ՀԱՅ ՈՐԲԵՐԻ «ՀԱՅՐԻԿԸ»ՙ ՌՈՒԲԵՆ ՀԵՐՅԱՆ Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator) Ալտադենայի Պեշկյոթյուրյան կենտրոնում Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսյան մասնաճյուղը փետրվարի 17-ին վերոնշյալ խորագրի ներքո հատուկ ծրագիր է պատրաստել, որի ընթացքում ելույթ է ունենալու Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի գործադիր տնօրեն եւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ, բոստոնաբնակ Արամ Արքունը : Նկարների ցուցադրմամբ նա լուսաբանելու է Հերյանի հերոսական ջանքեր պահանջող կյանքը: Ռուբեն Հերյանը ծնվել է Թոքաթում (Եվդոկիա) 1868-72 ընկած ժամանակահատվածում: Տեղի հայկական վարժարանը ավարտելուց հետո Կոնստանդնուպոլսում զբաղվել է առեւտրական գործունեությամբ: Մ. Նահանգներ է տեղափոխվել 1895-ինՙ փախչելով Սուլթան Աբդուլ Համիդի իշխանության բռնություններից: Նախ Բոստոնում, հետո Նյու Յորքում նա դարձել է հաջողակ գործարար, միաժամանակ ակտիվ մասնակցություն ունենալով հայկական քաղաքական կյանքում: 1916-ին պատերազմական գաղտնի առաքելություն է կատարել բրիտանական կառավարության օգտին: Կազմակերպել է 1200 ամերիկահայերի տեղափոխումը, որոնք միանալով Հայկական լեգեոնին Արարայի (Պաղեստին) ճակատամարտում ջախջախիչ հաղթանակ տարան թուրք-գերմանական զորքերի դեմ կռվելով 1918-ի սեպտեմբերին: Այնուհետեւ Եգիպտոսում նա լեգեոնականներին հատկացված հիվանդանոցի տնօրեն է նշանակվել: Կարեւոր դեր է խաղացել Կիլիկյան Տյորթ Յոլ քաղաքի պաշտպանության հարցում: Որպես ՀԲԸՄ-ի ներկայացուցիչ մասնակցել է հատկապես առեւանգված հայ կանանց եւ երեխաներիՙ բեդվինների, թուրքերի եւ քուրդերի ընտանիքներից փրկելու աշխատանքներին հնարամտորեն գործի դնելով երբեմն իր լեզվական գիտելիքները, երբեմն էլ փողը կամ սպառնալիքը: Դիմագրավելով բազմաթիվ դժվարություններ նա կարողացել է իրականացնել իր առաքելությունը Հալեպի, Դեր-Զորի եւ Մոսուլի շրջաններում փրկելով բազմաթիվ կանանց եւ երեխաների: Դժբախտաբար, վաղաժամ մահը 1921 թվականին (Եգիպտոսում) վերջակետ է դրել իր արգասավոր գործունեությանը: |