«ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ՆԱԽԱԳԻԾ Արփինե ԿԱԼԻՆԻՆԱ, Կոմպոզիտոր, դաշնակահար Նոյեմբերի 5-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տողերիս հեղինակի նախաձեռնությամբ եւ անձնական ներդրումներով կայացավ «Բրիտանական եւ հայկական երաժշտական կամուրջ» նախագծի երրորդ համերգը: Նախագիծը սկիզբ է առել 2017 թ. սեպտեմբերին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած համերգովՙ նվիրված Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Նախագիծը նպատակ ունի հանդիսատեսին ներկայացնել բրիտանական դասական եւ ժամանակակից երաժշտությունը, ինչպես նաեւ տարածել հայ մշակույթն ու գրականությունն աշխարհումՙ բրիտանացի կոմպոզիտորների շնորհիվ: Նախագծի երկրորդ համերգը տեղի է ունեցել 2018 թ.-ինՙ կրկին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հատուկ այս նախագծի համար բրիտանացի տաղանդավոր կոմպոզիտորներ Ջեյմս Մորիարթին , Ջոզեֆ Հոուարդը , Ալիս Հանթերը եւ Ջոնաթան Վուլգարը խիստ տպավորիչ ստեղծագործություններ են գրել հայ պոեզիայի հիման վրա: Իսկ Ջոնաթան Վուլգարը եւ Ջեյմս Մորիարթին 2017 թ. ժամանել են Հայաստան եւ ներկա գտնվել նախագծի անդրանիկ համերգին: Վերոնշյալ կոմպոզիտորները Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ են, որոնց հետ տողերիս հեղինակը սովորել եւ առնչվել է նույն Երաժշտական ակադեմիայում: Հենց այդ առնչությունն էլ դարձել է բրիտանական եւ հայկական երաժշտական կամրջի հիմքը: Լոնդոնում ուսանելիս կազմակերպել եմ հայ երաժշտության համերգներ` բրիտանացի երաժիշտների մասնակցությամբ, որոնց ներկա են եղել բրիտանացի երաժիշտներ, կոմպոզիտորներ, որոնց մեջ հետաքրքրություն է արթնացել հայ երաժշտության եւ մշակույթի հանդեպ: Նոյեմբերի 5-ին կայացած համերգը նվիրված էր Մեծն Կոմիտասի 150-ամյակին: Համերգի առաջին մասում հնչեցին Կոմիտասի հայ ժողովրդական երգերի եւ Բենջամին Բրիթենի բրիտանական ժողովրդական երգերի մշակումները: Հայտնի է, որ 1965 թ. Բրիթենն այցելել է Հայաստան, ավելի քան երեք շաբաթ իջեւանել եւ ստեղծագործել Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Նույն թվականի օգոստոսին Երեւանում կայացել է Բրիթենի ստեղծագործություններին նվիրված փառատոնի բացումըՙ հեղինակի ներկայությամբ: Համերգի երկրորդ մասը բաղկացած էր բրիտանացի եւ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: Հատուկ այս համերգի համար վերոնշյալ չորս բրիտանացի կոմպոզիտորներըՙ Ջեյմս Մորիարթին, Ջոզեֆ Հոուարդը, Ալիս Հանթերը եւ Ջոնաթան Վուլգարը, ստեղծագործություններ էին գրել հայ բանաստեղծների` Ավետիք Իսահակյանի («Գետակի վրա»), Եղիշե Չարենցի («Կան անտես հյուրեր», ծաղկաքաղ «Ռուբայաթներից», «Արեւի ոսկին ինչու է փակում») եւ Վահագն Դավթյանի («Վերջերս հաճախ երազներիս մեջ») բանաստեղծությունների անգլերեն թարգմանությունների տեքստերով: Այս ստեղծագործությունները կատարեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո) եւ Պերճ Քարազյանը (տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ), որոնք ներգրավված էին նախագծի նախորդ համերգներում եւս: Համերգին մասնակցում էր նաեւ սոպրանո Մարգարիտա Սարգսյանը : Հատկանշական է, որ բրիտանացի կոմպոզիտորներն իրենց ստեղծագործությունները գրել են հատուկ վերոնշյալ երգիչների ձայների համար: Դաշնամուրային պարտիան կատարում էր տողերիս հեղինակը: Համերգի առանցքը Ջեյմս Մորիարթիի` Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմի հիման վրա գրված «Մի այլ երգ» ստեղծագործության պրեմիերան էր: Ջեյմս Մորիարթին գրել է. «Գիտակցում եմ` որքան կարեւոր իրադարձություն է Կոմիտասի 150-ամյակը: Ինձ համար պատվաբեր է իմ ստեղծագործական ներդրումն ունենալ Կոմիտասի ծննդյան տոնակատարությանը: Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմը դարձավ իմ նոր ստեղծագործության հիմքը: Սա իմ երրորդ անդրադարձն է Չարենցի բանաստեղծական աշխարհին: Ինձ վրա ցնցող ազդեցություն է թողել այն, թե ինչպես է Չարենցն իր պոեմում միահյուսում-հարադրում հզոր եւ խորը հուզականությամբ առլեցուն բանաստեղծական պատկերները գրեթե առեղծվածային եւ երկիմաստ պատկերների հետ: Հենց այդ պատկերաշարն ինձ հուշեց երաժշտություն գրել ձայների մոգական, գեղեցիկ համադրության` երկու սոպրանոյի համար: Պոեմից քաղված փոքր հատվածների միջոցով փորձել եմ արտացոլել չարենցյան խորին արտահայտչականությունը: Ստեղծագործությանս հանդարտ տեմպը եւ կրկնվող դարձվածքները դրան հաղորդում են գրեթե ծիսական բնույթ, եւ հույս ունեմ, որ այդ ծիսականությունը պատշաճում է երկու ստեղծագործ հսկաների` Կոմիտասի եւ Չարենցի հանդեպ իմ հարգանքի տուրքին»: Վերջում հակիրճ ներկայացնենք կոմպոզիտորներին: Ջեյմս Մորիարթին լայնաշունչ մտածողության տեր կոմպոզիտոր է, հեղինակ է թե՛ սիմֆոնիկ մեծակտավ եւ թե՛ կամերային երաժշտության (ներառյալՙ փորձարարական եւ մանուկների համար գրված երաժշտությունը): Նրա ստեղծագործական մտածողությունը կամրջում է պարզն ու նրբագեղ մշակումը, համայնականն ու ներանձնականը, ճշգրիտն ու խորհրդավորը` արձագանքելով ժամանակակից կյանքի բազմազանությանը: Ջեյմսը համագործակցել եւ աշխատել է այնպիսի հեղինակավոր երաժշտական հաստատությունների եւ համերգասրահների հետ, ինչպիսիք են Լոնդոնի Սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական երաժշտական ակադեմիան, Ռոյալ Ալբերտ Հոլը եւ այլն: Ջոզեֆ Հոուարդը գրում է երաժշտություն դասական գործիքների եւ խմբերի համար: Նրա երաժշտությունը կատարվել է Մեծ Բրիտանիայում եւ այլուր (ԱՄՆ, Շվեդիա), հնչել երաժշտական փառատոներում: Նա 2016-2017 թթ. աշխատել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնում, 2017-2018 թթ. հաճախել է «Բրիթեն-Փիըրս» կոմպոզիտորական դասընթացին, 2018 թ. համագործակցել է «Ռամբերթ» պարային ընկերության հետ,: Այժմ աշխատում է իր թեկնածուական թեզի վրա: Ալիս Հանթերի երաժշտությունը բազմաշերտ է, բազմաբովանդակ եւ ունկնդրին մղում է խորհրդածության: Նրա երաժշտությունն աչքի է ընկնում հարմոնիկ նորարարական լուծումներով եւ զարգացումներով, բարդ մեղեդիական դարձվածքներով` նպաստելով երաժշտական գործիքների տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը: Նրա գործիքային երաժշտությունը հաճախ նորարարական է, խորը եւ կոնտրաստային. ստեղծագործությունները հիմնականում ծրագրային են, ընդգրկում են երաժշտական եւ մշակութային ավանդույթների լայն դիապազոն, աչքի են ընկնում հստակ եւ հարուստ երաժշտական ձեռագրով: Ջոնաթան Վուլգարի երաժշտությունը խարսխվում է երաժշտական լայնածավալ փորձի վրա` առնչության ուղիներ փնտրելով ունկնդրի եւ կատարողների հետՙ միաժամանակ հարազատ մնալով սեփական մտահղացմանը: Նրա ստեղծագործությունները հնչել են տարբեր երաժշտական խմբերի կատարմամբ, հեռարձակվել BBC Radio 3-ով: 2010 թ. դարձել է «BBC Proms» պատանի կոմպոզիտորների հեղինակավոր մրցույթի դափնեկիր: 2010-2013 թթ. ուսանել եւ գերազանցությամբ ավարտել է Քեմբրիջի Ֆիցվիլյամ քոլեջի երաժշտագիտության եւ կոմպոզիցիայի բաժինները, ապաՙ Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի կոմպոզիցիայի բաժինը: Այժմ Գիլդհոլի երաժշտության եւ դրամայի դպրոցում աշխատում է թեկնածուական թեզի վրա: |