ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԱՆԴԵՊ ԱՆԱԶՆԻՎ Նաիր ՅԱՆ Երբ Շառլ Ազնավուրը ողջ էր, նրա անունը զգուշությամբ էր օգտագործվում, որպես կանոն, մեծ նախագծերի դեպքում անգամ շանսոյեի թույլտվությունն էր ձեռք բերվում: Ազնավուրն իր հավանությունը պետք է տար, հետո միայն իր անունը գրվեր այս կամ այն նախագծի վրա: Ազնավուրի մահից կես տարի է անցել: Մի քանի ամիս առաջ սկսեց շրջանառվել, որ Ֆրանսիայում գործող «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը մայիսի 26-ին Հայաստանումՙ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպելու է Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյակին նիրված «Քեզ համար, Հայաստան» մեծ համերգը: Փետրվարին համերգի ազդագրերն արդեն փակցված էին, եւ տեղեկացվում էր, որ մասնակցելու են Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Սլիմանը, Րաֆֆի Արտոն եւ եւս երկու-երեք երգիչներ: Համերգի օրը որքան մոտենում էր, այնքան սպառնացող էին դառնում լուրերը, թե կազմակերպիչները մեկը մյուսին «քաշել» են, պայմանագրեր են խախտվել, ու համերգը չի կայանալու: Ի վերջո, նախագծի հետ կապ ունեցող անհատներն ու ընկերությունները որոշեցին մանրամասնելՙ ինչ է կատարվել իրականում, ինչ խնդիրների առաջ են կանգնել: Ֆրանսիայում գործող «Աննա Կարոլինա» եւ «Շահբազյան» ընկերությունները հայտարարեցին, թե իրենք միայն արտիստների համար են պատասխանատու, մնացած կազմակերպչական հարցերը հայկական կողմիՙ «Արմցենտր» ընկերության վրա են: Հետո մեղադրեցին, որ համերգին 4 օր է մնացել, իսկ «Արմցենտրը» դեռ մասնակիցների գումարը եւ մարզահամերգային համալիրի վարձը չի տվել: Տոմսերի ընդամենը 50 տոկոսն է վաճառվել, գումարի միայն 60 տոկոսն է փոխանցվել: «Որպեսզի համերգը չտապալվի, իսկ դա մեծ ամոթ կլիներ, չէ՞ որ Հայաստանի իմիջի ու Շառլ Ազնավուրի անվան հարցն էր դրված, մենք դիմեցինք մշակույթի նախարարությանը»,- պատմեց «Աննա Կարոլինայի» ղեկավար Աննա Կարոլինան: Համերգի կազմակերպիչները Նազենի Ղարիբյանին տեղեկացրել են, որ համերգը տապալման եզրին է, նա էլ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջին պահին «Իմ քայլը» հիմնադրամը 50 հազար եվրո, իսկ Փաշինյանը 10 միլիոն դրամ են փոխանցել, որպեսզի Ազնավուրի անունը կրող հայաստանյան համերգը փրկվի: Փրկվեց ե՛ւ Հայաստանի իմիջը, ե՛ւ Ազնավուրի անունըՙ կասեն հպարտությամբ: Մայիսի 26-ին մարզահամերգային համալիրում համերգը կայացավ: Իհարկե, այն ոչ մի առնչություն չուներ ոչ Ազնավուրի, ոչ էլ նրա երգերի հետ: Մաեստրոյի անունը հերթական անգամ օգտագործվեց ու շահարկվեց զուտ բիզնեսի նպատակով: Տեղեկություն կա, թե Նիկոլա Ազնավուրը, որը ղեկավարում է իր հոր անունը կրող հիմնադրամը, համերգի հետ որեւէ առնչություն ունենալուց հենց սկզբից հրաժարվել է: Ցայտնոտային տրամադրությամբ, երախտագիտությամբ լի աչքերով նայելով մշակույթի նախարարության ներկայացուցչինՙ կազմակերպիչները գոհունակությամբ հայտարարեցին, որ համերգը փրկված է, այն անց է կացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Համերգից 4 օր առաջ խնդրանք հնչեցՙ ամեն մեկդ ձեր ներդրումն ունեցեք համերգի փրկման գործում, տոմսեր գնեք, հարգելի հայորդիներ: Մեջտեղում Հայաստանի ու Ազնավուրի անվան հարցն է, հասկացե՜ք: Իսկ տոմսերի գումարի որոշ մասն, ասվեց, որ վերադարձվելու է «Իմ քայլը» հիմադրամին: Համերգը տապալումից փրկելու պատմությունն արվեց հենց Ազնավուրի ծննդյան օրը: Այստեղ նորից պետք է հիշել, որ նրա մահից ընդամենը կես տարի է անցել, ու նրա անվան շուրջն այսպիսի խայտառակ պատմություն պտտվեց: Հետաքրքրական է, եթե Մաեստորն ողջ լիներ, այս պատմությունը պակա՞ս, թե ավելի խայտառակ ընթացք կունենար: Իսկ միգուցե կազմակերպիչները հենց Ազնավուրին դիմեին, որ նա տոմսեր գնի ու համերգը փրկի տապալումից... Ցավալի է. ինչ-որ մարդիկ, կազմակերպություններ օգտագործում են մի անուն, որն արտասանելիս անգամ պետք է բոլոր զգայարանները, ամբողջ գիտակցությունը լարել: Պետք է հաշիվ տալՙ նա Հայաստանի Ազգային հերոս է, մոլորակի ամենաճանաչված հայը, բոլոր ժամանակների, բոլոր սերունդների Ազնավուրը: Հայտնի ու անհայտ, երգեցողության մեջ մի քիչ հաջողած ու բոլորովին չհաջողած կատարողների բերել Հայաստան ու անունը դնել, թե Շառլին նվիրված մեծ համերգ է կազմակերպվում, ուղղակի անարգանք է բոլոր արժեքների նկատմամբ: Մենք ե՞րբ պետք է հասկանանք, որ կան մեծություններ, շատ բարձր արժեքներ, որոնց մոտենալու համար պետք է գիտակցաբար եւ հոգով բավականաչափ հասուն լինել ու հաշվի առնել սեփական անլիարժեքությունը, կիսատությունը: Համերգը մասնավոր նախաձեռնություն էր, բայց մի՞թե դա արդարացնում է մշակույթի նախարարության անտարբերությունը: Ամիսներ շարունակ հայտարավում էր, որ Ազնավուրի 95 ամյակին նվիրված համերգ է լինելու, արդյո՞ք նախարարության պարտականությունը չէր հետաքրքրվելՙ ովքե՞ր են կազմակերպիչները, համերգն ի՞նչ ընթացքի մեջ է, ի վերջո, ի՞նչ նպատակով է իրականում իրականացվում: Թե՞ ավելի ձեռնտու է փարոսի, փրկության խարսխի դիրքերից հայտարարելՙ եթե մշակույթի նախարարությունը չլիներ, համերգը կտապալվեր: Մշակույթի նախարարությունը պարտավոր էր հենց սկզբից իրազեկվել բոլոր մանրամասների մասին, անգամ արտիստների երգացանկին միջամտել, ուսումնասիրել, թե ովքեր են կազմակերպիչները, ինչ համբավ ունեն, նախկինում ինչ համերգներ են կազմակերպել, եթե թերանում են, ապա պատասխանատվության ենթարկել, ոչ թե համերգից 4 օր առաջ պլշած աչքերով ասել, թե իրենք ոչնչին տեղյակ չեն եղել, վերջին պահին ասել ենՙ օգնե՜ք, մենք էլ օգնել ենք: Մի լավ PR արվեց հօգուտ իշխանությունների, իրավիճակը նպաստեց դրան: Օգտվողներն օգտվեցին: Ինչպե՞ս պետք է այսուհետեւ լուծվի Շառլ Ազնավուրի անվան հետ կապված նախագծերի հարցը: Չէ՞ որ այս համերգը միայն սկիզբն էր, դեռ այնքա՜ն նախագծեր են մոգոնվելու: Ազնավուրը չկա, իսկ նա իր անվան հետ կապվող ծրագրերը տնտղում էր, լավը վատից առանձնացնում: Հարկ է, որ այդ գործը հանձն առնող լինի, որպեսզի չխախտվեն հեղինակային իրավունքները, եւ տեղից վեր կացողն Ազնավուրի անունը չհամարձակվի շահարկել ու էժանագին նախագծերով փող աշխատել: |