ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Մայիսի 26-ին նախատեսվում է Երեւանի մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում անցկացնել Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգ Պատրիկ Ֆեորիի, Էլեն Սեգարայի, Սլիմանի, Քեյթ Ռայանի, Լեա Կաստելի եւ Րաֆֆի Արտոյի մասնակցությամբ: Եվ թեեւ արեւմտյան աշխարհի, հատկապես եվրոպական երկրների երաժիշտների եւ հանդիսատեսների հետ Ազնավուրի կապերը բոլորին են հայտնի, նրա առնչություններն արեւելյան, հատկապես արաբական աշխարհի հետ, շատ քչերին է հայտնի: Այդ բացը գալիս է լրացնելու Կահիրեում Մոհամմեդ Րիֆաաթ էլ Իմամի խմբագրապետությամբ եւ հայտնի մտավորական, անաղարտ հայերենի ջատագով, ազգային խոհուն գործիչ Պերճ Թերզյանի ակտիվ միջամտությամբ լույս տեսնող «Արեգ» արաբերեն պարբերականը (8րդ տարի, թիվ 74), որի շապիկի երկու երեսներին հայազգի մեծ շանսոնիեյի նկարներն են: «Շառլ Ազնավուր: Ֆրանսիական երգի հայազգի քնարերգուն» վերնագրով 12 էջեր զբաղեցրած առաջնորդող հոդվածի հեղինակն է Ղաթա Դերղամը, որը խորագիտակ է երեւում ինչպես մեծ շանսոնիեյի, նրա ծնողների կենսագրությանը, այնպես էլ Հայաստանի եւ Ֆրանսիայի իրադարձություններին եւ այն անձանց, որոնք կապ ունեն Ազնավուրի հետ: Զանց առնելով Ազնավուրի ծնողների Ֆրանսիա գաղթելու, Ազնավուրի մանկական եւ պատանեկան տարիների, հետագա ընկերական շրջանակի եւ հաջողությունների, նաեւ նրա ձախորդությունների շատերիս ծանոթ մանրամասնությունները, ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում արաբական աշխարհի հետ Ազնավուրի ունեցած առնչությունների համառոտագրությունը ըստ հոդվածագրի տվյալների: «Ազնավուրը ճանաչված էր որպես արաբների բարեկամը: Քանիցս այցելել էր Լիբանան, Եգիպտոս, Մարոկկո եւ Բահրեյն, որոնցում բացի համերգներ տալուց, նաեւ մտերմացել էր այդ երկրների երաժիշտների եւ երգիչ-երգչուհիների հետ: Նրա երգերը մեծ սիրով են ընդունվել արաբների կողմից: Ալժիրի, Բեյրութի, Կահիրեի փողոցներում եթե մարդկանց հարցնեք, թե ճանաչո՞ւմ են արդյոք Ազնավուրին, նրանք վստահաբար կպատասխանենՙ «այո»: Մոտիկից ծանոթ էր Ազնավուրը հատկապես եգիպտացի դերասան Օմար Շարիֆի, ալժիրցի երգիչներ Խալեդի, Ռաշիդ Թահի, ճանաչված եգիպտացի երգիչներ եւ երգահաններ Մուհամմեդ Աբդել Ուահաբի, Ֆարիդ էլ Աթրաշի, Աբդել Հալիմ Հաֆեզի եւ Օմ Քալսումի, բնականաբար նաեւ լիբանանցի երգչուհի Ֆայրուզի հետ: Ի դեպ Ազնավուրն էր, որ այս վերջին երկուսիՙ Ֆայրուզի եւ Օմ Քալսումի համերգներն է կազմակերպել ֆրանսիական հանրահայտ «Օլիմպիա» համերգասրահում, դիմելով այդ ժամանակվա Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլին: Շատ է սիրել ալժիրցի Ուարդային (որի անունը վարդ է նշանակում հայերենում): «Արաբական երգը խորը արմատներ է թողնում մարդու հոգում», ասել է Ազնավուրը, ավելացնելովՙ «Թուրքականն էլ լավն է, բայց միեւնույն ազդեցությունը չունի»: Ազնավուրը անցյալ դարի 50-60-ականներին մոտ 15 համերգներ է տվել Լիբանանում: Այդ երկիրը հատուկ տեղ էր զբաղեցնում իր սրտում: «Արեւելյան երկիր լինելով, Լիբանանը նաեւ արեւմտյան է, մարդիկ ֆրանսերեն են խոսում այնտեղ: Նաեւ այնտեղ կա բազմահազարանոց հայկական համայնք»: Իսկ Թուրքիայից Ֆրանսիա տեղափոխվելիս, 1922 թվին, շոգենավը Ալեքսանդրիայում է կանգ առել, եւ Շառլի հայրը ծանոթացել է արաբական մշակույթի հետ: Հետագայում (1948-ին) Էդիթ Պիաֆի հետ Ազնավուրը այցելել է Կահիրե եւ միասին համերգ են տվել, որից հետո Էդիթ Պիաֆին սկսել են կոչել «Արեւմուտքի Օմ Քալսումը»: Համերգը տեղի է ունեցել արքայական «Գասեդ խեր» շոգենավի վրա: Ավելի ուշՙ 1952-ին Ազնավուրը ընկերացել է Էդիթ Պիաֆին, որն այս անգամ մեկ համերգ է տվել Կահիրեի Ամերիկյան համալսարանի «Էուըրտ Մեմորիալ» դահլիճում: Հետագայում դարձյալ Ազնավուրը այցելել է Կահիրե համերգներ տալու: «Նրա հավաստումներով հանդիսատեսն է կերտում երգչին, նա է նրան հագցնում, սնում: Ամեն ինչով ես պարտական եմ իմ հանդիսատեսին, ունկնդրին», ասում էր նա: Նա նաեւ հաստատում էր, որ բառը, խոսքը ավելի կարեւոր է, քան երաժշտությունն ու երգչի ձայնը: Ազնավուրը մահացավ 94 տարեկանում 2018-ի հոկտեմբերի 1-ին: Արաբերեն եւ ֆրանսերեն լեզուներով Մերձավոր Արեւելքում լույս տեսնող բազմաթիվ պարբերականներ մեծ տեղ հատկացրին «100 տոկոսով հայ եւ 100 տոկոսով ֆրանսիացի» երգչին: Հեռուստակայանները նույնպես: Նշենք դրանցից մի քանիսին: Ալժիրում «Ուաթան» թերթը մի քանի հոդված տպագրեց, նշելով նաեւ, որ Ազնավուրը մարդու իրավունքների ջատագով էր: Կահիրեում ֆրանսերենով հրատարակվող «Ահրամ Էբդոն» լուսանկար տպագրեց (հոդվածի ուղեկցությամբ), որտեղ երեւում էին Ազնավուրը, Օմար Շարիֆը, երգչուհի Անուշկան, դերասանուհի Էյմանը, դերասան Ղեզդատ Աբու Ղուֆը եւ նախկին մշակույթի նախարար Ֆարուք Հոսնին: «Էլ Շարք էլ Աուսաթ» պարբերականը չորս հոդված հրատարակեց, որոնցից մեկը կրում էր «94 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի Ֆրենկ Սինատրան» խորագիրը: Իսկ ֆրանսիական «Սեզար» մրցանակներ շնորհող ակադեմիան հայտարարել է, որ հաջորդ 2019-ի կինոփառատոնի մրցանակաբաշխությունը նվիրված է լինելու նրան եւ կրելու է Շառլ Ազնավուրի անունը»: |