ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՔՆՔՇԱՆՔԸ» «ՊԱՅԹԵՑՐԵԼ Է» ՀԱՄԱՑԱՆՑԸ Ա. Բ. Մոսկվաբնակ կինոբեմադրիչ եւ արտադրիչ Աննա Մելիքյանը (ծնվել է 1976-ին, Բաքվում, մեծացել Երեւանում), որ ռուսական կինոյում անուն է հանել հատկապես իր «Ջրահարսը», «Աստղը» եւ «Սիրո մասին» լիամետրաժ շարժապատկերներով, վերջերս Համացանցում տեղադրած իր նոր կարճամետրաժ ֆիլմով դարձյալ իր վրա է բեւեռել կինոքննադատների եւ կինոսեր հանրության ուշադրությունը: Քսան րոպեանոց ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, կոչվում է «Քնքշություն»: Գլխավոր դերերը կատարել են ռուսական թատրոնում եւ կինոյում բազմաթիվ դերակատարումներով հանդես եկած ճանաչված դերասաններ Վիկտորյա Իսակովան եւ Եվգենի Ցիգանկովը: Արտակադրային տեքստը կարդում է հայտնի դերասան-բեմադրիչ Կոնստանտին Խաբենսկին: Ֆիլմի 38-ամյա հերոսուհին ընկերուհու հետ գրազ է գալիս, որ 24 ժամում կարող է գտնել սեքսուալ զուգընկերոջ, մինչդեռ գտնում է իսկական սեր: Աննա Մելիքյանը ֆիլմը նկարահանել է Պետերբուրգում, այֆոնով, ընդամենը երկու օրում, սցենարը գրել է Ալեքսանդր Ցիպկինի հետ համատեղ: Կինոնկարը ներկայացվել է «Action!» բարեգործական երեկոյի ժամանակ, որի ընթացքում այն հավաքել է 13 միլիոն ռուբլի: Հավաքված գումարը փոխանցվել է Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամին, որը 2008 թվականից օժանդակում է քաղցկեղով եւ գլխուղեղով հիվանդ երեխաների բուժման գործին: |