ԼԵԳԵՆԴԱՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ. ՄԱՐԻԱՄ ՏՈՆՅԱՆ-100 Աննա ԱԴԱՄՅԱՆ Օգոստոսի 30 եւ 31-ին Չայկովսկու երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում մեծաշուք համերգներով տոնեցին դպրոցի վաստակաշատ եւ Հայաստանի ամենաերկարակյաց ուսուցչուհուՙ Մարիամ Արշակի Տոնյանի 100-ամյակը: Ինքսՙ լինելով Չայկովկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շրջանավարտՙ աշակերտել եմ սիրելի ուսուցչուհուն եւ ինձ համար նշանակալի իրադարձություն էր ներկա գտնվել նրա 100-ամյա հոբելյանին: Հազվադեպ է հանդիպում, որ աշակերտին բախտ վիճակվի ներկա լինել ուսուցչի 100-ամյա հոբելյանին: Ուսուցչուհին այստեղ է դասավանդում ստեղծման օրիցՙ 1938 թվականից, 82 տարի անընդմեջ դասավանդելով «հարմոնիա» առարկան եւ իր նվիրումը ծառայեցնելով սիրելի դպրոցին: 15 տարի դասավանդելով նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այնուամենայնիվ, նախընտրել է մնալ իր հարազատ կրթօջախում եւ այս տարիքում էլ դեռ մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ շարունակում է իր մասնագիտական գործունեությունը դպրոցում: Նրա աշակերտների թվում են Հայաստանի, ինչպես նաեւ արտերկրում ապրող մի շարք հռչակավոր, վաստակավոր երաժիշտներ, որոնք մինչ այժմ էլ երախտապարտ են սիրելի ուսուցչուհուն այն հիմնարար գիտելիքների եւ բարձր պահանջկոտության համար, որ փոխանցել է իրենց Մարիամ Տոնյանը: Համերգի ընթացքում լեգենդար ուսուցչուհուն ողջունեց ՀՀ Կրթության եւ գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը ՙ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով պարգեւատրելով նրան «Երախտագիտության մեդալով»: Ողջույնի խոսքեր հնչեցրին եւ պարգեւներ հանձնեցին նաեւ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը , Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը եւ այլք: Համերգին մասնակցում էին նրա տարբեր տարիների աշակերտներըՙ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, ջութակահար Արտաշես Մկրտչանը, թավջութակար Արամ Թալալյանը եւ այլք, ինչպես նաեւ իր ընտանիքի անդամները, որոնք նույնպես գործում են երաժշտական աշխարհում: Ինչպես նշում են իր հարազատները, աշակերտներն ու գործընկերները, սիրելի ուսուցչուհու ներկայությամբ իրենք իրենց մշտապես երիտասարդ են զգում եւ վարակվում նրա լավատեսությամբ ու կենսախնդությամբ: Մարիամ Արշակի Տոնյանը ծնվել է 1919 թվականին, Թիֆլիսում: Երկու տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Ավարտել է Երեւանի կենտրոնական ցուցադրական դպրոցը, զուգահեռաբարՙ երաժշտական դպրոցը, այնուհետեւՙ Երեւանի կոնսերվատորիան: Նրա հայրըՙ Հայաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանը, ստալինյան բռնապետության ժամանակներում աքսորվել է եւ այլեւս չի վերադարձել: Հետագայում աքսորվել է նաեւ նրա ամուսինըՙ երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը, եւ Մարիամ Տոնյանը իր ուսերին է կրել երեք երեխաներին միայնակ մեծացնելու դժվարությունները: Հարազատների վկայությամբՙ երբեք չի ընկրկել կյանքի դժվարությունների առաջ, միշտ մնացել է լավատեսՙ մոռանալով դժվարություններն ու տհաճ վերաբերմունքը: Հարկ է հիշատակել, որ Մարիամ Տոնյանը համահեղինակն է իր ամուսնուՙ Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանի հետ ստեղծված «Երաժշտական բացատրական բառարան» արժեքավոր եւ ծավալուն աշխատության (Երեւան, «Խորհրդային գրող», 1989), որը մինչեւ այժմ էլ մեծ կիրառություն եւ նշանակություն ունի սկսնակ եւ հասուն երաժիշտների շրջանում: Մարիամ Տոնյանի խոսքովՙ իր համար երբեք կարեւոր չեն եղել կոչումներն ու հարստությունը, եւ ինչպես ինքն է ասում.«Ես եսասեր եմ, բայց փառասեր չեմ»: Կարծես, Մարիամ Տոնյանը վաղուց գտել է իր հոգու ներդաշնակությունը եւ դրա շնորհիվ էլ մինչ այսօր շարունակում է համահունչ եւ ներդաշնակ իր կյանքըՙ Աստծուց խնդրելով միայն առողջություն: |