ՄԱՐԻԱՆ ՕՐԻԿՈՍՏ. «ԵՍ ՄԵԾԱՑԵԼ ԵՄՙ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ...» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Ֆրանսիացի դերասանուհի, ասմունքող եւ բանաստեղծուհի Մարիան Օրիկոստը ծնվել է Փարիզում, քանդակագործ Էմանուել Օրիկոստի եւ խեցեգործ Գիդեթ Կարբոնելի ընտանիքում: Թոռն է ֆրանսահայ նկարչուհի Արմինիա (Արմենուհի) Կարբոնել-Բաբայանի: Ծնողներն ամուսնալուծված են եղել, այնպես որ Մարիանն ավելի շատ ժամանակ է անցկացրել մոր ընտանիքի հետ: Իր կարիերան սկսել է որպես դերասանուհի, այնուհետեւ նվիրվել է պոեզիային եւ ասմունքին: Նա հիմնադրել է «Բառերի երգը» ընկերակցությունը (Ֆրանսիայի մշակույթի նախարարության, Ազգային գրքի կենտրոնի եւ ժամանակակից արվեստի շրջանային տնօրենության աջակցությամբ), որը կազմակերպում է գրելու ստեղծագործական դասընթացներ մեծահասակների եւ երեխաների համար: Բեմից նա հնչեցրել է Եվրիպիդեսի, Ռասինի, Չեխովի, Կլոդելի, Սթրինդբերգի, Միլոշի, Բրեխթի գործերը, հանդես եկել պոեզիայի բեմադրություններով: Մարիան Օրիկոստը նաեւ RFI եւ «Ֆրանս-կուլտյուր» հանրային ռադիոկայանների պրոդյուսեր է: Հրատարակել է «Զրույց մթության մեջ» (2001), «Նամակ Բեոսից» (բանաստեղծություններ, 2001), «Խոստումը» (2003), «Գիլվիկ. Ճայի ամուսնությունը» (2007) եւ «Բառերի կավը» (2015, պոեմ) հատորները: Նա աշխատակցում է «Վագաբոնդաժ», «Էրոպ», «Սյուդ», «Դիր», «Տրուս լիվրը» ամսագրերին...
- Սիրելի՛ Մարիան, մեր ծանոթության առիթը ձեր հայ տատիկն էր, ինչպես նաեւ նրա քույրերը: Երկար տարիների ընթացքում այս անկրկնելի Բաբայան քույրերը, երեք արվեստագետ` երգչուհի, նկարչուհի եւ դաշնակահարուհի, ծառայել են հայ եւ ֆրանսիական մշակույթներին: Դու պիտի որ նրանց լավ հիշես, ճի՞շտ է: - Ես մեծացել եմ իմ հայ ընտանիքի շրջապատում: Մայրական տատիկսՙ Արմինիան եւ պապիկսՙ ծնունդով կատալոնցի Շառլ Կարբոնելը, ապրում էին փարիզյան Մեոդոն արվարձանում, մեր տնից ոչ հեռու: Քույրս, մայրս եւ ես գրեթե ամեն օր նրանց մոտ էինք: Ամեն կիրակի մեր գերդաստանի անդամներով հավաքվում էինք տատիկիս տանը, այդ թվումՙ նրա քույրերը, մայրս, մորեղբայրս եւ իմ առաջին զարմիկները: Այնուհետեւ թեյի արարողության ժամանակ զրուցում էին ֆրանսերեն, հայերեն, նորություններն էին փոխանակում: Տատիկս քույրերի հետ խոսում էր մեծ մասամբ հայերեն, բայց նաեւՙ ֆրանսերեն ու գերմաներեն: Տատիկս պատմում էր Թիֆլիսում իր մանկության մասին, եւ նրա պատմություններն ինձ երազել էին տալիս: Նրա հայրըՙ Ավետիք Բաբայանը, բժիշկ էր, մեծ հետազոտող, որը Թիֆլիսում հիմնել էր հետազոտական կենտրոն եւ ամբողջ ընտանիքն ապրել է այնտեղ, մի մեծ տանը: Մեծ տատիկսՙ Սոֆյա Բաբայանը, հրաշալի մանկավարժ էր, որը բացել էր ֆրանսիական դպրոց եւ զբաղվում էր երեք դուստրերիՙ Արմինիայի, Մարգարիտի եւ Շուշիկի կրթությամբ: Մեկին վիճակված էր նկարել, մյուսինՙ երգել, երրորդինՙ նվագել: Եվ շատ երիտասարդ հասակում երեք քույրերը եկել են Փարիզՙ կատարելագործելու իրենց արվեստը: Այն ժամանակների համար դա շատ խիզախ ուղեւորություն էր: Երեք քույրերն ընդմիշտ մնացել են Փարիզում: - Բաբայան քույրերից հայ իրականության մեջ ամենից ճանաչվածը Մարգարիտն էրՙ երգչուհի, երաժշտագետ, վոկալի ուսուցչուհի, որը հայտնի է Կոմիտաս վարդապետի հետ ունեցած իր սերտ բարեկամությամբ: Ինչպիսի՞ն ես հիշում Մարգարիտ մեծ մորաքրոջդ: - Մարգարիտ Բաբայանը մեր գերդաստանի տիտանն էր: Նրա խոսքն օրենք էր: Նա ինձ եւ քրոջս ոչ միայն երգի դասեր է տվել, այլեւ փորձում էր սովորեցնել հայոց լեզուն: Ստանում էր Փարիզի «Յառաջ» օրաթերթը, այնտեղից ինձ ցույց էր տալիս հայերեն տառերը: Նա շատ ակտիվ էր հայկական համայնքում, պատմում էր իր աշակերտներից, իր հանդիպումներից եւ հայտնում էր հայկական վերջին լուրերը: Նա էր, որ ինձ փոխանցեց սերը իր երկրի հանդեպ, եւ ես մի օր շփոթմունքով պարզեցի, որ այդ երկիրը նաեւ իմն է: - Քո զարմուհինՙ ամերիկացի հեղինակ Քլեր Շյու Ակկոմմանդոն, Շուշանիկ Բաբայանի թոռնուհին, իր հեղինակած գրքում նշել է, որ իրենց հայ տատիկին նանի էին ասում: Իսկ ինչպիսի՞ն էր քո՛ նանին: - Տատիկսՙ Արմինիան կամ Ամոն, շատ արեւելյան կին էր, նա քնքուշ էր եւ ուրախ, պաշտում էր ամուսնուն եւ երկու զավակներին: Լավ տանտիկին էր, որ նկարում էր գեղեցիկ նատյուրմորտներ եւ ընտանիքի անդամների դիմանկարները: Նրա ուսուցիչը նշանավոր նկարիչ Էժեն Կարյերն էր, որի սիրելի աշակերտն է եղել տատիկս: Նրա նկարներից մի քանիսը հանձնել եմ թանգարանին, բայց մենք երկյուղածորեն պահում ենք նրա աշխատանքների մեծ մասը: Ես մտադիր եմ Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանին նվիրել իմ տատիկ-պապիկների դիմանկարները: Հույս ունեմ, որ մի օր անձամբ կբերեմ Երեւան: Այս նվիրատվությանն Արմինիան վստահաբար հավանություն կտար: Նա պապիկիս հանդիպել է այն նավում, որը նրան Ռուսաստանից հասցրել է Փարիզ: Պապս այդ ժամանակ ծովային բժիշկ էր: Այս հանդիպումը նրանց միջեւ բուռն զգացմունքներ է ծնել: Այնուհետեւ յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով եւ մեկ տարի միմյանց նամակներ են գրել աշխարհի տարբեր ծայրերից, մինչեւ որ կրկին հանդիպել են Մեոդոնում: Պապիկս թողել է նավատորմը, ամուսնացել տատիկի հետ ու բնակություն են հաստատել Մեոդոնում, որտեղ մինչեւ մահ երջանիկ ապրել են: Նրանց պատմությունը հեքիաթի է նման: Նրանք վաթսուն տարուց ավելի միասին են եղել եւ ընդամենը մեկ անգամ են բաժանվել իրարից, երբ պապիկս մեկ օրով բացակայել է Փարիզից: Արմինիան սիրում էր իր տունը, հոգ էր տանում ամուսնուն, երեխաներին, հետագայումՙ թոռներին: Ես երբեք չեմ զգացել նրանց միջեւ անգամ ամենափոքրիկ լարվածություն: Ոչ ոք չի տեսել նրանց վիճելիս: Նրանց ոսկե հարսանիքը տոնել ենք ողջ գերդաստանով. ես փոքր աղջիկ էի, ժանեկազարդ զգեստով մասնակցել եմ հանդիսությանը: Տատիկս եւ պապիկս այդ օրը բարձրացան Էյֆելյան աշտարակ: Արմինիան շատ խելացի կին էր: Պապիկս թոշակի անցնելուց հետո սիրում էր կավից փոքր քանդակներ պատրաստել: Նա քանդակել էր Ստալինի գլուխը: Ամեն երեկո տատիկս սովորություն էր դարձրել վերցնել երկու ասեղ եւ խոթել Ստալինի աչքերը: Ես մի անգամ հարցրի, թե ինչո՞ւ է այդպես անում, եւ Ամո տատիկը բացատրեց, որ դա շատ վատ մարդ է, որին ինքը պատժում է... Տատիկս եւ պապիկս մահացան մեկ տարվա տարբերությամբ: Արմինիան Ֆրանսիան ընդունեց որպես իր երկրորդ տունը: Նա երջանիկ հիշողություններ էր պահպանում Հայաստանից, բայց պակաս հայրենասեր էր, քան իր քույր Մարգարիտը: Այնուամենայնիվ, նա արեւելյան հոգի ուներ եւ օժտված էր պատմելու ձիրքովՙ շատ հումորով ու ավյունով: Մանկությանս տարիներին ես խանդավառությամբ ունկնդրում էի նրան: Ես դեռ հիշում եմ այդ բոլոր հրաշալի պատմությունները, որոնցով նա ինձ ցնցում էր իմ մանկության տարիներին: Անշուշտ, նաեւ նրա շնորհիվ էր, որ ես շարունակ երազում էի Հայաստանի մասին... - Եվ 2007-ին վերջապես այցելեցիր Հայաստան: Հիշում եմ, հետո գրեցիր ինձ հետեւյալը. «Դժվար էր Փարիզ վերադառնալը: Ես դեռ Հայաստանում եմ, եւ վերապրում եմ այս արտասովոր ճանապարհորդության ամենահրաշալի պահերը: Հայաստանը խորապես ցնցեց ինձ: Այս ուղեւորությունը, ես գիտեմ, կերտելու է ապագան: Ես շուտով կվերադառնամ, հուսով եմ, մեր լեզվիՙ հայերենի որոշակի բառապաշարով»: Ինչպե՞ս է հնարավոր, որ լինելով ընդամենը մեկ քառորդ հայ, դու այդքան կապված ես տատիկիդ ժառանգությանը: - Քանի որ ես մեծացել եմՙ Հայաստանն իմ սրտում, եւ այդ զգացումը երբեք ինձ չի լքել: Ես միշտ զգացել եմ, որ պատկանում եմ ա՛յս ժողովրդին, նրա՛ պատմությանը, որ նրա արյունն է հոսում իմ երակներում: Ես միշտ իմացել եմ, որ հարուստ անցյալի տեր եմ, որը փոխանցվել է ինձ ընտանիքիս կողմից: Եվ երբ 2007-ին եղա Հայաստանում, այն ամենը, ինչ ես ապրել էի մանկուց, հաստատվեց: Իհարկե, ես մեծացել եմ Ֆրանսիայում, հայերեն չեմ խոսում, բայց իմ ժառանգությունը, իմ արմատները հայկական են: Դա շատ խորը զգացմունք է, շատ անսասան: Ես չափազանց հուզված էիՙ լինելով Հայաստանում, լսելով մեր լեզուն: Այնտեղ ամենուրեք ես տատիկիս դեմքն էի տեսնում... Մանկուց ես ինձ ֆրանսիացի չէի զգում ու թեեւ, ցավոք, այդպես էլ չսովորեցի հայերեն, բայց ինձ միշտ հայ եմ համարելՙ չնայած քառորդ հայկական արյանս, եւ շատ հպարտ եմ իմ հայկական ծագումով: - Դու ժառանգել ես Բաբայան քույրերի «մշակութային» գեները, եւ քո հայկական ծագումը ազդել է քո արվեստի վրա: 2007-ին Փարիզում ներկայացրիր «Հայաստանի խորունկ երգերը» խորագրով բանաստեղծական ներկայացումը, որի ընթացքում ֆրանսերեն արտասանում էիր հայ բանաստեղծների գործերըՙ Մեսրոպ Մաշտոցից մինչեւ մեր ժամանակակիցները: Այս նախագծում անգամ ներկայացար տատիկիդ ազգանվամբՙ գրվելով Մարիան Օրիկոստ-Բաբայան... - 2007-ը Ֆրանսիայում հայտարարվեց հայ մշակույթի տարիՙ «Հայաստան, իմ բարեկամ» խորագրով, որի ժամանակ էլ ստեղծեցի իմ «Հայաստանի խորունկ երգերը» ներկայացումըՙ թառահար ու երգիչ Ռուբեն Հարությունյանի եւ երգչուհի Սեւան Մանուկյանի հետ համատեղ: Կապ հաստատեցի հայ համայնքի հետ եւ շատ ուրախացա ու հուզվեցիՙ այցելելով Հայաստան, որը շատ էի երազել: Հրաշալի տարի էր ինձ համար: Գյուղերում, լեռներում, բնակիչների հետ ես ինձ զգում էիՙ ինչպես տանը: Միակ տխրությունն այն էր, որ չէի խոսում լեզուն, չկարողացա ավելի մոտիկից շփվել ժողովրդի հետ: Այս ուղեւորությունը լեգենդար էր: Երազի պես էրՙ իմ արմատները եւ իմ ընտանիքը գտնելու այդ հզոր զգացողությունը: Այն նաեւ հնարավորություն էր ճամփորդել այնպիսի հայերի հետ, որոնք նույնպես փնտրում էին իրենց արմատները եւ ինձ պատմում էին իրենց ընտանիքների ողբերգական կյանքը: Այս ուղեւորության ընթացքում շատ ծիծաղ ու արցունք կար: Բայց մենք բոլորս հպարտ էինք, որ պատկանում ենք այս մեծ ժողովրդին: - Ես տպավորված էիՙ լսելով, որ դու եղել ես ֆրանսիացի հանրահայտ բանաստեղծ Գիլվիկի ընկերուհին, որը քեզ անվանել է Արմինիա: Նա որոշ չափով գիտե՞ր հայ ժողովրդին ու մշակույթը: - Ես հասակ եմ առել ու իմ զարգացումը ստացել եմ նկարիչների, քանդակագործների, երաժիշտների միջավայրում: Դպրոցում ես զգում էի, որ տարբեր եմ մյուս երեխաներից: Ինձ դուր չէին գալիս դպրոցն ու դպրոցական միջավայրը: Իմ հարազատ միջավայրը շատ հեռու էր իմ համադասարանցի երեխաներից: Դպրոցում ինձ օտար էի զգում: Մեոդոնի մեր տունը հատուկ մթնոլորտ ուներ: Քույրս եւ ես շատ ազատ էինք մեծանում մեծահասակների կողքին, որոնք բոլորն արվեստագետներ էին, հետաքրքրական եւ զվարճալի մարդիկ: Բայց նաեւ ես շատ մենակ էի եւ սիրում էի պատմել իմ հորինած պատմությունները: Սիրում էի գրքերն ու պոեզիան, արտասանում էի բանաստեղծություններ, որոնք չէի հասկանում: Եվ մի օր, երբ տասնհինգ-տասնվեց տարեկան էի, որոշեցի իմ ճակատագիրը` դերասանուհի: Տասնյոթ տարեկանում գնացի Շառլ Դյուլենի դպրոցըՙ սովորելու դերասանի մասնագիտությունը: Այնտեղ մնացի մի քանի տարիՙ հնարավորություն ունենալով սովորել հայտնի դերասանների հետ: Դա այն ժամանակն էր, երբ Ժան Վիլարը ղեկավարում էր Շայոյի թատրոնը, եւ դասավանդումը դժվար հաղթահարելի էր: Հետագայում գլխավոր դերերով հանդես եմ եկել գավառների եւ Փարիզի թատրոններում: Եվ մի օր հանդիպեցի բանաստեղծ Գիլվիկին, եւ այդ հանդիպումը փոխեց իմ կյանքը: Ես թողեցի թատրոնը ու նվիրվեցի բանաստեղծությանը: Սկսեցի ճանապարհորդել Ֆրանսիայում եւ արտերկրումՙ պոեզիայի երեկոներով, միայնակ կամ երաժիշտների ընկերակցությամբ: Բեմադրում էի բանաստեղծական ներկայացումներՙ գավառներում եւ Փարիզի արվարձաններում: Եվ այդ ժամանակվանից ի վեր տարբեր վայրերում հանդես եմ գալիս բանաստեղծությունների ընթերցանությամբ: Որպես «պատմող» եւ բանաստեղծՙ ես բազմաթիվ գրական սեմինարներ եմ անցկացրել երեխաների եւ մեծահասակների համար: Դրանցում նաեւ պար եւ մարտարվեստ եմ ընդգրկել: Գիլվիկի հետ ապրած իմ տասնհինգ տարիները շատ վճռական էին: Ես նրանից շատ բան եմ սովորել: Մայրս հավանություն չէր տալիս իմ կապինՙ ինձից տարիքով շատ մեծ մարդու հետ: Սակայն Գիլվիկն ավելի շատ հոգեւոր հայր էր ինձ համար: Նա մի շարք բանաստեղծություններ է նվիրել ինձ: Ես հիանում էի բանաստեղծով, սիրում էի մարդուն: Մենք շատ մոտ էինք, շատ համախոհ: Գիլվիկին ես շատ եմ պատմել Հայաստանի, իմ ընտանիքի մասին եւ, բնականաբար, նա սկսեց ինձ տատիկիս անունով Արմինիա կոչել, ինչը շատ ուրախացրեց ինձ, ասես տատիկս վերածնվեց: Ես սիրում եմ այս անունը եւ այն ինձ հարմար է: Ես այն մյուս Արմինիան եմ, փոքրիկ մի հայուհի, որին անվանակոչել է իր սիրած տղամարդը... - Ունե՞ս նոր ծրագիրՙ կապված Հայաստանի եւ հայ մշակույթի հետ: - Արդեն որոշ ժամանակ է, ինչ աշխատում եմ մի նախագծի վրաՙ գրելով իմ հիշողություններն իմ հայկական ընտանիքի, իմ մանկության ու իմ մեջ եղած ողջ հայկականության մասին: Ես զգում եմ կարեւորությունըՙ հետքեր թողնելու, երախտագիտության խոսքեր ասելու եւ պատվելու այս ընտանիքին, որին ես շատ պարտական եմ, որին շատ եմ սիրում եւ որն ինձ տվեց ուժ եւ սերՙ կյանքի հանդեպ: Տվեց այս հայկական էներգիան, որով հրաշալիորեն օժտված էր իմ ընտանիքը, տվեց Կովկասի հավատը եւ ուրախությունը, մեր լեռների պարերն ու երգերը եւ սրբության այն զգացումը, որոնք այս ժողովրդին պահեցին հաստատունՙ ի հեճուկս ամեն ինչի... |