RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 07-12-2018



Տեղադրվել է` 2018-12-07 11:10:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1370, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՊԱՏԻՎ ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎԻ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դեկտեմբերի 3-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում իր մահկանացուն կնքեց մեր ժամանակի ռուս խոշորագույն գրողներից մեկըՙ ԱՆդրեյ Բիտովը: Կյանքից հեռացավ մեծատաղանդ գրողը, փայլուն էսսեիստը, ինքնատիպ սցենարիստը, վերլուծական ու թափանցող սուր մտքով օժտված խորունկ գրականագետը, ազատախոհ մարդը, առինքնող ու հմայիչ անձնավորությունը: Նա մեր ժողովրդի ու մեր գրականության իսկական բարեկամն էր ու նվիրյալը, մեր մշակույթի հրաշալի գիտակն ու ազնիվ ջատագովը:

Այսօր ես կարող էի գրելՙ ազատ խոսք ասել իր հետաքրքրական խառնվածքի ու հարուստ նկարագրի, իր հզոր ինտելեկտի եւ մեծ իմացականության, երեւանյան եւ մոսկովյան մեր հանդիպումների, մտերմական սեղանների շուրջ անվերջ ձգվող առօրյա խոսքուզրույցի, համալսարանի ռուս գրականության ամբիոն իր այցելությունների, Երեւանում թեկնածուական մինիմում հանձնելու պատմության, Ուրծաձորում իր հյուրընկալման եւ իր հետ կապված առօրյա այլ պատմությունների մասին, բայց ես ուզում եմ, որ իր մի պարզ կենսագրությունը գրվի հայերեն, մանավանդ որ ժամանակին հայկական հանրագիտարանի խմբագրությունը մերժեց տպագրելու «Անդրեյ Բիտով» բառահոդվածը: Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք արժանի ենք մեր ժողովրդի հանդեպ Անդրեյ Բիտովի ունեցած բացառիկ սիրուն, հարգանքին եւ խոնարհումին:

Անդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականի մայիսի 27-ին, Լենինգրադում. ի դեպՙ Պետերբուրգ քաղաքի հիմնադրման օրը: Ինքն էլ իրեն համարում էր, ի վերջո, պետերբուրգցի, հինգերորդ սերնդի պետերբուրգցի: Մանկությունը անցել է քաղաքի Պետերբուրգսկայա Ստորոնաՙ Պետերբուրգյան Կողմ կոչված թաղամասում: Լենինգրադ քաղաքը իմացողների համար սա արգեն ինչ-որ բան նշանակում է: Իր առաջին հիշողությունները կապված են շրջափակված քաղաքի 1941-42 թվականների դաժան ձմռան հետ: 1942 թվականի գարնանը հայտնի «Կյանքի ճանապարհով»ՙ սառած Լադոգայի վրայով Բիտովների ընտանիքը տարհանում են նախ Ուրալ, ապաՙ Միջին Ասիա, Տաշքենդ: Հետոՙ վերադարձ Լենինգրադ, եւ 1954 թվականին Անդրեյ Բիտովը ավարտում է Լենինգրադի համար 213 անգլիական դպրոցը: Դպրոցական տարիներին տարվել է լեռնագնացությամբ (ալպինիզմով), եւ դա էլ նրան տարել է Լեռնային ինստիտուտ, թեեւ իր հակումները եղել են դեպի հումանիտար գիտությունները: 1956 թվականին մի օր բոլորովին պատահաբար հայտնվում է ինստիտուտի գրական միավորման մի հավաքում եւ մեծ զարմանք ու ցնցում է ապրում. բանից պարզվում է, որ գրականությունը ոչ միայն անցյալ, հեռավոր ժամանակներում է եղել, այլեւ հիմա կա, հիմա է ստեղծվում: Ապագա նշանավոր անուններից գրական միավորման անդամներ էին բանաստեղծներ Գլեբ Գորբովսկին եւ Ալեքսանդր Կուշները: Միավորման մթնոլորտն ու միջավայրը այնքան են գրավում նրան, որ այնտեղ լինելու եւ մնալու համար ինքն էլ է սկսում գրել:

Բանաստեղծություններ է գրում: Առաջին գրվածքները տեղ են գտնում գրական միավորման 1957 թվականի ժողովածուի մեջ, որի ամբողջ տպաքանակը այրում են աչալուրջ ու զգոն պատկան մարմինների համապատասխան մարդիկ Լեռնային ինստիտուտի բակում Հունգարիայի հայտնի դեպքերին հաջորդած գաղափարական ցրտահարությունների ժամանակ: Նույն ժամանակ էլ նրան հեռացնում են ինստիտուտից եւ տանում զինվորական ծառայության հյուսիսում, նախ շինարարական, ապաՙ կարգապահական-խստականոն գումարտակներում: 1958-ին ազատվում է զինվորական ծառայությունից, վերադառնում է Լենինգրադ, ամուսնանում է, վերականգնվում է ինստիտուտում եւ անցնում է արձակ գրելուն:

Առաջին պատմվածքները տպագրվում են 1960 թվականին, «Երիտասարդ Լենինգրադ» ալմանախում: 1962 թվականին ավարտում է ինստիտուտը, ծնվում է դուստրըՙ Աննան, սկսում է աշխատել իբրեւ հորատող վարպետ եւ կնքում է առաջին գրքի եւ առաջին ֆիլմի պայմանագրերը:

1963 թվականին լույս է տեսնում առաջին գիրքը: Գրքի տպագրվելուց հետո թողնում է աշխատանքը, բայց հիմա էլ նրան չեն տպագրումՙ մեղադրելով աբստրակցիոնիզմի մեջ. Խրուշչովի հայտնի ելույթի եւ դրան հաջորդած գաղափարական խստացման ժամանակներն էին: Եվ այնուամենայնիվ դրանից հետո զբաղվում է միայն գրական աշխատանքով:

1965-ին լույս է տեսնում իր առաջին վեպըՙ «Զինակոչիկը»: Մի առիթով գրողը այն անվանում է «պատանեկան վեպ»: Նույն տարում էլ ընդունվում է Մոսկվայի ռեժիսորների եւ սցենարիստների բարձրագույն դասընթացները: Իր կյանքում սկսվում է Մոսկվայի ժամանակը:

1967 թվականին լույս է տեսնում իր առաջին մոսկովյան գիրքըՙ «Ամառանոցային տեղանք»-ը: Հաջորդ տարին Լենինգրադում տպագրվում է «Ապտեկարսկի կղզին» վիպակը: Այս գիրքն էլ է ընկնում հարվածի տակ, այս անգամ արդեն չեխական դեպքերիՙ «Պրահայի գարնան» հետեւանքով: Դրանից հետո Բիտովի գրականության հանդեպ պետական պաշտոնական վերաբերմունքը միշտ վերապահ է, մերժողական, արգելանքներըՙ պարբերաբար եւ շարունակական: Իր հաջորդ գիրքըՙ «Կյանքի կերպը», տպագրվում է միայն չորս տարի հետո, 1972 թվականին:

1969 թվականին «Դրուժբա նարոդով» («Ժողովուրդների բարեկամություն») ամսագիրը (No 9) տպագրում է Բիտովի լավագույն գործերից մեկըՙ «Հայաստանի դասերը» ընդարձակ խոհագրական էսսեն: Այն արժանանում է ամսագրի տարվա լավագույն գործի մրցանակին: Այս գործը Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին երբեւիցե գրված լավագույն երկերից մեկն է: Իրականում դրանք քիչ են, շատ քիչ: Հետագայում այն բազմիցս տպագրվում է գրողի տարբեր գրքերում եւ ժողովածուներումՙ «Կյանքի կերպը» (1972), «Քայլերդ մի՛ հաշվիր, ճամփորդ» (1974), «Յոթ ճամփորդություն» (1976) եւ այլն: 1978 թվականին այն լույս է տեսնում առանձին գրքով: «Հայաստանի դասերը» գործը տպագրվել է տարբեր երկրներում, տարբեր լեզուներով եւ բազմիցս. այդ հրատարակությունների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Այսպես, գերմաներեն (Բեռլին, 1975, Համբուրգ, 1989), էստոներեն (Տալլին, 1979), լեհերեն (Վարշավա, 1986), անգլերեն (Նյու Յորք, 1992, Լոնդոն, 1992, 1993) եւ այլն, եւ այլն. ցուցակը կարելի է երկար շարունակել: «Հայաստանի դասերը» գրքից «երեք տարի անց» Բիտովը, իբրեւ իր գրքի եզրափակիչ վրձնահարված կամ թե վերջին վերջակետ, գրում է «Հիշողություններ Հաղարծինի մասին» սքանչելի էսսեն (հայերեն տպագրվել է «Գրական թերթ»-ում 1974 թվականի հունիսի 21-ին):

«Հայաստանի դասերը», իհարկե, «Հիշողություններ Հաղարծինի մասին» էսսեի հետ միասին, կարելի է համարել նաեւ ինքնամոտեցման-ինքնաճանաչման-ինքնահայտնագործման էպոս, Հայաստանի միջոցով-Հայաստանի օգնությամբ-Հայաստանի առիթով ընթացք դեպի իր ներսը, իր ներաշխարհի խորքը: Եվ բոլորովին պատահական չէ էսսեի ավարտը:

«Աստվա՛ծ իմ: Ահա՛ նա...

Ո՛չ, ոչ թե տաճարում, այլ ահա այստե՛ղ ես կարող եմ ծնկի գալ: Ես այդ շարժումը չարեցի, ոչ ոքի չցուցադրեցի, բայց, միեւնույն է, այդ պահին ես ծնկաչոք էիՙ վեհացած-հնազանդ, խոնարհ-երախտապարտ:

Բառեր չկային: Կարծես չէին եղել:

Այստեղ պետք էր լեզուն նոր-նոր սովորել, լեզու ծնել, դժվարությամբ իրարից անջատել շրթունքներըՙ այնպիսի անվարան ջանքով, ինչպես որ համարձակվեցի բացել աչքերս, եւ արտասանել առաջին բառը, միակ բառըՙ անվանելու այն, ինչ մենք տեսնւմ ենքՙ աշխարհ: Այնուհետեւՙ հեգելով, վանկ առ վանկ, այբբենարանական մանրաքայլով, էջերի ծայրերից բռնած. ա՛շ-խա՛րհ, սա՛ ա՛շ-խա՛րհ է՛: Նա ամեն ինչ է: Ամբողջն է: Իմ առջեւ ամբողջն է: Աշխարհը ամբողջն է: Իմ առջեւ բացվեց աշխարհը: Ես կանգնեցի շեմին: Քարացա դռան մեջ: Աշխարհի դռան մեջ: Ես կանգնած եմ շեմին: Այս ե՛ս եմ կանգնած: Այս ե՛ս եմ»:

1972-74 թվականներին Բիտովը Համաշխարհային գրականության ինստիտուտի գրականության տեսության ամբիոնի ասպիրանտ է: Ատենախոսություն է գրում «Ձեւի հոգեբանությունը (Վերջին Պուշկինը)» թեմայով: 1982-ին քննարկված աշխատանքը երաշխավորվում է պաշտպանության, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հրաժարվում է պաշտպանությունից:

Մի բան շատ հստակ էՙ եթե Անդրեյ Բիտովը հետեւողականորեն եւ մինչեւ վերջ նվիրվեր գրականագիտությանը, լինելու էր Ռուսաստանի, ինչո՞ւ միայն Ռուսաստանի, ամբողջ Խորհրդային Միության լավագույն գրականագետը: Թեեւ հիմա էլ նա լավագույն գրականագետն է:

1976 թվականին գրողի համար եղել է հաջող տարի. լույս է տեսնում երկու ծավալուն գիրքՙ «Մարդու օրերը» եւ «Յոթ ճանապարհորդություն»: Դրանք ամփոփում էին գրողի այն գործերը, որոնք այդ ժամանակ կարող էին տպագրվել: Տպագրվում է նաեւ մի քանի հատված «Պուշկինյան տուն» մերժված վեպից: Այդ վեպի գրության նախառիթն ու նախահիմքը եղել է Իոսիֆ Բրոդսկու հայտնի դատավարությունը, թեեւ գլխավոր հերոսիՙ Լեւ Օդոեւցեւի կերպարը վստահաբար ինքնակենսագրական գծեր ունի: 1978 թվականին Ամերիկայի ոչ անհայտ «Արդիս» «Էնն Արբոր» հրատարակչությունը տպագրում է «Պուշկինյան տուն» վեպը, եւ հեղինակը իր երկրում մեկընդմիշտ դառնում է անցանկալի անձ:

1977 թվականին վախճանվում է հայրը, եւ ծնվում է որդինՙ Իվանը: Ինքը գրում էՙ «մոսկովյան որդիսՙ Իվանը»:

1979 թվականին Անդրեյ Բիտովը, իբրեւ հիմնադիրներից մեկը եւ իբրեւ հեղինակ, մասնակից դառնում է «Մետրոպոլ» հայտնի ալմանախի հրապարակ գալուն: Դա ընդհատակյա, ինքնահրատ հրատարակություն էր: Գրողը անմիջապես հայտնվում է սեւ ցուցակում, անմիջապես կասեցվում է «Կիրակի օր» ժողովածուի հրատարակությունը եւ էկրաններիցՙ ցուցադրությունից հանվում է իր սցենարով նկարահանված «Միայն հինգշաբթի եւ այլեւս երբեք» ֆիլմը (ռեժիսորՙ Աբրահամ Էֆրոս): Այս շնորհազրկումը շարունակվում է մինչեւ 1986 թվականը:

1986-91 թվականներին տպագրվում են գրողի տասնյակ գրքերըՙ «Գիրք ճամփորդությանց» (1986), «Հոդվածներ վեպից» (1986), «Վիպակներ եւ պատմվածքներ» (1989) եւ այլն, որոնք ամփոփում էին անտիպ գործեր եւ արտասահմանում տպագրված երկերը:

1988 թվականին ծնվում է Գեորգի որդին:

1990 թվականին վախճանվում է մայրը:

1991 թվականին ընտրվում է ռուսական ՊԷՆ-կենտրոնի նախագահ:

Հրատարակում է գրական էսսեների մի քանի ժողովածու եւ վերադառնում է գեղարվեստական ստեղծագործությանը. ժամանակին գրել էր իր «Տապան» («Խենթուխելառները») խորագրով եռագրության առաջին երկու մասը, որոնք հրատարակվել էին իբրեւ ինքնուրույն վիպակներՙ «Թռչուններ» եւ «Մարդը բնանկարի մեջ»: Հիմա գրում եւ ավարտում է եռագրության վերջին մասըՙ «Կապիկների սպասումը»:

Մի շրջանում, թվում է, վրա է հասնում շնորհազրկված գրողի ժամանակը. նա արժանանում է մի շարք պատվավոր մրցանակներիՙ Անդրեյ Բելիի անվան (Պետերբուրգ, 1988), Պուշկինյան (Համբուրգ, 1989), Տարվա լավագույն արտասահմանյան գիրք (Փարիզ, 1992), Ռուսաստանի պետական մրցանակ (Մոսկվա, 1992), Գրքի մեծ սալոնի (Բորդո, 1993) եւ այլն:Ի դեպ, ժամանակին, Լեւոն Հախվերդյանի առաջարկով, մեր մշակույթին մատուցած ծառայությունների համար Անդրեյ Բիտովին շնորհվել է Թեքեյան մշակութային միության մրցանակ:

2000-ական թվականներին շատ բան է փոխվում, փոխվում է նաեւ ինքը: «Լիտերատուրնայա գազետա»-ին տված վերջին հարցազրույցներից մեկը բոլորովին այլ Անդրեյ Բիտով է ներկայացնում: Բայց դա այլ խոսակցության, լուրջ եւ հիմնավոր խոսակցության նյութ է:

Վերջին երկու տասնամյակի իր գրքերը բազմաթիվ են: Դրանց սոսկ թվարկումը արդեն մեզ հեռուն կտանի, բայց ես ուզում եմ դրանցից մեկը առանձնացնելՙ «Ճակատամարտ»-ը (1992, 2009): «Հայրենի գեղեցիկ դպրության վարպետ»-ը, ինչպես մի առիթով նրան կոչում է նույն «Լիտերատուրնայա գազետա»-ն, ի վերջո, հանգում է լեզվի գաղափարինՙ լեզուն ամեն ինչ է, եւ իր գիրքը ճակատամարտ է լեզվի համար: Գրողն ինքը մեծ կարեւորություն էր տալիս իր այս գրքին:

Անդրեյ Բիտովը ամերիկյան մի քանի համալսարանների պրոֆեսոր էր եւ փնտրված դասախոս: Հսկայական է նաեւ իր ընդհանուր գրական աշխատանքըՙ կապված Օսիպ Մանդելշտամի, Միխայիլ Զոշչենկոյի, Բորիս Պիլնյակի եւ այլ անիրավված հեղինակների գրական ժառանգության, նշանավոր ամսագրերի, ալմանախների եւ այլ ժողովածուների հրատարակության հետ:

Անդրեյ Բիտովի ողջ ստեղծագործությունը ներթափանցված է ռուսական ընտիր գրականության ոգով եւ իր տեսակով այն Գոգոլից մինչեւ Անդրեյ Բելի ձգվող գրական ուղու ինքնատիպ շարունակությունն է: Իր գրականությանը բնորոշ են ճշգրիտ եւ վավերական տեսողականությունը, վերլուծական սուր եւ թափանցող ոգին, մարդկային հոգեբանության թաքուն շերտերի բացահայտումները, «քառաչափ կայսրության» ու իր բնակիչների հոգեկան պատկերի ու նկարագրի, հանրային ու սոցիալական վիճակների գեղարվեստորեն տաղանդավոր արձանագրումը:

Բիտովի գրականությունը քսաներորդ դարի վերջին տասնամյակների եւ քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակների մշակույթի ուշագրավ երեւույթներից մեկն է, որ վաղուց արդեն գտնվում է եվրոպական ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Այսպես, Անդրեյ Բիտովի ստեղծագործությունների թարգմանիչների առաջին միջազգային սիմպոզիումը կայացել է դեռեւս 1993 թվականին Բեռլինում: Դրան հաջորդել են նման քանի գիտաժողով ու սիմպոզիում, տարբեր լեզուներով գրվել են ծավալուն մենագրություններ, հարյուրավոր հոդվածներ եւ ուսումնասիրություններ:

Մեր գրականությունն ու մշակույթը պարտք ունի Անդրեյ Բիտովի հանդեպ: Նա պետք է Հայաստանում լինի մշտամնա ներկայություն, նա՛, մեծատաղանդ գրողը, մեր ժողովրդի սակավաթիվ իսկական նվիրյալներից ու բարեկամներից թերեւս վերջինը:

Մենք այս մասին պետք է մտածենք եւ մտածենք լրջորեն:

Ուրեմնՙ իր մասին ամեն մի խոսք,- ինչպես եւ այս պարզ ու կարճառոտ խոսքը,- պետք է համարել ոչ թե ի հիշատակ, այլ ի պատիվ Անդրեյ Բիտովի:

Նկար 1. Անդրեյ Բիտովը Ուրծաձորում: 1985թ. մայիսի 19: Լուսանկարը` Պողոս Պողոսյանի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ