RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 15-02-2019



Տեղադրվել է` 2019-02-14 22:49:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 829, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՆԱՍԻ ՎՏԱՆԳՎԱԾ «ԳԻՇԵՐՆ» ՈՒ ՈՉՆՉԱՑՎԱԾ «ՑԵՐԵԿԸ»

Նաիր ՅԱՆ

Մշակույթի նախարարության կազմած ծրագրի համաձայնՙ մեծահռչակ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարներից 8-ը վերականգնվել է: Դրանք նախապես հատվածների բաժանվելովՙ տեղափոխվել են լաբորատորիա, վերականգնվել եւ վերադարձվել այնտեղ, որտեղ ի սկզբանե Մինասը նկարել է: Որմնանկարների վերականգնման ծրագրից դուրս է մնացել ամենից շատ վնասված ու վտանգված «Գիշերը», որը Մինասը 1973 թվականին նկարել է նախկին Լենինականի գալվանոմետր «Օմեգա» գործարանի պատին: Ի դեպ, «Գիշեր» որմնանկարի դիմացի պատին նա նկարել է «Ցերեկը». դրանք միմյանց լրացնող, մեկ ամբողջական ստեղծագործություն են: 1988-ին մշակույթի նախարարության որմնանկարների վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները եկել են «Օմեգա» գործարան, «Ցերեկ» որմնանկարը մասերի բաժանել, որպեսզի տեղափոխեն Երեւան եւ վերականգնեն: Սակայն հենց աշխատանքի պահին լուր են ստացել, որ լաբորատորիան փակվել է: Աշխատակիցները տագնապած, հապճեպ թողել են նկարի մասնատված հատվածները հենց գործարանի պատի տակ եւ ուղեւորվել Երեւանՙ իրենց հարցերը պարզելու: Հանցավոր անփութությունը մնացել է անպատիժ: Ավելի լավ կլիներ, եթե լաբորատորիայի աշխատակիցներն ընդհանրապես ձեռք տված չլինեին Մինասի «Ցերեկին»: 1988 թվական, խառը ժամանակներ... Մինասի «Ցերեկը» ամբողջությամբ ոտքի տակ է ընկել ու ոչնչացել: Լաբորատորիայի աշխատակիցները, դժբախտաբար, հասցրել են «Գիշեր» որմնանկարի վերին հատվածը եւս մասնատելՙ վերականգնելու նպատակով. այդ կտորները եւս անհայտ պայմաններում ոչնչացել են: Խառը ժամանակներում Գյումրիում գտնվող ռուսական զորքերը հրամայել են «Օմեգայի» պատերը քանդել, որովհետեւ դրանք չգիտես ինչու խանգարել են իրենց: Բայց հնարավոր է եղել նրանց հրամանը կասեցնել, այլապես Մինասի «Գիշերն» առհասարակ ոչնչացված կլիներ: «Օմեգա» գործարանը ավերակի է վերածված, ներսումՙ Մինասի կիսապահպանված «Գիշերը»: Հիմա հնարավոր է գոնե այդքանը փրկել: Ստեղծագործությունը մտել է պետական ծրագիր, սակայն այդպես էլ չի վերականգնվել, որովհետեւ հովանավորներըՙ անհատներ կամ կազմակերպություններ, չեն ցանկացել դրանով զբաղվել: Պատճառն այն է, որ «Գիշերը» Մինասի 9 որմնանկարներից ամենավնասվածն է: Բարերարներն էլ իրենք են որոշելՙ որը վերականգնել, որըՙ ոչ:

2018-ի ամռանը Մինաս Ավետիսյանի ընտանիքը դիմել է մշակույթի նախարարությանը: Նկարչի որդինՙ Արման Ավետիսյանը հանդիպել է նախկին նախարար Լիլիթ Մակունցին, սակայն «Գիշերի» պահպանման կամ վերականգնման հարցով որեւէ առաջարկ կամ որոշում չի կայացվել: «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամը դիմել է նաեւ վարչապետին եւ այլ կառույցների, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: 2017 թվականին մշակույթի նախարարությունը «Գիշերի» պահպանման համար 700 հազար դրամի նախահաշիվ է կազմել, բայց գումարն այդպես էլ չի տրամադրել: Որմնանկարը մինչեւ հիմա բացօթյա երկնքի տակ է, իսկ նախկին գործարանը լքված ավերակ է: Մոտավորապես 20 հազար դոլար է հարկավոր «Գիշերը» վերականգնելու համար:

«Հայաստանն ունի մշակույթ, որը գերազանցում է իր հնարավորություններին: Ամենուր, ամեն անկյունում արվեստ է սփռված. այն պահպանելու, վերականգնելու համար պետական միջոցները չեն բավականացնում: Մեր ժառանգությունը շատ հարուստ է, իսկ միջոցները սուղ են: Բայց պատճառաբանել, թե մենք փոքր երկիր ենք, հանցագործություն է: Մենք շատ նորմալ երկիր ենքՙ մեծ մշակույթով: Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի ստեղծել որմնանկարների թանգարան եւ տարբեր հեղինակների, այդ թվումՙ Մինասի որմնանկարները պահպանել ու ցուցադրել այնտեղ: Էդուարդո Էռնեկյանի տրամադրած գումարով վերականգնվել է Մինասի երկու որմնանկար: Հիմա դրանցից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի չվերթների բաժնում է փակցված, իսկ մյուսը հանրությունը չի տեսնում, որովհետեւ VIP բաժնում է գտնվում»,- ներկայացրեց Արման Ավետիսյանը :

Ազատան գյուղում գտնվող «Սարերում» հսկայական որմնանկարն ամրակայման խնդիր ունի. մշակույթի պալատը, որտեղ «Սարերումն» է, չի գործում: Վահրամաբերդում գտնվող «Արմենիա» որմնանկարըՙ վերականգնված ու ամրակայված, նորից անմխիթար վիճակում է. պատը խոնավացել է, որմնանկարն էլՙ հետը: Երկու վնասվածք էլ է ձեռք բերել «Արմենիան», որը ժամանակի ընթացքում ավելի կխորանա: Վահրամաբերդցիները ժամանակին ընդդիմանում էին, չէին թողնում, որ Մինասի «Արմենիան» տանեն իրենց գյուղից, բայց վերականգնված որմնանկարի նկատմամբ անփույթ են: Անհասկանալի իրավիճակ է. մի դեպքում որմնանկարները վերականգնելու եւ հետՙ իրենց նախկին տեղը վերադարձնելու պահանջ է դրվում, մյուս դեպքում վերահսկողությունից հեռուՙ շահագործման հանձնված տարբեր հաստատություններում հայտնի չէՙ ով ինչպես է վարվում նշանավոր արվեստագետների վրձնին պատկանող, հետագայում վերականգման համար հազարավոր դոլարներ պահանջած որմնանկարների հետ: Դրան ավելանում են եղանակային, ջերմաստիճանային ոչ կայուն պայմանները:

Որմնանկարները մոնումենտալ գործեր են, մեկ մետրանոց գեղանկար չեն, որ որեւէ թանգարանում պահպանվեն: Իսկ Արման Ավետիսյանի երազանքըՙ ստեղծել որմնանկարների թանգարան, հազիվ թե որեւէ ժամանակ իրականացվի: Նման թանգարանը ենթադրելի է, որ հսկայական տարածք ու բազմաթիվ հարկեր պետք է ունենա: Մեր երկրում վերջին 20-30 տարում անգամ մի մշակույթի տուն չի կառուցվել, էլ ուր մնացՙ բազմահարկ թանգարան: Որմնանկարները սովետական ժամանակների մշակութային քաղաքականության արդյունք են: Արվեստի համար միլիոններ էին դուրս գրվում, որոնք պարտադիր պետք է ծախսվեին: Նկարիչներին պետությունը պատվիրում էր անգամ ամենաանհավանական հաստատություններիՙ ճաշարանների, գործարանների պատերը նկարազարդել: Արվեստագետները դրանով մեծ գումարներ էին աշխատում ու ստեղծում մեծածավալ գործեր, որոնց արժեքը բարձր է գնահատվում, բայց մեր պայմաններում պահպանելն ու վերականգնելը մեծ խնդիր է: Այսպիսով նաեւ արվեստն էր մոտեցվում ու մատուցվում բանվորագյուղացիական դասակարգին: Արվեստը հանրայնացվում ու հասարականում էր: Սովետական եւ ներկա իշխանությունների մշակութային ուղղվածությունները ոչ մի ընդհանրություն չունեն, ոչ ֆինանսն է նույնը, ոչ գնահատման չափանիշները: Արդյունքում Երեւանից դուրս, հատկապես բաց եւ ոչ մշակութային տարածքներում գտնվող արվեստի գործերը պահպանելն անլուծելի խնդիր է դարձել: Որմնանկարներըՙ վառ օրինակ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 15-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ