ԷԼԻԶԱԲԵԹ ՌՈՄՀԻԼԴ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԳՈՒՅՆԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ ԻՄ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հարցազրույց թաիլանդաբնակ դանիահայ նկարչուհու հետ Նկարիչ-քանդակագործուհի Էլիզաբեթ Ռոմհիլդին ճանաչում եմ 2003 թվականից, երբ նա առաջին անգամ մոր եւ եղբոր հետ այցելել էր Հայաստան: Այդ թվականից հետեւում եմ ուրույն ոճ ունեցող այդ տաղանդավոր արվեստագետի գործունեությանըՙ շարունակելով բարեկամությունս այդ ջերմ, կենսախինդ, հմայիչ տիկնոջ հետ: Ի դեպ, նա շատ կարեւոր ներդրում է կատարել իմ կյանքումՙ հովանավորելով «Հայերը համաշխարհային կինոյում» իմ ծավալուն ուսումնասիրության հրատարակությունը: Այդ աշխատոււթյունը ընծայված է նրան: Էլիզաբեթ Ռոմհիլդը (ծնյալ Դավիդյան) երեսուն տարուց ավելի է, ինչ ապրում եւ ստեղծագործում է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Սկսել է իրատեսական դիմապատկերներից, ապա անցել է ծովանկարների եւ բնապատկերների, կանանց ֆիգուրների ու կենդանիների պատկերներիՙ նկարչության եւ արձանագործության մեջ: Նրա ստեղծագործությունները գտնվում են մասնավոր հավաքածուներում աշխարհի մի շարք երկրներում (Դանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Իտալիա, Թաիլանդ, Ինդոնեզիա, Սինգապուր, Հոնկոնգ, Ավստրալիա, ԱՄՆ, Հայաստան): Ըստ նկարչուհու պաշտոնական կայքէջի` «Ռոմհիլդի արվեստն անցել է բազմաթիվ փուլերով` ինքնակազմակերպման եւ բացահայտման շարունակական ճանապարհի վրա: Կանանց պատկերումներում նրա արվեստն աստիճանաբար դարձավ ավելի համարձակ եւ ավելի պարզեցվածՙ թե՛ նկարչության երկչափ եւ թե՛ բրոնզե քանդակների եռաչափ ձեւերով: Իր երկարատեւ գեղարվեստական գործունեության ընթացքում Ռոմհիլդը շարունակում է չենթարկվել իր սահմաններինՙ ընդլայնելով իր աշխատանքի ծավալը, որն արտացոլում է ինքնաբացահայտման նրա ավելի խորը որոնումը»: Իմ զրույցն Էլիզաբեթի հետ մի փորձ էՙ տալու նրա ստեղծագործական եւ մարդկային դիմանկարը...
- Սիրելի՛ Էլիզաբեթ, երկար ժամանակ է, ինչ բնակվում ես Թաիլանդում: Քո նկարներն ու քանդակները չափազանց գունագեղ ու էկզոտիկ են: Սա քո բնակության երկրի ազդեցությո՞ւնն է: - Կարծում եմ, որ իմ շրջապատն ազդում է իմ արվեստի ու ոճի վրա: Բայց ես նաեւ զգում եմ, որ իմ գործածած գույնի ընտրությունն ավելի կապ ունի զգացմունքների կամ տեմպերամենտի հետ, որն էլ ստեղծագործությանը որոշակի նկարագիր է հաղորդում: - Մի շրջան դու հիմնականում նկարում էիր կանանց: Վերջերս քո կտավներում հաճախ ենք տեսնում կենդանիներ: Ի՞նչն է ավելի շատ գրավում քեզ նկարելու եւ քանդակելու համար: - Մի քանի տարի առաջ ես հիացել եմ աֆրիկյան սավաննայի վայրի կյանքովՙ հետազոտելով կենդանական աշխարհի կերպարներին, ինչպես անում էի մարդկանց հետ: Հետագա հետազոտումներս վերաբերում էին ավելի անմշակ եւ մութ կողմինՙ ոգեշնչված աֆրիկյան դիմակներով եւ մարտիկների դեմքերով: - Դու մաս կազմո՞ւմ ես թաիլանդական նկարչական համայնքի: - Ես ունեմ մի քանի թաիլանդցի նկարիչ ընկերներ, բայց ես չեմ պատկանում այստեղի արվեստագետների համայնքին: Թաիլանդցի արվեստագետները հակված են իրենց արվեստի ոճով լինել քաղաքականացված կամ ավանդական: Ամեն դեպքում, ես նախընտրում եմ լինել անկախ արվեստագետ: - Ինչպե՞ս կարող ենք սահմանել քեզՙ Թաիլանդում բնակվող հայ-դանիական ծագումով նկարի՞չ: - Այո, ես միշտ ինձ անվանում եմ Բանգկոկում ապրող դանիահայ նկարիչ: - Պատմի՛ր խնդրեմ նախնիներիդ մասինՙ հայ եւ դանիացի: - Հայրսՙ Զավեն Դավիդյանը, Սպահանից էՙ Նոր Ջուղայից: Նա մորս հանդիպել է Դանիայում, երբ աշխատում էր տրանս-իրանյան երկաթգիծը կառուցող «Կամպսաքս» ճարտարագիտական ընկերությունում` նախագծելով կարեւոր կամուրջներ: Դանիուհի մայրսՙ Գերդա Դավիդյանը (Էրիցոե), ամուսնությունից հետո տեղափոխվել է Իրան եւ լիովին ինտեգրվել է հայ ընտանիքին ու մշակույթին, եւ խոսում է ինչպես պարսկերեն, այնպես էլ հայերեն: - Քո մանկությունը մասամբ անցել է Իրանում, հայկական միջավայրում: Ի՞նչ է տվել դա քեզ: - Ես ծնվել եմ Դանիայում, բայց իմ մանկության տարիներն անցել են Թեհրանում, իմ հայ ընտանիքի հետ: Հաճախում էի երկուՙ հայկական եւ պարսկական դպրոցներ, նախքան արտերկրում սովորելը: 1978-ին Թեհրանում հանդիպեցի դանիա-նորվեգական ծագումով ամուսնուսՙ Փիթեր Էմիլ Ռոմհիլդին, որը 1979-ին հեղափոխությունից առաջ աշխատում էր դանիական ընկերությունում: Թե՛ հայկական, թե՛ պարսկական մշակույթները շատ հարուստ են, եւ դրանք անգիտակցաբար իմ ստեղծագործության ուժեղ մասն են կազմում: - Իսկ ինչո՞վ են զբաղվում զավակներդ: - Փիթերը եւ ես երկու զավակ ունենք: Մեր դուստր Վենյան ծնվել է 1990 թ. Բանգկոկում, ապրում է Կոպենհագենում: Նա արվեստագետի հոգով դիմահարդար-նկարիչ եւ կոսմետոլոգ է, սովորել է դանիական հայտնի դիզայներական համալսարանում: Մեր որդի Հենրիկը նույնպես ծնվել է Բանգկոկում, 1992-ին, եւ կրում է եղբորսՙ Հենրիկ Դավիդյանի անունը: Նա սովորել է Նյու Յորքի «Փարսոնս» դիզայնի դպրոցում, վերջերս ամուսնացել է ամերիկյան մեքսիկուհի Ադրիանայի հետ, այժմ բնակվում են Բանգկոկում: - Կապ ունե՞ս Թաիլանդի հայերի հետ: - Այո, Բանգկոկում փոքր հայ համայնք կա, հիմնականում Լիբանանից կամ Սիրիայից եկածներ, որոնց հանդիպում ենք տարբեր միջոցառումներում, ոմանք էլ մտերիմ ընկերներ են: - Դու հավատո՞ւմ ես «արվեստի մեջ ազգայինին»: Հնարավո՞ր է քո գործերում նկատել որոշ հայկական կամ դանիական մոտիվներ: Եթե այո, ինչպե՞ս: - Կարծում եմՙ ենթագիտակցորեն իմ «ազգային» ստորագրությունն առկա է իմ գույներում: Առանց հատուկ միտումիՙ հայկական դրոշի գույները տեսանելի են իմ գունառատ գեղանկարներում... 90-ականների սկզբին ինձ ոգեշնչում էր կապույտը, այն պահից, երբ տեսա վառ գույնով նարինջներ մուգ կապույտ ապակե սկահակի մեջ եւ սկսեցի իմ «Կինը եւ նարինջը» նկարաշարը եւ, իհարկե, ալ կարմիրը, որը նույնպես դրոշի գույնն է.... Կարծում եմ, որ պարսկական մանրանկարչությունը նույնպես տեսանելի է իմ կանանց պատկերներումՙ իրենց մեծ աչքերով, իրենց չպատմված պատմություններով: - Ունե՞ս հատուկ հայկական ոգեշնչումներՙ երաժշտություն, գրականություն եւ այլն: - Երաժշտությունը միշտ շատ է ոգեշնչում: Ես սիրում եմ դասական եւ երբեմն մելամաղձոտ տոներըՙ հասնելու համար արվեստի մեջ իմ ամենից խորքերին: Չունեմ ինձ ոգեշնչող կոնկրետ հայկական երաժշտություն, բայց հայկական ազգային դուդուկը (մասնավորապեսՙ Ջիվան Գասպարյանի կատարմամբ) ներկայումս օգտագործվում է բազմաթիվ այլ կոմպոզիտորների եւ երաժիշտների կողմից, նաեւՙ ֆիլմերում: Սիրում եմ էկլեկտրիկ երաժշտություն... Շատ եմ սիրում նաեւ Արմեն Չաքմաքյանի կենսախինդ «Ջիփսի րեյնի» ռիթմը, որտեղ զգում եմ իմ ձեւավորումներում առկա դաշնամուրային ստեղնաշարերի արտասովոր համատեղ պարը: - Որո՞նք են քո լավագույն տպավորությունները Հայաստանից: - Իհարկե, շատ ուրախություններ եմ ապրելՙ այցելելով հարուստ մշակույթ ունեցող գեղեցիկ Հայաստան: Բայց ամենից շատՙ այն զգացմունքը, որ լինում ես մի այնպիսի վայրում, որտեղ նախկինում երբեք չես եղել եւ որտեղ ամեն ինչ հայկական է, նույնիսկ ինքնաթիռի անվտանգության ամրագոտու վրայի գրությունը: Եվ ես կարողանում էի կարդալ ու հասկանալ: - Հայաստանում եղել ես երկու անգամ` 2003 եւ 2004 թվականներին: Հայաստանի ընկերներդ, այդ թվում եւ ես, ցանկանում են նախնիներիդ երկրում կազմակերպել քո անհատական ցուցահանդեսը, բայց սա կարծես թե բավականին բարդ ծրագիր է ... - Իհարկե, ես միայն շատ ուրախ կլինեմ, որ իմ աշխատանքները ցուցադրվեն Հայաստանում, բայց ցավոք, երկու կողմի համար էլ կազմակերպչականը կարծես թե հիմնական խնդիրն է.... նաեւՙ շատ թանկ: - Հուսանք, որ մի օր կհայտնվեն արվեստը եւ Հայաստան-Սփյուռք կապերը գնահատող հովանավորներ: Իսկ ի՞նչն է հիմա՛ քեզ ամենից շատ ոգեշնչում կերպարվեստում: - Արվեստում իմ ներաշխարհը հետազոտելուց հետո վերադարձել եմ իմ արտասովոր կանանց կերպարներինՙ օպերային հագուստներով եւ թատերական բեմադրությունների մեջ, ինչը շատ բնական է ինձ համար... |