ՊՐԻՄԱ-ԲԱԼԵՐԻՆԱՆ. ԷԼՎԻՐԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար աշխատող Հայ բալետի «ոսկե դարը», որն ընդգրկեց 1960-ից 1980-ականների վերջը եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանի (ծն. 1944) դերասանական գործունեությունըՙ որպես Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի առաջին մենապարուհի, անբաժան են: Այս փաստը լրացվում է եւս մի հանգամանքով, որը կապված է այն իրողության հետ, որ սկսած Սպենդիարյանի թատրոնի բալետային խմբի կազմավորումիցՙ 1930-ական թթ.-ից մինչեւ 1960-ականների կեսերը առաջատար պարուհի (պրիմա բալերինա) դիրքը գրավում էին ծագումով ռուս պարուհիներ: Սկզբիցՙ Հայաստանի ժողովրդական արտիստներ Լյուբով Վոինովա-Շիկանյանը, Ռուսուդան Թավրիզյանը (Ռոմանովա), Լյուդմիլա Սեմանովան: Ճիշտ է, մենք ունեցել ենք նաեւ բարձորակ պարուհիներ-հայուհիներ, ինչպիսիք էին Հայաստանի ժողովրդական արտիստներ Սիլվա Մինասյանը, Թերեզա Գրիգորյանը, Բելա (Լորետտա) Հովնանյանը, Հայաստանի վաստակավոր արտիստներ Ելենա Արարատովան, Աննա Մարիկյանը, նաեւ Ժասմեն Բաբախանյանը, Բելա Խուդինյանը, վաղամեռիկ Ջուլիետա Քալանթարյանը: Նրանցից ամեն մեկն իր մեծ ներդրումն ունի հայ բալետի կատարողական արվեստի ասպարեզում: Սակայն խաղացանկի բազմազանությամբ, գլխավոր դերերի քանակով, հատկապես դասական բալետի տեխնիկայի վարպետությամբ, որն ուներ «մայրաքաղաքային մակարդակ», առաջին ազգությամբ հայ պրիմա բալերինան դարձավ Էլվիրա Մնացականյանը: Էլվիրայի ծնողները երազում էին տեսնել իրենց աղջկան դաշնակահարուհի: Ուստի երբ դարձավ յոթ տարեկան, ուսման տարան երաժշտական տասնամյակ: Վերջինս այդ ժամանակ գտնվում էր ներկայումս Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի շենքում (Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկ): Նույն շենքի ներքին հարկում գտնվում էր Պարարվեստի ուսումնարանը: Երեք տարի անց Էլվիրան կատարեց իր առաջին ինքնուրույն քայլըՙ առանց ծնողների հետ խորհրդակցելու գնաց ուսումնարանի ընդունելության քննություններին: Այսպես նա դարձավ Երեւանի պարարվեստի ուսումնարանի սան եւ որոշեց իր ճակատագիրը: Արդեն ուսման երկրորդ տարում Էլվիրա Մնացականյանը հանդես եկավ Հայ արվեստի երկրորդ տասնամյակի ժամանակ Մոսկվայի Մեծ թատրոնի բեմումՙ կատարելով իր առաջին մենապարային դերը «Ձյունափաթիլների պարում» Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետից: Աղջկա բեմական հմայքը անտարբեր չթողեց Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի դասավանդողներին, որոնք առաջարկեցին նրան շարունակել կրթությունը Մոսկվայում: Սակայն, քանի որ Էլվիրայի մայրը չհամաձայնվեց այդ առաջարկությանը, նրանք վերադարձան հարազատ քաղաք: Տասնչորս տարեկանից նա արդեն հանդես էր գալիս թատրոնի կորդեբալետում, իսկ 1961 թ., երկու տարի ուսումնարանն ավարտելուց առաջ ընդունվեց աշխատանքի օպերայի եւ բալետի թատրոն: Հանրապետության վաստակավոր ուսուցիչ Ալեքսանդրա Բոգդանովան, որը նախապատրաստել էր մեր բալետի բազում մենապարուհիների, իզուր չէր իր սաներից առանձնացնում Էլվիրային: Չէ՞ որ նրա շնորհիվ 1963 թ. Երեւանի պարարվեստի ուսումնարանի ավարտական համերգին ցուցադրվեց Ադանի «Ժիզել» բալետը ամբողջությամբ, որի գլխավոր դերում հանդես եկավ Մնացականյանը: Այդ ներկայացման մեջ որպես նրա զուգընկեր, Կոմս Ալբերտի դերը կատարելու համար հրավիրվեց այդ պահին մեր թատրոնի երիտասարդ առաջատար պարող Վիլեն Գալստյանը: Սակայն ոչ միայն Բոգդանովան էր համարում Էլվիրային իր փայլուն ուսանողուհի: Հանրահռչակ Ագրիպինա Վագանովայի աշակերտ, հանրահայտ պարուհի եւ պարուսույց Նատալյա Դուդինսկայան 1971 թ. գալով Երեւան, մեր բեմում Չայկովսկու «Կարապի լիճը» բեմադրելու նպատակով, հատուկ ուշադրության էր արժանացնում Էլվիրային, առանձին դասեր էր տալիս, հետագայում էլ Մնացականյանը մի քանի տարի շարունակ գնում էր Լենինգրադՙ հատուկ Դուդինկայայից դասեր վերցնելու: 1972 թ. Դուդինսկայան հատուկ հրավիրեց Մնացականյանին մասնակցելու «Դուդինսկայայի դասարանը» ֆիլմում որպես իր դպրոցի ներկայացուցիչ: Պարապմունքները Նատալյա Միխայլովնայի հետ իզուր չանցան Էլվիրայի համար: Դրանց շնորհիվ նա յուրացրեց պետերբուրգյան-լենինգրադյան դպրոցի լավագույն ավանդույթներըՙ տեխնիկայի, շարժումների հղկվածությունը, ձեռքերի շարժման «երգայնությունը», մի շարժումից մյուսի անցման սահունությունը: Ի սկզբանե որակավորվելով որպես քնարական ուղղվածության պարուհիՙ Սպենդիարյանի անվան թատրոնի 60-70-ականների սկզբի գլխավոր բալետմայստերները, տեսնելով Մնացականյանի մեջ պոտենցիալ առաջատար մենապարուհիՙ ձգտում էին բացել նրան նաեւ այլ ամպլուաներում: Եվգենի Չանգան գրավում էր նրան իր բալետների «իսպանական» դրվագներում: Ըստ երեւույթին, հանդիսատեսները անչափ զարմացած էինՙ տեսնելով դեռատի Մնացականյանին վառ բնորոշ պարի հմուտ վարպետ Վիկտոր Բորիսովի հետ «Իսպանական պարում»ՙ Այվազյանի «Պարոն Մինթոեւը Փարիզում» օպերայում: Չանգայի ավանդույթը շարունակեց նրան գլխավոր բալետմայստերի պաշտոնում փոխարինած Մաքսիմ Մարտիրոսյանը: Նա Էլվիրային վստահեց կուրտիզանուհի Էգինայի դերը «Սպարտակ» բալետում: 1966 թ. ստանձնելով Ժիզելի դերն Ադանի համանուն բալետումՙ Էլվիրա Մնացականյանը 33 տարի անընդմեջ եղավ Սպենդիարյանի անվան թատրոնի առաջատար պարուհի: Թվարկել այն բոլոր բալետները, որոնցում նա հանդես եկավ որպես գլխավոր հերոսուհի, անհնար է: Այն համազոր է 1966-1999 թթ. թատրոնի ողջ խաղացանկի թվարկմանը: Իսկ դա համարյա քառասուն անվանում է... Էլվիրա Մնացականյանի ստեղծագործական դիմանկարը կատարելապես համապատասխանում է «պրիմա-բալերինա» որակավորմանը: Դա թեեւ բնությունից տրված օժտվածություն է, թե՛ պարային եւ դերասանական տվյալները, գեղեցկադիմությունը, բեմական հմայքը, դասական եւ ժամանակակից բալետի տեխնիկայի տիրապետման բարձր մակարդակը: Թվարկածին ավելացնենք մեծ խաղացանկային բեռնվածություն կրելու ունակությունը, տարբեր բալետմայստերների պարային եւ ոճական առանձնահատկությունների ընկալման ճկունությունը, փորձարարության պատրաստականությունը եւ հանդիսատեսին բալետմայստերի մտահղացումը ճշգրիտ հասցնելու կարողությունը: Եվ անշուշտ, կատարողական ոճի ուրույնությունը: Էլվիրա Մնացականյանը աշխատել է բազում բալետմայստերների հետ, որոնք ենՙ արդեն հիշատակված Ե. Չանգան, Մ. Մարտիրոսյանը, Ա. Ղարիբյանը, Մ. Մնացականյանը, Կ. Սերգեեւը, Օ. Վինոգրադովը, Ն. Ռիժենկովը, Վ. Սմիռնով-Գոլովանովը, Գ. Ալեքսիձեն, Վ. Գալստյանը... Եվ կարելի է պնդել, որ եթե նա նույնիսկ 1973 թ. չհանդիպեր Աշոտ Ասատուրյանին, այնուամենայնիվ, իր բեմական ուղին կավարտեր որպես Սպենդիարյանի անվան թատրոնի առաջին մենապարուհի... Սակայն հանդիպումը Ասատուրյանի հետ բախտորոշ էր: Նա դարձավ բալետմայստերի թե՛ կինը, թե՛ մերձավոր ընկերը, թե՛ Մուսան: Տասից ավելի բալետ Աշոտ Ասատուրյանը բեմադրել էՙ նկատի ունենալով Մնացականյանի պարային եւ դերասանական ոճը, ստեղծելով նրա համար բազմապիսի եւ խորը կերպարներ. Բալասանյանի «Լեյլի եւ Մեջնուն», Օրբելյանի «Անմահություն», «Լույսի սիմֆոնիա»ՙ Միրզոյանի երաժշտությամբ, Ռավելի «Դափնիս եւ Քլոյե», «Հերոսական բալադ»ՙ Բաբաջանյանի երաժշտությամբ, «Թեմա վարիացիաներով»ՙ Պ. Չայկովսկու երաժշտությամբ, Ստրավինսկու «Օրփեոս» բալետներում, Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը», «Սիմֆոնիկ պարեր»ՙ Ռախմանինովի երաժշտությամբ: Իսկ Շամիրամը Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» բալետում Էլվիրա Մնացականյանի կերտած ամենափայլուն կերպարն է: Մեջբերենք երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանի գնահատականը. «Ահա իսկապես բազմակողմանի կերպարՙ երազկոտ եւ գործուն, սիրող եւ վրիժառու, նենգ եւ անձնվեր, վեհ եւ խղճալի, հաղթող եւ տառապող: Այս ամենը մարմնավորված է շարժումների հարուստ եւ, միաժամանակ, ոճականորեն միասնական համակարգումՙ մե՛րթ կտրուկ, մե՛րթ սահուն, պաղատագին եւ տիրական, մոլեգին եւ նենգորեն սողացող, քարացած եւ սրաթռիչ: Ճիշտ է, այս դերը կատարող պարուհին էլՙ Էլվիրա Մնացականյանը, ոչ միայն պարուհի է, այլեւ ճշմարիտ դերասանուհի, եւ բոլոր դերերում ի հայտ են գալիս նրա բեմական հմայքը, վերամարմնավորման վարպետությունը: Հիշեք նրա քնքուշ, անզոր Լեյլիին եւ համեմատեք Շամիրամի հետ...» (Կ. Խուդաբաշյան, Երաժշտությունը եւ ներկայացումը, «Սովետական արվեստ», Երեւան, 1983, N 3, էջ 28-29): Աշոտ Ասատուրյանը եւ Էլվիրա Մնացականյանը միություն են, որը որակավորում են «ավելին, քան սերը» արտահայտությամբ: Մնացականյանը հետեւեց Ասատուրյանինՙ 1991-ին մեկնելով Խարկով եւ 1997-ին նրա հետ վերադարձավ Հայաստան: Նա դադարեց պարել այն պահից, երբ վախճանվեց նրա ամուսինը, ընկերը, բալետմայստերը` Աշոտ Ասատուրյանը... 1990 թ. Էլվիրան ավարտեց Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի բալետմայստերական բաժինը, որտեղ ուսանել էր հանրահայտ բալետմայստերներ Պյոտր Գուսեւի եւ Նիկիտա Դոլգուշինի մոտ: Այժմ Հայաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը դասավանդում է Երեւանի պարարվեստի պետական քոլեջում, ինչպես նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի պարուսույց-փորձավարն է: Եվ նրա աշակերտուհիների, շրջանավարտների ու նրա ղեկավարությամբ առաջնային դերեր նախապատրաստած պարուհիների ոճը միշտ առանձնանում է մի շարք ելեւէջներովՙ յուրօրինակ պլաստիկա, ժեստ, գլխի շարժում, որոնք մի պահ անցյալ դարի հանդիսատեսին հիշեցնում են այն պահերը, երբ դահլիճը գայթակղում էր իր պարային երգայնությամբ մեր հայ պրիմա-բալերինա Էլվիրա Մնացականյանը... Նկար 1. Էլվիրա Մնացականյանը եւ Ռուդոլֆ Խառատյանը «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» բալետում |