ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԻ «ՄԱԵՍՏՐՈՆ» Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ Մինչ Սերգեյ Գալստյանի «Մաեստրո» վերնագիրը կրող գրքի ընթերցանությունն սկսելը, մի ներքին ձայն ինձ ստիպեց կանգ առնել ու մտորել այդ բառի իմաստի շուրջը, եւ ես մտաբերեցի հայերեն հնչողությամբ Վարպետ անվանումը: Անուն, որը տրվում է արարման խորհուրդը արվեստի աստիճանի վրա, հանրությանը հասկանալի, սրտամոտ, բարձրարժեք չափորոշիչներով մատուցող անձին: Ընթերցելուց հետո հասկացա, որ գրքում խոսվում է վարպետական նման առաքելության եռակի ներկայության մասին, որտեղ եռակի զուգորդումների կենտրոնում գործող հերոսը գրքի գլխավոր կերպար նկարիչ Նաղաշ Գնունին է: Եռյակը կազմող մյուս երկուսը նրա կերպարին կենդանություն հաղորդողներն են, նրա դիմանկարը ձեւավորողները, ավարտին հասցնողները: Նաղաշ Գնունու կերպարն, իսկապես, կերտվել է, եւ կերտվել է իբրեւ 21-րդ դարում հայ ազգային մշակույթն իր մեջ կրող մի մասնիկ: Նկարելու միջոցով արարման բարձրագույն զգացողությունները կլանում են գրքի հերոսին, հասցնելով վարպետության այն աստիճանին, որտեղ անձը կարող է կրել Մաեստրո տիտղոսը: Հենց այդպես էլ դիմում են նրան իր գործընկերները, ուսանողները, եւ, ընդհանրապես, շրջապատը: Արարման խորհուրդը որպես այդպիսին, համաշխարհային դիցաբանության ու աստվածաշնչյան իր ակունքներից ելնելով, ճանապարհ հարթել, անցել ու դեռ անցնում է ժամանակների միջով, պայծառ շողարձակումներով երբեմն-երբեմն ի հայտ գալով հայտնի արվեստագետների ստեղծագործությունների ֆոնին: Մաեստրո Գնունին նման արվեստագետներից է: Փոխադարձաբար միավորվելով վրձնի, կտավի ու գույների հետ, նա սովորական առօրյայի մեջ ստեղծում է այն թռիչքադաշտը, որտեղ իջնում են արարիչն ու արարվողը, գաղտնազերծում տիեզերքի գաղտնիքները, եւ հեռանում, դիտողին թողնելով նույն այդ գաղտնազերծման վկայություններիՙ իր կողմից կերտված դիմանկարների հետ: Սերգեյ Գալստյանի «Մաեստրոն» արարման խորհուրդն իր տիեզերական, մասշտաբային ընկալումներից զատելով բերում, մոտեցնում է մեզ որպես հայոց ակունքներից սկիզբ առնող, նրանից սնվող հոգեզմայլ իրողություն: Եվ այդ արվում է ոչ միայն ազգությամբ հայ մարդկանց առօրյայի ու իրադարձությունների մասին պարզապես պատմելով, այլեւ, այդ ամենի հիմքում ունենալով արարման իրենց ոգին որպես ազգային արժեք հայրենիքի առջեւ դնող Վարպետներիՙ Երվանդ Քոչարի եւ Էդվարդ Իսաբեկյանի բարձրարժեք ու հմայիչ կերպարները: Ահա այստեղ է, որ վեպի գլխավոր հերոսիՙ մաեստրո Գնունու հետ զուգահեռվում են նրան ոգի տվող նրա էապատկեր նախատիպերը, որոնց մասին հեղինակը գրել է գրքի սկզբում, ընթերցողին ուղղված իր խոսքում, պատմելով, թե ինչպես է իր երազանքն իրականություն դարձել, երբ ինքը, վերջապես, ընկել է մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ֆանտաստիկ «կղզին», հնարավորություն ստանալով մշտապես հանդիպելու նրա հետ: «Վահունին խոսում էր,- վերհիշում է գրքի հեղինակը,- իսկ նաՙ ժպտում, ասես այդ ժպիտը նրա հոգու հայելին լիներ, որտեղ արտացոլված էին Քուռկիկ Ջալալու սլացքը, Դավթի զարկի շառաչը, Թուր-Կեծակիի շողշողացումները, ձիարձան կերտվածքի ողջ հմայքը... Հետո... Ես հարստացա Քոչարով, Քոչարով մտա կերպարվեստի աշխարհ: Մտերմացա շատ ու շատ նկարիչների հետ, դարձա շատերի արվեստանոցների այցելուն... Ես սիրահարվեցի ու մնում եմ առ այսօր սիրահարված մեր հայկական կերպարվեստին»: Անվանի նկարիչների հետ Սերգեյ Գալստյանի ունեցած բարեկամությունն, այնուհետեւ, ասես ոսկեջրվելու էր իրեն հանդիպած «երկրորդ մաեստրոյի» փայլով: «Էդվարդ Համայակիչը ինձ հաճախ էր հրավիրում իր արվեստանոց: Խմում էինք գինի ու խոսում կերպարվեստի, կինոյի ու գրականության մասին... Արդեն նրա արվեստանոցում հայտնվում էի թեկուզ առանց հրավերի: Նա եւ իր կտավները մոգական ուժ ունեին»,- գրում է նա: Ահա վեպի կառուցվածքը պայմանավորող եռամիասնության երկրորդ բաղկացուցիչըՙ իրական Վարպետների աներեւույթ ներկայությունը: Գրքի հեղինակի համար նրանք կրկնակի մեծություններ էին: Սերգեյ Գալստյանը գիտակցում էր նրանց հմայքի գաղտնիքը, ովքեր սեփական ստեղծագործություններով ապացուցում էին կյանքի կապվածությունը արարչագործ նախասկզբի հետ, եւ, ոչ միայն... ազգայինը հիմնավորում էին հենց այդ սկզբի մեջ, առաջ նայում ազգային իրենց դիտակետից: Պատահական չէ, որ վեպի համար որպես բնաբան Սերգեյ Գալստյանը ներկայացրել է Վարպետ Իսաբեկյանից բազմիցս իր լսած խոսքերըՙ «Հայրենիքը լքելը անբուժելի վերք է, ուղեղի մորմոք, հոգու տառապանք, ինչպես ասել է մակվեցի մեծ բանաստեղծը իր զարմանահրաշ, հանճարեղ վեպում»: Նույն այդ զգացողությամբ էլ ապրում է վեպի հերոս նկարիչ Գնունին, որի շուրջն այսպիսի խոսուն իրադարձություն է ծավալվում շնորհիվ վեպի հեղինակ Սերգեյ Գալստյանի. «- Հա, Նաղաշ ջան,- շարունակեց Արուսը,- եղբայրս մեզ համար առանձնատուն է գնել, փոքրիկ պարտեզով: Ասում էՙ թող Նաղաշը գա, սենյակներից մեկը, որը պարտեզին է նայում, իր համար արվեստանոց սարքի, թող նկարի, աշխատի, ով է ձեռքը բռնողը... - Հա, գամ, պարտեզում էլ Սեւանի մակետով ավազան սարքեմ, որ պատուհանից Սեւանին նայեմ... Խեղճ Ալիշանի նման: - Ո՞ւմ, ո՞ւմ ասացիր... - Ալիշանի: - Ալիշանն ո՞վ է, այ մարդ... Առ, առ, էս հերդ գժվել է... Կապը ընդհատվեց»: Եվ, իսկապես, ընդհատվում է մաեստրո Նաղաշ Գնունու կապն իր ընտանիքի հետ: Ճշմարիտ Վարպետները տիեզերքի եւ մարդկային ներաշխարի կապը անմիջապես ազգային շեփորափողի միջով զգացողներ են: Այդպիսին էին Քոչարն ու Իսաբեկյանը, որոնց ոգեղեն ներկայությանը նվիրված կուռ կառուցվածքով հուշարձան է «Մաեստրոն», ընթերցողի ուշադրությունը գրավող գլխավոր հերոսի հոգեբանությամբ: Երվանդ Քոչարին ունկնդրելու բարեբախտությամբ եւս, Սերգեյ Գալստյանը կիսվելով ընթերցողի հետ, գրքի նախաբանն սկսում է Քոչարի իմաստնությամբ. «Մարդը մենակության մեջ մի աշխարհ է, աշխարհի մեջՙ մենակություն»: Վեպի գլխավոր հերոս նկարիչ Նաղաշ Գնունու ընտանիքից բաժանվելու, մենակ մնալու պատմությունով էլ սկսվում է վեպը: Եվ այսպես, կյանքի եւ հայրենիքի վերաբերյալ երկու Մաեստրոների հայացքներով, նրանց մասին չմարող հիշողությունների լիցքավորումներով է ստեղծվել Սերգեյ Գալստյանի «Մաեստրո»-ն: Ինչպե՞ս կարող էր Սերգեյ Գալստյանի հերոսն ընտանիքի հետ մեկնել Ամերիկա, լքել հայրենիքը, երբ նույն հերոսի վարպետության կերպարային ակունքներում շնչող ոգին հակառակ էր դրան, երբ այդ ոգին անձնավորողի մասին հեղինակի ընկալումն այսպիսին է. «Հայաստան վերադառնալու համար Մաեստրոն ընտրել էր ամենավատ ժամանակները... Բայց չգա՞ր... Սա ես հարցնում եմ ինքս ինձ: Չգար, աշխարհը կունենար Քոչար, մենք չէին ունենա «Դավիթ»... Վեպում Նկարիչ Գնունու կերպարով հեղինակը բարձրաձայնում, առաջ է տանում հենց այդ միտքը. Ինչո՞ւ չունենանք ե՛ւ Քոչար, ե՛ւ «Դավիթ»: Ինչո՞ւ բաժանենք նրանցՙ արարչին եւ արարվածին, տեր դառնալով, խոսելով միայն արարվածի մասին: Իր հերոսի միջոցով հեղինակին հաջողվել է ցուցադրել նրանց միավորված, անբաժանելի գոյությունը: Ահա Նաղաշ Գնունու կյանքը եւ ստեղծագործ գործունեությունը վեպում, որտեղ գործող կերպարներըՙ սկսած նրա ընտանիքի անդամներից, ընկերներից, մինչեւ քաղաքային ու այլ իշխանությունների ներկայացուցիչներ, ասես, նույն նվագախմբի տարբեր նվագարաններով մի համահունչ ներկայացման մասնակիցներ են, որտեղ կենտրոնում կանգնած ինքըՙ նկարիչը, համակ ուշադրությամբ հետեւում, ուղղորդում է ամենը: Նրանց թիկունքում զգացվում է հայ անվանի մաեստրոների շնչառությունը: Ահա այս միավորումը իսկապես վարպետ դիտողականությամբ ու գրչով կերտած հեղինակըՙ Սերգեյ Գալստյանը եռյակ միասնությամբ կերտված վեպի ասելիքի երրորդ կողմն է, ում մտահղացման արդյունքում ծնվել է գիրքը: Արարիչ, արարում, եւ արարման խորհուրդը ազգային դաշտում վերածնող ստեղծագործողների ներկայությունը համոզիչ է, պատվելի ու երանելի: Արարման ու արարվածի կապը Նահապետ Քուչակով ներկայացնելու հեղինակի միտքը ազգայինը գնահատելու հեղինակի շնորհի մասին է: Նկարիչ Գնունու ցուցահանդեսում քուչակյան թեմաներով ներկայացված կտավներ կան, որոնք դիտողների կողմից որակվում են որպես «բացառիկ ներգործություն ունեցողներ»: «...Ինչն է այդպես Ձեզ ոգեշնչել» հարցին նկարիչը պատասխանում էՙ բացելով արարման արվեստի քուչակյան գանձարանի դուռը նաեւ հանրության առաջ. «Երբ սովորում էի,- պատմում է նա,- նկարում էի այնպես, ինչպես շատ-շատ նկարիչներ: Ավարտեցի ու անընդհատ մտածում էի, ինչպես հեռանամ նրանցից...»: Ահա այստեղ է, որ նկարչի առջեւ հառնում է քուչակյան փիլիսոփայությունը: Ի՞նչ է սա նշանակում: «Սա նշանակում է, որ ըստ Քուչակի, կյանքի կառավարող հոսանքը սերն է...»: Նկարիչն, այնուհետեւ, բացում է լույսը նկարելու իր շնորհի գաղտնիքը, կապելով այն Քուչակի տողերի հետՙ Լուսին, պարծենաս, ասես. «Լուս կու տամ ես աստընվորիս»: Ահա հոգեղէն լուսին ի գըրկիս-երեսն երեսիս. Թէ չես աւտայ այս գերուս, յետ տանեմ ըզփէշ կապայիս, վախեմՙ սիրոյ տէր լինիս, լուս պակաս տաս աստընվորիս: Իսկ կտավի վրա «կինը ետ էր տարել կապայի փեշը եւ բացված ազդրից աստվածային մի լույս էր բարձրանում առ լուսինը... Իրավՙ լուսինը սիրո տեր էր դառել եւ չէր փութացել լուսավորել աստընվորիս, այսինքնՙ աշխարհը...»: Հայ ու հայկականություն, կենդանի ու լուսեղեն, ինչպե՞ս կարելի է հրաժարվել սրանից, լքել այս ամենը: Մի այլ իրադրության մեջ նկարիչն այսպես է ներկայանում. «Հիշեց, որ այսօր խոստովանել է, առաջին անգամ խոստովանել է մեկին, որ ինքը դեռեւս սիրում է իր առաջին սերը, որ հենց այդ էակն է սովորեցրել իրեն թե՛ արարելու, թե՛ կին սիրելու արվեստը...»: Ուշադրություն դարձրեք, նա սիրում է առաջին սերը, շեշտն այստեղ սիրո մասին է որպես արարող շնչառություն, ոչՙ արարվածի: Սերն այստեղ արարչագործ կատեգորիա է, որը միավորվում է արարվածի հետ, եւ այդ միությամբ կլանում վարպետ արվեստագետին: Լուսավոր ու գեղեցիկ, շատ կյանքային ու ազգային պատումներով հարստացված վեպը, ի վերջո, արտագաղթի թեմայով փիլիսոփայական հիմք ունեցող գեղագետի զրույց է, որը նորովի մոտեցում է այդ թեմային, հաճելի նյութՙ ազգային արժեքներով կենդանի մնալու գաղափարակիրների համար: |