ՍՈՊՐԱՆՈ ԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՈՒ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔՈ www.godirect-am, Իսպաներենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ Բ. ԳՐԻՆՈՆ, Ֆրանսիա Անցյալ տարի Երեւանում հանդես եկած միջազգային բեմերի հայ սոպրանո, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի, ծնունդով հայաստանցի փարիզաբնակ Լիանա Հարությունյանը անցած ամիս մեծ հաջողություն է ունեցել Բարսելոնայի «Գրան Տեատրո դե Լիսեո» օպերային թատրոնում ներկայացված Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» ներկայացման մեջ (բեմադրիչներՙ Մոշե Լեյսեր, Պատրիս Կորիե): Չիո Չիո Սանի դերի համար Լիանա Հարությունյանն արժանացել է իսպանացի քննադատների բազմաթիվ գովասանքներին, որոնցից մի փունջ ներկայացնում ենք ստորեւ: «Լիանա Հարությունյանն օժտված է բարձր գնահատվող մի որակով: Իր լիրիկական սոպրանո ձայնից բացի, որն անցյալ գիշեր «Տեատրոյում» այնքան թունդ էր, թավշյա ու սահուն, նա օժտված է մի հատկությամբ, որը միշտ չես գտնում Մադամ Բաթերֆլային կերպավորող կատարողների մոտՙ նվազագույնին հասնելու ունակությունը, լիրիկայով լի այս կերպարում բազմաթիվ ու շատ բուռն զգացմունքներն այնպես ցույց տալը, որ ժեստերը չոչնչացնեն կերպարը... Չիո Չիո Սանի առաջին իսկ արիայիցՙ «Un vel di vedremo»-ից, որտեղ նա երջանիկ նկարագրում է իր օրերըՙ սպասելով Պինկերտոնին եւ նայելով ամեն հեռացող նավի ետեւից, պայթում են հանդիսատեսի առաջին օվացիաները» ( Մարիսել Շավարիա, «Լա Վանգարդիա» ): «Լիանա Հարությունյանը կարողացավ կերտել գրեթե կատարյալ Բաթերֆլայ ինչպես ձայնով, այնպես էլ բեմականությամբ» ( Պաբլո Մելենդես-Հադադ, «Էլ Պերիոդիկո» ): «Այս ներկայացումը պահանջում է տրվել ամբողջությամբ, դատարկվել ներսից եւ մեծապես նպաստավոր է այնպիսի երգչուհիների համար, ինչպիսին է Լիանա Հարությունյանը, որն առաջին անգամ հանդես եկավ «Լիսեոյում» եւ որը հիասքանչ է թե՛ որպես երգչուհի, թե՛ դերասանուհի: Հայուհի սոպրանոն, որը բարձր գնահատանքներ էր ստացել Միացյալ Նահագներում հենց Բաթերֆլայի դերի համար եւ որը սկսում է համարվել ժամանակի ամենալիարժեք դրամատիկ ձայներից մեկըՙ Վերդիի եւ Պուչինիի համար, կարծես ծնված է Նագասակիի գեյշայի դերակատարման համար: Նա երգում է առանց պաճուճանքների, հստակ ու հաստատուն ձայնով, եւ այն ճշմարտահունչ է, քանզի չի չափազանցնում ողբերգականը: Մտնելով իր դերի մեջՙ նա իր Չիո Չիո Սանին ներկայացնում է որպես ստոիկ մի կինՙ վճռական ու հույսերով լի եւ ոչ որպես զայրացնող գանգատավորի: Նա կատարեց «Un vel di vedremo» աստեղային արիան վստահ, առանց որեւէ զարդարանքների գայթակղության եւ օվացիայի հույսեր ներշնչեց ոչ միայն այս երեք րոպեների, այլ իր դերի ողջ հասունացման ընթացքում, որը կատարյալ էր դառնում րոպե առ րոպե: Ընդհանուր առմամբ, նրա Բաթերֆլայը համոզիչ է, կայացած թե՛ մարմնով, թե՛ ձայնով, ասել կուզիՙ այն հասնում է գերազանցության» ( Խավիեր Բլանքես, «Էլ Մունդո» ): «Հարությունյանն իր ձեռքն էր վերցրել դրամայի սանձերն իր գեղեցիկ, լիարժեք, հնչերանգներով հարուստ եւ բարձր նոտաներում հաստատուն ձայնով: Չիո Չիո Սանի նրա զգայական ու անկեղծ կատարումը հաղորդում է դժբախտ գեյշայի տագնապները, տառապանքն ու վսեմությունըՙ իր դերասանական մեծ ներկայությամբ ու անսահման արտահայտչականությամբ: Ցնցող ֆինալը, որը նաեւ լավագույն տեսարանն էր, անմոռանալի էր» ( Խավիեր Պերես, «Էլ Պաիս» ): «Նմանՙ գրեթե մեկ կերպարով օպերայում, կատարողը պետք է լինի այնպիսի մակարդակի, որպեսզի գործը հաջողվի իր ամբողջության մեջ: Եվ դա այդպես էր Լիանա Հարությունյանի Բաթերֆլայի դեպքում: Հայուհի սոպրանոն «Լիսեոյում» ելույթ ունեցավ գերազանց կատարումովՙ երանգված ու ներապրած, միջին հնչյուններումՙ լիարժեք եւ բարձր ռեգիստրներումՙ վստահ երգեցողությամբ, գեղեցիկ գունավորմամբ, ականջին հաճելի. ինչը եւ աճում էր ողբերգությանը զուգընթաց» ( Խերարդ Գուեռա Ռիվո , elnacional.cat): «Հայուհի սոպրանոն ցուցաբերեց գեղեցիկ ու ջերմ տեմբրով ձայն, որը Չիո Չիո Սանի անկեղծությունն արտահայտելու պատեհ միջոցն էր, հատկապես առաջին արարումՙ հորդ պոռթկումով բուռն դուետում գրեթե անէացնելով Խորխե դե Լեոնի Պինկերտոնին, ինչը որոշիչ էր երկրորդ եւ երրորդՙ առավել դրամատիկ բնույթի արարներում անհրաժեշտ խորությունը տալու համար: Հարությունյանը կյանքի կոչեց Չիո Չիո Սանի բոլոր կողմերը միշտ առանձնահատուկ երգեցողությամբ, ֆրազայի մաքուր գծով, լի զգայականությամբՙ Պինկերտոնի հետ դուետում, սակայն նաեւՙ լի պաթոսով, ինչպես Շարպլեսի կարդացած Պինկերտոնի ստորացուցիչ նամակը լսելուց հետո («Due cose potrei far: tornar a divertir la gente col cantar... oppur... meglio, morire») կամ մոլեգնությամբ, որ հաջորդում է հուսահատության պոռթկումին («Ah! m"ha scordata?»): «Un vel di vedremo»-ի կատարումից հետո հայուհի սոպրանոն ողջ թատրոնն ալեկոծվեց, ինչպես եւ սպասվում էր, չնայած որ սրանք լոկ հրաշալի կատարման մասնիկներ էինՙ ամրապնդված բեմական համարժեք աշխատանքով» ( Խավիեր Բորխա Բուկար, «Կոդալարիո» ): «Հայուհի Լիանա Հարությունյանը Բարսելոնայի թատրոնում Բաթերֆլայի կերպարում հաստատագրեց անմոռանալի մի դեբյուտՙ ներկայացումից հետո էլ արցունքն աչքերին բեմ դուրս գալովՙ ծափահարությունների ներքո: Դա կատարյալ ամփոփումն էր այն բանի, ինչ տեղի ունեցավ շաբաթ երեկոյան այս օպերայի գլուխգործոցի առաջնախաղին: Հարութունյանը ցուցաբերեց կերպարի խորին ըմբռնումՙ տիրապետելով թե՛ ձայնին, թե՛ բեմական կատարմանըՙ նրբագեղ ու ճշգրիտ շարժումներով: ...Անհնար է բեմ ելնելՙ մարմնավորելու մի կերպար, եթե չես խորանում բոլոր այս նրբությունների մեջ, ինչին հայուհին տիրապետում է գերազանց» ( Պեպ Գորգորի , «Abc»): |