ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕՔՍԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՏ Հ. Ծ. Օքսանա Միրզոյանի մանկությունը խաթարված է եղել հակամարտության մթնոլորտի առանձնահատկություններով: Կարողանալով փախուստ տալ Բաքվի ջարդերից, ընտանիքի հետ հաստատվել է Մ. Նահանգներում, որտեղ կինոարտադրությունն է ընտրել որպես մասնագիտություն: «Detroitisit.com» առցանց լրատվամիջոցի աշխատակից ՍՎ Անրիետը Դետրոյթի «Օլոման» սրճարանում հանդիպելով նրանՙ մոտ երկու ժամ զրուցել է նրա հետ եւ բացահայտել որոշ մանրամասներ: Ատում է կեղծավորությունը: Գնահատում հետաքրքրասիրությունը: Սիրում է երաժշտություն լսել եւ միաժամանակ պարել: Հակառակ երիտասարդ տարիքին, արժանացել է մի շարք մրցանակների միջազգային կինոփառատոներում, ինչպես օրինակ Կլերման Ֆերանի (Ֆրանսիա), Կամերիմաժի (Լեհաստան) եւ Դոկուֆեստի (Կոսովո) փառատոներում: Նրա «140 դրամ» կարճամետրաժ ֆիլմը Իզմիրի (Թուրքիա) կինոփառատոնում նվաճել է առաջին տեղը որպես «Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ», Կանադայի «Pomegranate» փառատոնում արժանացել «Հատուկ նշանակության» եւ գնահատվել Ամերիկայի «ICG նորահայտ կինոգործիչների» միության կողմից: Ճանաչված կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն այդ ֆիլմը ներառել է Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի (Շվեյցարիա) իրեն վերապահված «Սփյուռք: Ատոմ Էգոյանն ու Հայաստանը» բաժնի ֆիլմերի շարքում: Միրզոյանի «Abysm» (Հորձանուտ) վերնագրով առաջին գեղարվեստական ֆիլմը Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում (Շվեյցարիա) ստացել է «Open Doors Award» մրցանակը: Ներկայիս աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված վավերագրական ֆիլմի վրա: Նախաձեռնող է եւ վճռակամ: |