ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԸ ԵՎ ԹԱՏՐՈՆԸ ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերարվեստի պատմաբան Մեր ազգային մշակութային կյանքի պատմության մեջ կան հանիրավի մոռացված գործիչներ, որոնց կյանքն ու գործունեությունը ըստ արժանվույն ամբողջական լուսաբանություն չեն ստացել: Որոշ հարցեր դուրս են մնացել ուսումնասիրողների ուշադրությունից եւ մնացել ստվերի մեջ: Մենք հակված չենք այդ մեծ բացը լրացնելու, բայց գաղափար տալու փորձերով ուզում ենք վերացնել այդ անտարբերությունը: Խոսքս հայ մեծ երգիծաբան գրող Երվանդ Օտյանի մասին է, որի ծննդյան 150-ամյակը (1869-1926) լրացավ անցյալ տարի: Օտյանը բեղմնավոր գրող լինելուց բացի եղել է նաեւ թատերական աշխարհի նվիրյալ գործիչ: Լրագրող, քրոնիկագրող, խմբագիր, վիպագիր եւ վիպակագիր, հուշագիր Օտյանը եղել է դրամատուրգ, թատերախոս, թատերական կազմակերպության ղեկավար: Մի մեծ բնագավառ, որտեղ իր վաստակն է ունեցել նաեւ Օտյանը, բայց բացի բանասեր-թատերագետ Գառնիկ Ստեփանյանից (այն էլ միայն 1910-ական թթ. պոլսահայ թատերաշրջանից), դժվարանում ենք ասել որեւէ մեկն զբաղվել է այդ հարցով, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում հայերիս մեղքով է, որ Երվանդ Օտյանը տեղ չի գրավել Թատերական հանրագիտարանի հինգհատորյակում (Մոսկվա, 1965): Ինչպես արձակում, այնպես էլ դրամատիկական գործերում երգիծաբան Օտյանը խայթող չէ, այլ իր մեծ նախորդ Հակոբ Պարոնյանի պես քննադատել է (առանց վիրավորանքի) մարդկային արատավոր կողմերըՙ լինի նա հասարակ մահկանացու թե պետական գործիչ: Ահա, այս բարի մոտեցումն է, որ իր դաստիարակչական գաղափարախոսությամբ Օտյանը նվաճել է աշխարհի մեծ ու փոքր քաղաքների թատերասերների համակրանքը եւ ավելի քան մեկ դար բեմից չի իջնում: Ինչո՞վ եւ ինչպես է սկզբնավորվել Օտյանի կապը թատրոնի հետ: Նրա աշակերտական տարիներին թուրքական պետության օրենքով արգելվել են հայերեն ներկայացումները Թուրքիայում: Թովմաս Ֆասուլյաճյանի կազմած թատերախումբը, որի մեջ է եղել նաեւ նշանավոր դերասանուհի Սիրանույշը, ստիպված է եղել ներկայացումներ տալ եվրոպական երկրների հայաշատ վայրերում: Վրա են հասել 1896-ի հայկական ջարդերը թուրքերի կողմից: Պոլսից հեռացողների թվում է եղել նաեւ Օտյանը: Փարիզում նա շփումներ է ունեցել հայ մտավորականների, այդ թվում եւ գրող` «Անահիտ» հանդեսի խմբագիր-հրատարակիչ Արշակ Չոպանյանի հետ: Առաջին հայ դերասանի հետ որ ծանոթացել է Օտյանը, եղել է Հովհաննես Աբելյանը: 1899-ին Աբելյանը կնոջՙ Օլգայի հետ ճամբորդելով Եվրոպայումՙ ծանոթացել է գերմանական եւ ֆրանսիական արդիական թատերական գործիչների հետ, հետոՙ նույն նպատակով մեկնել Անգլիա, այցելել Շեքսպիրի հայրենիքը: Լոնդոնում Օտյանն ու Աբելյանը նորից են հանդիպել (առաջինը տեղի էր ունեցել Փարիզում): 1899-ի նոյեմբերի 13-ին Լոնդոնից Փարիզ, Արշակ Չոպանյանին հղած նամակում Օտյանը գրել է. «Այժմ տեղավորվեցա Լոնդոն եւ վաղվնե պիտի սկսիմ շենք շնորհք աշխատիլ: Նախ կուզեմ գրել եւ լմնցնել թատերախաղս, որուն համար 250 րուպլի խոստացավ, ինչպես գիտես Աբելյանը...»: Դժվար է ասել, թե Աբելյանը ո՞ր պիեսի համար է խրախուսել Օտյանին, բայց վարմունքը ոչ պատահական, այլ բարեկամական վերաբերմունքի նշան է: Օսմանյան սահմանադրությունից (1908) հետո, երբ հնարավորություն է ստացվել վերսկսել պոլսահայ թատերական կյանքը, Օտյանը եւս վերադարձել է Կ. Պոլիս: Ականատես է եղել Աբելյան-Արմենյան կովկասահայ թատերախմբի ներկայացումներին, բարձր գնահատել Աբելյանի արվեստը: Երրորդ անգամ Օտյանն Աբելյանին տեսել է 1920 թ. վերջերին, դարձյալ Կ. Պոլսում: Սվենգալիի («Տրիբլի») դերակատարության առթիվ նա գրել է. «Կատարյալ էր եւ կրցավ մինչեւ վերջը հանդիսատեսները հուզումի մեջ պահել»: Իսկ «Արքա Լիրի» բեմադրության ու դերակատարման առիթով նա հիշել է Աբելյանի թողած անմար հիշողությունը «Աբելյան-Արմենյան» թատերախմբի հյուրախաղերի ժամանակներից: Ահա նրա հայտնած կարծիքը. «ճշմարիտ հայտնություն մը եղավ մեզի, պոլսահայերուս համար: Մենք կկարծեինք, թե թրքահայ «հոսոս»-ները միայն իրապես արվեստագետ ու տաղանդավոր դերասաններ ու դերասանուհիներ կրնային արտադրել եւ հիմա կտեսնենք, որ Կովկասի հայությունը մեզի կղրկեր թատերախումբ մը, որուն նմանը գոյություն չուներ Պոլսո մեջ: Եվ այդ թատերախումբին ամենեն ուժեղ եւ տաղանդավոր արվեստագետն էր պ. Աբելյանը»: (1) Հայաստանում անկախ Հանրապետություն հաստատվելուց (1918) հետո, թատերական գործիչՙ դերասան եւ ռեժիսոր Օվի Սեւումյանը (1880-1920) դիմել է Կրթության եւ արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանինՙ պետական թատրոն կազմակերպելու նպատակով իրեն գործուղել Կ. Պոլիս, տեղական ուժերին վարժեցնելով թատերական արվեստի սկզբունքներին, տասը դերասան-դերասանուհի հրավիրել Երեւան: Աղբալյանը համոզվելով Սեւումյանի պահանջների իրավացիությանՙ մի քանի նամակ է հղել պոլսահայ ազդեցիկ գործիչներինՙ օժանդակելու Սեւումյանին: 1919-ի հոկտեմբերին Սեւումյանը հասել է Կ. Պոլիս: Սեւումյանի Պոլիս գնալու լուրն ավելի շուտ է տեղ հասել, քան ինքը: Սեւումյանի բարի առաքելությունը բավականին աշխուժություն է մտցրել պոլսահայ գրական եւ մշակութային կյանքում: Սեւումյանը Պոլիս հասնելուց հետո մի շարք դասախոսություններով, բեմադրություններով պոլսահայերին ծանոթացրել է իր սկզբունքների եւ դերասանի վարպետության մասին պահանջմունքներին: Երվանդ Օտյանը, որ նախքան Սեւումյանի Պոլիս հասնելն է ծանոթացել հարցի էությանը, «Դերասան կուզեն» վերնագրով մի հոդված է տպագրել «Վերջին լուր» թերթի 1919-ի հոկտեմբերի 6-ի համարում: Օտյանը կես գոհունակությամբ, կես զարմանքով գրել է. «Մինչդեռ մենք կենթադրեինք, թե կացությունը շատ խառնաշփոթ, շատ տագնապալից է երեւանյան հանրապետության մեջ, թե իրական վտանգները կսպառնան նորաստեղծ պետության գլխուն, կերեւա, որ ընդհակառակը, ամեն ինչ հանդարտ, ապահով ու բարգավաճ է հոն այն աստիճան, որ Հայկական փարլամենտը ժամանակ կգտնե զբաղելու թատրոնի հարցով: Այո՛, լուսավորության նախարար պ. Աղբալյան կուզե վերականգնել հայ թատրոնը Երեւանի մեջ եւ ատոր համար վարկ ու արտոնություն կպահանջե ժողովէն»: Անդրադառնալով բուն հարցին, գոհունակության հետ Օտյանը նաեւ զարմանք է հայտնելՙ «կերեւա որ ո՛չ թատրոն կա Երեւանի մեջ, ո՛չ ալ դերասան: Բեմը կշինենք, հայտարարած է նախարարը, իսկ դերասաններն ալ Պոլսէն բերել կուտանք»: Այս բոլորով հանդերձ, տեղական ուժերը ծանոթանալով Սեւումյանի ստեղծագործական ծրագրերին, աշխատանքային մոտեցումներին ու պահանջներին, ամեն կերպ նպաստել են նրա առաքելությանը: Աղբալյանին հղած իր առաջին բացատրական նամակում Սեւումյանը նկարագրել է իր կատարած աշխատանքների արդյունքներին ու գտած ընդունելությունը: Նա գրել է. «Մամուլը միաբերան ողջունեց պետական թատրոն հիմնելու որոշումը եւ մանավանդ արեւելահայ եւ արեւմտահայ բեմական ուժերի միացման ցանկությունը»: 1920-ի սկզբներին Օտյանը զրույց է ունեցել Սեւումյանի հետ: Զրույցի ընթացքում Օտյանի համար կարեւոր է դարձել այն միտքը, որ Սեւումյանը մեծ նշանակություն է տվել կատակերգական պիեսներ գրելու անհրաժեշտությանը: Այդ առթիվ նա գրել է. «Քոմետին,- կըսեր համակրելի, տաղանդավոր արվեստագետը,- անհրաժեշտ է կատարյալ դերասան ունենալու համար: Միայն տռամ խաղալովՙ դերասանը միակողմանի կարողություններ կզարգացնե»: (Վերջին լուր, 1920, 21 փետրվարի): Ցավոք, Օվի Սեւումյանը մի քանի բեմադրություններ տալուց հետո հիվանդացել է եւ մահացել նույն թվականի մայիսի 15-ին, թերի թողնելով իր սկսած գործը: Նրա կինըՙ դերասանուհի Լյուսի Սեւումյանը, 1921-ին ամուսնու աճյունը փոխադրել է Թիֆլիս: Թատրոնի հետ կապված լինելու հարցը Օտյանի մոտ ավելի մտահոգիչ է եղել 1920-1922 թվականներին: Նա բարձր է գնահատել Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց» վիպակի բեմադրությունը 1920-ի սեպտեմբերի 12-ին, Աշոտ Մատաթյանի ղեկավարությամբ: Ի դեպ է ասել, որ վիպակը բեմականացրել են Վահան Թեքեյանն ու դրամատուրգ Սուրեն Պարթեւյանը: 1921-ի գարնանը Թիֆլիսում կազմակերպվել է Հայ արվեստի տուն (Հայարտուն), որի նախագահ է ընտրվել բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Համանման Հայարտուններ են կազմակերպվել նաեւ Բաքվում, Բաթումում եւ այլ քաղաքներումՙ զարկ տալու գրականության եւ արվեստների զարգացմանը: Նույնՙ 1921-ին, Հայ օգնության կոմիտեի (ՀՕԿ) նախաձեռնությամբ, Թումանյանը գործուղվել է Կ. Պոլիսՙ տեղում կազմակերպելու համանման Հայ Արվեստի տուն: Այս առնչությամբ, Հայ Արվեստի տան ծրագիր-կանոնադրության առաջաբանում գրվել է. «Պոլսահայ արվեստի մը տուն հիմնելու գաղափարը ծնունդ առավ առաջին անգամ թեյասեղանի մը պահունՙ զոր Թիֆլիսի Հայ Արվեստի տան նախագահ պ. Հովհաննես Թումանյան կուտար ի պատիվ Պոլսո հայ մտավորականության, 1921 նոյեմբերի 26-ին, Բերա»: Հաջորդ օրը Բերայի «Պրենթանիո» թատրոնում Սեդրակ Սուրաբյանի ղեկավարությամբ Կովկասահայ դրամա-օպերետային խումբը ի պատիվ Թումանյանի, Աշոտ Մատաթյանի բեմադրությամբ ներկայացրել է «Անուշը» (դաշնամուրի նվագակցությամբ, Անուշ-Մաշա Սուրաբյան): Հայարտան կազմակերպման միջոցառումներին մասնակից է եղել նաեւ Օտյանը: Եվ զարմանալի չթվա, որ նա ընտրվել է նորաստեղծ օջախի նախագահ, որը պետք է ղեկավարեր գրական, թատերական, երաժշտական, պարային, քննադատական բաժինների աշխատանքները: Հետագայում նրան փոխարինել է Վահան Թեքեյանը: 1921-1922 թթ. Հայ Արվեստի տունը կազմակերպել է Պետրոս Դուրյանի մահվան 50-ամյակին եւ Մոլիերի ծննդյան 300-ամյակին նվիրված երեկոներ: Մոլիերի մասին ելույթներ են ունեցել Երվանդ Օտյանը (հայերեն) եւ Կոստան Զարյանը (ֆրանսերեն): Այս բոլորով հանդերձ, գնալով ոչ միայն բարդացել է գրականության եւ արվեստի աշխատողների վիճակը, այլեւ հայազգի բնակչության կյանքն ընդհանրապես, թուրք-հունական կռիվները բացասական ազդեցություն են ունեցել հայազգի բնակչության համար. կրկին սկսվել է գաղթը տարբեր երկրներ: Ինչպես տեղական թատերական գրիչները, այնպես էլ Պոլսում ժամանակավոր գործող կովկասահայ դերասանները հեռացել են քաղաքից: Եվ այսպես արգելակվել է պոլսահայ թատերական կյանքը մինչեւ 1946 թվականը: Պոլսահայ բնակչության, մասնավորապես թատերական գործիչների անապահով կյանքը խորապես մտահոգել է նաեւ Օտյանին: Նա ցավով է արձագանքել կովկասահայ դերասան Արշավիր Շահխաթունու հայտարարությանը, թե այլեւս չի մասնակցելու պոլսահայ ներկայացումներին: Օտյանը փորձել է մասամբ արդարացնել նրա որոշումը եւ այսպիսի բացատրություն տվել. «Հայ թատերական խումբին տագնապին բուն պատճառն այն է, որ իր աշխատության արդյունքին մեծագույն մասը կերթա պարարտացնելու թատրոններու վարձակալներուն գրպանը... Հայ թատրոն մը Պոլսո մեջ շատ շնորհքով կերպով կրնա ապրիլ, պայմանով, որ իրեն սեփական թատրոնի շենք մը ունենա եւ չստիպվի իր քրտինքի արդյունքը ուրիշներուն տալու... Եթե կուզեք հաստատուն հիմերու վրա դրված հայ թատերախումբ մը ունենալ Պոլսո մեջ, նախ պետք է, որ թատրոնի շենք մը ունենաք»: (2) Երվանդ Օտյանը իբրեւ թատերական գործիչ մեծ ծառայություններ է մատուցել նաեւ հայ դրամատուրգիայի պատմությանը, հետեւաբարՙ նաեւ հայ թատրոնի խաղացանկը նորանոր պիեսներով համալրելու եւ հարստացնելու գործին: Պարոնյանից հետո նա մեր երգիծական դրամատուրգիայի փայլուն դեմքն է: Օտյանի դրամատուրգիան սատիրական է, քննադատական, բայց ոչ ծաղրական: Օտյանի դրամատուրգիայի առանձնահատկությունը մարդկանց բնավորության մեջ չարը, շառը, վիրավորանքը հանելու եւ թեթեւակի հումորով կյանքն աշխուժացնելու միտում ունի: Դրա համար էլ նրա կատակերգությունները եւ վեպերի ու վիպակների բեմանականացումները մեծ տեղ են գտել աշխարհի հայկական տարբեր թատրոններում: Անսահման մեծ է Օտյանի պիեսների գրաված տարածքները: 1903 թվականից մինչեւ մեր օրերը Օտյանի պիեսները հիշեցնում են հանդիսատեսներին նրանց նախորդների սովորությունները, նիստ ու կացը, լեզվական հարստությունը եւ այլՙ արդեն մոռացված հատկությունները: Համառոտակի թվենք Օտյանի դրամատուրգիական ժառանգությունների վերնագրերը, դրանց պատմությունը թողնելով գալիք սերնդի հայեցողությանը: Այսպես. 1. Ֆրանկո-թրքական պատերազմը , որը շուտով փոխել է իր վերնագիրը եւ դարձել «Չարշըլը Արթին աղա» : 2. Հերոսախաղ - նախորդ եւ այս պիեսը գրել է գրող Միքայել Կյուրճյանի հետ: 3. Ազգային Սահմանադրության 67-րդ հոդվածը : 4. Քրիստոնյա Հայաստանի նահատակները : 5. Զավալլըն : 6. Սեր եւ ծիծաղ : Արձակ գործերի բեմկանացումներ. 1. Աբդուլ Համիդ եւ Շերլոկ Հոլմս - Լեւոն Շիշմանյան (Կահիրե), Գրիգոր Չալիկյան (Երեւան): 2. Թաղականին կնիկը - Արծրուն Հարությունյան (Գյումրի), Արման Կոթիկյան (Երեւան): 3. Միջնորդ տեր-Պապան - Կիմ Արզումանյան (Երեւան) 4. Փանջունի ի Ծաալվար եւ ուրիշներ: Օտյանի պիեսները եւ արձակ գործերի բեմականացումները ներկայացվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Հունաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Սիրիայի, Լիբանանի, Երուսաղեմի, Կիպրոսի, Ավստրալիայի, Ամերիկայի, Չիլիի եւ, անշուշտ, Հայաստանի բազմաթիվ թատրոններում: 1) Ճակատամարտ (Կ. Պոլիս), 1920, 22 դեկտեմբերի : 2) Ճակատամարտ, 1922, 26 հունվարի : |