RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 06-09-2019



Տեղադրվել է` 2019-09-05 21:57:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 534, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱ ՄԵԿ ԱՅԼ ՄԱԿՈՆԴՈՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Ալեսսանդրո ՁԱԿԿՈՒՐԻ

«Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպով Նարինե Աբգարյանն ընթերցողին տանում է պատմության եւ առասպելի սահմանին գտնվող մի տարածքՙ առաջացնելով հրաշալիի զգացողություն:

Երկրաշարժն ավերել է լեռան զգալի մասը, ջնջել է գյուղի կեսը, բայց Մառանում նախընտրում են հավատալ, որ իրենց համագյուղացիները չեն մահացել, այլ իջել են հովիտՙ պատսպարվելու անձեռնմխելի մնացած տներում, քանի որ դրանք անվնաս են: Նրանք նորություններ չեն ուղարկում, քանի որ հիմա մոռացել են Մանիշ քարը: Բայց նրանց մոտ ամեն ինչ կարգին է, շատ լավ: Ապրում են մի աշխարհում, որտեղից գրեթե ոչինչ չի գալիսՙ դեղորայք, փոստ, ապրանքներ, որ գնչուներն են բերում եւ որոնց հրահանգվում է հաղորդել առավել կամ պակաս երեւակայական տեղեկությունները: Ինչ է պատահում իրականում ժայռափոր այդ տների այդ շրջանակից դուրսՙ մնում է անորոշ եւ առեղծվածային: Նույնիսկ պատմությունը, իր ընդվզումներով եւ իր պատերազմներով, մի հեռավոր աղմուկ է, որը սոսկ իր հետքն է թողնում սուգի մեջ, տեղի ընտանիքների մեջ ցրված: Սակավաթիվ որոշակիությունների մեջ կա սով, որը վերադառնում է սպառնալից կերպովՙ ոչնչացնելու մառանցիներին: Մենք կարող էինք լինել ցանկացած ժամանակ, ցանկացած դարաշրջանում...

Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն իսկապես հայտնություն է: Սկզբնապես ասպարեզ իջնելով 2015 թվականինՙ այս գիրքը միջազգային ճանաչման արժանացրեց հեղինակին, որը ծնվել է Բերդում (Հայաստան), 1971 թվականին եւ 90-ականներին տեղափոխվել է Մոսկվա: Լինելով կատարելապես երկլեզուՙ որոշել է գրել ռուսերեն, կարծես հաստատելու համար իրավիճակի բարդությունը աշխարհաքաղաքական եւ բանաստեղծական նույն ժամանակաշրջանում: Կարծես դա բավարար չէր, «Երկնքից ընկավ երեք խնձորի» մոդելն, ըստ էության, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» է: Լատինամերիկյան մոգական ռեալիզմը միահյուսվում է հայկական առասպելներին, մինչեւ որ կհայտնվի արեւելյան մի Մակոնդոՙ դաժան եւ հմայիչ: Այդպիսին է Մառանը, որպիսին ընթերցողը սովորում է ճանաչել տարբեր շարունակական հայացքների, այդ թվումՙ Նաստասյայիՙ երիտասարդ Տիգրանի ռուս կնոջ միջոցով: Նրա (եւ ոչ միայն նրա) համար Մանիշ քարի օդը գրեթե միշտ առեղծվածային հետեւանքներ է ունենում. կուրծքը նորից լցվում է կաթով ու նաեւ ցանկություն է առաջանում նկարել: Մառանում անցկացրած օրերին Նաստասյայի կտավներին ամրագրվում են բնանկարներ, որոնցում իրականությունը հայտնվում է փոխակերպված կամ, ավելի ճիշտՙ վերադարձված իր ճշմարիտ էությանը: Այդ նկարներում կարող է պատահել, որ երիտասարդ տարիների գեղեցկությունը վերագտնի արդեն տարեց Անատոլյան, իրական հերոսն այս ստեղծագործության, որն ամեն դեպքում մնում է որպես «երգչախմբային պատմություն» (գեղարվեստական գործ, որին մաս կազմող կերպարներն ու գործողությունները երգչախմբի ձայների պես ձուլվում են ներդաշնակ միասնության մեջ - ծան.` թարգմ.) եւ կամ որ հին տանտիրոջ կիսադեմն առանձնանա լքված տան փլատակներից:

«Երկնքից ընկավ երեք խնձոր»-ում շատ մահ կա, բայց նաեւՙ շատ կյանք: Դրանց միջեւ սահմանը թույլ է: Մեռյալները բնակվում են սնահավատների երազներում, երբեմնՙ բողոքելու համար ինչ-որ տանջալից անարդարությունից, երբեմնՙ զգուշացնելու եւ պաշտպանելու համար: Հակոբը, ամրակազմ դարբին Վասիլի հիվանդոտ եղբայրը, օժտված է մի մեծ եւ սոսկալի պարգեւով: Մոլեգնող սովի մեջ նա կարողանում է գիշերային երկնքում տեսնել «կապույտ սյուները», դրանք ուղեկցում են վայր իջնող հրեշտակներին, որոնց ուղարկում են դիմավորելու մեռնող հոգիներին: Այն գրքի ամենից հանդիսավոր տեսարաններից մեկն է, որտեղ զարմանահրաշը դրսեւորվում է մի քանի անգամՙ սովորաբար առօրյա կյանքի քողի ներքո: Մառանում հայտնվում է սիրամարգըՙ դյութական մի արարած, ոչ ոք չգիտի, թե ինչպես. նա դուրս է գալիս հովտիցՙ օգնություն ուղարկված արկղերից մեկի միջից եւ ապահով թռչում է դեպի Մելիքանց տունը, որտեղ դրանից անմիջապես հետո ծնվում է վերոհիշյալ Տիգրանը: Բայց անբացատրելի ու կախարդական է նաեւ Անատոլյայի ճակատագիրըՙ աշխարհում միայնակ եւ չամուսնացած, որի համար կոշտուկոպիտ Վասիլի հետ հանդիպումը կներկայանա որպես սիրո մեջ թաքնված ու շնորհակալ մի նվերՙ մի վերածնունդ դառնալու անակնկալով:

Ասում են, որ վերնագրի երեք խնձորները նույնպես առասպելական են. առաջինը նրա համար է, ով տեսավ, երկրորդըՙ նրա համար, ով լսեց, իսկ երրորդըՙ ով «պատմեց ու հավատաց աշխարհի բարուն»: Կցանկանայի ավելացնել չորրորդըՙ վերապահված նրանց համար, ովքեր այս գիրքը հասանելի դարձրին իտալական հանրությանը: Առաջին հերթինՙ թարգմանչուհի Կլաուդիա Ձոնգետտիին ՙ 19-րդ դարի ռուս գրականության դասականների, ինչպես նաեւ ժամանակակից հեղինակների իր մատուցման համար, միլանցի հրատարակիչ Ֆրանչեսկո Բրիոսկիին , որը մի քանի տարի է, ինչ սկսել է մեթոդական պեղումներ կատարել գրականության մեջ, սովորաբարՙ լայն ընտրությամբ, որ տարածվում է Իրանից դեպի այլեւայլ տարածքներ: Դրանք, փափագելիորեն, կանանց ձայներ ենՙ Նարինե Աբգարյանի, նրա Անատոլյայի, Նաստասյայի եւ Մառանի մյուս մայրերի նման:

«Ավվենիրե», Միլան, Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 06-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ