ՆՈՐ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄՙ «ՄՈՒԿԸ ՀԱՑԻ ՄԵՋ» Հ.Ծ. Բելմոնտի (Մասաչուսեթս) բնակիչ, քսանչորսամյա Շարիս Ծերունյանը սցենարիստ, ֆիլմարտադրող է: Բակալավրի աստիճան ստացել է Բոստոնի համալսարանից: Փորձել է մասնագիտանալ լեզվաբանության բնագավառում, բայց շուտով բացահայտել է, որ նախընտրում է սցենարներ գրել եւ կարճամետրաժ ֆիլմեր արտադրել: 2017-ին նկարահանել է «Well water» (Ջրհորի ջուրը) կարճամետրաժը, իսկ վերջերս հանդիսատեսի դատին է ներկայացրել «The Mouse in the Bread» (Մուկը հացի մեջ) կարճամետրաժ ֆիլմը, որի մեջ ինքն էլ է խաղում, մարմնավորելով Լիլիի դերը: Լիլին ավագ դպրոցի բարձր դասարանում սովորող աշակերտուհի է, որը շատ մոտիկ է իր տատիկի, պապիկի եւ հատկապես զարմիկիՙ Գեւորգի հետ, որի դերը կատարում է Միգել Վելասկեսը : Խաղաղ ու հաշտ ընտանիքի անդորրը խանգարվում է, երբ Գեւորգը ձերբակալվում է սպանության մեղադրանքով: «Իմ ստեղծած բնավորությունները բարդ են: Նրանք փորձում են կոտրել կարծրատիպերը եւ իրենց տեղը գտնել հասարակության մեջ, փորձում են հաստատել իրենց: Փոքրամասնության մաս կազմող որեւէ ընտանիք իր անցյալի հենքի վրա է կառուցում իր փորձառությունը, որից գրեթե անհնար է ձերբազատվել», բացատրում է Շարիսը, որ «փոքրամասնություն» եզրը օգտագործելով հասկանում է ոչ միայն էթնիկապես տարբեր, այլեւ միեւնույն խմբում ֆիզիկական թերություններ ունեցող մարդկանց: Նա այդ տարբերությունները ուսումնասիրելով ցանկանում է արծարծել ավելի գլոբալ թեմաներ: Իր ասելով, ներշնչման աղբյուրներ են ծառայել կոմիկ դերասան Ազիզ Անսարին, Ջոն Կասավետեսը եւ Գրետա Գերվիգը, որոնք նույնպես անդրադարձել են իրեն հարազատ թեմաներին: «Մուկը հացի մեջ» կարճամետրաժ ֆիլմը կարելի է դիտել այցելելով «www.amazon.com» կայքը: Տեղեկությունըՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից: Նկար 1. Շարիս Ծերունյանը (Լիլի) եւ Ալեքսանդր Հոքը (հայրը) «Մուկը հացի մեջ» ֆիլմում: |