ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻ «ՄԱՆՅՈՒՆՅԱՆ» ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԵՄՈՒՄ Ա. Բ. Մայիսի 28ին Մոսկվայի Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի մեծ դահլիճում «Կեռասի անտառ» փառատոնի շրջանակներում կայացավ «Մանյունյա» ներկայացման պրեմիերանՙ մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանի համանուն վեպի մոտիվներով: Բեմադրությունն իրականացրել է հայազգի բեմադրիչ Ռուզաննա Մովսեսյանը , որը 1996-2000 թթ. ղեկավարել է «Թռչող նավ» մանկական թատրոնը: Ըստ «Ռոսիյսկայա գազետայի» թղթակից Ալյոնա Կարասի ՙ ռեժիսորին հաջողվել է ինչ-որ անհասանելի կերպով փոխանցել 1970-80-ական թվականների կախարդական եւ արկածալից մանկության մթնոլորտը: «Այդ խորհրդային մանկությունը հայկական գավառային քաղաքում նման չէ ժամանակակից աշխարհի ոչ մի բանին: Սակայն տարօրինակ կերպով մանկական դահլիճը մե՛րթ լրջանում էր, մե՛րթ ուշաթափվում էր ծիծաղից»: Հոդվածագիրը ներկայացման մեջ պատկերված միջավայրը համեմատել է Ֆելինիի գավառի հետ, որի գլխավոր գործող անձինք են շիկահեր հրեուհի Մանյունյա Շացը (դերակատարՙ Աննա Կովալյովա ) եւ նրա հայ ընկերուհի Նարինե Աբգարյանը ( Աննա Դվորժեցկայա ): Ներկայացմանը հատուկ փայլ է տվել Մանյունյայի կոլորիտային Ռոզա տատիկի դերակատարուհինՙ թատրոնի եւ կինոյի սիրված դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նինա Դվորժեցկայան : Ի դեպ, առաջին գործողության ավարտին հանկարծ հնչում է մի ձայն. Նարինե Աբգարյանը կարդում է Օսիպ Մանդելշտամիՙ Հայաստանին նվիրված բանաստեղծություններից մեկը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի բարձրագույն գրական մրցանակիՙ «Յասնայա Պոլյանայի» դափնեկիր Նարինե Աբգարյանի «Մանյունյան»ՙ նրա առաջին գիրքը, լույս է տեսել 2010-ին (երբ հեղինակն արդեն 39 տարեկան էր) եւ արժանացել է աննախադեպ ժողովրդականության Ռուսաստանում, թարգմանաբար հրատարակվել նաեւ հայերեն, ֆրանսերեն, լատվիերեն, էստոներեն եւ բուլղարերեն: |