RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 27-12-2019



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2019-12-26 22:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1240, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԴԵԹ ՆԻԿՈԼ. ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Օդեթ Նիկոլը Նորվեգիայում բնակվող հայ նկարիչ, անիմատոր եւ թարգմանիչ է: Մենք կապի մեջ ենք 1997 թվականից: «Ես շատ եմ աշխատել, որպեսզի կարողանամ որպես հայուհի ինձ լավ ներկայացնել թե՛ Իրանում եւ թե՛ Նորվեգիայում»,- գրել է նա ինձ ուղղված առաջին նամակում: Մենք հանդիպեցինք մոտ 20 տարի անց, Երեւան կատարած նրա առաջին այցի ժամանակ, իսկ սույն հարցազրույցը վարեցի հեռակա...

- Սիրելի Օդեթ, որտեղի՞ց է ծագում քո ազգանունը...

- Հորս անունը Հայրապետ Բերջիքյան էր: Նա ծնվել էր Ուրֆայում, երիտասարդ տարիքում անդամակցել հայ կամավորական բանակին (Հայկական լեգեոն.- Ծ.Խ.) ու ծառայել ֆրանսիական բանակում: Հետագայում ստացել է Ֆրանսիայի հպատակություն, սակայն տեղափոխվելով Իրանՙ ամուսնացել է մորսՙ Էմիլի Շահվերդյանի հետ եւ ընդունել է պարսկահպատակություն: Իր մորՙ Վարդանուշի հիշատակին նա իր ազգանունը պարսկերեն թարգմանելովՙ դարձրել է Նիքգոլ, սակայն հայերեն գրվում ենք Նիկոլ...

- Ծանոթանալով քո կենսագրությանըՙ կարելի է մտածել, որ ողջ կյանքդ ուսանել ես...

- Ճիշտ ես: Նախ սովորել եմ ծննդավայրիսՙ Թեհրանի Բուստան հայկական դպրոցում, այնուհետեւՙ Շահնազ գիմնազիայում: Միշտ զբաղվել եմ նկարչությամբ, ուստի բարձրագույն կրթությունս ստացա Թեհրանի համալսարանի պլաստիկ արվեստների, նկարչության, լուսանկարչության ու դիզայնի բաժնում: 1970-ականներին նաեւ ուսումնական տեխնոլոգիաներ եմ սովորել Իրանի հեռատեսիլի կրթական դպրոցում, որտեղ դասավանդում էին ամերիկյան համալսարանների կողմից իրանական ուսանողների համար ստեղծված հավաքական ուսումնական ծրագրից: Այնուհետեւ ես ուսումս շարունակեցի Թեհրանի Ֆարաբի համալսարանումՙ ստանալով անիմացիայի եւ կինոբեմադրության մագիստրոսի աստիճան:

Ուսումնառության ընթացքում եղել եմ մանկապատանեկան մտավոր զարգացման ինստիտուտի նկարչության ուսուցիչ եւ անիմատոր, ապա աշխատել եմ իրանական ռադիո-հեռատեսիլում: Երկու տարի էլ լուսանկարչություն եւ անիմացիա եմ դասավանդել Թեհրանի Ալ-Զահրա համալսարանում: Գալով Նորվեգիաՙ կրթությունս շարունակեցի մշակութային բազմազանության ու գենդերային ուսումնասիրությունների գծով: 2001-2006 թթ. ուսանել եմ ԶԼՄ-ների եւ հաղորդակցության ուսումնասիրություններ եւ միջառարկայական մշակութային հետազոտություններ եւ վերջապես 2012-2013 թթ. ուսումնասիրել եմ հանրային հատվածի մեկնաբանությունը: Այստեղ ես նաեւ աշխատել եմ տարբեր վայրերում, մասնավորապես դասավանդել եմ Թրոնդհայմ քաղաքի Նորվեգիայի գիտության եւ տեխնիկայի համալսարանում:

- Թեհրանում հայ համայնքի ակտիվ կյանքից հետո պիտի որ դժվար լիներ տեղափոխվել շատ քիչ հայեր ունեցող մի երկիր...

- 1976-ին ամուսնացա իրանցու հետ: Մենք պսակադրվեցինք Թեհրանի ռուսական եկեղեցում: 1988-ին տեղափոխվեցինք Նորվեգիա: Դժվար էր աշխատել սեփական երկրից դուրս: Լինելով Պարսկաստանի քրիստոնյա, որի հայ մշակույթը միշտ իր հետ էր, մենք կարողացանք համեմատաբար ավելի շատ ինտեգրվել նոր հասարակությանը: Նորվեգիայում մեր ընտանիքը շատ փորձառություններ ունեցավՙ դրական եւ ժխտական, չնայած մենք հաստատվել էինք խաղաղ մի երկրում: Մենք մեզ շատ միայնակ էինք զգում օտար միջավայրում, բոլորովին այլ լեզու եւ մշակույթ ունեցող մարդկանց մեջ: Մեր բնակած քաղաքումՙ Թրոնդհայմում, մեր շուրջը չկար ոչ մի հայ ընտանիք: Շատ իրանցի ընտանիքներ կային, բայց ոչ մի իրանահայ չկար: Երկու որդիներս էլ ապրում էին հայ մշակույթից ու լեզվից շատ հեռու, բայց դա մեր հիմնական խնդիրը չէր, քանի որ նրանց հետ ես խոսում էի հայերեն ու բացի այդ, ինձ հանձնարարված էր որպես աշխատանք երեխաներիս սովորեցնել իրենց մայրենի լեզուն: Նորվեգիայում գործող օրենքի համաձայն, բոլոր երեխաները, ովքեր ունեն այլ մայրենի լեզու, պարտավոր են դպրոցում կամ տանը անցնել այդ լեզուն: Այսպիսով, այդ տարիների ընթացքում ես որդիներիս սովորեցրել էի երկու մշակույթ, եւ այժմ ոչ միայն նրանք, այլեւ ամուսինս խոսում է հայերեն: Հայրս միակն էր, որն իր ընտանիքից վերապրեց Ցեղասպանությունը, ու նա միշտ ասում էր, որ մենք պետք է պահպանենք մեր լեզուն:

- Քո նկարները հիմնականում ոգեշնչված են պարսկական ժողովրդական արվեստից, ճի՞շտ եմ:

- Այո, բայց այն ես միշտ զուգորդում եմ մանկան հայացքին: Ինձ ոգեշնչում է իրանական ժողովրդական արվեստը, մանրանկարչությունը եւ նրա պատկերումը տարածության ոչ գծային տեսանկյունից, երկչափ հարթությունում: Պարսկական մանրանկարչությունը զարգացավ եւ ձեւավորվեց իրանական հնագույն պատմության ու գրականության շրջանակներում, եւ ավանդույթն իր բարձրակետին հասավ 15-րդ-16-րդ դարերում: Քաղաքական առումով այս երկրում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք իրենց հետքն են թողել յուրաքանչյուր անհատի ու հատկապես գեղարվեստական մտածողություն ունեցողների վրա: 1979-ի հեղափոխությունը փոխեց արվեստի ոլորտի դինամիկան եւ բոլոր գեղարվեստական դրսեւորումներըՙ կինո, նկարչություն, գրականություն եւ երաժշտություն: Ինձ ոգեշնչում է երեխաների արվեստը եւ այն ձեւը, որով մանուկներն արտահայտվում են գույների, պարզ ձեւերի եւ ոչ ֆորմալ հարթության ու հեռանկարների օգնությամբ: Երեխաների աշխարհընկալումն ընդհանրություններ ունի մանրանկարչության հետ, եւ այս երկու գեղարվեստական աշխարհների միաձուլումն օգնում է ինձ արտահայտել մտքերս շրջապատին: Այս գեղարվեստական ձեւն ինձ հեշտ է տրվում: Երեխաների հետ աշխատելիս ես օգտագործում եմ նրանց գույները: Աբստրակցիան եւ անիմացիան ինձ շատ մոտ են. նկարելիս միշտ պատկերացնում եմ անիմացիոն շարժումները: Իմ համակարգչային նկարներից մի քանիսը («Սիմորղ թռչունը», «Ուրախ մաքրություն», «Շրջակա միջավայր եւ բնություն») ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում:

- Դու մասնակցել ես ավելի քան 15 անիմացիոն կինոնկարի ստեղծմանը Իրանում, երեքին` Նորվեգիայում: Մի քանի տարի առաջ Թեհրանում մասնակցելով «Ռոշդ» կինոփառատոնին` ես ուրախությամբ հայտնաբերեցի իրանական անիմացիոն կինոյի աշխարհը: Ինչ վերաբերում է նորվեգականին, միակը, որ դիտել եմ, Անիտա Քիլիի «Զայրացած մարդն» է, որը շատ տպավորիչ է...

- Իրանում իմ մասնակցությամբ են նկարահանվել «Ամիր Համզե», «Աթալ մաթալ թութուլե», «Համերաշխություն», «Մեկ, երկու, երեք» եւ այլ անիմացիոն ֆիլմեր: 1990-ին մասնակցել եմ նորվեգական անիմացիոն երկու ֆիլմի, իսկ 1994-ին Օսլոյում եղել եմ «Ֆոտո Կամերատեր Աս» կինոստուդիայում նկարահանված մի լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամ: Նորվեգական անիմացիոն կինոյում քո նշածից բացի կան ուրիշ հիանալի ֆիլմեր էլ, ինչպիսիք ենՙ «Ֆլոքլիփա գրան պրի», «Երիկամի քարի որսը» եւ «Գուրինը Ռեւերոմփայից», որոնք ես խորհուրդ եմ տալիս դիտել:

- Ստեղծագործականությունը կարծես քո գերդաստանում միշտ առկա է: Քույրդՙ Հիլդա Նիկոլը, նույնպես մասնակցել է իրանական կինոյինՙ որպես նկարիչ եւ դերասանուհի, քո ազգական Արմեն Մելքոնյանը անիմացիոն ֆիլմի նկարիչ է Կանադայում...

- Քո թվարկած անուններին ես կավելացնեմ զարմիկներիսՙ նկարիչներ Ռենե Գաբրիի ու Սիրաք Մելքոնյանի եւ օպերային երգիչ Ալեք Մելքոնյանի անունները: Իմ ազգականն է նաեւ իրանահայ դերասան Նարբեյ Վարդանը, որը նկարահանվել է հայ-իրանական համատեղ արտադրության «Ծիրանի ծառեր» կինոնկարում...

- Եվ որդիներիդ նույնպես անցել են քո եւ ամուսնուդ գեղարվեստական ձիրքերը...

- Ամուսինսՙ Մանսուր Էսլամին, նկարիչ եւ ճարտարապետ է, որդիսՙ Կարենը, նկարիչ է ու թատերական բեմադրիչ, իսկ մեծ որդիսՙ Արմենը, ճարտարապետ է, որ բնակվում է Կոպենհագենում: Ես ու ամուսինս Օսլոյում Կարենի հետ ունենք մի համատեղ արվեստանոց:

- Ես կապի մեջ եմ Կարենի հետ. խնդրում եմ պատմիր նրա գործունեության մասին:

- Նա ուսանել է Լոնդոնի ու Նորվեգիայի կերպարվեստի համալսարաններում, ինչպես նաեւ ուսումնասիրել է կրոն ու փիլիսոփայություն: Կարենը մասնակցել է ավելի քան 25 խմբային ցուցահանդեսների ամբողջ աշխարհում, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Իսպանիայում, Դանիայում, Իտալիայում, Նորվեգիայում եւ Միացյալ Նահանգներում: Նա աշխատում է Օսլոյի ժամանակակից արվեստի թանգարանումՙ ուշադրության կենտրոնում պահելով նորվեգական մշակութային կյանքը: Երկու տարի առաջ նա բեմադրեց Պետրոնիուսի «Սատիրիկոնը» սեփական բեմականացմամբ եւ ձեւավորումովՙ ժամանակակից մեկնաբանությամբ: Ներկայացումը արժանացավ բարձր գնահատականների, գրվեց, որ այն կարծես նկարչական ֆիլմ լինի: Կարենն ասում է, որ հիմնականում ներշնչվում է գրականությունից եւ կինոյից, իսկ հայ արվեստագետներից ամենաշատը սիրում է Սերգեյ Փարաջանովին եւ Ատոմ Էգոյանին: Նա նաեւ «NO PLAYS» ցուցասրահի հիմնադիրներից է, որտեղ ներկայացնում է նորվեգացի երիտասարդ նկարիչներին: Կարենը տարբեր ներկայացումներ է կազմակերպել անգլիական ռեփ կատարողների ներշնչանքով: Երբ Նորվեգիայի թագավորական ընտանիքն այցելում է Ժամանակակից արվեստի թանգարան, Կարենին են վստահում բացատրել ցուցահանդեսը: Նրա վերջին բեմադրությունը ցուցադրվեց անցած սեպտեմբերին, հինգ անգամ, կոչվում էր «Գետտոյական արդարադատություն»...

- Հայաստանում մեկ անգամ եղաք, ողջ ընտանիքով...

- Նախատեսում եմ կրկին այցելել Հայաստան: Ցանկություն ունեմ ամուսնուս եւ որդուս հետ գալ եւ Հայաստանում ցուցադրել մեր ընտանիքի արվեստի գործերը: Ցուցահանդեսը կարող է ներառել նկարչություն, ինստալացիա եւ փերֆորմանս...

Նկար 2. Օդեթ Նիկոլ, «Հին հայկական հարսանիք»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ