ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՊԱՀԱՊԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Երվանդ Ազատյան. «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» Սեպտեմբերի 25-ին «Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ սփյուռքահայ գրող, գրականագետ, գրաքննադատ, հրապարակախոս, հասարակական-կուսակցական գործիչ, ԳԱԱ արտասահմանյան անդամ, Երեւանի պետական եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանների դոկտոր, Հայաստանի գրողների միության անդամ Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գրքի շնորհանդեսը: Հրատարակության ժամանակագրային առումովՙ այս գիրքը դեռ նախորդ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին գինեձոնված «Ժամանակի եւ ժամանակակիցներու հետ» գրքի տրամաբանական շարունակությունն է, բարեբախտաբար, ինչպես հայտնի դարձավ շնորհանդեսի ժամանակ, ո՛չ վերջինը: Կան գրողներ, որոնք ապրելով հայրենիքում, մեկ ոտքով կանգնած են եղել դրսում, մեկ ոտքովՙ ներսում. ամբողջ կյանքն ապրելով դրսումՙ Ազատյանը ոչ թե մեկ, այլ երկու ոտքով անվերջ կանգնած է եղել հայրենիքում, ահա՛ նրա խիստ ընդգծելի առանձնահատկությունը, մեծագույն արժանիքը, որ կարող է խիստ ուսանելի լինել հենց հայրենիքում ապրող բազմաթիվ դեմքերի համար: Հարուստ է Ազատյանի կենսագրությունը, ուսուցանող ու ոգեւորող, եւ դժվար է այն ամբողջությամբ տեղավորել մի քանի էջի մեջ: Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թ. Բեյրութում: Որտեղ էլ, ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում ստացել է իր երկրորդական կրթությունը: Փայլուն առաջադիմությամբ ավարտել է տարբեր ուսումնական հաստատություններՙ Բեյրութի Ամերիկյան համալսարան, Բոստոնի Նորթիսթըրն, Դետրոյթի Ուեյն Ստեյթ համալսարաններ եւն: 1954-1958 թվականներին զբաղեցրել է Բեյրութի «Զարթօնք-սփոր» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրի, 1959-1967 թվականներինՙ Կահիրեի «Արեւ» օրաթերթի խմբագրապետի, 1967-1972 թթ. «Պայքար» հաստատության վարիչ-տնօրենի պաշտոնները: Եղել է «Պայքար» գրական եռամսյա հանդեսի եւ «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, գլխավոր սյունակագիր: 1971 թվականիցՙ թղթակցել է Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթին, 1986թվականիցՙ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) գրական հանդեսին, 1991 թվականիցՙ Երեւանի «Ազգ» օրաթերթին, 2006 թվականիցՙ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից եւ գլխավոր աշխատակիցներից է: 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականիցՙ Դետրոյթի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներինՙ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության փոխատենապետ, այժմՙ ատենապետ: Վերոբերյալ կենսագրական ծաղկաքաղը խոսում է այն մասին, որ Ազատյանը կյանքի գիտակցության հենց առաջին տարիներից հաճույքով որպես ընծա է ընդունել իր հայ լինելու գաղափարը: *** Գրքի շնորհանդեսին ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը, համշենագետ Սերգեյ Վարդանյանը, երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը եւ այլք, նաեւ հյուրերՙ Մոնտրեալից: Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց եւ վարեց Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը : «Մարդկանց երեք խումբ կա. առաջին խմբի մարդիկ հասնում են մի տարիքի եւ որոշում, որ իրենց երկերը ինչ-որ հատընտիրով պետք է ներկայացնեն, դրանք այն մարդիկ են, ովքեր հույս չունեն, որ իրենց մահից հետո որեւէ մեկը իրենց գործերը կհավաքի, կհրապարակի, այդպես են նաեւ այն մարդիկ, ովքեր իրենց արձաններն են կանգնեցնում` հույս չունենալով, որ հետմահու որեւէ մեկը կանի այդ բանը: Երկրորդ խումբը պատկանում է այն մարդկանց, որոնք ստեղծում են, ստեղծագորրծում են, դասախոսում են, այնուամենայնիվ, ոչ մի գրքի շապիկի տակ չեն ամփոփում իրենց հոդվածները, դասախոսությունները. այդպիսին էր նաեւ նշանավոր արվեստաբան Իպոլիտ Տենը, որ կյանքում իր դասախոսություններից ոչ մի տող չէր տպագրել` պատճառաբանելով, որ, եթե իրենից հետո, ասենք, իր ուսանողներին, պետք գա, եւ գտնեն, որ կարելի է դրանցով սովորել եւ սովորեցնել, կտպեն. այդպես էլ եղավ: Մեր իրականության մեջ էլ Լեւոն Ներսիսյանն այդպես արեց, նրա մահից բավական տարիներ հետո միայն նրա ուսանողները հավաքեցին ու հրատարակեցին նրա դասախոսությունների մի մասը: Մարդիկ էլ կան, որ մեկ կողմից ստեղծագործում են, մեկ կողմից գրում են, մեկ կողմից հրատարակում են: Ահա այս վերջին խմբին է պատկանում մեր հերոսն` իր գրքով: Նա միաժամանակ խմբագրական է գրում երկու թերթի համար, մյուս կողմից բազում այլ աշխատանքներ է կատարում` կուսակցական եւ այլն: Այս ծանրաբեռնվածությամբ հանդերձ, մեկ տարվա ընթացքում Երվանդ Ազատյանը կարողացավ հրատարակել երկու գիրք», շեշտեց Հակոբ Ավետիքյանը : Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն էլ կարեւորելով Երվանդ Ազատյան գրողի եւ հրապարակախոսի առանձնահատկությունները, համեմատականներ անցկացրեց նրա եւ Եղիա Տեմիրճիպաշյանի միջեւ: Գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը եւս դրվատանքի խոսքեր ասաց Ազատյանի հասեցին. «Երկորորդ անգամ ես պետք է խոսեմ մի գրքի մասին, որը չեմ կարդացել: Առաջին դեպքը եղել է մեկ տարի առաջ, կրկին այստեղ, կրկին` Ազատյանի գրքի մասին: Ազատյանը համարձակ գրող է, նա դեռ նախորդ գրքում անդրադարձել էր մի գրողի, որին մեր ժամանակակիցները Մեսիայի աստիճանի են հասցրել, խոսքը Շիրազի մասին է: Այդ ձեւով նրան անդրադառնալը մեծ համարձակություն ու խոհեմություն էր պահանջում, կարեւոր գործիքներ, որոնց հմտորեն տիրապետում է Ազատյանը: Թեպետ, ինչպես նշեցի, դեռ չեմ կարդացել այս գիրքը, բայց վստահ եմ, այստեղ էլ նման համարձակ տողերն ու նկատառումները քիչ չեն լինելու»: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր հերթին նշեց, որ Ազատյանի նման գրողներն իսկական դասական կերպարներ են, որոնցից կարելի է ամեն օր սովորել: Գրքի մասին խոսեց նաեւ այն կազմող, խմբագիր ու առաջաբանի հեղինակ, անվանի բանասեր, գրականագետ, արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը , որ խիստ կարեւորեց գրքի բովանդակությունն ու, առհասարակ, գրող, մտածող Երվանդ Ազատյանին. «Ես կնշեմ գրքի երկու-երեք, իմ ըմբռնումով, կարեւոր հատկանիշները: Ինչու ես հանձն առա այս գրքի աշխատանքը, որովհետեւ Երվանդ Ազատյանը գրում է հայերեն լեզվով: Ասածս պարադոքս չէ. մեր լեզուն, մանավանդ մեր գրականության լեզուն, չեմ ասում գրական լեզուն, այսօր սարսափելի վիճակում է: Հաճելի է հայերեն տեքստ կարդալը, հաճելի է, երբ հայերեն գրող մարդու մտածողությունը նույնպես հայերեն է. Երվանդ Ազատյանի գրության առաջին կարեւոր հատկանիշը դա է: Ազատյանն այն եզակի մարդկանցից մեկն է, որն ունի լայն հայացք: Չի լինում, որ մարդը տաղանդավոր գրականագետ լինի, բայց այնպես պատահի, որ թատրոն չի հասկանում, կերպարվեստ չի հասկանում, կինո չի հասկանում. մեզանում, իհարկե, լինում է, բայց առհասարակ չի լինում նման բան: Երվանդ Ազատյանն այն մարդկանցից մեկն է, որ կարող է գրել գրականության մասին, օպերայի մասին, կերպարվեստի մասին, թատրոնի մասին, բազում-բազում նյութեր ունի նա, որոնք վկայում են այդ մասին: Արծարծած թեմաների այդ բազմաբովանդակությունը ես համարում եմ նրա գրքի երկրորդ կարեւոր արժանիքը: Երրորդ կարեւոր արժանիքն Ազատյանի քաղաքացիական դիրքորոշումն է: Մենք մեր գրողներից քաղաքացիական դիրքորոշում ենք պահանջում: Ես կարծում եմ, որ հանրային խոսքի տեր մարդը պետք է բարոյական նկարագիր ունենա: Ես ուզում եմ ասել, որ Ազատյանի գրություններում կա քաղաքացիական կեցվածք, դիրքորոշում, որ ինձ համար շատ կարեւոր է, ես դա բարձր արժանիք եմ համարում, դա երրորդ կարեւոր արժանիքն է, որ այդ գիրքը դարձնում է ո չ սովորական գիրք»: Իր խոսքում Տեր-Խաչատրյանը նշեց նաեւ, որ Ազատյանը դեռ շատ գրելու բան ունի, որոնք, ժամանակի սղության պատճառով, ուշանում են: Ռեժիսոր, դերասան, երաժշտագետ Ժիրայր Փափազյանը, Փարիզից, կարդաց Ազատյանի գրքի վերջինՙ «Ցանկութիւն ծերոց» պատմվածքը, որն իր զվարթախոհ անմիջականությամբ ու թախծոտ անկեղծությամբ հմայեց բոլորին: Իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Զվարթնոց» քանոնահարների խումբը (ղեկ. Հասմիկ Լեյլոյան) ամբողջ երեկոյի ընթացքում ընդհատ-ընդհատ կատարումներով ապահովեց միջոցառման թեթեւ ու գեղեցիկ մթնոլորտը: Միջոցառման ընթացքում հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր, միջոցառման կազմակերպիչ Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը : Դրական երանգներով ընդգծելով Ազատյանի անցած հասարակական, կուսակցական ու գրական ուղին, Միրզախանյանն անդրադարձավ նրա «Կապույտ Երեւան» էսսեինՙ նշելով, թե հայրենիքից հեռու ապրելովՙ հեղինակն ի~նչ ջերմ զգացումներով է արտահայտվում հայրենիքի մասին. «Ահա՛ Երվանդ Ազատյանըՙ մեր ժամանակների լավագույն մտավորականը», իր խոսքը եզրափակեց Միրզախանյանը: Միջոցառումը եզրափակվեց Երվանդ Ազատյանի ողջույնի ու շնորհակալության խոսքով. «Սիրելի բարեկամներ, եթե չձանձրացաք, կցանկանամ մի քանի խոսքով իմ զգացումները հայտնել: Երախտապարտ եմ, որ հյուրերի այսպիսի ընտրանի ունենք ո՛չ միայն Հայաստանից, այլեւ` արտասհամանի տարբեր կողմերից: Մեր թեքեյանականներն էլ այսօր այստեղ են, նրանց եւս շնորհակալ եմ: Ես իմ գրքերը փորձում եմ միշտ Հայաստանում հրատարակել, դրանով ես փորձում եմ ազգային միասնականության ժեստ անել: Ինձ համար մեր ժողովրդի միասնությունն ամեն ինչից վեր է, ցավոք, այսօր մենք այդ առումով լուրջ մտահոգվելու տեղ ունենք: Մենք անընդհատ խոսում ենք ներգաղթի մասին, բայց պետք է ընդունենք, որ մարդկանց հետ պետք է հայրենիք գան նաեւ գրականության այն էջերը, որոնք ստեղծվել են դրսում, եւ մեծ մասամբՙ անհայտ են հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին. չէ՞ որ գրականությունը մեծ ուժ է: Ես փորձում եմ նաեւ արեւմտահայերենը բերել այստեղ, որ, ցավալիորեն, գնալով ադամանդի պես կարծրանում է, շատերն էլ ալեւս չեն կարողանում օգտվել այդ կարծրությունից, այդ խնդիրը հրատապ լուծման կարիք ունի: ՅՈՒՆԵՍԿՕ-ն արեւմտահայերնն արդեն դասել է վտանգի տակ հայտնված լեզուների շարքում. ինչո՞ւ այդ գիտակցումը չկա մեր հայրենիքում: Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն, իսկ ապագայում արդեն շոշափելի արդյունքներ կստացվեն. ես ինձանից բխող ամեն հնարավոր բան կներդնեմ այդ գործի համար: Շնորհակալ եմ բոլորիցդ»: Հ.Գ. Հարգելի՛ ընթերցող, սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա երկուշաբթի օրըՙ սեպտեմբերի 30-ին, ժամը 12:45-ին, Երվանդ Ազատյանին կհյուրընկալեն նաեւ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում: |