ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Ա. Բ. Մոսկվայի մշակույթի տան կազմակերպած միջազգային պոեզիայի մրցույթում, որին մասնակցել են հեղինակներ 15 երկրներից, «Օտարալեզու բանաստեղծություն» անվանակարգում առաջին տեղը գրավել է երեւանաբնակ երիտասարդ բանաստեղծ եւ երգահան Վարդան Սմբատյանը : Այս մրցույթում առաջին անգամ է հայ հեղինակ հաղթում: Մրցույթին ներկայացվել է նրա չորս բանաստեղությունըՙ երեւանցի թարգմանչուհի Մարգարետ Ասլանյանի թարգմանությամբ: Այս մրցանակը հնարավորություն կտա հեղինակին հրատարակել բանաստեղծությունների ժողովածու, ինչպես նաեւ իր գործերի թարգմանություններով հանդես գալ ռուսալեզու գրական անթոլոգիաներում եւ գրական մամուլում: Վարդան Սմբատյանը երեսուն տարեկան է, մինչ այժմ հրատարակել է բանաստեղծությունների մեկ ժողովածուՙ «Չարվեստ կամ բանաստեղծումներ» (2016), որն ինտերակտիվ պոեզիայի առաջին նմուշն է հայ գրականության մեջ: |