ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՄԵՐԳ ՎԵՆԵՏԻԿԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԿՈՍԻ ՏԱՃԱՐՈՒՄ Ա. Բ. Փետրուարի 9-ի երեկոյեան Վենետիկի հռչակաւոր Սուրբ Մարկոսի տաճարում կայացաւ բացառիկ համերգՙ նուիրուած Կոմիտաս Վարդապետի ծննդեան 150-ամեակին: Համերգի խորագիրն էր «Հանդիպելով Արեւմուտք, Հայաստան եւ Վենետիկ եռաճանապարհին»: Երեկոն բացել է Լեւոն արք. Զէքիեանը , կատարումներով հանդես են եկել Վարեզէի Կամերային երգչախումբը (խմբավարՙ Գաբրիելէ Կոնտիորգանո ), երգեհոնահար Ջովաննի Մացցան եւ դուդուկահար Արամ Իփեքճեանը : Համերգի ընթացքում հնչել են ժամանակակից եւրոպացի երգահանների (Արվո Պեարտ, Օլա Գիելո, Էմանուելէ Վիանելլի, Էնրիկո Մարիա Ֆեռանդո, Մատտեո Մաջիստրալի, Ջակոմո Մեձձալիրա, Փոլ Միլոր, Եոն Մոստալ) ստեղծագործություններից, ինչպես նաեւ Գրիգոր Նարեկացու «Հաւուն, հաւուն», Կոմիտասի «Օրհնեալ բարերար Աստուած» եւ «Ով Զարմանալի» ու Մակար Եկմալյանի «Ամէն, Հայր Սուրբ» գործերը: Երգչախմբի կատարմամբ կայացել է նաեւ ժամանակակից իտալացի երգահան Մարկո Մոլտենիի «Ոսպ մը, քար մը» խմբերգի եւրոպական պրեմիերան, որը գրուած է հայ բանաստեղծ Զահրատի «Ոսպ ստկող կինը» բանաստեղծութեան խօսքերով: |