«ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ - ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ԷՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԸ...» Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Ուսանողության տարիներին սովորություն էի դարձրել դասախոսության ամեն տետր վերցնելիսՙ հայացքս նախ այս տողերի վրա պիտի ընկնեին. «Եվ երջանիկ էՙ ով քեզ / կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ, /Երանելի էՙով քեզանով է/ խոսում ու դատում.....» , որքան էլ այդ տարիներին, եւ առաջ ու հետո առավել եւս, այն անտեսվում ու դառնում էր անկարեւոր, եւ է՛, եւ շարունակվու՛մ է ավելիով: Հայրենասիրությունը մոդայի պես բան են դարձրել, պատեհ-անպատեհ շահարկվում է, նրանցից շատերին որ հարցնեսՙ դա ի՞նչ է, կամ իր մոտ ինչպիսի՞ դրսեւորում ունի, հստակ պատասխան չես ստանա, կամ մի տափակ բան կլսես: Ու որ ասեսՙ հայրենիք կոչվածի արյունը լեզուն է, հարցական կնայեն դեմքիդ: Մեր լեզուն ազատ չէր, հիմա էլ այդպես է. կար ժամանակ, որ հայ գավառական ինտելիգենցիան իրենից ցած էր համարում խոսել մայրենի լեզվով: 1988-ը եկավ մաքրելու անազատ մտքի այս եւ այլ տեսակի անհեթեթություններ, երբ հրապարակներում հայերենով հնչեցին ազատություն ու անկախություն բառերը եւ ճանապարհ հարթվեց ավելի կարեւոր երեւույթների գիտակցման ՙ հայրենիքի, ազգային արժեքների, բարոյականության, մոտենալու մեր արմատներին, հասկանալու մեր ինքնության հիմքերի հիմքիՙ մեր լեզվի կարեւորությունը: Այդ տարիներին հրապարակներում էին այդպիսի արժեքները հստակեցվում, մաքրվում, դուրս գալիս կապանքներից եւ մտնում մարդկանց գիտակցության մեջՙ նոր պատկերացումով ու վերաբերմունքով, եւ եթե հիշում եք, այլալեզու քաղքենիական խավը սկսեց նահանջել այդ շրջանում: Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը «Ազգ»-ի հրապարակախոսական շարքի իր հոդվածներից մեկում պատմում էր, թե ինչն է եղել առիթըՙ 88-ին Ազատության հրապարակի հանրահավաքներիՙ իր մշտական մասնակցության, երբ մի օր այդ կողմով անցնելիս շատ պատահական լսել է գեղեցիկ, մաքուր հայերենով հնչող խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի: Բնավ զարմանալի չէ սա. խոսքիՙ գրագետ, բովանդակային ու գեղեցիկ լեզվական շարադրանքի, հռետորական արվեստի ներգործության ուժը հայտնի է վաղուց: Վահան Տերյանը չէ՞ր անցած դարասկզբին գրում. «Վտարանդի, երկրում աղոտ, / Լուսեղ, քեզ եմ երազում,/ Եվ հնչում է, որպես աղոթք/ Արքայական քո լեզուն» : Տարիներ առաջ էր. Շվեյցարիայում ապրող մեր հայրենակիցը, որ աշխատում էր օտարների մեջ, օտարալեզու միջավայրում ու ընտանիքում շփումը միայն օտար լեզվով էր, պատմում էր, որ բանաստեղծություն է գրում հայերենով ու ասում էր, որ գրում էՙ միմիայն հայերենը չմոռանալու համար: Օրեր առաջ Հովիկ Աֆյանը այս թեմայով գրված հոդվածում հղում էր արել Վանո Սիրադեղյանի «Արածեք ձեր խոտը» ակնարկին, հետն էլ առաջարկել, «որ այն համատարած անգիր հանձնարարվի, որ Հայաստանում դպրոցն ավարտած յուրաքանչյուր քաղաքացու քնից էլ արթնացնես , ասիՙ «մի՛ մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ» : Վիկտոր Համբարձումյանը հայ եւ համաշխարհային գիտական մտքի պատմության մեջ թողեց մեծ ժառանգություն, բայց իր վերջին խոսքիՙ Կտակի մեջ ժողովրդի մեծագույն առաքինությունը մայրենի լեզվի տիրապետումն ու դրա պահպանումն է համարում: «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը» : Երեսնամյա մերՙ իբր անկախ երկրում, հետեւողական ու նպատակային քաղաքականություն տարվեցՙ ուղղված բարոյական արժեհամակարգի քայքայմանը: Շատ պարզ մի բան. մարդու մեջ փորձում էին վերացնել մարդկայինը, ստեղծելու անտարբեր ու եսակենտրոն հասարակություն, որտեղ ամենաչգնահատվածն ու նույնիսկ արհամարհվածը մեկ բառով ասածՙ առաքինությունն է, ասենքՙ ազնվությունը, շիտակությունը, նվիրումը, կարեկցանքն ու գթասրտությունը, փոխարենըՙ կարեւորելով կեղծ արժեքներ կամ սրանց հակառակ բաներ, որոնք ուղղված են հազարամյակներ առաջ քարոզված բարձրագույն արժեքիՙ սիրո դեմ: Սա ընդհանուր միտում է աշխարհում, - կասեն շատերը, - մասամբ համաձայնելով, այդուհանդերձ, մենք մերի հանդեպ, ինքներս մեր հանդեպ ենք նախեւառաջ պատասխանատու: Երկրներ չեն նվաճում միայն պատերազմների միջոցով, դրա «քաղաքակիրթ» ճանապարհները կան վաղուցՙ մի փոքր ավելի ջանք պահանջող, իսկ գուցե՞ ոչ այդքան. բարոյալքել ժողովրդին, հասարակությանը, եւ մշակված մեթոդներն էլ վաղուց կանՙ մարդկանց սոցիալական թշվառության հասցնելուց մինչեւ հոգեւոր- մշակութային ամլություն, արժեքային համակարգի խեղաթյուրում, որի լավագույն միջոցը հայտնի զանգվածային լրատվությունն էՙ հեռուստատեսությունն ու մամուլը: Այս ճանապարհին հանդիպող խոչընդոտող հանգամանքների, մասնավորապես գիտակից, արթուն ու հատկապես պայքարող անհատների հանդեպ նույնպես մշակված վերաբերմունք ու մեթոդ կաՙ անտեսումից, մեկուսացումից, հեղինակազրկումից, ազատազրկումից մինչեւ ֆիզիկական ոչնչացում: Իսկ իրական արժեքային համակարգից զուրկ, խեղաթյուրված կյանքով ապրող, մտային ամուլ, համահարթված հանրություն-զանգվածն ի վիճակի չէ պայքարելու, վերլուծելու, գնահատելու, սատարելու իր արժեքավոր զավակներին, այսպես ասած թացը չորից զանազանելու ունակ չէ: Եվ երբ հասարակությունը կորցնում է իր ինքնությունը, իր հոգեւոր արժեքները պաշտպանելու հատկությունը, դիմադրողականությունը թուլանում է, նա դառնում է խոցելի, եւ որեւէ ծրագրի իրականացումՙ Ստամբուլյան կոնվենցիա կլինի, Ամուլսարի հանքի շահագործում, թե մայրենի լեզվի ու մշակույթի հետ կապված խնդիր, թե մեկ այլ, շատ ավելի հեշտ է դառնում: Բարեբախտաբար, մենք դեռ դիմադրում ենք, բայց թվում էՙ հասել ենք վտանգավոր մի սահմանի, ինչ-որ անորոշ, անհասկանալի, նույնիսկ անդեմության պես մի բան: Սա, իհարկե, անցած տասնամյակների գործելաոճի անխուսափելի հետեւանքն է, որ ունի մեկ այլ երանգային շարունակությունՙ առերեւույթ գեղեցիկ, կամ գուցե անգամ ազնիվ թվացող, իրականում երերուն ու խաբուսիկ է: Որքան շատ էին նախընթաց շրջանում ահազանգեր ու բողոքներ դպրոցականՙ հատկապես ցածր դասարանների դասագրքերի աղճատված բովանդակության հետ կապված, որոնք կա՛մ բթացնող, անհեթեթ, անտրամաբանական նյութեր, առաջադրանքներ էին, կա՛մՙ ագրեսիայի, դաժանության քարոզչություն: Բազմաթիվ անհանգստություններ ու տագնապներՙ աղանդավորական խմբերի ու դրանց քայքայիչ գործունեության հետ կապված, մասնավորապես ընտանիքներում ու դպրոցներում: Էլ չասածՙ հեռուսատահաղորդումների որակի մասին, բարիլույսների անբովանդակ, անհամ զրույցների, տափակ, անճաշակ հումորների, հնչած ցածրակարգ երաժշտության ու հատկապես լեզվի գռեհկացման, չարաբաստիկ հեռուստասերիալների, որոնք ոչ թե պարզապես անարվեստ, անտաղանդ, այլՙ ուղղակի ա՛ղբ էինՙ թե՛ բովանդակային, թե՛ կատարողական առումով: Իհարկե, մի շատ փոքր հատված կար, որն ապականել կա՛մ չէին հասցրել, կա՛մ հատուկ էին թողել, ինչպես հասարակության մեջ կա մի փոքր շերտ, սակայն պատվիրատուները զգոն ենՙ սահմանները պահելուն եւ դրա կրողների հանդեպ համապատասխան վերաբերմունքին... Ինչեւէ, օվկիանոսի մեջ կաթիլները եղանակ չեն ստեղծում, ինչ ուզում էՙ անեն: Միեւնույն ժամանակ այդ ուժերը գիտեն, որ դրանց իսպառ ոչնչացումն էլ աղետաբեր է: Եվ ահա՛ այս ամենի շարունակությունը: Հիմա դառնանք վերջին ժամանակների ցավոտ խնդիրներիցՙ հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն առարկաներիՙ ոչ մասնագիտական բուհերում ոչ պարտադիր դարձնելու, կամ բուհի հայեցողությանը թողնելու նախագծին: Վերջինի դեպքում մեծամասամբ հակված են կարծելու, թե հանվելու են հայրենագիտական այս առարկաներըՙ փոխարինելով դրանք իրենց նախընտրածով: Երբ հարցնում ես ուսանողներին, նրանցից մի մասն ասում է, թե բուհական ուսուցումը չի տարբերվել դպրոցական մակարդակից, երբեմն նույնիսկ ավելի ցածր էՙ սահմանափակվելով քերականական վարժությունների պարզ հանձնարարություններով, կամ թեՙ իրադարձությունների պրիմիտիվ շարադրանքովՙ հայ ժողովրդի պատմության պարագայում: (Մի քանիսն էլ բողոքում էին որոշ դասախոսներիՙ սեփական դասագրքերը ուսանողներին պարտադրաբար գնել տալու դեմ): Հակառակ երեւույթի եւ բացառությունների մասին եւս չեն լռում: Ինքս ականատեսն եմ եղել սփյուռքահայ ուսանողի ընդգծված հարգանքին ու վերաբերմունքինՙ բուհում ոչ մասնագիտական առարկա դասավանդած տարիներ առաջվա իր դասախոսի հանդեպՙ տրված գիտելիքի, հայ մշակույթի, լեզվի, գրականության նկատմամբ վերաբերմունքի, արժեւորման համար: Այս համատեքստում հարցով մտահոգ մասնագետներիՙ հատկապես երկու առաջարկ ուշադրության է արժանի: Հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցումը այսպես ասած խորհրդանշական կամ ձեւական լինելուց անհրաժեշտ է ազատել, այն պիտի լինի ըստ էության, գիտակցվի դրա կարեւորությունը` որպես ազգային նկարագիր ձեւավորող երեւույթ, անառարկելիՙ տարբերվի դպրոցական մակարդակից, թե՛ ուսուցման մակարդակով, թե՛ մատուցման մեթոդներով, բայց կարեւորը բովանդակային փոփոխությունն է: Առաջարկվում է ոչ մասնագիտական բուհական ծրագրերում ընդգրկել հայագիտություն կամ մշակութաբանություն առարկան, որն իր մեջ կներառի հայ մշակույթի, լեզվի, հայ ժողովրդի պատմությունըՙ թերեւս կամընտրական շերտերով: Պատճառաբանությունը, թե մասնագետները շատ քիչ են, թույլ է, նրանց պատրաստելը ժամանակի խնդիր է: Բացի այդՙ այնպես չէ, թե մեր բուհերում մասնագիտական բոլոր առարկաների ուսուցումը տարվում է ամենաբարձր մակարդակով ու խորը իմացությամբ, շատ դեպքերում մասնագիտական առարկաների բավարար մակարդակ չի ապահովվում.- սաՙ իմիջիայլոց: Այստեղ մի զուգահեռ անցկացնենք վերջերս ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում կատարված մի փոփոխության հետ: Այն իրականացնելու համար նախ պետք էր ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անունը փոխել եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի, ապա գրականություն առարկան հանել մասնագիտական առարկաների ցանկից ու դնել ասենքՙ էթիկա, քաղպաշտպանություն եւ նման առարկաների կողքին եւ ժամերը կրճատելՙ հասցնելով ընդամենը ֆակուլտատիվի մակարդակի. այնպես որՙ կարելի է անգլերեն լավ սովորել, ասենքՙ առանց Շեքսպիր կարդալու: Մյուս առաջարկըՙ նույնպես ուշադրության արժանիՙ բուհերի ոչ հումանիտար բաժիններում մասնագիտական հայերենի ուսուցանումն է: Հղում անելով մասնավորապես ամերիկյան բուհերի նմանօրինակ պրակտիկայինՙ առաջարկվում է հետեւել այդ փորձին (սակայն որքանո՞վ կհաջողվի դա մեզանում), կան մի քանի տարբերակներ այդպիսի հատուկ դասընթացների: Մի մասը ուշադրություն է հրավիրում օտարալեզու մասնագիտական գրականությանՙ հիմնականում ռուսերեն, թարգմանության վրա: Այս առաջարկը տարիներ առաջ դեռ կար, բայց եղածը, ինչպես ուսանողներն են ասում, շատ քիչ մաս է կազմում. մասնագիտական թարգմանական կարողության ռեսո՞ւրսն է պակաս, պետական աջակցության բացակայությո՞ւնը, քանի որ չնչին վարձատրություն է տրվում բավականին բարդ աշխատանքի դիմաց, թե՞ մեր լեզվի հնարավորությունները: Ֆրանսիացի անվանի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին ՙ հիացած հայերենի բառային ու ոճային հարստություններով, գրել է. «Մի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսօր իսկ զորություն ունի առատորեն եւ ստույգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները եւ բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ» : Այն կարծիքը, որ հայոց լեզու, գրականություն եւ հայ ժողովրդի պատմություն առարկաների ուսուցման մակարդակը պետք է բարձրացվի դպրոցներում, անկախ այս նախագծի լինել- չլինելուց, անհրաժեշտ է, եւ առհասարակ ընդհանուր կրթության որակը պիտի բարձրացվի ու փոփոխության ենթարկվի: Սոցցանցերում արված գրառումներըՙ տաբեր տարիքի ու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, լավագույն պատկերն են հայերենի իմացության, տարրական գրագիտություն չկա, այնպիսի ուղղագրական սխալներով են գրում, որ ապշած ես մնում, եւ հիմնականումՙ համալսարանականներ: Իսկ որքանո՞վ է իրեն հարգում որեւէ ասպարեզի բարձր մասնագետ, որ տիրապետելով թեկուզ մի քանի օտար լեզուների, չի կարողանում մայրենի լեզվով ներկայացնել իր գիտությունը, իր ուսումնասիրության առարկան կամ ոլորտը եւ սկսում է կիսատ- պռատ, մի կերպ արտահայտել մտքերը հայերենով, երբ ինքը նախեւառաջ այդ լեզվի կրողն է. սա գիտակցության խնդիր է, եթե չասենքՙ ազգային արժանապատվության: Հիմա հարցՙ այս երկիրը, հայրենիքը մի՞թե զուտ տարածք է եւ մի՞թե ֆիզիկական միավորով է միայն չափվում կամ արժեւորվում: Երբ վտանգ է սպառնում հայրենիքի սահմաններին, մեր ֆիզիկական անվտանգությանը, մենք ակնթարթորեն արթնանում ենքՙ կյանքի գնով պաշտպանելու այն, իսկ երբ այդ նույն հարձակումը տեղի է ունենում մեր հոգեւոր տարածքի, հոգեւոր անվտանգությանՙ մեր լեզվի, մշակույթի, հավատի, բարոյական արժեքների դեմ, ինչո՞ւ է թմրում դիմադրելու մեր գիտակցությունը: Հայաստանի Պահպանողական կուսակցության հայտարարության տեքստում, որտեղ մեր «հայրենակիցներին հորդորվում է վճռականորեն դիմագրավել հայության հոգեւոր միակ հիմնասյան դեմ նախատեսվող ոտնձգությանը» , կարեւոր այսպիսի միտք է հնչում . «Ամուլսարն ընդամենը երկրի մի հատվածի ընդերք է, իսկ Հայոց լեզուն հայ ինքնության, հայ էության ընդերքն է, որի ավերման ցանկացած փորձ պետք է կանխվի անխնա եւ դեռ չսկսված» : Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողությանը արտասանած խոսքում մի միտք հնչեցրեց. նա ասացՙ «Ֆրանսերենը հայրենիք է» : Հայերենը հայրենի՛ք է: |