ՊԵԿԻՆԻ ՕՊԵՐԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ա. Բ. Հայաստանում սպասվում է մշակութային աննախադեպ իրադարձություն. սեպտեմբերի 7-ին եւ 8-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում առաջին անգամ Երեւանում հյուրախաղերով հանդես կգա Պեկինի օպերան: Համաշխարհային լայն ճանաչում ունեցող այս յուրահատուկ արվեստի տեսակը համարվում է Չինաստանի եւ մարդկության թանկարժեք մշակութային ժառանգություններից մեկը եւ 2010 թվականին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ: Այն իր գոյությունը սկսել է 18-րդ դարում եւ այսօր դարձել է Չինաստանի ազգային բրենդներից մեկը: Երաժշտության, վոկալի, մնջախաղի, պարերի եւ ակրոբատիկայի համադրություն հանդիսացող Պեկինի օպերայի քառասուն հոգանոց կոլեկտիվը երեւանցի հանդիսականին ներկայանալու է իր ամենից հայտնի չորս ներկայացումներովՙ «Երկնային տիկինը ծաղիկներ է սփռում», «Ճամփաբաժանին», «Աշնանային գետը» եւ «Կայսեր հրաժեշտը սիրեցյալ կնոջը», որոնք օպերայի դասական երկացանկի մասն են կազմում: Ինչպես «Ազգի» հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ-ի դեսպանի խորհրդական պարոն Ճոու Հոնյուն , Պեկինի օպերայի հայաստանյան հյուրախաղերը կազմակերպվել են դեսպանատան ջանքերի շնորհիվՙ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՉԺՀ մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հետ համատեղ եւ մի նոր խթան են հանդիսանալու հայ-չինական տարեցտարի խորացող միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում: Պեկինի օպերայի ներկայացումների վերաբերյալՙ մեր թերթի հաջորդ համարում: |