ՄԻՇԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՌՏՈՒԹՅՈՒՆԸ` ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU INSIDER, vol. 9, Dec. 2018) Շարունակելով AGBU Insider հանդեսի երաժշտական արվեստին նվիրված հատուկ համարից ներկայացնել ՀԲԸՄ-ի հովանավորությամբ համաշխարհային բարձունքների հասած հայազգի մեր արվեստագետներին, այս անգամ Ավստրալիայից Ֆրանսիա տեղափոխվելով թարգմանաբար ներկայացնում ենք Միշել Պետրոսյանին նվիրված հոդվածը: Պատկերացրեք, որ գտնվում եք Փարիզի հռչակավոր համերգադահլիճներից մեկում եւ լսում եք ժամանակակից դասական երաժշտություն, չիմանալով ինչ ակնկալել: Երաժշտական գործիքները ձեզ ծանոթ են, բայց հնչած մեղեդին ձեր նախասիրած ոչ Բախի, ոչ էլ Մոցարտի ստեղծագործություններից է: Այդուհանդերձ, թեեւ անհասկանալի, բայց զգում եք, որ ձայնանիշների, ռիթմերի եւ ակորդների դասավորության մեջ կա ինչ-որ խորը իմաստ: Համերգի վերջում հանդիսատեսի հետ դուք էլ հոտնկայս ծափահարում եք եւ հեռանում դահլիճից մի փոքր շփոթված, թե արդյոք մի բա՞ն եք բաց թողել: Նման իրավիճակ չստեղծելու գլխավոր պատասխանատուն երաժիշտն է, Միշել Պետրոսյանի նման դասական երաժշտությունը ժամանակակից հանդիսատեսին մատչելի ու պատշաճ ձեւով ներկայացնելու կարողություն ու տաղանդ ունեցող կոմպոզիտորը, որն ավարտել է Փարիզի հեղինակավոր երաժշտանոցը (Conservatoire de Paris): «Դա մեծագույն մարտահրավերն է: Կար ժամանակ, երբ երգահանը չէր մտահոգվում, թե ինչպես է ունկնդիրը ընկալելու իր ստեղծագործությունը: Կոմպոզիտորները գրում էին մեկը մյուսի կամ քննադատների համար, անտեսելով նրանցից դուրս գոյություն ունեցող հանրությանը: Իմ կարծիքով ունկնդիրը չպետք է կտրված լինի երաժշտությունից: Երաժշտությունը այն բնագավառն է, որտեղ կարելի է շոշափել ամենատարբեր սոցիալական հարցեր, բայց դա պետք է գրված լինի մատչելի ու հասկանալի ձեւով», բացատրում է Միշելը: Բեթհովենին, Բրամսին եւ մյուս հանճարեղ կոմպոզիտորներին հարգանքի պատշաճ տուրքը մատուցելով հանդերձ, Պետրոսյանը հավատացած է, որ նրանցՙ անցյալի այդ մեծերի ստեղծագործությունները ամբողջովին չեն արտացոլում ներկա ունկնդիրին մտահոգող հարցերը: Արդի հասարակության բազմամշակութային բնույթը, մարդկանց մենակության զգացմունքները եւ անհատի կարգավիճակի փոփոխությունը նոր մոտեցումներ որոնելու հնարավորություն է տալիս կոմպոզիտորներին, եւ առհասարակ մշակույթի ոլորտի աշխատակիցներին, որպեսզի գտնեն հանդիսատեսին եւ ունկնդիրին առավել հասկանալի դառնալու «լեզուն»: «Ապրում ենք չափազանց մասնագիտացված մի աշխարհում, որտեղ շատ հեշտությամբ կարող ենք անտեսել ընդհանուր պատկերը: Իմ կարծիքով արվեստագետի պարտականությունն է իրար կապել մեր բարդ, բազմաշերտ կյանքի տարբեր ոլորտները եւ դրանով մարդկանց մեջ արթնացրել նոր հույսեր ու հույզեր, խուսափելու համար հուսահատական պահերից», նշում է Միշելը: Համամարդկային թեմաներից մեկը, որին Պետրոսյանը սիրով անդրադառնում է իր ստեղծագործություններումՙ մարդ անհատի բազմաբնույթ ինքնությունն է: Հայաստանում ծնված, բայց Ֆրանսիայում կրթություն ստացած արվեստագետը հետաքրքրված է իր նման մարդկանց բազմաշերտ ինքնություններով եւ այդ թեման նա շոշափել է օրինակ «Կրակոտ բոց, բոցավառ կրակ» ստեղծագործությունում, որի առաջնաելույթը տեղի է ունեցել Լոս Անջելեսում 2017 թվին: Համերգից առաջ նա երկու խոսքով ներկայացրել է ունկդիրներին, թե ինչ երաժշտություն են նրանք լսելու: «Ես ասացի, որ նպատակադրվել եմ երաժշտության միջոցով ցույց տալ այդ բազմաբնույթ ինքնությունների անցողիկությունն ու փոփոխականությունը: Ստեղծագործությունից փորձնական մի հատված ներկայացնելուց եւ դրանում պարփակված իմաստը բացատրելուց հետո ունկնդիրը հեշտությամբ կարողացավ հետեւել ամբողջ գործին: Այլապես նա իրեն օտարացած էր զգալու ամբողջ ստեղծագործության ընթացքում, ինչպես ես եմ զգացել ժամանակակից նկարչական մի կտավ դիտելիս, երբ չեմ հասկացել, թե ինչ է թաքնված նրա ետեւում»: Բնական հակվածություն ցուցաբերելով հիբրիդային ինքնությունների հանդեպ, Պետրոսյանը բնականաբար դիմում է այնպիսի կոմպոզիտորների, որոնց ստեղծագործությունները մշակութային տարբեր ազդեցությունների յուրահատուկ խառնուրդ են ներկայացնում: Մասնավորապես նա հիշատակում է ավստրիացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Գուստավ Մալերին եւ ճապոնացի կոմպոզիտոր Տորու Տակեմիձուին, որոնց հորինած ստեղծագործություններում զգացվում ենՙ առաջինի դեպքում իր հրեական ժառանգության, իսկ երկրորդի պարագայումՙ ֆրանսիական իմպրեսիոնիստական երաժշտության ազդեցությունները: «Այդ ազդեցությունների շնորհիվ է, որ նրանց երաժշտությունը առանձնանում է իրենց ժամանակակիցների ստեղծագործություններից: Մալերի համար որոշակի դրամատիզմը, իսկ Տակեմիձուի համարՙ հեռավոր արեւելքին բնորոշ ժամանակի հասկացությունից շեղվածությունը: Նրանց երկերը մշակութային միաձուլման տիպական օրինակներ են եւ ներկայացնում են աշխարհի բարդությունը ինչպես անցյալում, այնպես էլ ներկայիս»: Պետրոսյանի համոզմամբ 21-րդ դարի ժամանակակից դասական երաժշտությունը առավել եւս ընդգծելու է այդ միաձուլումը: Իր վերջին շրջանի ստեղծագործություններում նա հենվում է, որպես ներշնչման աղբյուրի, իր հայկական ժառանգության վրա, բայց ներառում է դրանում Արեւմուտքում ձեռք բերած դասական արվեստի իր գիտելիքները: Փարիզում մարդկային եւ կենդանական լեզուների հարաբերությունների վերաբերյալ մի ցուցահանդեսում գտնվելուց հետո, Պետրոսյանն իր համար հայտնաբերել է 9-րդ դարի Ստեփանոս Տաթեւացի վանականին, որ հետապնդել է միեւնույն նպատակըՙ թռչունների ձայները միահյուսել պատարագի կամ ընդհանրապես եկեղեցական ծիսակատարությունների երաժշտությանը: Այստեղից էլ մտահղացել է մեծակտավ մի օրատորիա գրել համագործակցելով ֆրանսիացի ճանաչված գրող Լորան Գոդեյի հետ: «Ստեղծագործությունը գրելիս հարյուրավոր ժամեր տրամադրեցի լսելու համար բնության եւ հատկապես թռչունների ձայները: Արդյունքում ստեղծվեց «Արշակի երգը» օրատորիան, որը կատարվեց Հայաստանում, Տաթեւի վանքում, որտեղ ժամանակին ապրել էր Ստեփանոսը: Օրատորիան միավորեց երկու մանկական երգչախմբեր (մեկը հայկական, մյուսըՙ ֆրանսիական). համերգը Ֆրանսիայի ռադիոյով հեռասփռվեց 2018-ի նոյեմբերին: Արմատների կանչը Պետրոսյանին մղեց նաեւ գրելու մի յուրահատուկ ստեղծագործություն Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ Ֆրանսիայի ՀԲԸՄ-ի կազմակերպած հանդիսավոր համերգի համար, որը կրում էր «Հիշողության 100 տարիներ» անվանումը: Հայկական համաշխարհային նվագախմբի կատարմամբ հնչած «Ciel a` vif» երաժշտական երկը, որը եզակի համադրությամբ իրար էր միահյուսել հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, եբրայերեն եւ լատիներեն կրոնական եւ աշխարհիկ տեքստեր, հիմնականում Հայոց ցեղասպանության ժամանակ Աստծո բացակայության մասին է: «Ես երախտապարտ եմ, որ ՀԲԸՄ-ն ինձ առիթ ընձեռեց ներկայացնելու ժամանակակից դասական երաժշտության իմ այս երկը, որը լի է կենսունակությամբ», այդ առթիվ նշել է Պետրոսյանը, որի համոզմամբ մոտ երկու հազար ունկնդիրներից շատերի համար այդ ժանրը նորություն էր: Հարյուրամյակի այդ համերգի հաջողությունը պատճառ դարձավ, որ Ֆրանսիայում հիմնվի ՀԲԸՄ-ի կատարողական արվեստի բաժանմունք (PAD), որն արդեն հզոր մղիչ ուժ է դարձել հատկապես կոմպոզիտորների համար: Վերջին տարիներին Պետրոսյանը դարձել է ՀԲԸՄ-ի Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորային երկամյա մրցույթի ժյուրիի անդամներից մեկը: Մրցույթի նպատակն է հայկական ավանդական երաժշտությունը միջազգային լայն հասարակությանը ներկայացնել ստեղծելով արեւմտյան դասական եւ հայկական ավանդական երաժշտական գործիքների միաձուլումից առաջացած երաժշտություն: «Դա մեծ հնարավորություն է ստեղծել մերձեցնելու հայկական եւ միջազգային մշակույթները»: Բելգիայում 2013 թվին տեղի ունեցած Էլիզաբեթ թագուհու անվան միջազգային նշանավոր մրցույթում (Queen Elizabeth Competition) ներկայացված 141 ստեղծագործություններից Պետրոսյանի երաժշտական երկը հաղթող է ճանաչվել: Պետրոսյանը դարձել է այդ մրցույթի ավելի քան 70 տարիների պատմության մեջ առաջին հայ եւ երկրորդ ֆրանսիացին, որ արժանացել է նման պատվի: «Դա անհավատալի փորձառություն էր եւ անշուշտ հպարտություն պարգեւող ձեռքբերում», նշել է նա: Վստահաբար շատ ավելի մեծ ձեռքբերումներ կունենա այս բազմազբաղ կոմպոզիտորը, որը միշտ ներշնչման նոր աղբյուրներ է որոնում: Այժմ նա իր հայացքն ուղղել է Միացյալ Նահանգներին, որտեղ իր համոզմամբ տարբերակումը փոփ եւ դասական երաժշտության շատ ավելի նվազ է, քան Եվրոպայում: 2019-ի մարտին նա առաջին անգամ իր արվեստը ցուցադրելու է Լոս Անջելեսում, իսկ ապրիլինՙ Ինդիանայում, հուսալով որ մեծացնելու է ժամանակակից դասական երաժշտության իրազեկման սահմանները: Ստեղծագործական նորանոր նվաճումներ նրան: |