անգամ.

Պերճաշո՜ւք հմայք օտար ափերի,

Քո սարդոստայնի ցանցով բյուրաթել

Հայոց իմ հոգին երբեք չե՛ս բանտի,

Չե՛ս գերի հոգիս, չե՛ս գերեվարի:

Սակայն այս ժողովածուում ամենաբարձր լարը սիրուն է պատկանում: Այն մշտատեւ է, անընդհատ ձգվող, անհանգստացնող, հաճելի հուշեր ու պահեր պարգեւող: Սերըՙ իր բոլոր արբեցումներով, հմայքով, տխրությամբ ու մոգականությամբ, հետեւում եւ հսկում է հերոսուհուն, առանց որի ապրել է՛լ չարժե: Թո՛ղ ցավեցնի, անհանգստացնի, բայց լինի: Հաջորդՙ «Չլրացված տողերի լուսանցքներում» ժողովածուն տարբերվում է նախորդից: Այստեղ զգացվում է բանաստեղծական ձեւերի թարմություն եւ նոր հասունություն: Հայկականության նրբերանգներով, հոգու պատմությամբ, դեպքերը որպես հոգեւոր վահան ընկալելու տեսունակությամբՙ նրանք արահետներ են բացումՙ ընթերցողին շատ զգույշ տանելով խորհուրդների եւ խոկումների նոր աշխարհ, որտեղ պիտի ոչ միայն կարդալ եւ զգալ, այլեւՙ լսել.

Սենյակս քեզաբույր է...

Լուսադեմի խաղաղության մեջ

համբույրներդ են երգում

անմորմոք տավիղի պես...

Լուռ է... Ես վերստին

անձայնությանն եմ հաղորդվում:

Բանաստեղծը էպիկական շնչով է ներկայացնում հոգում տեղի ունեցողը, տալիս դեպքերի ընթացքը, հիշում հույզերի, կարոտների ու սպասումների ողջ պատմությունը, վերապրում կրկին, օգնում իր տողերովՙ տխրությունն ու ցավը գեղեցկության զգացողությամբ փոխարինելու: Դրան ավելանում են բույրերի, համեմատությունների եւ երեւակայությունների թափանցումներ, որոնք կենդանի են դարձնում պատկերների շղթան: Հարուստ է Նարինե Ավագյանի բառամտածողության ներկապնակը: Նա հաճախ է երեւան հանում վաղուց մոռացված, բայց հուզաարտահայտչական նրբերանգներով օժտված բառեր, նաեւ նորաբանությունների փորձ է կատարում: Ժողովածուն հարուստ բառագանձ ունի: Բնության գույները միահյուսվում են մարդկային հոգու հուզաշխարհին, ձուլվում, եւ այս գունեղ ստացվածքը ընթերցողը պիտի վայելումով ըմբոշխնի.

Օրը շողում է լուսաբացի

կույս անհոգությամբ...

Բացում ես աչքերդՙ ջի՜նջՙ

շաղավոտի ժպիտների պես...

«Չգրված տողերի լուսանցքներում» ժողովածուն բանաստեղծական մտածողության նոր մոտեցումներ ունի հոգեղեն նոր «ապաստարաններ» գտնելու առումով, հատկապես: Բիրտ, անսպասելի հարվածներին դիմանալու եւ հաստատվելու շրջապտույտում հաղթում է մտքով հաղթահարելու տարբերակը: Չկա աշխարհում մարդուն իրապե՛ս օգնելու այլ միջոց, ցավը դարմանելու ավելի մեծ հնարավորություն.

Կքայլեմ ծովի վրայով,

կճախրեմ անապատում,

կարթնանամ արեւի վրա,

կգրեմ նոր դրամա,

թափառաշրջիկ թատերախմբի համար,

կարթնանամ, նորից կքնեմ,

նորից կարթնանամ...

Ասում ենՙ սա միակ բ(ա)նական ճանապարհն է

աստվածների կայարան հասնելու համար...

Սրանք պատահական տողեր չեն, այլ նոր սկիզբ հաստատելու, անվերջ հարցումներից հետո մի երանավետ իրականություն հաստատելու միջոց, քանի որ կորցրածը շատ է, գտածըՙ քիչ: Իսկ բանաստեղծի համար երջանկությանը հասնելը սիրել եւ սիրելիին նվիրվել է նշանակում: Դա ինքնաբուխ ձգտում է, աստվածահաճո գոյ, անձնանվեր մղում.

Մարգարտաշար մանյակ, շողաչ ուլունք լինեմ,

Պարանոցդ գրկեմ, ամուր կրծքիս սեղմեմ,

Մի արծաթվող հեքիաթ, ծորուն մի երգ լինեմ,

Հոգուդ տանը ապրեմ, այնտեղ հավերժ հնչեմ...

Ժողովածուն տոգորված է սիրո ձայներով: Բանաստեղծի համար Երկիր մոլորակի միջուկը սերն է, այն մեն-միակի հանդեպ ունեցած զգացումները, որոնք ուղղակի ճայթում են ժողովածուում տեղ գտած բազմաթիվ բանաստեղծություններում: Դրանք կարեւոր առաքելություն ունեն. մտորել են տալիս սիրո նկատմամբ մշտարթուն եւ հետեւողական վերաբերմունքի մասին: Մեր բազմադարյան պոեզիան հագեցած է սիրո զգացմանը նվիրված բազմաթիվ քերթվածքներով: Նարինե Ավագյանի նոր ժողովածուն շարունակում է հայ բանաստեղծության ավանդույթներըՙ հուշելով երջանկությանը հասնելու ամենադյուրին ճանապարհը:

Նարինե Ավագյանն այսօր գրական ընթացքի մեջ է: Եվ շատ պարտավորեցնող նրա համար ընթերցողների հետաքրքրությունն իր պոեզիայի հանդեպ: Սիրով եւ լավատեսությամբ ողողված իր տողերը որքան էլ փոխեն իրենց հունը, ակներեւ է կարեւոր մի փաստ, այն, որ բանաստեղծուհին շարունակում է հայ բազմադարյան պոեզիայի լավագույն ավանդույթները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ