RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 31-05-2019



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2019-05-30 22:40:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1538, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԻ ՏԱԳՆԱՊՆԵՐԸ

«Ազգ»ի զրույցը Անահիտ Թոփչյանի հետ

- Երեք տարի առաջ Ձեր թարգմանությամբ լույս տեսավ շվեյցարացի աշխարհահռչակ արձակագիր եւ դրամատուրգ Ագոտա ԿՐԻՍՏՈՖԻ պիեսների ժողովածուն` «Հրեշը» վերնագրով: Գիրքն, իսկապես, բացառիկ երեւույթ էր, ոչ միայն, որ առաջին անգամ դուք հայերեն էիք «հնչեցնում» այդ ինքնատիպ գրողի գործերը, այլեւ որ դրանք առավել քան համահունչ էին արդի աշխարհի տագնապներին:

- Քիչ է ասել «համահունչ», դրանք պարզապես մարգարեական են: Ապշել կարելի է, թե ինչպես տասնամյակներ առաջ, իր այլաբանական պիեսներում կանխատեսել էր մեր օրերում ծայր առած եւ ահագնացող քաղաքական մղձավանջներն ու աշխարհով մեկ տարածվող արյունահեղությունները:

- Այդ պիեսների լույս ընծայման առիթով տպագրված հարցազրույցում («Ոչ միայն նորություն, այլեւ հայտնություն», «Ազգ», 16.09.2016թ.) խոսում էիք նաեւ նույն հեղինակի վիպական եռապատումի մասին, ասելով, թե շատ կուզեիք դա եւս թարգմանել, միաժամանակ ափսոսանքով նշում, որ չեք կարող, քանի որ «սեփական ծրագրերը կան, որոնք հերթի են դրված»: Սակայն երկու տարի անց դուք հրատարակեցիք այդ ծավալուն եռագրությունը հայերեն: Ինչպե՞ս հասկանալ այս փոփոխությունը, Ձեր` «սեփականն» ստեղծելու պլանները հետաձգվեցի՞ն հանուն այս վեպերի թարգմանության:

- Ոչինչ չի հետաձգվել: Ես վաղուց սովոր եմ միաժամանակ տարբեր «ճակատներում» աշխատել: Մասնագիտական այդ ունակությունը ձեռք եմ բերել իմ դերասանական բուռն գործունեության տարիներին, երբ մեկ օրվա ընթացքում, վաղ առավոտից մինչեւ երեկո, պիտի մասնակցեի նկարահանման, այնուհետեւ ձայնագրման` ռադիոյում կամ հեռուստաներկայացման փորձին, իսկ երեկոյան բեմ դուրս գայի թատրոնում: Այնպես որ, չեմ կարող ամբողջ օրվա ընթացքում միայն մեկ գործով զբաղվել, պիտի անպայման, գոնե մեկ-երկու ժամ, «հանգստանամ» մեկ այլ, համեմատաբար ավելի թեթեւ գործի վրա: Պարզապես վերջին երկու տարում իմ ժամանակի մի զգալի մասը հատկացնում էի թարգմանությանը: Կար նաեւ հետեւյալ հանգամանքը: Ես արդեն յուրացրել էի այդ հեղինակի ոճը, ինձ արդեն ազատ էի զգում նրա ստեղծագործական տիրույթներում, հետաձգելու դեպքում այդ հարազատությունը կարող էի կորցնել եւ դժվար կլիներ վերսկսել մեկ անգամ արդեն ձեռք բերվածը: Ուստի, որոշեցի միանգամից անցնել եռապատումի թարգմանությանը, եւ կարողացա ավարտել համեմատաբար կարճ ժամանակում:

- Ի՞նչ ընդհանրություն եւ տարբերություն եք տեսնում միեւնույն հեղինակի պիեսների եւ վեպերի միջեւ: Արդյոք նույն ձեռագի՞րն է:

- Ձեռագիրն, անշուշտ, նույնը չէ: Եվ պատճառը միայն ժանրային տարբերությունը չէ` թատերախաղ եւ վիպական արձակ: Եթե «Հրեշը» ժողովածուն կազմված էր բացառապես հակաուտոպիական-այլաբանական գործերից, ապա «Երկվորյակների եռապատումը» պատմական որոշակի ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունն են երեք վեպերի մեջ` «Հաստ տետրը», «Ապացույց», «Երրորդ սուտը»: Հեղինակը երկվորյակ եղբայրներ` Կլաուսի եւ Լյուկասի ողբերգական ճակատագրով պատմում է Համաշխարհային երկրորդ պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին: Առաջին իսկ էջերից տեսնում ենք դաժան աշխարհի մեջ հայտնված երկու երեխա, որոնք հոգու խորքում մնալով մաքուր, այնուամենայնիվ, ապրել կարողանալու համար, ստիպված են որդեգրել այդ իրականության անմարդկային սկզբունքները` իրենց հանդեպ դաժանություն կիրառողներից երբեմն լինելով ավելի դաժան: Քննադատներից մեկը Ա. Կրիստոֆի պերսոնաժներին համեմատում է Ջիակոմետտիի արձանների հետ, որոնք, իրենց հերթին, հիշեցնում են համակենտրոնացման ճամբարների կալանավորներին` մարդն ընդամենը կաշի է, ոսկոր եւ տառապյալ հոգի: Ի դեպ, գրքի շապիկը կարծես, իր հերթին, ընդգծում է այդ տրամադրությունը. «երկվորյակների» սարսափահար մի բազմություն, որ ասես տագնապած սպասում է երկնային դատավճռին:

- Շապիկն իսկապես հաջող է եւ մի ամբողջություն է կազմում գրքի բովանդակության հետ:

- Շապիկի գաղափարն իմն է: Առիթից օգտվելով` երախտագիտություն եմ հայտնում գեղանկարիչ Ռուբեն Արուտչյանին, որ սիրով արտոնեց օգտագործել իր հրաշալի կտավը` գրքի ձեւավորման համար:

- Պիեսները թարգմանելիս ձեզ, անշուշտ, օգնել է բեմական ձեր հարուստ փորձը, իսկ կարո՞ղ ենք ասել, որ վիպաշարը թարգմանելիս օգտակար եղավ արձակագրի ոչ պակաս հարուստ փորձը:

- Պատկերացրեք, որ այնքան էլ դյուրին չէր: Ա. Կրիստոֆի արձակը մի հետաքրքրական առանձնահատկություն ունի, ասես իր համար մի նոր լեզու է ստեղծել ծանոթ ու դարերի ընթացքում մշակված լեզվի մեջ: Ստիպված էր ստեղծել` Շվեյցարիայում հայտնվելու առաջին իսկ օրվանից, երկու «լռությունների» արանքում. լռում էր մայրենի լեզուն` քանզի ոչ մեկին պետք չէր, եւ ֆրանսերենը, որին դեռեւս չէր տիրապետում: Ես առիթներ ունեցել եմ շվեյցարացի ֆրանսագիր տարբեր հեղինակներ թարգմանելու, հատկապես դրամատուրգներ: Նրանց պերսոնաժները որքան էլ արտահայտվում են արդի խոսակցական լեզվով, այնուամենայնիվ մնում են նորմայի սահմաններում, եւ հասկանում ես, որ հատուկենտ «խախտումները» կատարվում են կերպարի որոշ առանձնահատկություններն ընդգծելու համար: Մինչդեռ, Ա. Կրիստոֆի լեզուն, հատկապես վեպերում, երկու «լռությունների» արանքում ծնված ֆրանսերենն է: Ուստի, զգացվում է, որ դա յուրացված լեզու է, մի տեսակ անբնականություն կա: Ի դեպ, հեղինակն ինքն է խոստովանում, որ իր ֆրանսերենը տարօրինակ է: Եվ որքան էլ անհավատալի թվա, այդ «տարօրինակությունը» յուրահատուկ հմայք է հաղորդում նրա արձակին:

- Դուք այնպես եք յուրացրել նրա գրականությունը, որ ձեզ հաջողվել է հայերենում այդ «տարօրինակության» համարժեքը գտնել:

- Թերեւս: Այդ «տարօրինակությունը» բացատրվում է նաեւ շվեյցարական մշակույթին բնորոշ մի առանձնահատկությամբ, որն արվեստաբաններն անվանում են art brut, այսինքն` անմշակ արվեստ: Իրականության նաիվ ընկալումը հատուկ է պրիմիտիվիստների արվեստին: Իմիջիայլոց, աշխարհում Art brut-ի ամենամեծ թանգարանը գտնվում է Լոզանում:

- Ինչպե՞ս է կարողանում նման ընկալումով շոշափել մեր ժամանակների բարդ խնդիրները:

- Կարողանում է, եւ բավական հաջող: Դա չխաթարված, անմիջականությունը պահպանած նախնական մարդու սոսկումն է արդի աշխարհի թատերաբեմում ծավալվող արյունալի իրադարձություններից: Հենց այդ հայացքն է նրան օգնում գեղարվեստորեն համարժեք վերաբերմունք ցուցաբերել: Մարդկությունն արդեն ընտելացել է, ավելի շուտ ընտելացրել են փոքր ու մեծ պատերազմներին, արյունահեղություններին, երկնագույն էկրանից ամեն օր այդ մղձավանջն է մեզ մատուցվում: Հետեւողականորե՛ն: Պոլիտկոռեկտությամբ ամորձատված հանրությունը ախուվախ է անում եւ տեղնուտեղը մոռանում: Մինչդեռ, Ա. Կրիստոֆի նկարագիրն ունեցող մտավորականը չէր կարող նման երեւույթներին անտարբեր նայել:

- Հետաքրքրական է, որ 1956թ. փրկվելով նման մի մղձավանջից եւ հաստատվելով խաղաղ ու անդորր Շվեյցարիայում, թվում է պիտի ամեն ինչ մոռանար եւ վայելեր այդ անհոգ կյանքը, սակայն տագնապի զգացումը նրանում ավելի է սրվել:

- Եվ այն աստիճանի, որ անցյալ դարի 80-ականներին գրված պիեսներում կանխատեսել է այսօրվա ապամարդկայնացած աշխարհը: Դրանով է տարբերվում իսկական մտավորականն անիսկականից, որը թքած ունի աշխարհի հոգսերի վրա եւ լոկ «սեփական փառքն է քարշ տալիս պարանով», եւ բավական հաջող, ինչպես այսօր ոմանք մեզանում: Ի դեպ, այդ կանխազգացումները բնորոշ են շվեյցարական գրականությանը: Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզը 1936թ. գրված «Եթե արեւը չծագի» վեպում հստակորեն գուշակում էր մոտալուտ աշխարհացունց պատերազմը, իսկ Մաքս Ֆրիշը, 1959թ. գրված «Բիդեռմանը եւ հրձիգները» հանճարեղ պիեսում` արդի աշխարհի մի շարք երկրներում չմարող պատերազմական հրդեհների բոցերն էր տեսնում: Ի դեպ, 1998թ. ես բախտ ունեցա այդ պիեսի հոյակապ բեմադրությունը տեսնել Լոզանում եւ մի ընդարձակ գրախոսություն գրել, որը լույս տեսավ Փարիզի «Ռուսսկայա միսլ» շաբաթաթերթում եւ «Գարուն» ամսագրի «շվեյցարական» համարում: Ռամյուզից եւ Ֆրիշից զատ, մեկ այլ նշանավոր շվեյցարացիՙ Դենի դը Ռուժմոնն այդ հատկությունն անվանում էր «շվեյցարական անհանգստություն», երբ պատերազմներից պաշտպանված երկրի գրողը մտահոգված է ուրիշ երկրների եւ ժողովուրդների ճակատագրով:

- «Եռապատումը» սակայն ներկայացնում է ոչ այնքան սպասվելիք իրադարձությունները, որքան ընթացողը, կատարվածը եւ դրանց հետեւանքները մարդկային ճակատագրերում:

- Իսկապես, եւ եթե պիեսներում իշխում է գերիրականը, նույնիսկ ֆանտաստիկը, ինչը բնորոշ է հակաուտոպիային, ապա վեպերում ներկայացված է երկրորդ համաշխարհային պատերազմը եւ հաջորդած տարիները: Մենք հասկանում ենք, անշուշտ, որ դեպքերը տեղի են ունենում Հունգարիայում, որն, ի դեպ հիտլերյան Գերմանիայի դաշնակիցն էր, ուր գերմանացիների պարտությունից հետո կոմունիստական վարչակարգ է հաստատվում եւ ուր, վերջապես, տեղի է ունենում Բուդապեշտի ապստամբությունը: Ասում եմ` «հասկանում ենք», քանի որ վեպերում աշխարհագրական եւ այլ կարգի որոշակիություն չկա: Չի գրվում, օրինակ, որ խորհրդային բանակը եկավ եւ գերմանացիներին քշեց, որ զինվորները ռուսերեն էին խոսում, եւ այլն:

- Իսկ այդ անորոշությունը չի խանգարո՞ւմ ընթերցանությանը, վեպի ընկալմանը:

- Ընդհակառակը, օգնում է հասկանալու, որ պատերազմը զուտ տեղական բնույթի աղետ չէ, այլ ուղղակիորեն առնչվում է մեզնից յուրաքանչյուրին, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում: Եվ ինչն է հետաքրքրական, որ Ա. Կրիստոֆը փաստորեն լինելով քաղաքական վտարանդի, իր մեղադրականը չի հասցեավորում որոշակիորեն այս կամ այն վարչակարգին: Պիտի կրկնեմ մեր նախորդ հարցազրույցում արտահայտված դիտարկումս: Ջորջ Օրուելի հանրահայտ «1984» վեպը կարդալիս հասկանում ենք, որ հեղինակը որոշակիորեն նկատի ուներ ԽՍՀՄ-ն` որպես աշխարհում տեղի ունեցող բոլոր աղետների մեղավոր: Սակայն երեսուն տարի է «չարիքի կայսրությունն» այլեւս գոյություն չունի, իսկ աղետները ոչ միայն շարունակվում են ու տարածվում, այլեւ ահագնանում: Նույն պատկերն ենք տեսնում Ա. Կրիստոֆի վեպերում` հեռացան ֆաշիստները, եկան կոմունիստները, իսկ սարսափները մնացին ու շարունակվեցին` դժբախտացնելով անհատներին, ընտանիքներին ու ազգերին:

- Թերեւս դրանո՞վ է բացատրվում, որ happy end-ը բացակայում է Ա. Կրիստոֆի գործերում:

- Իսկապես: Հերոսներից մեկն ասում է. «Գիրքը, որքան էլ տխուր լինի, չի կարող կյանքից ավելի տխուր լինել»: «Եռապատում»-ն ավարտվում է եղբայրներից մեկի ինքնասպանությամբ, մյուսն էլ պատրաստվում է դիմել նույն քայլին, եւ ընդհանրապես երեք վեպերում չկա մի պերսոնաժ, որը քիչ թե շատ երջանիկ լինի: Բոլորը, այսպես թե այնպես, դժբախտ են: Եզրակացությունը հետեւյալն է` նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես... Կամ ինչպես իմ հերոսուհին էր ասում «Անհասցե տիկինը» մոնոդրամում. «Ոչ ոք չի կարող փրկվել, երբ փրկված չեն բոլորը»:

- Հիմա, երբ ավելի խորացաք Ագոտա Կրիստոֆի գրականության մեջ, կարո՞ղ է առաջիկայում մի նոր գործ թարգմանեք նրանից:

- Շատ հնարավոր է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 31-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ